կրկին, փնտրում էի ոնց ա կարելի git
֊ը կամ mercurial
֊ը կարգաւորել այնպէս, որ հասկանայ օբերոնի փախած lfcr
֊ը։
ինչեւէ, բադիկի գտած յղումներից մէկը միշտ սա ա։
ու մտածեցի՝ ո՛ւխ ինչ հաւէս ա։ նոր մարդ ա, ու շատ որակով բլոգ ա պահում։
յետոյ նայեցի «about» էջը՝ պարզուեց ամերիկացի ա։
իհարկէ, ո՞րտեղից տեղացուն էդ կուլտուրան։ պէտք ա ամերիկացի լինես, որ էդ կուլտուրան լինի։
հա՞։
իրականում, ես այդպէս չեմ կարծում։
ես մտածում եմ՝ կարեւոր չի՝ ինտերնետ ունե՞ս։ դեբիլ չե՞ս։ կարող ես։
բա ինչի՞ չեն անում։ հոգոց։
բարդ ա լինել գաղջից դուրս։ բարդ ա մտածել՝ աւելի լաւ ա բլոգ գրառում անեմ, քան կատակ անեմ ու երեսուն լայք հաւաքեմ։
հանրային խնդիր ա։ ու հանրութիւնից դուրս լինելը բարդ ա։
կարողանում են՝ մեկուսացուած մարդիկ։ այն էլ, էդքան շատ չեն այդ մեկուսացուած մարդիկ նման հետաքրքրութիւններով, որ անեն։ ում գիտեմ՝ չեն անում։
ինչեւէ։
#կուլտուրա #անկապ
մենք նոյնիսկ ձեանը պատրաստ չենք։
բոլոր մակարդակներում։
սեւանի մայրուղում երեսուն մեքենայ ա սղացել իրար խփել։ նախորդ անգամ յիշում եմ տասնհինգ էր, հիմա ռեկորդ են խփել։ կիլոմետրերով խցանումներ են։
դիլիջանում գոմի կտուր ա փլուել կենդանիների վրայ։ փրկարարները վեց կով են հանել։
իսկ ստեփանակերտում քաղաքապէտը կոչ ա անում «ուս ուսի» փողոցները մաքրել։
չունենք էլի էդ կուլտուրան։
#կուլտուրա #պետութիւն #ձիւն
ուրեմն բուսաբանականն ունի երկու մուտք, բացի հիմնականից նաեւ ծարաւ աղբիւրի կողմից։
ամռանը այնտեղի ճաղերից երեւացող կրպակում տոմս վաճառող մարդ կար, եթէ քեզ նկատէր, կը բացէր դուռը որ մտնես ու տոմս առնես։
այլապէս պիտի բուսաբանականի քարտ ունենաս որ ճտացնես բացես։ նաեւ ներսից, եթէ դուրս ես գալիս, ու կրպակն արդէն փակ ա։ կամ պիտի յուսահատ սպասես որ քարտ ունեցող մարդ ուզի դուրս գալ այդ կողմից, եւ քեզ էլ դուրս թողնի։
իսկ այդ քարտերը վերջացել են (չգիտեմ ոնց ա հնարաւոր) ու դրանցից առնել այլեւս չի լինի։
բայց կարելի ա առնել գլխաւոր մուտքի քարտերից։ պարզւում ա դրանք տարբեր են։
այնպէս որ լիստ․ամ֊ում ծարաւ աղբիւրից մուտքի քարտ առնելու տրամադրութիւն։
չունենք, էլի էդ քարտային կուլտուրան։
#չունենք_էլի_էդ_կուլտուրան #կուլտուրա #անվտանգութիւն #տրամադրութիւն #երեւան #բուսաբանական
դերլուգեանը յաճախ շեշտում ա, որ սովետը ստեղծել ա հայաստանում ինստիտուտներ։
իսկապէս ստեղծել ա։
ահաւոր տխուր ա էն, որ մեր բախտից ունենք այդ սովէտի ստեղծած ինստիտուտները, ինչպիսին կան՝ դանդաղաշարժ, կոռումպացուած, ոչ արդիւնաւէտ։ ամէն անգամ երբ ինձ պատմում են ինչպէս են գործ ունեցել պոլիկլինիկայի, քաղաքապետարանի, թաղապետարանի հետ, տպաւորութիւն ա որ մենք հայաստանում չենք ապրում, զի էնտեղ լրիւ այլ կեանք ա եւ լրիւ այլ մարդիկ են։
բայց էդ մենք ենք այլ, այն էլ ոչ շատ, ընդամէնը այնքան, որ նկատենք տարբերութիւնը։ մեծ մասը տարբերութիւնը չի էլ զգում, չի զարմանում, որ պոլիկլինիկայում այն ա ինչ ա, ամէն դետալը, չգիտեմ էլ որը նշել։ ամէնը։
եւ պէտք ա դեռ երջանիկ լինել, որ այդքանը կայ։ այդ ահաւորութիւնը կայ։ զի այլընտրանքը՝ նոյնիսկ այդ ահաւորութեան բացակայութիւնն էր։ ու դա տխուր ա։
տխուր ա գիտակցելը, որ դու ձեւ չունէիր ոչ ահաւորի, եւ քո բեքգրաունդը, քո հանրութեան զարգացումը, պատմութիւնը, սահմանում ա հնարաւորութիւնները որպէս ահաւորութեան երանգներ։
կարող ա լինէր ահաւորութեան այլ երանգ, բայց ոչ ահաւորի հնարաւորութիւնը, կուլտուրան, չկայ։
տխուր ա, բայց կարծում եմ, կարեւոր ա գիտակցելը։ կարեւոր ա աճի համար։
#հայաստան #կուլտուրա #հանրութիւն #ժառանգութիւն #քաղաքակրթութիւն #չգիտեմ #ահաւոր
կեղծելու կուլտուրայի բացակայութիւն՝ https://www.vice.com/en/article/7kbTim/the-internet-is-debunking-russian-war-propaganda-in-real-time
#կուլտուրա #զլմ #պատկեր
երբ լսում եմ չիպերի պակասի մասին, մտածում եմ տարբեր բաներից։
յիշում եմ ինչպէս էին իննսունականներին «կտրում» հին սովետական համակարգիչները, մասնաւորապէս տեղական նախագծման/արտադրութեան համակարգիչները, որ թանկարժէք մետաղներ հանեն։
ինձ համար դա բարբարոսութիւն յիշեցնող բան ա՝ նախագծուած սարք քանդելը։ դրա վրայ ջանք ա դրուել, ու այն կարող ա աշխատել եւ կիրառուել։ ակնյայտ ա, որ նաեւ կորցրել ենք դրանք որպէս նմուշներ, որ էստեղ արտադրուել են այսպիսի մեքենաներ։ այդ նմուշները կարող էին այսօր լինել թանգարաններում, հիւրանոցներում, կաֆէներում, ակումբներում։ ամէն նման տեղը կուզէր ունենալ իր «նայիրի֊2»֊ը։ ու կարող էր, զի բաւական արտադրուած էր։ բայց մնացել չեն էդ մեքենաները։ չկան։
բայց բացի նմուշ ծառայելուց, մեքենան կարող ա կիրառուել։ վերօգտագործուել, ինչպէս էսօր՝ շէնքերը։ որոշ մեքենաների էներգախնայող լինելու հետ հարցեր կան՝ նոյն նայիրիների։ կամ ինթելների։ բայց եկէք յիշենք որ մենք ժամանակակից մեքենաների վրայ օգտագործում ենք փայթըն եւ պերլ որ չեմպիոն են ըստ էլեկտրաէներգիայի ծախսի՝ երեսպաշտ ա դրանք օգտագործել, եւ խօսել հին մեքենաների մասին։
բայց որոշ մեքենաների դէպքում այդ հարցը չկայ բնաւ։ հին տան համակարգիչները, կամ միկրօկարգիչները, դրանք շատ խնայող էին։ իննսունականներին ես օգտագործում էի «սպեկտրում» համատեղելի կարգիչս միացնելով սովորական 5V֊անոց մարտկոցին։ պլիւս փոքրիկ սեւ֊սպիտակ հեռուստացոյց, որը սնւում էր մեքենայի մարտկոցից։
ամէն նինթենդօն, աթարին, ահաւոր քիչ էներգիա են ծախսում, ու ահագին կիրառելի կարող են լինել։
միկրօկոնտրոլերներն էլ են շատ քիչ էներգիա պահանջում։ փորձէք հաշուել, փոքր արեւային պանելով կարո՞ղ էք սնել raspberry pi֊ը՝ չէ, իսկ arduino֊՞ն՝ այո, հանգիստ։
արդե՞օք դա տնտեսութեան համար ա լաւ՝ դէ, ստեղծում ա մի ամբողջ բիզնէսների ոլորտ՝ սարքեր որ կարդիականացնեն հին կարգիչը, մարդիկ որ կը մաքրեն, կը նորոգեն հին կարգիչը, ժամանակակից ծրագրակազմ, որ կաշխատի հին կարգիչների վրայ։
հին կարգիչը կարող ա կարդալ մէյլ։ ես կպնում էի atari st֊ով ֆրինեթի, եւ կարդում մէյլերս։ էն ժամանակ տերմինալ էմուլեատորով, ու pine֊ով, բայց ոչինչ չի խանգարում imap կլիենտ գրել։ էսօր atari st֊ի համար կան ժամանակակից ethernet քարտեր։ ես ուզում եմ atari֊ս սկսել օգտագործել որպէս տերմինալ, եւ որպէս երաժշտական աշխատանքային կարգիչ։ իհարկէ, հաւէսի համար։ բայց քանդել կտրելը աշխատող (կամ ոչ էնքան) սարքը՝ ահաւոր ա։ այն կարելի ա օգտագործել։
էսօր շէնքերի վերօգտագործումը մէյնսթրիմ ա, դա համարւում ա եւ կենսակայուն մօտեցում, եւ իսկապէս բաւական շատ շէնքեր արդէն կան աշխարհում, եւ նոր շէնքեր կառուցելու պահանջ էդքան չկայ, բայց կայ լաւ վերօգտագործողների պահանջ։ սա հայաստանին, ոնց հասկանում եմ, չի վերաբեում, որովհետեւ մեր հին շէնքերը սէյսմակայունութեան հետ խնդիր ունեն, ու պէտք ա ամրացուեն։ բայց դա էլ ա վերօգտագործում։ իսկ բնակելի ֆոնդի զգալի մասը ահաւոր անորակ ա, եւ նախատեսուած չէր էսքան տարի օգտագործելու համար։
ես գիտեմ ինչ հարցեր կարող են ինձ տալ՝ օրինակ, որ հին cpu֊ն չունի կարեւոր ֆիչըրներ՝ երկաթը չի սատարում առանձին հասցէատիրոյթներին, մի քանի պրոցես աշխատեցնելուն։
այո։ բայց դա էլ պարտադիր չի։ կարելի ա օգտագործել մի ծրագիր։ յետոյ անջատել, միացնել այլը։ ոչ մի սարսափելի բան չկայ դրա մէջ։
ու աւարտեմ ապշելու բանով։ էն օրը ընկերոջս տանն էի, նա փլէյսթէյշն ունէր։ ասի ցոյց տուր էդ ինչ ա, ի՞նչ ծրագրեր կան, բացի խաղերից։ ի՞նչ խաղեր կան։ ասի՝ լաւ, արի պակման դիր՝ սիրածս խաղն ա, խաղամ էդ ջոյթսիկով։ պարզուեց՝ պակմանը փողով ա, չհասցրի ասեմ չառնի, բայց դա քիչ ա, երկար քաշում էր 800մբ ծաւալով ծրագիր։
պակմանը, գրողը տանի, աշխատում էր 16կբ յիշողութիւն ունեղող կարգիչների վրայ։ ինչի՞ 800մբ։ ո՞նց։ արդե՞օք դա ա նորմա։
ու չիպերի պակասութիւնը կարող ա վերադարձնել լաւ ծրագիր գրելու կուլտուրան, եւ օլդսքուլ ծրագրաւորողները, որ կարողանում են քամել կարգչի ռեսուրսները կարող են կրկին գնահատուած իրենց զգալ։
#անկապ #տեք #համակարգչութիւն #համակարգիչ #կարգիչ #պատմութիւն #միկրօկարգիչ #վերօգտագործում #կուլտուրա #յիշողութիւն #ծրագրակազմ #կենսակայունութիւն #էներգիա
մէկ էլ կրկին ու կրկին,
էն օրը @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/antranigv}֊ն իր ելոյթն ա ուղարկել բարքեմփի՝ իսկ էնտեղ վերնագրերը անգլերէն են, իսկ նիւթը հայերէն։
երէկ էլ մէկն ասաց ինձ՝ ալգորիթմ էի փնտրում, միայն մի վիդեօ եմ գտել իւթիւբում, վերնագիրն անգլերէն էր, պարզուեց՝ հնդիկ ա ու բենգալերէն ա պատմում։
ու վերջապէս՝ դուք, որ պիտակում էք տեքստերը անգլերէն՝ հասկանո՞ւմ էք որ էս մարդկանց սպամ էք անում։
ես նոյնիսկ համակարգչի թրէյդմարքն եմ հայերէն գրում՝ ու ոչ հայրենասիրութիւնից դրդուած՝ որ չտեսնեն մարդիկ անիմաստ։
#անգլերէն #պիտակ #կուլտուրա #սպամ #հայերէն #բարքեմփ #անկապ
ռեդրումը վերջերս հայկական թեմաներին էր անդրադարձել, ու եթէ չէք տեսել՝ տիգրան երկրորդի մասին վիդեօ ա արել՝
https://www.youtube.com/watch?v=nQ4R9j_cp8Y
ի՞նչ եմ հասկանում էս նիւթից։
— հայերը չէին ջոկում դիւանագիտութիւնից։ կուլտուրա չունէին։
— հայ զինուորականները լաւը չէին՝ աւելի մեծ զօրք ունենալով, պարտւում են հմուտ հռոմեացի զօրավարներին։
— մի կարեւոր պարտութեամբ, կորցրել են տարածքի մեծ մասը։
— միհրիդատը աւելի բիթի, գուցէ կիրթ, տեսած մարդ ա։ հասկանում ա։
— բայց տիգրանը չէր կարող իրան ասել՝ գնա ուրիշ տեղ, չեմ կարող քեզ պահել։ նաեւ էն պատճառով, որ այլ տեղ գնալու չկար։ պիտի հզօր, կամ համեմատաբար հզօր պրոտեժէ ունենար։ անձնագրեր չկային, կեղծ անձնագրեր չկային, ու հարաւային ամերիկան բացայայտուած չէր։ (:
— «պատիւը» եւ աւտոկրատների դրան զգայուն վերաբերմունքը։
— ինչ֊որ տեղ կարդացել եմ, որ պատահական չի, որ էն ժամանակ փոքր երկրներ չէին լինում։ զի էն ժամանակ փոքր երկրներ չէին հանդուրժելու, իսկ յարձակումների ժամանակ կարեւոր ա ունենալ նահանջի տեղ։
— հետաքրքիր ա ինչի էին մերոնք ձգտում յունական մշակոյթին, քաղաքակրթութեանը, ու ինչի՞ էր այն մօտ։ ըստ երեւոյթին աւելի զարգացած, առաջադէմ տպաւորութիւն էր թողնում, եւ այդպիսին էլ կար, եթէ համեմատէինք պարթեւստանի հետ։ ըստ երեւոյթին, մեր էլիտայի էրեխէքը գնում էին սովորելու յունաստան, զի լաւ կրթութիւնն էնտեղ էր, տեսնում էին էնտեղի թատրոններն ու կաֆեները, գալիս էին, ուզում էին էստեղ էլ նման բան լինի։
ի դէպ, triumph of the city֊ից կարող ենք իմանալ, որ նախկինում հանրային վայրերը, տուսովկաները, գնալու տեղը՝ թատրոններն էին, եւ ոչ սնուելու տեղերը։ ուտելու տեղերը դարձան նման վայր շատ աւելի ուշ, ու ռեստորան բառը ֆրանսիայից ա գալիս, տեղ էր էին, ուր կարողանում էին restore անել մարդկանց, կերակրելով։ (:
#պատմութիւն #կուլտուրա #չունենք_էդ_կուլտուրան #ռեստորան #թատրոն #տիգրան #հայք #հայաստան #մեծ_հայք #միհրիդատ #հռոմ #արեւմուտք #քաղաքակրթութիւն
փախած ա մշակոյթը, որոշ հանգոյցներից գալիս ասում են՝ «շնորհակ որ տարածեցիր», իսկ որոշ հանգոյցներում խօսում են թէ՝ «քիչ հետեւող ունի, ոչի՞նչ որ տարածեմ աւելի լայն լսարանի համար»։
#կուլտուրա #մշակոյթ #դաշնեզերք
դիասպորան դաշնեզերքի մաս ա չէ՞, չէ՞ չէ՞։
երեւի ասել եմ, բայց մէկի տուած թուղթն ենք թուայնացնում՝ դնենք վիքիդարան։ գործը դանդաղ ա գնում, բայց ինչեւէ։
սղնաղում ծնուած, թիֆլիսում աշխատած մարդու մասին ա, որ գնացել ա գարգառ՝ էրեխէքին դասաւանդելու։
ճանապարհին անցնում են եկատերինֆելդ աւանով՝ էսօր՝ բոլնիսի՝ ուր գերմանացիներ էին ապրում։ նաեւ անցնում ա ռուսական վորոնցովկայով՝ էսօր՝ տաշիրով, եւ բնականաբար զանազան հայկական գիւղերով։
եկատերինֆելդից ապշած էր՝ ամէնը կոկիկ, սիրուն, ոչ անտէր։ նաեւ ապշած էր որ գիւղացիների տների, հողատարածքների միջեւ պարիսպներ չկային։ հարցնում էր՝ բա ո՞նց էք անում, որ մէկը միւսի կտորից մի բան չվերցնի։ չհասկացան էլ ինչի մասին ա՝ ո՞նց ա հնարաւոր նման բան։
յետոյ երբ հայկական գիւղերից էր գրում՝ որ ամէնը անտէր, ամէնը վատ, մի կերպ, ոչ կոկիկ, հարց էր տալիս իրան՝ տեսնես հարիւր տարի անց հայ գիւղերը կը լինե՞ն եկատերինֆելդի պէս կոկիկ, հոգ տարած։
եւ չէ՝ չեն։
ինչի՞ եմ սա ասում՝ բնական ա որ հայերի մօտ ոչ միայն գիւղերը չեն եկատերինֆելդի պէս՝ պն֊ն էլ ա, պետութեան այլ մարմիններն էլ են։
կուլտուրա չունենք։
ու տէնց։
#բեքգրաունդ #պատմութիւն #հայաստան #կուլտուրա #հոգոց
մարդիկ, ես խնդիր եմ տեսնում։ մենք կապեր ենք խզում, կամ աւելի ճիշտ՝ չենք ստեղծում, զի չենք պիտակում գրածները։
հիմա արի ու գտի՛ր, ո՞րն էր էն ժամանակ էն քննարկումը։ իսկ եթէ մարդը չի յիշում որ նման բան կար, ո՞նց ա փնտրելու՝ պիտակներով։ ու պիտակներով գնալով ա իմանալու որ «նախորդ սերունդները» սա քննարկել են ու սէնց մտքերի են եկել, որ աւելացնես՝ նոյն պիտակով, ու քոնն էլ արձանագրուի, կամ որոշես որ ուզում ես հին շղթայում կարծիք յայտնել ու այն կենդանացնել։
#շփում #կուլտուրա #պիտակ #համացանց
նաեւ հետաքրքիր ա որ բոլորը «սանձի՛ր քո էնտուզիազմում» ունեն գրասենեակ։
այդ գրասենեակում պարզապէս սեղան ունեն։ դերասան են, նէնց չի որ էդ սեղանի մօտ են աշխատում։ դէ, հանդիպումներ են ունենում, որ տանը, սրճարանում, կամ ուրիշի գրասենեակում չունենան։
ու բոլորը պնդում են, որ իրենց գրասենեակում հանդիպումը կայանայ։
լարրին էլ ունի, նոյնիսկ ունի քարտուղար, ջէյսըն ալեքսանդրն էլ, ջուլիա լուի֊դրէյֆուսն էլ ունի իր գրասենեակը։ (:
չունենք էլի էդ կուլտուրան։
յ․ գ․ յիշեցի որ ծանօթ սփիւռքահայն էլ ա հայաստանում, կասկադի մօտ սենեակ վարձել, դրան գրասենեակ ա ասում։ այնտեղ եւ աշխատում ա, պատուերներն ա անում, հա հանդիպումներ ա կազմակերպում։
#ամերիկա #կուլտուրա #լարրի_դէյւիդ #սանձիր_քո_էնտուզիազմը #ջէյսըն_ալեքսանդր #ջուլիա_լուի-դրէյֆուս #կալիֆորնիա
ահա, պիտի գրեմ միջավայրի մասին։ ու չեմ կարծում, որ ինչ֊որ խորը չվեհ բան կայ դրա մէջ։
փաստօրէն, socialhome֊ն ունի բագ՝ չի կարողանում փնտրել իւնիկոդ դոմեններով իւզերների։ հետեւաբար՝ թթի մարդկանց փնտրել չեմ կարողանում։ սակայն, եթէ դուք հետեւէք այս հաշուին, ապա ձեր էջը կը ստեղծուի, ու ես կը տեսնեմ՝ այս մարդը հետեւել է։ իսկ ձեր էջից կարող եմ հետեւել ձեզ։
այդ մասին խօսեցի հիմնադրի հետ, խնդրեց gitlab issue բացել։
ու հետաքրքիր ա՝ չաթում կայ բոտ, որ պատմում ա gitlab֊ում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին, բայց նաեւ կայ բոտ, որ հասկանում ա նման արտայայտութիւններ՝
ես այդպէս նախկինում էլ եմ ինձ ուղղել, ու մտածում էի՝ գուցէ շատ թիթիզ ա, մարդկանց մի մասը չի հասկանայ, միւս մասի մօտ ընդունուած ա ինքդ քեզ ուղղելու համար՝ աստղանիշ օգտագործել։ բայց ահա, փաստօրէն՝ բոտը լեգիտիմացրել ա իմ վարքագիծը, եթէ բոտը հասկանում ա՝ ապա թիթիզ չի, ապա լեգիտ ա, ապա օրինակարգ ա։
բոտն այս դէպքում շփման կուլտուրայի, էթիկետի reference implementation ա։ (:
#էկրանահան #չաթ #կուլտուրա #մշակոյթ #լեգիտիմութիւն #ծրագրակազմ #դաշնեզերք #իւնիկոդ #բոտ #շփում #էթիկետ
էստեղ նշուած վիդեօյում նաեւ մի քանի բան ա կարեւոր՝
ա — տեսէք, նոյն պոտուպչիկը կամ իր շուրջ լինող մարդիկ ինչ տեսք ունեն։ մեզ թւում ա, որ էդպիսի մարդիկ պիտի լինեն «քեարթ» (ինչ էլ դա նշանակի), փորերով, վատ հագնուած, կամ այլ մշակոյթի։ մինչդեռ տեսնում ենք՝ իրենց տեսքից բնաւ չես ջոկի, իրենք ով են, ինչի համար են աշխատում։ լրիւ «մերոնցական» տեսք ունեն։ ժամանակակից, հաւէս։
մեզ մօտ էլ տէնց մարդիկ կան, որ իմ տիպի են, բաց գոյնի մորուք, «փաբային» տեսք։ բայց գլխի մէջ լրիւ այլ աշխարհ ա։
բ — շատերը չեն ամաչել, համաձայնել են հանդիպել, հարցազրոյցներ տալ։ իհարկէ, կային մարդիկ որ չեն համաձայնել։ բայց հիմնականում էդպէս չի։ ինքը պոտուպչիը ոնց որ առանձնապէս չէր ամաչում, չնայած ի տարբերութիւն ոմանց, լրիւ ջոկում էր ինչ ա անում, ու որեւէ «աւանդական» կամ «պատրիոտիկ» բեքգրաունդի մարդու տպաւորութիւն չի թողել։ առհասարակ հետաքրքիր էր իրան տեսնելը, ես իր մասին միայն կարդում էի նախկինում։ օրինակ այստեղ։
գ — լաւ երեւում ա, ոնց ա խօսքի ազատութիւնը նահանջում, ոնց են պատրուակներ գտնում այն սահմանափակելու համար։
դ — բերդ ֆիցպատրիքը՝ ԿՄ֊ի հիմնադիրը, նշում էր որ ամերիկացիները անկապութիւններ էին գրում, գրեթէ թուիթային, կարճ գրառումներ էին անում։ Ռուսաստանում ԿՄ֊ն լրիւ այլ կուլտուրա ունէր։
տեսէ՛ք, մենք էլ էսօր դիասպորայում լրիւ այլ մշակոյթի մարդիկ ենք՝ երկար տեքստեր, խոհեր, մտորումներ, անձնական, կամ ազգի մասին, հետազօտութիւններ, նկարներ, քննարկումներ։ ուզում եմ չմտածել որ դա արեւմուտքի անդարդ լինելուց ա, զի իրենք էլ ահագին դարդեր ունեն։ յուսամ որ «կուլտուրա»֊ից ա։ ու գիտէք, ո՞րտեղից պիտի այդ «կուլտուրան» ձեռք բերէինք՝ երեւի նոյն ռուսաստանից, գուցէ ռուսաստանի միջոցով՝ եւրոպայից։ բայց եւրոպայում էլ չեմ տեսնում տէնց տեքստերի եւ մտքերի մշակոյթ, ինձ թւում ա սա հետսովետական ա, ու էն հետսովետական լաւ բաներից ա, ինչ ժառանգել ենք։
եկէք գնահատենք դա։
#համացանց #ազատութիւն #կուլտուրա #հետսովետական #սովետ (ես երեւի առաջին անգամ այս պիտակը դրական ձեւով եմ օգտագործել) #սովէտ #մտքեր #խոհեր #կմ #խօսքի_ազատութիւն #կենդանի_մատեան #պատմութիւն
ուրեմն, մի դանիացի իր հայ հիւրերին տանում ա միջոցառման՝ հասնում են մի շէնք, որի մօտ կայ բաւական մեծ կայանատեղ։ նա կայանում ա մեքենան ամենահեռու տեղում, եւ երբ հիւրերը հարցնում են՝ բացատրում՝ — մենք շուտ ենք հասել՝ հանգիստ կը քայլենք, իսկ ով ուշանալու ա՝ կը կարողանայ աւելի մօտ կայանել, որ արագ հասնեն։
նաեւ, ի․ թ․ սա զիջելու մասին ա։ մի պոդքաստում լսել եմ, որ ամն֊ում մարդիկ այնքան են սիրում զիջել, երբ մէկը թարթիչով խնդրում ա գիծ փոխել, ու յետոյ վթարայիններով շնորհակալութիւն յայտնում, որ եթէ ուրիշն ա զիջում, ու ստանում այդ շնորհակալութիւնը՝ երբեմն նոյնիսկ ֆրուստրացւում են, որ իրենք չարին։
կարելի ա պիտակել՝ #չունենք_էդ_կուլտուրան, երեւի։
#մշակոյթ #կուլտուրա #դանիա #կոպենհագէն #պատմութիւն #միջավայր #կայանատեղ #քաղաք
հիմա, որ մենք ունենք եւս մի հայերէն հանգոյց, առաւել եւս ակտուալ ա, որ գրառումներին յղումներ ճիշտ թողնէք։
երբ մտնում էք գրառման էջ՝ հասցէային տիրոյթում գրուածը չի որ պէտք ա վերցնել, տարածելու համար։
այդ յղումը սովորաբար կարճ ա, օրինակ՝ https://spyurk.am/posts/4387113
եւ տանելու ա կոնկրետ հանգոյցի էջին։ եթէ դու այդ հանգոյցում մուտք գործած չես՝ չես կարողանայ մեկնաբանել։
փոխարէնը պէտք ա վերցնել գրառման էջից յղում, այն գտնւում ա գրառում անողի անուան տակ, եւ աւատարից՝ աջ, մոլորակի (եթէ բաց ա) նշանի մօտ։ յղման վրայ գրուած ա, երբ ա այն արուել՝ օրինակ երեք ժամ առաջ։
այդ յղումը վերցնելով, ստանում ենք՝ https://spyurk.am/posts/fc9e36309ce801384233342e993310ef
։
ապա վերցնում /posts
֊ով սկսուող մասը՝ /posts/fc9e36309ce801384233342e993310ef
եւ յղուել դրան։
օրինակ՝ [յղում](/posts/fc9e36309ce801384233342e993310ef)
այս յղումը կերեւայ բոլոր հանոյցներից, եւ կը տանի ձեզ ձեր հանգոյցի, ուր մուտք գործած էք այն էջը, որում երեւում ա էն հանգոյցի գրառումը, ու կարող էք ձեր հանգոյցում այն մեկնաբանել, կամ հաւանել։
#սփիւռք #նշաձեւ #յղում #համացանց #կուլտուրա #ապակենտրոնացում
էջից ծանուցումներ ստանալու յայտերը, երբ արւում են անմիջապէս էջ մտնելիս յետոյ՝ գրեթէ միշտ մերժւում են։ եթէ արւում են որոշ ժամանակ անց՝ ընդունելու հաւանականութիւնը աւելի մեծ ա։
բնական ա։ պատկերացրէք նոր էք մտել էջ, չգիտէք ինչ կայք ա, արդեօք բաւարարուած էք էջի բովանդակութեամբ՝ իսկ նա արդէն առաջարկում ա ընկերութիւն անել։
պատկերացրէք էսպէս մէկը կեանքում թռնի դէմքին, ու սէր խոստովանի, կամ առաջարկի դէյթուել։ դէ իհարկէ, երբեմն կասեն՝ օկ, բայց համարեա գրեթէ միշտ կը մերժուի։
ու միեւնոյն ա, էջերի մեծ մասը ուր մտնում եմ՝ անմիջապէս են թռնում դէմքին։
դեռ չեն սովորել։ #համացանց
իսկ ոմանց ուզում եմ ասել՝ մի՛ թռէք դէմքիս, ռսս֊ով հետեւում եմ, արդէն բաժանորդագրուած եմ։ ռսս֊ի միջի յղումով եմ եկել նոյնիսկ։ թողէք հանգիստ։ #կուլտուրա #դիզայն
գործի տեղում խօսում են ուինդոսական խնդիրներից, ինչ֊որ դիսկեր, «լոջիկալ դրայւեր», ու մտածում եմ՝ ախր ինչ աւելի պարզ ա իւնիքսի դիզայնը՝ չունես տարբեր դիսկեր՝ ունես՝ /։
բա ինչի՞ չեն նոյնը տէնց սահուն անում իւնիքսում։
երկու պատճառ՝
— ծանօթ չեն։ առաջին իմացած ու բարդը աւելի հեշտ ա քան նոր ու պարզը։
— մտնելու, խորանալու ձեւը՝ ուինի գործիքները նէնց չի որ շատ լաւն են, բայց գրաֆիկական են, ու իրենցով ամէնը (կամ գրեթէ) լինում ա անել։ իւնիքսի լուրջ թուլերը կոնսոլ են, ու մարդիկ կարիք չունեն ու չեն պատկերացնում ինչ գրաֆիկական գործիքի կարիք կարող ա լինի։ ինչի պատճառով մարդը որ կոնսոլում գրելու (կամ առհասարակ գրելու) կուլտուրա չունի՝ դժուարանում ա։
էդ վերջինի պատճառով ես վերջերս միշտ հարցնում եմ ուսանողներին՝ իրենք չաթուո՞ւմ են, զի եթէ չաթուում են՝ ստեղնաշարի հետ լաւ են, գոնէ չեն փնտրի տառեր։
#իւնիքս #ուինդոուս #դիզայն #նախագծում #գործիք #օպերացիոն_համակարգեր #մօտեցում #կուլտուրա
ուզում եմ ասել, ինչքա՜ն կարեւոր ա կուլտուրան, ու ինչքան մենք չունենք լիքը բանի կուլտուրա։
ասենք, ես ասել եմ, որ գիտեմ ինչ լա՛ւ ա սարքած քարֆուրի համակարգը, ու մասնաւորապէս հակահրդեհային համակարգերը։ ու նոյնիսկ իմանալ պէտք չի, պարզապէս կարելի ա զբօսնել, ու նայել վերեւ՝ որ ամէն տեղ էդ ջուր պզզիչները դրուած են, լրիւ ընդունուած ստանդարտներով, ու եթէ նոյնիսկ չհերիքի մի տեղում յանգցնելու կրակը, ապա մէկ ա, չի թողնի այլ տեղեր տարածուի։
ու բոլոր սցենարները կանխատեսուած են, թէ որտեղ ա կրակ, որտեղ ջուր գնայ, որ դուռը բացուի, որ չտարածուի, որտեղով մարդիկ դուրս գան, ո՞նց իմանան ինչպէս դուրս գալ՝ ձայն ա միանալու աւտոմատ, ասի այդ ամէնը։
հիմա արդե՞օք սիթի֊ներում էդ համակարգը կայ։ կասկածում եմ։
ինչի՞՝ որովհետեւ կուլտուրա չունեն։ չգիտեն էլ որ տէնց բան կայ։
ու էդ պատճառով էլ, որ քարֆուրը այլ հարցերին ա մօտենում՝ յատուկ դիզայն ա անում ասենք հայերէն տաբլիչկաներ, որոնց վրայ գրուած ա՝ «կարող էք նստել», կամ էն փայտիկները, որ դրամարկղի ժապաւէնում բաժանում են ձեր ու կողքինի ապրանքը, դրանց վրայ հայերէն ա գրուած։ զի կուլտուրա ունեն գործ անելու։
ու դէ սիթի֊ներում պատկերացնում եմ ոնց ա եղել, տիպա վայ, բա հիմա ո՞նց ենք փող գանձելու, տեսնենք, ի՞նչ լուծում կայ, հա, դէ ռուսներից՝ ով մօտ ա, մի բան առնում են պատրաստի, ու դէ չեն էլ մտածում լոկալիզացիայի մասին։
այս երկուսը կապուած են՝ եւ չլոկալիզացուած գրուածքները, եւ հրդեհներից պաշտպանուածութիւնը։
երկուսն էլ աշխատելու կուլտուրայի մասին են։
ու վատ չի, գիտէք, որ մենք քարֆուր ունենք, զի մարդը որ աշխատում ա սիթի֊ում կը նայի վերեւ, ու կը հասկանայ ինչքան բան նա չգիտի, ու մարդը, որ աշխատում ա այլ տեղ, բայց աշխատել ա սինոփսիսում, արդէն կիմանայ որ ասենք կոդ ռեւիւն լաւ բան ա, եթէ այնուամենայնիւ հասնի իրան էդ միտքը։
ու տէնց։
#կուլտուրա #ծրագրաւորում #տեքնոլոգիա
էսօր (երէկ) նորութիւն անցաւ, որ տելեգրամն ունի խոցելիութիւն, ու պարզաբանում՝ կարգիչների միջի չաթերը, նոյնիսկ գաղտնի չաթերը կրիպտաւորուած չեն։ ով ստանայ ձեր կոշտ սկաւառակը, նա կը կարդայ չաթերը։
ենթադրւում ա, որ կոշտ սկաւառակը կրիպտաւորուած չի։
անակնկա՜լ, անակնկալ։
դա առաջին բանն էր, ինչ ես մտածեցի, երբ սկսեցի օգտագործել տելեգրամ։
ինձ դեռ երկուհազարականներին պատմել են, ինչպէս ա աած֊ն որոշ մարդկանց կարգիչներ վերցրել, կարդացել այսիքիւ լոգերը, ու յետոյ իրենց զրուցակիցներին կանչում էին, շուռ էին տալիս մոնիտորն, ու ասում էին, թէ տես, էս ա, կարդացել ենք։
չգիտեմ, ինչքանով դա կարող ա մեղադրանքի հիմք լինել, բայց դա այլ հարց ա։ անկախ նրանից, կարող ա թէ չէ, ու մեղաւոր ես թէ չէ, ոչ միշտ ա դզում, երբ քո չաթերը, այն էլ գաղտնի չաթերը կարդում են։ ամէն օր չենք արթնանում այն մտքովս թէ ահ, ինչ լաւ ա, որ իմ չաթերը կարող ա ինչ֊որ մէկը կարդայ։
ու մտածեցի, լաւ ա, դէ իմ վինչը կրիպտաւորուած ա, բայց ի՞նչ կապ ունի, զի ում հետ խօսում եմ, իրենցը՝ չի։
ու ում ասում եմ, չեն կրիպտում։
զի կուլտուրա չունեն, չնայած բարդ չի։
ու տէնց։
#անվտանգութիւն #տելեգրամ #կուլտուրա #գաղտնիութիւն
էսօր մէկն ասում ա, թէ դու գիմփով տեսել ենք, օգտուել ես… չէ, տէնց չեն ասում է, մանիպուլատիւ, որ շոյի, որ օգնեմ՝ «դու գիմփի գել ես», տէնց, իսկ գիմփ ա քաշել, զի մեզ մօտ չի լինի քրեք արած ֆոտոշոփ օգտագործել։
ասում եմ, դէ «գել» չեմ, գրեթէ չեմ խմբագրում, ասա ի՞նչ ա պէտք։
ասում ա, սէնց որ ընտրես ասենք մազերը, յետոյ մի գոյն ընտրես, յետոյ էդ գոյնը փոխարինես այլ գոյնով ու լրիւ գոյները փոխուեն։
դէ կարծես տէնց յօդուած աչքովս ընկել ա, բայց դէ ինձ պէտք չի։
բայց ես տէնց նկար չեմ անում, ես նկար եմ անում չխկացնելու պահին։
ու մտածեցի էլի, որ լիքը ֆունկցիոնալ, գուցէ, ասենք դիզայնի ժամանակ լիքը պէտք ա, բայց ֆոտոյի մէջ յաճախ չարաշահւում ա։
ու դէ, ստեղ էլ, գիմփի կուլտուրա էլ չունեմ։ զի չեմ ուզում։
իսկ մարդիկ շատ բան են ուզում։
ու առհասարակ, եթէ շատ բան ես ուզում, երեւի ինչ֊որ բան էն չի։ երեւի իրականում քեզ պէ՞տք չի էդ։ #կուլտուրա #գիմփ #ֆոտո
ինձ յուշեցին, որ գիֆ կարելի ա նաեւ սարքել առցանց ծառայութիւնների օգնութեամբ։ դէ հանած էն մասը, որ իմեջմեջիքով ծածկել էի նկարների մի մասը, զի հո ձեռքով չէի անելու, կարելի ա ասել երկու բան՝
կուլտուրա չունեմ էլի, նոյնիսկ գիֆ սարքելու։ մտքովս չէր անցել, որ առցանց ծառայութիւններ կան։
երկրորդը, կարելի ա յիշեցնել էս յօդուածը։
#կուլտուրա #գիֆ #համացանց
արեւմուտքում ընդունուած է խուսափել վիճելի պնդումներ անելուց, նոյնիսկ երբ դրանք այնքան էլ վիճելի չեն(արդե՞օք ես հիմա վիճելի պնդում եմ անում)։ ասենք հիմա կարդում եմ ծրագրային ճարտարագիտութեան մասին գիրք, նկարագրում է որոշ դէպքում որն է վատ ոճը։ եւ չի անում պնդում, այլ հարց է տալիս՝
Do these add to the program clarity and readability? We believe the answer is no. (արդե՞օք սա աջակցում է ծրագրի պարզութեանը, յստակութեանն ու ընթերնելիութեանը։ կարծում ենք որ ոչ։)
իսկ հարցին պատասխանելիս էլի խուսափում են պնդում անելուց։
#քաղուածք #կուլտուրա (այն որն իրենք ունեն) #ոճ
շատ դժուար է ճանաչել քո ունեցած կուլտուրան հնացած, եւ իւրացնել նորը։ պատկերացրէք, դուք մարդակեր էք։ հիմա արի ու ճանաչիր որ այս ամբողջ ժամանակ սխալ ես ապրել, ու սովորիր ուտել աղցաններ եւ տորթեր։ որ կուլտուրա չունէիր։ չէ՞ որ մարդ եփելու, խորովելու, համով պատրաստելու հարուստ փորձ, կարելի է ասել՝ կուլտուրա ունէիր։ հիմա արի, դա մի կողմ դիր, պատմութիւնդ մի կողմ դիր, ու «կրկին փորձիր»։ արդե՞օք հեշտ է այդ ամբողջ ժառանգութիւնն արժեզրկել եւ համարել որ չունես։ ու դատարկ էջից սկսել։ դատարկ էջը բարդ է եւ վախենալու։
եթէ դու սովետ ես ունեցել եօթանասուն տարի, ու ոչինչ, որ ինքը լիքը մարդ է անկապ տեղը տանջել եւ կոտորել, բայց զատո ունես ասենք կգբ֊ի կուլտուրա, ապա այն ինչի կուլտուրան ունես, դա սկսում ես գնահատել։ չէ՞ որ դա քո կուլտուրան է։ յետո՞յ ինչ որ մարդկանց գաղտնալսելու, խոշտանգելու կամ ահաբեկելու կուլտուրա է։ ինչ ունենք դա է։ բարբարոս հո չենք։ գիտենք ինչպէս է պէտք լաւ խոշտանգել եւ ահաբեկել։ այդ գերմանացիներն են յիմար, որ իրենց «շտազի»֊ի ժառանգութիւնը արժեզրկել են։ ի՜նչ երկիր էր ԳԴՀ֊ը՝ ահ֊ահ։ ամէնը աւիրեցին, քարը քարի վրայ չթողեցին։ ահ, ինչ երկիր էր։
նաեւ, բարդ է, երբ չես ունեցել ժողովրդավարութեան ձեւաւորուած մշակոյթ։ յետոյ իւրացնելը բարդ է։ աւելի հեշտ է օրինականացնել այն, ինչին սովոր ես եօթանասուն տարի, որ էլ չտառապես կեղծելով ինքդ էլ չգիտես ինչի համար։ ինչը եւ արել են միջին ասիայում, ու ադրբեջանում։
պետականութիւն էլ որ չունես, դրա կուլտուրան էլ չունես։ ու կորցնում ես այդ պետականութիւնը։ կամաց֊կամաց։
կուլտուրա փոխելը բարդ գործ է։ այդ պատճառով լաւ է ի սկզբանէ այն ունենալ, իսկ եթէ ունես՝ մի տեղ ճանապարհին պատահաբար չկորցնել։ դրա համար պէտք է զգօն լինել։ իսկ որ կորցրիր, յետոյ երբ նկատես, պէտք է վերադառնաս, փնտրես։ իսկ եթէ այս ընթացքում մէկն արդէն անցել վերցրե՞լ է։ լաւ կուլտուրան փողոցում գցած չի լինում, բոլորին էլ պէտք է լինում։ ուրեմն պէտք է նորը գտնել։
աւաղ, վաճառող չկայ։ բոլորն իրենց են պահում, չեն ուզում վաճառել։ ասում են՝ իմ ինքնութեան մասն է։ բայց տարբեր տեղեր գրուած ձեռնարկներ կան, թէ ինչպէս «սարքիր ինքդ» ձեւով այն ստանաս։ պարզապէս բարդ է, այսպէս ես փորձում, չի ստացւում, յետոյ այնպէս ես փորձում, ու էլի տապալում։ հիմա մինչեւ սովորենք հոգիներս դուրս է գալու։ այսինքն, յուսով եմ որ կհասցնենք մի ձեւ, մինչեւ հոգիներս դուրս չգայ։
#կուլտուրա #մշակոյթ #քաղաքականութիւն #սովետ #ժողովրդավարութիւն #պետականութիւն #անկախութիւն