էսօր քամուն ասում եմ, ջաբերում նորութիւններ ունենք, սէնց ու սէնց բաներ ենք աւելացրել, էլ տելեգրամին չի զիջում, աւելի լաւն էլ ա, ասում ա՝ ինձ էդ ամէնը պէտք չի։

ու ես ուզում եմ ասել, որ ինձ թուում ա, որ երբ մարդուն պէտք չի՝ էդ իր զարգացման մասին ա։

ու երբ վիշապի դէյւի հետ խօսում էինք, էլ ինչ անենք վօկ֊ում, ու ես առաջարկեցի ջեներիկներ իրականացնել, նա ասաւ՝ խնդրում եմ հաւատայ իմ փորձին, դրանցից աւելի շատ խնդիր ա, քան օգուտ։

ու վիրտն էլ ա տէնց, ու վիրտն էլ ա ահաւոր զարգացած։

երէկ էլ սոնայի հետ էի խօսում, ասում էի՝ ո՞նց ա էն շէնքը, ո՞նց են սարքել, ասում ա՝ դէ աւելորդութիւններ կան։ զգում ես պատասխանից՝ աւելորդութիւններն ա նշում։

#օբերոն #նախագծում #ճարտարապետութիւն #վիրտ #վիշապ #ճաշակ #զարգացում #մարդիկ #զրոյց #դիզայն #աւելորդութիւն #աւելորդութիւններ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

խօսում էինք տելեգրամում, back to the future֊ի ստիկեր խփեցի, ասացի՝ թռնելու տրամադրութիւն, ասացի նաեւ ժամանակի մէջ, գնամ ասեմ էն նորային՝ դու դեբիլ ես, էս ու էս չանես։ բայց դժուարանում եմ ասել, թէ ինչ անես, քանի որ չգիտես ոնց կաշխատի, ու ինչին կը բերի։ ու նա ասաց, թէ մարթիի մօտ ստացուել ա, բայց դէ մենք լոխ ենք, մարտին չենք։ ես էլ ասի՝ լոլայի մօտ էլ ա ստացուել, բայց հազար ձեւով չէր ստացուել։ նա էլ ասաց՝ լոլան ի՞նչ ա, չգիտեմ։ յետոյ խօսում էինք թէ հա, բարդ բան ա կեանքը, մի ձեւ աշխատում ա, ձեռք մի տուր, չպայթի։

իսկ ես մտածեցի, թէ էս ա ձեւը տարբերելու ինչն ա մէյնսթրիմ, ինչը չէ։ եթէ տելեգրամի ստիկեր կայ, ուրեմն մէյնսթրիմ ա, եթէ չէ՝ ուրեմն չի։ ու բարդն էն ա որ եթէ մէյնսթրիմ չի, չգիտես, լաւ բան ա, թէ դեբիլութիւն ա, իսկ եթէ մէյնսթրիմ ա, գոնէ գիտես որ յաջողութեան հասած բան ա, ու բնաւ պարտադիր չի որ դեբիլութիւն չլինի։

#մէյնսթրիմ #ճաշակ #արուեստ #ժամանակ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ինքնավստահութեան մասին

այդ մասին շատ է խօսւում, գնահատւում է, որ մարդ ինքնավստահ է լինում։

իմ համար ինքնավստահութիւնն էլ աւելի բարդ էր ինչ֊որ արուեստին վերաբերող հարցերում։

իսկապէս, չէ՞ որ աւելի հեշտ է ռացիոնալիզացնել ուժեղ տիպաւորում գնահատելը, քան ասենք որ քեզ այսպիսի ֆոտո է դուր գալիս։

այդ ինքնավստահութիւնը՝ քո մտածողութեան, ճաշակի ու հակումների մէջ, աւելի հեշտ է ձեռք բերել, եթէ քո շուրջը նման մտածողութեան, ճաշակի մարդիկ շատ կան։

եթէ չկան, աւելի հեշտ է հարցնել ինքդ քեզ, արդե՞օք չես սխալւում քո նախընտրանքներում կամ եզրակացութիւններում։

այսպէս, շուրջս մարդիկ էին, ով c++֊ը կամ ջաւան համարում էին ամենալաւ տեքնոլոգիան։ ու ինձ մնում էր կպնել այդ ճամբարներից որեւէ մէկին։ կարծում եմ խելքս կը հերիքէր, աւելին, ինչ֊որ բան գրելու ուղին աւելի հեշտ կը լինէր։

այսպէս, ես տառապում էի եւ լուսանկարչութեան մէջ։ ինձ դուր եկող իմ նկարները բնաւ դուր չէին գալիս ուսուցչին, ում լուսանկարչութեան դասերին ես գնում էի։ ու նա իմ համար հեղինակութիւն էր, ու իրենից շատ կարեւոր բաներ ես սովորել եմ։ ինչո՞ւ պիտի իր ճաշակին չվստահէի։

ու այդպէս, տանջւում էի, անում էի նկարներ որ դուրս գալիս էին, ու չէի հրապարակում, ասում էի՝ անկապն են։ անում էի նկարներ, որ իրեն աւելի դուր կը գային, ու հրապարակում էի, չգիտակցելով որ դրանք իրականում աւելի կարգին ու անհետաքրքիր են։

այսպէս ես համարում եմ որ ֆոտո֊ի դասընթացների գնալը ինձ որպէս լուսանկարիչ աւելի հետ է գցել, քան օգուտ է տուել։

այսպէս ես կարող եմ հպարտանալ որ իմ ՏՏ֊ին վերաբերող կրթութիւնը ինձ շատ չի խանգարել իմ ուղին գտնելու։ կամ գուցէ դա այդ իսկ կրթութեան թերացումներից էր՝ օրինակ այն պատճառով, որ այն ժամանակ ծրագրաւորման վրայ շատ չէին կենտրոնանում, ու փոխարէնը մենք լիքը ասենք կիսահաղորդիչների տեսութիւն ենք անցել։

ու ես ինձ հարցնում էի՝ չէ՞ որ այս մարդը ասենք, վատ նկարներ է անում, ու արդե՞օք նա չպէտք է լսի աշխարհին, ով իր նկարները չի գնահատում։ ո՞նց կարող է նա այդքան ինքնավստահ լինել ու շարունակել անել այն ինչ անում է։

ընդհանուր առմամբ, այսօր ես կասեմ՝ հենց այդպէս։ պարզապէս երեւի չարժի մտածել որ արածդ վերջն է ու դու չգնահատուած յանճար ես։ պարզապէս ինչ կաս դա ես։

յիշեցի այս պահին մի զրոյց երիտասարդ նախաձեռնողների, ու մի ճարտարապետի միջեւ։ նախաձեռնողներն իրենք էին ինտերյեր դիզայն արել ու հարցրին՝ «ի՞նչն ենք սխալ արել», ու ճարտարապետը շփոթուեց հարցից՝ «ո՞նց թէ սխալ», քանի որ սխալի հարց չի, դուք էլ այսպէս էք արել։ «լաւ, ի՞նչ կը փոխէիր» — հարցրին։ «ոչ մի բան» — պատասխանեց, — «դա ձեր դիզայնն է, ու բացի նրանից որ ինձ դուր է գալիս, այն ձերն է, եթէ փոխելու ցանկութիւն ունենաք, փոխէք ինչպէս ձեզ հաւէս է, ու կարծում եմ ինձ էլի այստեղ դուր է գալու»։ «ես իհարկէ կարող եմ մի քանի միտք տալ, ու կը տամ, բայց դրանց լուրջ մի վերաբերուէք, միայն եթէ մտածէք որ հաւէս միտք է, պարզապէս մտքներով չի անցել մինչ այդ, ապա փորձէք օգտագործել»։

այսօր ես աւելի ինքնավստահ եմ քան երբեւէ իմ արածների եւ ընտրածների մէջ այն պատճառով, որ արդէն ընդունել եմ որ իմ արածն՝ իմ արածն է, ու իմն էլ դա է։ «լաւն» է, «վատն» է, «սխալ» է, «սխալ» չէ, ի՞նչ կարեւոր է։

գիտակցել եմ, որ այդ իմ շարունակուող տառապանքները մէկ է շատ բան չեն փոխում, ես փոխւում եմ ինքս, փոխւում են իմ նախընտրութիւնները, բայց ես ինքս եմ փոխւում ու զարգանում, ու ոչ այն ուղղութիւններով, ուր հեշտ է գնալը։

փաստօրէն այսպէս է ստացւում։ եթէ մէկ է «ճիշտ» ուղին չես ընդունելու, իւրացնելու, չես կարող, ապա ինչո՞ւ իզուր տառապէս։

ես ինձ եմ ընդունել։ ու նաեւ ընդունել եմ որ ես բնաւ կարեւոր չեմ ու իմ արածն էլ շատ կարեւոր չի։ ու ինձ ծիծաղելի է երբ մարդիկ կարեւորութիւն են տալիս իրենք իրենց արածին։

զբաղւում ենք էլի։

կարեւորը իզուր չտառապելն է։ ինչ ուզում ես դա էլ արա։ որ լեզուն դուր է գալիս դրանով էլ գրի։

բայց որն է այստեղ սխալը, դա մտածելն է թէ սա «կարգին» է, ու ապա պէտք է այսպէս անել։ ու այո, իմ չսիրած գոութու էլ է երբեմն էֆեկտիւ օգտագործել, այո։ բայց իմ նախընտրած լեզւում այն բացակայում է իհարկէ։

ի վերջոյ ես եկել եմ նրան, որ ես ինքնավստահ եմ այն առումով, որ ես գիտեմ ինձ ինչ է դուր գալիս, ու թքած թէ դա բռնում է թէ չի բռնում ուրիշի ճաշակին, քանի որ դա ամենաանիմաստ զբաղմունքն է՝ ինքդ քեզ անդադար քուեսշն անելը, եթէ մէկ է չես կարող փոխուել այն ուղղութեամբ որը հարազատ չի։

այնպէս որ ես գիտեմ ես ինչ եմ ուզում ստանալ, կամ ինչ միտք է անցնում։ ու իհարկէ, ես սովորում ու փոխւում եմ, քանի որ երբ ես գիրք եմ կարդում, կամ ուրիշների նկարներ եմ նայում, ես գտնում եմ ինչն է իմը, ինչը իմը չէ։

դա էլ կրթութիւնն է, երբ տարբեր բաներ գիտես, ու կարող ես ընտրել, քանի որ ամէն ինչի ինքդ չես կարող հասնել։

այդ պատճառով էլ ահաւոր դուրս չի գալիս երբ խօսում են տեքնոլոգիայի պրոպագանդայի մասին, մարդկանց պարզապէս պէտք է բոլոր այլընտրանքների հետ ծանօթացնել, ու թող իրենք ինչ ուզում են ընտրեն։ ու այո, այդպէս այսօր կրթութեան մէջ չի արւում, ծանօթանում են միայն ամենախորացողները։ բայց դա չի նշանակում որ պէտք է հակառակն անել՝ ծանօթացնել միայն քո սիրածի հետ ու չծանօթացնել այլ մօտեցումների հետ։

ու տենց։

մենք բոլորս շերլոք ենք

այս նկարը դիտելիս, մէկը մեկնաբանել է թէ ինչքան բան է հասկանում այդ մի նկարից։

մարդիկ պատկերներ, այլ մարդկանց, տեսարաններ, եւ հետեւաբար լուսանկարներ տեսնելիս՝ «պարս» են անում, վերլուծում են, ու տրամաբանական շղթաներ կազմում։ իրենց համար մի հայեացքից ակնյայտ է այն, ինչը պատկերուած էլ չէ։

մենք ունակ ենք բազմաթիւ բաներ իմանալ տեղանքի եւ մարդկանց կեցութեան մասին, որ նկարում չկան էլ։

այդ պատճառով էլ Շերլոքի կերպարը այդքան հոգեհարազատ է մեզ, նա կատարելութեան է հասցրել այն ունակութիւններն որ բոլոր մարդիկ ունեն, բայց չեն գիտակցում։ ու արտայայտւում է դա մասնաւորապէս նոյն տրամաբանական շղթաները կառուցելիս, երբ մարդիկ նայում են նկարներ ու հասկանում այն ինչ նկարում չկայ։ ու տենց։

այսպէս կոչուած ոսկէ ժամի մասին

այստեղ գրում էի այն մասին, ինչպէս են մարդիկ սկսում երանգների հարստութիւնը ընկալելուց հաճոյք ստանալ։

երեկ երեկոյեան լոյսի տակ մի շէնք էի նկարում ու ակնյայտ դարձաւ, թէ ինչու լուսանկարիչներն նախընտրում են այդ թոյլ լոյսը։ ընդհանուր առմամբ՝ նորութիւն չի․ ուժեղ լոյսի տակ կոնտրաստն ուժեղ է։ իսկ ուժեղ կոնտրաստը նշանակում է պակաս քանակի գոյներ, երանգներ։

երեկոյեան կամ առաւօտեան թոյլ լուսաւորութիւնը թոյլ է տալիս «բռնել», «էքսփոզ» անել երանգային հարստութիւնը։