ուզում եմ ասել՝ մենք ամն֊ն ընկալում ենք որպէս շատ աջական, բայց այն նաեւ միաժամանակ բաւական ձախական երկիր ա։
լիքը բան շատ կարգաւորուած ա՝ էս տարածքում (գրեթէ բոլոր տարածքներում) կարելի ա շինել միայն մի ընտանիքի համար նախատեսուած առանձնատներ։ ու վարձով էլ տալ իրաւունք չունեն տէրերը։ ու աւտոտնակում իւղման կէտ կամ սրճարան բացել չեն կարող՝ էս տարածքում կոմերցիոն գործունէութիւնն էլ ա արգելուած՝ տունը ապրելու համար ա։
եթէ նկատել էք ֆիլմերում՝ պատեր չկան այդ առանձնատների մօտ։ փոստատարը, ոստիկանը, հիւրերը՝ գալիս հասնում են դռանը, որ փողոցից հասանելի ա, դուռը թակում են։ դռան դիմացի գազոնը պիտի խնամուած լինի, թէ չէ կը գան կը տուգանեն։ իսկ որոշ վայրերում նոյնիսկ ներքին բակդ ա, որ թւում ա թէ ներքին գործդ ա, կարգաւորուած։ օրինակ, լողաւազանը պիտի շրջապատուած լինի փոքրիկ պարիսպով։ դա սիրուն չի՛, տարօն, ու ոչ մէկ չի ուրախանում դա անելով։ բայց չի բացառւում չէ՞, որ խմած հարեւանդ գիշերը շփոթուի գայ ընկնի լողաւազանիդ մէջ ու խեղդուի։ էդ պատճառով էլ նման կանոն կայ։
մենք ասում ենք, որ կապիտալիզմը ստեղծել ա պայմանական «այֆօնը», բայց պետական ներդրումներն են ստեղծել ամերիկեան տտ արդիւնաբերութիւնը։
էսօր էլ՝ պետական ներդրումներով ա որ կառուցում են արիզոնայի չիպ տպելու գործարանը։ իսկ երէկ՝ պետ․ պատուէրով էր ստեղծուել էն ամէնը, ինչ էսօր լիքը փող ա բերում անկապ մարդկանց, եւ պետւթեանը։ պետութիւնը միշտ համագործակցում էր այ֊բի֊էմի հետ, պետութիւնը տուել էր մենաշնոր էյթի ընդ թի֊ին, որ ամբողջ երկրով ծառայութիւնները միատեսակ լինեն։ պետական պատուէրով են նախագծուել՝ տրանզիստորը, համակարգիչները, ծրագրային ապահովումը, ներառեալ իւնիքսն ու սի֊ն, համացանցը, եւ այլն։ եղել են լիքը պետական ուսման գրանտեր, ու էսօր էլ կայ պետական ուսման վարկեր՝ ցածր տոկոսներով։
#կարգաւորում #ամն #պետութիւն #համացանց #կապիտալիզմ #սոցիալիզմ #քաղաքականութիւն
երբ 2007-2008֊ին պետական «բլոգերները» ակտիւ սատարում էին իշխանութեանը, մի տղայ, թումանեանը, գրել էր կարճ պատմուածք այն մասին, ինչպէս ա ծեր մարդ գալիս մետրօ, ու ցոյց ա տալիս իր «ուդօ»֊ն՝ անցագիրը, մաշուած, որ ձրի մտնի։ իրան էլ, կարծես ասում են՝ «ա՛, բլոգերների միութիւն՝ մենք ձեզ էլ չենք սպասարկում անվճար, պապիկ, անցէք էնտեղ»։
ու ես յաճախ ծաղրել եմ «պետական հաքերների» եւ «պետական գրաֆիտիի» գաղափարը։
ես չեմ ընդունում որ լաւ ա երբ քաղաքապետարանը վճարում ա գրաֆիտի արտիստին, որ նա «քուլ» գրաֆիտի անի, եւ դրանով աւելի հետաքրքիր եւ գրաւիչ եւ տեսանելի դարձնի քաղաքը, զի այդ նոյն քաղաքապետարանը լաւ կանէր ի սկզբանէ այդ գրաֆիտի արտիստին չհետապնդէր, ու այդ արտիստը չնստէր ոստիկանական խցերում։ արդե՞օք քաղաքապետարանն ընդունում ա որ դա ա ձեւը աճելու՝ օրէնք խախտել, բռնուել, ծեծ ուտել ոստիկանութիւնում, ու երբ արդէն յայտնի ես՝ ապա քեզ կարելի ա ճանաչել վեհ եւ վճարել։
թէ՞ օրէնքը կամ կանոնը փոփոխութեան ենթակայ են։
նոյնը պետական հաքերը՝ հաքերն ըստ սահմանման ամենաինստիտուցիոնալ էակը չի։ ճիշտ ա՝ սթոլմանին յաջողուեց համատեղել հաքերութիւնը եւ օրինակարգը՝ կարեւոր արտօնագիր ստեղծելով, որը փոխեց աշխարհը։
իսկ պետական հաքերը ըստ էութեան «կգբշնիկ» ա, գրաբարով՝ «մը֊լը֊ցա»։ կախուած նրանից, որ կողմից նայել՝ «լրտես» ա, կամ «խիզատ հետախոյզ»։ միշտ չի, որ պատուաւոր գործ ա անում։ ու միշտ չի, որ չի ամաչի իր արած գործից։ եթէ խիղճ ունի։
բայց չշեղուեմ։
այդ բեքգրաունդից ա որ զարմացել էի, երբ իմացայ որ հայաստանում կայ «հայկական դիջէյների միութիւն»։ ու ոչ կայացած երիտասարդ եւ հեռանկարային դիջէյ լինելով, թւում ա թէ, պէտք ա ձգտէի անդամակցել՝ եւ դրանով էլ կայանալ որպէս երիտասարդ եւ հեռանկարային դիջէյ։
բայց ես զարմացայ։ ես կը հասկանայի՝ դիջէյների պրոֆ․ միութիւն՝ որը կը սահմանի ժամավճար, եւ կը թոյնի այն դիջէյների կեանքը, որ աւելի էժան կը յամարձակուեն նուագել։
ու ուզում եմ ասել, ո՞նց ստեղծուեցին այդ միութիւնները։ դրանք ստեղծել ա ստալինը՝ ստեղծագործողներին միութիւններում համակենտրոնացնելու համար՝ որ աւելի կառավարելի լինեն։
այդ պահից ա, որ մոդերնիզմը սկսեց համարուել «վատ», իսկ արուեստը պիտի դառնար սոց․ ռեալիստական եւ նեօ կայսերական։
եւ եթէ դուք սկսնակ արուեստագէտ էք՝ ամենավատ քայլն ինչ կարող էք անել՝ այդ «միութիւն» անունով միութեանն անդամակցելն ա։ համայնքներին անդամակցելը վատ չի։ շատ եւ շատ արուեստին վերաբերող համայնքներ կային եւ կան հայաստանում։ եւ այդ համայնքները չէին տալիս «ուդօ», ու չէին տալիս տոմս։ առաւել եւս չէին տալիս մետրօյում ձրի երթեւեկելու հնարաւորութիւն։
բայց այդ համայնքների մաս լինելը, իհարկէ շատ լաւ ա, հաւէս ա եւ զարգացնող, եւ օգտակար բոլորին։ չէ որ մարդը սոցիալական կենդանի ա, ու մեզ պէտք են կապեր, ու մեզ պէտք են համայնքներ։
#անկապ #համայնք #միութիւն #կայսրութիւն #բռնապետութիւն #արուեստ #պետութիւն #պատմութիւն
եւ բէյրութի, եւ երեւանի պայթիւնը՝ հանրութեան մասին ա։
կոռուպցիայի մասին պատմութիւն ա, եւ բարադիութեան մասին պատմութիւն ա։
այն, որ շուէյցարիան ազատ եւ անկախ մնաց երկրորդ համաշխարհայինի ժամանակ՝ էլի հանրութեան մասին ա։ պատահաբար չի, որ շուէյցառացի զինուորական էր պնդում, որ գեղարդն իր մօտ ա, եւ ինքն անպարտելի ա։ պատահաբար չի, որ հռոմի պապուն դարեր շարունակ շուէյցարացիներ են պաշտպանում։ շուէյցարիայում այն հանրութիւնն էր, որ բաւական ոչ բարադի էր, եւ ամէնի պատրաստ, որ թոյլ չտար զաւթումը։
մեր հանրութիւնը լիքը խնդիրներ ունի։ ու մեզ բոլորիս ցաւում ա լիքը բաների համար, ինչ տեսնում ենք։
հիմա էլ սուրմալուն ա։
այստեղ որտեղ չնայես՝ ցաւում ա։
այդ ցաւից շատ հրաշալի փախուստ ա պնդելը որ կապ չունես հանրութեան հետ, պնդելը որ պետութիւնը չարիք ա, եւ այդ հանրութեան տիպիկ ներկայացուցչի պէս «էս երկրից դուրս պրծնել» երազելը։
նման մարդիկ կը պրծնեն եւ կը գտնեն իրենց այլ հանրութիւնում եւ այլ պետութիւնում։ ըստ երեւոյթին ոչ բարադի հանրութիւնում, որից «շատ չեն զզուի»։ կապրեն եւ կաշխատեն կազմակերպուած, ուժեղ ու հարուստ պետութիւնում։
այն երկիրն ա լինելու, ուր ամէն պահի չի ցաւայ։ բայց դա լինելու ա հանրութեան կողմից կառուցուած պետութիւն։
եւ այդ մարդիկ կը վճարեն հարկ այդ պետութեանը։ փաստօրէն նախընտրելով օժանդակել ու վճարել նրան, ով արդէն հարուստ ա, եւ ում համար չի ցաւում։
#հանրութիւն #պետութիւն #քաղաքականութիւն #ցաւ
էն անգամ էլ վարում էի, տեսայ դասախօսներիցս մէկին լուսակիրի մօտ։
ու յիշեցի, որ նա ահաւորն էր՝ ոչ մի բան չգիտէր, բայց չեմ յիշում, ամբիոնի վարիչ էր, թէ տեղակալ։
ու մտածեցի՝ ահա, բա էլ ո՞րտեղից ձեւաւորուէր իմ մէջ «ինստիտուտներին վստահութիւն», եթէ տեսնում էի որ պոլիտեքնիկական ինստիտուտում պարզ չի ոնց են մարդիկ ամբիոնի վարիչ դառնում։
ու կրկին մտածեցի՝ ո՞նց էր համակարգը։ ըստ երեւոյթին, ով ծանօ՞թ ունէր որ կը վերցնէր իրան ինչ֊որ ինստիտուտ, իր թեւի տա՞կ, կամ որ գիտէր՝ չի կարող գնալ մերգելեան գործ անելու, զի գործ անել չգիտի, բայց ջոկել ա որ կարող ա փոքր, վերացական թո՞ւղթ գրել, ու դա ինստիտուտները կը գնահատե՞ն։ չեմ իմանում ինչպէս ա եղել, որ պոլիտեքնիկի ոչ երիտասարդ աշխատողների ճնշող մեծամասնութիւնը էդքան ահաւորը թուացել ինձ։
հիմա էլ, տեսնում եմ, կոռումպացուած սրիկաներ կան կրթական ոլորտում։ շատ ինքնագոհ, շատ կոռումպացուած, եւ շատ «իշխանութիւն» սիրող։ ու հիմա գրեցի դա, զգացի նեարդայնանում եմ, ձեռքերս դողալ են ուզում։ դուրս չի գալիս, ջղայնութիւն ա առաջացնում։
ու զգացի, որ ես ամէն անգամ զարմանում եմ՝ ո՞նց ա լինում որ ռուսաստանում կայ օրինակ գելֆանդը, կամ այլ գիտնականներ, որ հանրային դաշտում տեսնում ենք, ու նորմալն են։ եւ զգում ես առաջին հայեացքից, եւ երբ լսում ես, համոզւում ես։ ու զարմանում ես որ հետազօտական ինստիտուտի տնօրէնը կարող ա կոռումպացուած սրիկայ չլինել ու դրա հետ միասին դեբիլ չլինել։
մտածում եմ՝ ո՞նց ա տէնց լինում։ կարո՞ղ ա ռուսաստանն էնքան մեծ ա, որ մի հարիւրից մէկում գոնէ բացթողում ա լինում, ու նորմալ մարդիկ շանս են ստանում։ թէ՞ այնուամենայնիւ կարելի ա ասել, որ համակարգը՝ ինստիտուտները, իրենց մօտ աւելի լաւ են աշխատել միշտ։
օրինակ, դեռ քսան տարի առաջ ապշում էի, ինչի՞ ա որ նոյն ռդ֊ում գնում ես ոստիկանութեան անձնագրային բաժին, հետդ յարգանքով են խօսում (չնայած համոզուած եմ որ կոռուպցիա կայ, ու կանոններն էդպէս են, որ կոռուպցիան ծաղքի) եւ ըստ կանոնների վարւում, իսկ հայաստանում դուրս ես գալիս օդանաւից, այդ չաղ ոստիկանն ա փռուած աթոռին, ու գոռում ա վրադ՝ «պասպորտդ տո՛ւ»։ դա իհարկէ քսան տարի առաջ էր, էսօր այդ ինստիտուտը շատ աւելի լաւ ա աշխատում։
ու այդ ամէն մտքից ու հարցերից որ գլխիս մէջ պտտւում են հասկանում եմ՝ ես անվերջ խօսում եմ որ առանց ինստիտուտներին վստահութեան որոշ չափի չի լինի, ուսումնասիրում եմ կովիդ դիսիդետներին, ու վախենում եմ դառնալ մէկը, որ անիրատեսական դաւադրութիւնների տեսութիւնների կուլտ ունի, վախենում եմ այդ ծայրայեղ ոչ ռացիոնալ մտածելակերպից, խօսում եմ պետութիեան կարեւորութեան մասին (չնայած կողմ եմ փոքր լինի ապարատը), բայց ինքս սարսափած եմ այդ պետութիւնից։
այդ հոգեբանների ասած խորքային համոզմունքներից ունեմ, որ կարեւոր չի՝ մեղաւոր ես թէ անմեղ՝ կարող ա համակարգը սխալուի։ էդ պատճառով էլ ա կարեւոր, որ պատիժները խիստ չլինեն։ համոզմունքներ ունեմ, որ ինստիտուտները լաւ չեն աշխատում, որ ոստիկանները նոյնիսկ մօտիկ «հոլմս» չեն, որ բոլորն իրենց տեղում չեն, որ համակարգի դեբիլ ատամնանիւները ինձ կաղան եւ չեն նկատի։
ու այդ սարսափից ա, որ ջանում եմ քիչ տեղեկատւութիւն իմ մասին լինի, որ չեմ ուզում տեղանքս իմանան։ որ չէի ուզի իմ վրայ սեփականութիւն գրուած լինէր։ որ խուսափում եմ կրեդիտ քարտով վճարել, ու ջանում եմ էն տեղերում վճարել, ուր պարբերաբար չեմ լինում։ բնական ա, հեռախօս ֊ տեղանք ֊ սիմ քարտ պարանոյաներս էլ։
դա պետական համակարգին անվստահութիւնն ա, իսկ ես նաեւ irc
֊ին եմ հիմա իմ իսկ xmpp gateway
֊ի միջոցով կպնում՝ իրենց էլ չեմ ուզում այփիներս տալ։
ես ինքս եմ սարսափած մարդ, որ ինստիտուտների հանդէպ վստահութիւն չունի։ ու շատ բարդ ա ինձ այդ վստահութիւնը ձեռք բերել։ ու մէկ էլ զգացի ինչ սուր եմ ընդունում երբ ինձ չեն վստահում, ու ինչքան եմ ջանում որ չմտածեն վստահելի չեմ։ ու մէկ էլ մտածեցի՝ խեչոյեանի պատմուածքները շատ ծանր են ինձ համար, զի դաւաճանութեան մասին են։ կամ եթէ խիստ բառեր չօգտագործենք՝ պայմանագիրը չպահելու մասին են։ պայմանագիրը պարտադիր չի գրուած լինի։
ռուսները խօսք ունեն՝ «պայմանաւորուածութիւնը փողից թանկ ա» — մանկուց ահաւոր ուժեղ հաւանել եմ այդ արտայայտութիւնը։
այն մասին են, երբ շահը մարդկանց ստիպում ա այլ մարդկանց եւ կենդանիների վրայով անցնել։ ու այստեղ ես գալիս եմ մի կողմից նախորդ գրառմանը՝ վստահութեան կարիքիս, որ էս րոպէյի շահը չի մարդու մօտ, կարիքիս տեսնելու որ մարդիկ մանրուքների պատճառով իրար կոկորդ չեն կտրի, ու այդ մի քանի վայրկեան շուտ անցնելն էլ ա նոյնի մասին։
եւ միւս կողմից, բա ո՞րն ա պայմանագիր կատարելու երաշխիքը։ ինչի՞ են ընկերոջս տանից հանել՝ որ տան նորեկ ռուսներին իր տունը։ զի պայմանագիր չկար։ զի պետութիւնը խառնուած չէր։ զի հնարաւոր չէր դատի տալու։
ուզում էի կարճ գրել այն մասին որ գիտակցել էի որ ինքս եմ պետութիւնից սարսափած, բայց կարեւորում եմ այն, ու էսպէս ստացուեց։
#պետութիւն #ազատականութիւն #աղքատութիւն #հանրութիւն #պայմանագիր #պայմանաւորուածութիւն #վստահութիւն #ինստիտուտ #հիմնարկ #սարսափ #մեքենայ #ատամնանիւ #քաղաքականութիւն #կասկած #դաւադրութեան_տեսութիւն #պոլիտեքնիկ #կրթութիւն #պատմութիւն
մենք նոյնիսկ ձեանը պատրաստ չենք։
բոլոր մակարդակներում։
սեւանի մայրուղում երեսուն մեքենայ ա սղացել իրար խփել։ նախորդ անգամ յիշում եմ տասնհինգ էր, հիմա ռեկորդ են խփել։ կիլոմետրերով խցանումներ են։
դիլիջանում գոմի կտուր ա փլուել կենդանիների վրայ։ փրկարարները վեց կով են հանել։
իսկ ստեփանակերտում քաղաքապէտը կոչ ա անում «ուս ուսի» փողոցները մաքրել։
չունենք էլի էդ կուլտուրան։
#կուլտուրա #պետութիւն #ձիւն
ուզում եմ մի քանի միտք կոնսպիրոլոգների մասին գրել։ ես էլի ասել եմ, որ կոնսպիրոլոգների չաթում էի, ուզում էի մի քիչ աւելի լաւ իրենց հասկանալ, ու կարծես թէ մի քանի բան հասկացել եմ։
այդ չաթում, օրինակ, հայաստանը համարում էին ազատ երկիր, զի կովիդ սահմանափակումները քիչ են։ իսկ ես փորձում էի բացատրել, որ դա ազատութեան մասին չի, այլ հանրութեան մէջ մարդու կեանքի ցածր գնի։ փորձում էի բացատրել, որ մենք դեռ պէտք ա աճենք, որ իրենց հարցադրումները մեզ համար ռելեւանտ լինեն։
նաեւ փորձում էի բացատրել, որ գոնէ մեր կառավարութիւնը ահաւոր չուզելով ա սահմանափակումներ կիրառում։ որ մեր (ու երեւի գրեթէ բոլոր) կառավարութիւնը հակառակը, խիստ հետաքրքրուած ա որ մարդիկ գնան կաֆէներ եւ ռեստորաններ, եւ չլռուեն տանը, զի դա հնա֊ն ա բարձրացնում։ ու որ երկրների մեծ մասն էնքան հարուստ չեն որ թոյլ տան իրենց հնա֊ի թէկուզ չնչին անկում։
ու եթէ նման քայլ ա արւում, այն արւում ա ոչ այն դրդապատճառով որ մարդկանց տանը կողպեն։
ի դէպ, ինձ ուժեղ մոտիւացնում էին չպատուաստուել։ երբ տեսան որ չի լինում համոզել, ասին՝ կը մեռնես։ երբ տեսան դա էլ չի ազդում, ասին՝ երեխաներ չես ունենայ։ ո՞վ էր դա ասողը՝ միայնակ աղջիկ, ում անվստահութիւնը ամէնի հանդէպ էնքան մեծ ա որ ենթադրում եմ, այդ պատճառով էլ իր կեանքում ցանկացած յարաբերութիւններ հաստատել չի կարողանում՝ անվստահութեան չափի սանդղակից սլաքը դուրս ա եկել։ փորձում ա սովորել ծրագրաւորում, բայց չունի բաւական բեքգրաունդ, այդ պատճառով չի ձգում նոյնիսկ հասկանալ մարդիկ ինչ են իրան խորհուրդ տալիս, կամ ինչ ա գրուած ֆորումներում։
քանի որ չի հասկանում ինչ ա խօսում, իրան արգելափակել են տարբեր չաթերում, օրինակ անվտանգութեանը վերաբերող չաթում։ այնտեղ նա ֆլուդ էր անում, պնդելով (եւ չկարողանալով հիմնաւորել) որ կրիպտօգրաֆիան անիմաստ ա, զի կառավարութիւններն այն յսկում են, ու նա չգիտի, չունի բեքգրաունդ հասկանալու մաթէմը այդ կրիպտօյի ետեւում, իսկ վստահութիւնը ամէնի հանդէպ ցածր ա, չափազանց ցածր ա։ հետեւաբար՝ մաթէմի հանդէպ։
ի վերջոյ նա այլընտրանքային, անվտանգութեանը վերաբերող չաթ ա բացել, ուր նա ա մոդերատոր, ու իրան չեն արգելափակի, եւ կարող ա խօսել ինչ ուզում ա։ ես չեմ կարծում որ իրան արգելափակելը ճիշտ էր, պէտք էր համբերատար կրկին ու կրկին փորձել բացատրել, հանրամատչելի տեսանիւթեր տալ, ուր ներկեր խառնելով կրիպտօյի հիմունքներն են բացատրում։
եւ այստեղ շատ կարեւոր կէտ ա՝ ցածր վստահութիւնը, որը ձեռք ձեռքի ա ոչ բաւական կիրթ լինելու հետ։ դրան էլի կանցնեմ քիչ անց։
անչափ հետաքրքիր ա, որ այդ կոնսպիրոլոգների չաթն էլ չաշխատեց, այլեւս գոյութիւն չունի։ որովհետեւ մասնակիցները իրար հանդէպ էլ չունէին վստահութիւն։ պլիւս դրան եղաւ մի ցնցում (ֆրինոդի տէրերի փոփոխութիւն, գաղթ դէպի լիբերա) որը չաթի մասնակիցներից ամէն մէկը իր կոնսպիրացիայով մեկնաբանեց, եւ վստահութիւնն իրար հանդէպ էլ աւելի նուազեց։
ենթադրում եմ, որ եթէ իրենք ժամանակ ունենային, բոլորը կը գային մէկ կամ երկու կոնսպիրացիայի, ինչպէս վիրուսի մի շտամմն ա յաղթում ու մնացածին տեղ չի տալիս, այդպէս էլ եւ կոնսպիրացիաներից մէկը կամ երկուսը կը մնային։ բայց էդ ժամանակը չկար, եւ չաթի համայնքը շատ շուտ քանդուեց։ ինչն այն մասին ա, որ կայացած չէր, պինդ հիմքեր չունէին։
եւ այդ պատճառով էլ քաղաքագէտները պնդում են՝ որպէսզի պետութիւնը աշխատի, անհրաժէշտ ա հանրութեան մէջ որոշակի մինիմալ չափի վստահութիւն՝ ինստիտուտների հանդէպ, այլ քաղաքացիների հանդէպ։
այդ անվստահութիւնը մեզ մօտ տեսանելի ա փողոցում՝ վարորդներն իրար չեն վստահում, հետեւաբար շատ քչերին կը տեսնես զիջելիս, եւ շատերին կը տեսնես խցկուելիս, իբր դա իրենց վերջին շանսն ա կեանքում։ ճանապարհային շարժումն աւելի լաւ կաշխատէր, եթէ բոլորն իրար վստահէին, բայց այդ վստահութիւնը՝ միջին ջերմաստիճանը հիւանդանոցում՝ ցածր ա։
այդ չաթի միջինացուած կոնսպիրոլոգի կերպարը՝ ոչ ապահով, աղքատ ընտանիքից մարդիկ են։ բոլորի կենցաղից պատմութիւններ գիտեմ, չկայ էնտեղ հարուարդում սովորած մարդ։ եւ երբ տեք․ ընկերութիւնում աշխատող մարդ ա՝ նա ճեղքելով ա դուրս եկել իր ծանր իրականութիւնից, իր աղքատութիւնից, ու պահանջարկի շնորհիւ գործ ունի։ բոլորն էլ հեշտ կեանք չեն ունեցել։
ըստ որում պէտք ա ասել, որ ամն֊ում շատ աւելի բարդ ա լինել աղքատ, իմ հասկանալով, քան մեզ մօտ, նոյն ելքային տուեալներով։ նախ մեզ մօտ մասնագիտութիւնների մեծ մասը պահանջուած չեն, եւ դրսի կապիտալի հոսք չեն առաջացնում։ մենք սովոր ենք աղքատութեանը, այն մեզ համար ջրի պէս ա, որը չենք նկատում։ այն որ երեխան իր սենեակը չունի՝ դա նորմա ա։ ամն֊ում նորմա չի նոյն դասակարգի ընտանիքների համար, տարօրինակութիւն ա։ այսինքն՝ էս մարդիկ իսկապէս վատ ճակատագիր ունեցող ընտանիքներից մարդիկ են, ընտանիքներից, որ սերունդներով դժուարանում են ծանր սոցիալ֊տնտեսական վիճակից դուրս գալ։
( աղքատութեանը սովոր լինելու մասին մի փոքր դրուագ էլ՝ վերջերս իմ աշխատատեղերից մէկում իրանից տղայ էր եկել որ մեզ հետ աշխատի, իր համար ընկերութիւնը վարձել էր երեւանի «էլիտար», բայց իմ կարծիքով գեհենային բարձրայայրկում բնակարան։ ես յիշում եմ, երբ այդ թաղամասը նոր էին կառուցում, ինչպէս էին մարդիկ երազում այնտեղ բնակարան ձեռք բերել։ տղան եկաւ մօր հետ, որ պէտք ա իր հետ մնար մի շաբաթ, եւ գնար հետ։ իրենք անմիջապէս չեղարկեցին բնակարանի պայմանագիրը եւ չմնացին այնտեղ լոկ մի գիշեր՝ տեղափոխուեցին հիւրանոց, ասացին՝ ապրելու տեղ չէր։
սա մեր «միջին շերտի»՝ աղքատութեանը սովոր լինելու մասին ա, վատ նախագծերին սովոր լինելու մասին ա։ երանելին մեզ համար այն ա, ինչ նման դասակարգի համար նոյնիսկ իրանում՝ սարսափելի ա։
աղքատութիւնն իմ մէջ էլ եմ նկատում, եւ հնդկաստանի արմատներով կառավարիչների մօտ՝ ես չէի հասկանում, ինչի են ընկերութիւնները վճարում ազատ ծրագրակազմի սափորթի համար, բայց հիմա հասկանում եմ, ու սատարում, բայց հնդկաստանից մենեջերները չեն հասկանում, եւ ծախսերի «օպտիմիզացիա» են անում։ )
եւ այստեղ ինձ համար պարզ ա դառնում կապը ցածր վստահութեան (ամէնի հանդէպ), որը կարծում եմ աւելի քիչ կրթութեան բացակայութեան հետեւանք ա, եւ աւելի շատ ծանր մանկութեան հետեւանք ա, մանկութեան, երբ անվտանգութեան զգացողութիւն չի ձեւաւորուել, եւ վստահութեան մթնոլորտ չէր եղել։
ու պէտք ա նշել, ես գիտակցում եմ որ բաւական ապահով մանկութիւն եմ ունեցել։ իմ ամենամեծ սթրեսներս ծնողներիս յարաբերութիւնների մասին էին, եւ տնային կենդանու հիւանդութիւն կամ մահը կարող ա լինէր։
ըկներս (որ էլի ցածր վստահութիւն ունի ամէնի հանդէպ, բայց զգօն լինել ա դա անուանում) էնպիսի մանկական պատմութիւններ ունի, որոնցից պարզ ա որ հաստատ անվտանգութեան զգացողութիւն չի եղել ոչ ընտանիքում, ոչ դրանից դուրս։ իր մանկական պատմութիւններից կուզէի մի քանիսը մէջբերել, բայց երեւի իրաւունք չունեմ։
ըստ որում ես արտօնեալ եմ այն առումով, որ ես, չանցնելով նման պատմութիւններով, այսօր իրան մի փոքր նախանձում եմ։ որովհետեւ ես այդ կայունութեան պակասի կարիքն ունեմ։ ես պէտք ա խոստովանել, ես նոյնիսկ կովիդը մի թեթեւ ոգեւորութեամբ եմ դիմաւորել, չգիտակցուած, ու եթէ լինի այլմոլորակայինների յարձակում, դա էլ ինձ համար ինչ֊որ շարժ, ինչ֊որ կեանք կը լինի, որն ինձ փոքր ժամանակ պակասում էր։ ես փոքր ժամանակ վտանգի պակաս եմ զգացել։
այստեղ էլ, զուգահեռ տանելով քաղաքաշինական թեմայի հետ՝ դրսում մանկական խաղահրապարակները հետսովէտի մարդկանց համար վտանգաւոր են թւում՝ այնտեղ համարւում ա որ երեխաները խաղահրապարակում պէտք ա ոչ շատ ապահով պայմաններում լինեն, եւ սովորեն փոքր, կառավարելի վտանգի։
մէկ էլ հետաքրքիր ա, լոռեցիների այսպէս կոչուած «միամտութիւնը» գուցէ վստահութեան մասի՞ն ա, եթէ այդպէս ա՝ ապա լոռեցիները մեր պետականութեանը ամենանպաստող քաղաքացիներն են։
#պետութիւն #քաղաքականութիւն #հակավաքսէր #դաւադրութիւն #դաւադրութեան_տեսութիւն #աղքատութիւն #դրդապատճառ #մարդու_կեանքի_գին #մանկութիւն #ապահովութիւն #անվտանգութիւն #վստահութիւն #կրթութիւն
https://www.youtube.com/watch?v=fGC5jPIXD3I
ապրի թաթուլը որ մարիային կանչել ա, բայց իրան չէր լսում։
ու իսկապէս այնպէս չի որ նիկոլը պատրաստակամութիւն չէր յայտնում հարցը լուծելու։ եւ իսկապէս, այնպէս չէ որ «արցախը հայաստան է եւ վերջ»֊ը լուծելուն խանգարում էր։ նա չէր ասում՝ աղդամը հայաստան է եւ վերջ, չէ՞։ բայց եւ ակնյայտ էր որ նա չի կարող համաձայնել այն թղթի հետ որ դէմ տուել են։ ու շնորհակալութիւն սերժին այդ արտահոսքի համար։
ու կրկին ու կրկին ես ուզում եմ շեշտել մի բան։ ժողովրդավար ղեկավարը պէտք ա անի այն, ինչ իրանից սպասում ա, ակնկալում ա, ինչի համար իրան վստահել ա ժողովուրդը։
ու ժողովուրդը չէր վստահել իշխանութիւն նիկոլին այն զիջումների գնալու համար, որոնց չգնալու համար այսօր մտաւորականութեան զգալի մասն իրան մեղադրում ա։
կրկին՝ ես չեմ ասում որ իր բոլոր, կամ այս կամ այն ընտրութեան հետ համաձայն եմ։ ես երբեմն համաձայն չեմ, հիմնականում՝ չգիտեմ որն էր լաւ լուծումը։ շատ բարդ հարցեր են։
բայց ինձ համար ակնյայտ ա, որ շատ մարդիկ նոյնիսկ այսօր այդքան էլ համաձայն չէին պատերազմը կանգնեցնելու հետ։ ու իմ տպաւորութեամբ փոքրամասնութիւնն ա որ մեղադրում ա նիկոլին այն շուտ չկանգնեցնելու մէջ։ արդե՞օք դա հնարաւոր էր հարցը թողնենք մի կողմ՝ դա բարդ հարց ա։
իսկ «ոչմիթիզականը» ժողովրդի մեծամասնութիւնը չէր, երեւի։ զգալի մասը հասկանում էր որ լաւ ա հարցը փակել, ու զգալի մասը հասկանում էր որ զիջումներ պէտք են։ բայց էն պայմաններին որ առաջարկուել են, այսպէս փափուկ ձեւակերպեմ՝ ոչ մէկ համաձայն չէր լինի։ ու բնական ա որ այդ ժողովրդի ընտրած մարդն էլ համաձայն չէր լինի։
իհարկէ ես շատ կուզէի այս հարցը 20-25 տարի առաջ փակած լինէին։ բայց դա կրկին հնարաւոր չէր, զի փաստացի ժողովրդավարական վիճակ էր՝ կային տարբեր ուժեր տարբեր օրակարգերով։ եւ այդ լուծումը, որի շանսերը կային, որն այնպէս չէ որ պարտադիր կը ստացուէր, որը գուցէ արդէն ուշացած էր, բայց այդ լուծումը չստացուեց այն պատճառով, որ դրան դիմադրող ուժեր կային։ իսկ այդ ուժերն ունէին իրենց աջակիցներին ժողովրդի մէջ։ այնպէս չէ որ լրիւ ժողովրդից կտրուած մարդիկ էին։
ընդհանուր առմամբ նոյնիսկ աւտոկրատիաներում չի լինում էն, ինչին ժողովուրդը շատ շատ դէմ ա։
կրկին՝ ես չեմ ասում որ շատ որոշումներ ճիշտ էին։ գուցէ կարելի էր աւելի քիչ վախենալ պն֊ն բզբզելուց ու փաթչ անելուց։ գուցէ։ ես չգիտեմ։ գուցէ մարտական գործողութիւնների ընթացքում քաղաքական իշխանութիւնը ամենաօպտիմալ որոշումներ չի կայացրել՝ ոչ միայն գնդապետները։ ես չգիտեմ։
մենք չունենք բաւական տեղեկատւութիւն։
դա այլ հարց ա։
բայց ժողովուրդը առանց պատերազմ նման զիջումներին պատրաստ չէին։
ինձ համար դա էական նշանակութիւն ունի։ ես չեմ ասում որ ես էի պատրաստ։ ես քսան տարի առաջուայ պայմաններին էի պատրաստ, բայց դա քսան տարի առաջ էր, այսօր չէր։
ես կարող եմ ընդունել ու հասկանալ կառավարութեան ամենատարբեր քննադատութիւնը։ իսկապէս, անթերի չեն։ բայց քննադատութիւն ուր ասւում ա՝ ժողովրդի կամքի դէմ պէտք ա ինչ֊որ բան անել՝ ես չեմ հասկանում։
իսկ իրավիճակը բարդ էր։ հիմա էլ ա բարդ, բայց այն ժամանակուայ մասին եմ խօսում։ բարդ էր։ ո՞ր մէկդ էր լաւ լուծում, կամ ճիշտ անվիճելի որոշումներ պատկերացնում։ լտպ֊ն իր պատկերացումներն ունէր՝ ես չեմ կարող իր հետ չհամաձայնել՝ նա հետեւողական ա ու միշտ բաց ա եղել մարդկանց հետ։ արդե՞օք դա շատ մարդ էր լսում, արդե՞օք շատերն են մտահոգուել։ եւ իր ասած «վերնախաւը» որ «ժողովրդին դաւաճանել ա» ո՞րտեղից էր՝ ժողովրդից էր։ իսկ գեներալները ժողովրդի՞ց չէին։ արդե՞օք հատուկ ամենավատներն էին ընտրուած՝ մասամբ երեւի այո՝ զի քաղաքական համակարգն էր ընտրում ոչ ամենաարժանի մարդկանց, բայց միեւնոյն ա, քաղաքական համակարգն էլ էր հանդուրժւում ժողովրդի կողմից։ ինչո՞ւ լինուայում հնարաւոր չի կեղծել ընտրութիւններ, իսկ հայաստանում պարբերաբար հնարաւոր էր։ արդե՞օք լիտուայի սահմանադրութիւնն ա շատ աւելի լաւը, կամ օրէնքները։ մարդիկ են այլ, ու այն ինչ մէկի համար «ձեւ ա», միւսի համար անընդունելի ա։ դա ա տարբերութիւնը իմ հասկանալով։ լիտուայում միայն ընտրութիւնները չէ որ մեզ նման չեն։ նոյնիսկ սովէտի ժամանակ ամէնը տարբեր էր՝ փողոցները, հագուստը, սրճարանները, խանութները։
դուք հաւատո՞ւմ էք որ որեւէ իմաստուն ուժ կարող ա «բերել ժողովրդավարութիւն»։ օրինակ, որ կարելի ա պարտադրել ժողովրդավարութիւն իրաքում, կամ սիրիայում։ ես չգիտեմ։ բայց հակուած եմ նրան որ հանրութիւնը պէտք ա այնքան զարգանայ, որ դրան հասնի։
մենք չունէինք ժամանակ՝ չգիտեմ՝ երեւի բաւական ժամանակ չունէինք։ ունէ՞ինք այլընտրանք՝ ունէինք։ լսեցի՞նք՝ չէ։
վերջերս մի պատմութիւն եմ լսել՝ մի աշակերտ կրիմինալ օղակների մէջ էր, դպրոցում չէր երեւում, ու տնօրէնն իրան գործարք առաջարկեց՝ աշխատանք իր ծանօթի «ցեխում» ու աշխատավարձ, եւ պէտք չի դասի գալ, ու դպրոցն էլ կաւարտի, միայն թէ կտրուի այդ գողական շրջաններից։ այդ մարդը ընտրութիւն ունէր՝ ու ընտրեց աշխատանքը։
այնպէս չէ որ լրիւ չունէինք ընտրութիւն։ չնայած դա էլ չեմ կարող պնդել՝ զի իր որոշումն էլ իր բեքգրաունդից էր՝ մէկը կը համաձայնուէր, միւսը՝ չէ։ պատմութիւնդ քեզ հետապնդում ա։ դու իր զոհն ես։ այդ օղակից դուրս պրծնելը բարդ ա։
բայց կարծում եմ որ նախանձելի վիճակում չէինք, ու ներուժ չունեցանք մեր խնդիրները լուծելու։ դա էր մեր հաւաքական ներուժը։
#ժողովրդավարութիւն #պատմութիւն #պետութիւն #ներուժ
մէկի հետ խօսում էինք, պետութիւն հասկացութեանը անցանք, պատմեցի ոնց էր նիկոլը հետյեղափոխական ելոյթի ժամանակ նշել, թէ ժողովուրդ ջան, բայց պիտի չէք տպէք, ու մարդիկ շփոթուեցին, բեքգրաունդ աղմուկը դադարեց, նա էլ պատմեց որ զարմացել էր, երբ նոր էր ռդ֊ից եկել հայաստան, իր տեղացի ընկերն իրան օգնում էր տարբեր գնումներ անել, ու միշտ ջղայնանում, նոյնիսկ ամօթ էր տալիս, երբ նա չէք էր պահանջում։ նա էլ զարմանում էր, ասում էր՝ չեմ հասկանում, ինչի՞ էր ինձ shaming անում չէք ուզելու համար, ոնց որ նորմալ ցիւիլ մարդ էր, ուզում էր դասաւորել ամն գնալ։
#զրոյց #պետութիւն #պետականութիւն #պատմութիւն
էսօր ազգայնականութեան վերելքի ժամանակ ա, եւ հէնց էս քանի օրը, եւ ընդհանրապէս, իսկ ես ուզում եմ գրել օլեգ կաշինի ասածների մասին։
վերջին «չեօ պրոիսխոդիտ»֊ում վարլամովը խնդրել ա կաշինին մեկնաբանել արցախի պատերազմը։ կաշինը չի մեկնաբանել պատերազմը, այլ ինչպէս մարդիկ անում են, պատմեց իր մասին, իր կարծիքների մասին՝ իր համար աւելի կարեւոր թեմայից։
ասաց՝ այ ութսունականներին ռուս դեմոկրատներն ու մտաւորականները հայկական կողմին էին կարեկցում, էսթեբլիշմենթը՝ ադրբեջանական։ իսկ հիմա՝ ռուսաստանցի հարուստ հայը (ռուբէն վարդանեանը) դեբատ ունի հեռուստատեսութեամբ ռուսաստանցի հարուստ ադրբեջանցու հետ։ ու իրենք ամէն մէկը պահում են իրենց կողմը։ ապա՝ եզրակացնում ա կաշինը՝ թող մեզ չասեն, որ չասենք՝ «ռուսաստանը ռուսների համար»։
ու գիտեմ որ հէնց ձեզ չպէտք ա ասեմ, գուցէ դա պէտք ա ռուսերէն գրել ինչ֊որ այլ տեղում, բայց ես այստեղ եմ գրում մտքերս, ու ապա գրեմ՝
ես չեմ հասկանում ինչ ա ասում կաշինը։ ինձ թւում ա իր ասածը լրիւ կեղծ օրակարգ։ բայց ես նաեւ հաւատում եմ որ նա անկեղծ ա։
ես չեմ հասկանում, քանի որ ո՞նց ա հնարաւոր պետութեան մէջ ունենալ ըստ էթնոսի, կամ հաւատքի, կամ ըստ որեւէ հատկանիշի լիազօրուած քաղաքացիներ։ մենք չեն կարող չէ՞ ասել՝ ռուսաստանը, թէ հայաստանը աջլիկների համար ա, ձախլիկների համար չի։
յետոյ՝ այդ ռուս լինելը ո՞նց ա չափելու։ նոյն հարցն ի դէպ տուէլ էի արմէնին, որ մի պահ ստեղ գրանցուեց֊ջնջուեց ու ինչ֊որ մարդիկ վառելու կարիք էր զգում։ ասաց՝ ձեզ ձեռք չենք տալու, դուք հայ էք։ ասի՝ բայց ո՞նց ենք հայ, ո՞նց ես դա սահմանում։ հիմա կաշինը ո՞նց ա իմանում մարդը ռուս ա թէ չէ։ բաւակա՞ն ա որ նա ասի որ ռուս ա իրան համարում։ մի ռուս տղայի վլոգ կայ՝ չելեաբինսկում ա ապրում, ու լրիւ համոզուած էր որ գենետիկօրէն մաքուր ռուս ա։ թեստ արեց, պարզուեց բալտիական ու յունական արիւն ունի հիմնականում։ զարմացել էր շատ։ սկսեց կարեկցել լիտուացիներին։ հիմա ըստ կաշինի նա ռո՞ւս ա թէ չէ։
ես հասկանում եմ որ ակնյայտ բաներ եմ գրում, բայց ինչ֊որ բան ինձ շատ նեղում ա նման խօսքերում։ ու ուզում եմ ասել կաշինին՝ գիտե՞ս, էն ձեր չռուս մարդիկ, ոնց որ թէ իրենց կամքով չեն ռուսաստանում, դուք շատերին գրաւել նուաճել էք։ ու դէ նախ անջատէք ձեզնից բոլոր աւտոնոմիաները, յետոյ մոսկուայի նահանգում նստած խօսէք ռուսների համար ռուսաստանի մասրին։
#ազգայնականութիւն #ազգայնամոլութիւն #վարլամով #կաշին #ռուսաստան #ազգ #էթնոս #ռուսաստանը_ռուսների_համար #պետութիւն #քաղաքականութիւն #ազատութիւն
սոցիալական պայմանագրի ամենաէական յատկութիւններից ա՝ աութսորս անելը բռնութիւնը մի, եւ միայն մի մարմնին՝ ստեղծուած լեւիաթանին՝ պետութեանը։
դա պատահական որոշում չի։ հանրութիւնները համաձայնել են, որ ինչքան էլ կոռումպացուած չլինի այդ պետութիւնը, ինչքան էլ այն չչարաշահի սոցիալական պայմանագրով իրեն հասած բռնութեան մենաշնորհը՝ չհալածի այլախոհներին, օրինակ՝ միեւնոյնն ա՝ հանրութեանը ձեռք ա տալիս ունենալ մէկ բռնութեան աղբիւր՝ ոչ թէ շատ եւ անհասկանալի աղբիւրներ։
շատ անհասկանալի աղբիւրների պարագայում անհրաժեշտ ա բաւական մեծ ռեսուրս վերլուծելու բոլոր դէպքերը, եւ պարզելու որ դէպքում էր որ բռնութիւնը արդարացուած։ նման պատճառով մենք որոշել ենք որ ոչ մէկ չի կարող դատել եւ պատժել մարդկանց, բացի պետական դատարանից։
արդե՞օք մենք չգիտենք որ պետական դատարանը յաճախ արդար չի։ արդե՞օք մենք չգիտենք, որ այն յաճախ բաւարարում ա իշխանութեան շահերը։ ապա ինչո՞ւ ենք մենք տալիս իրան այդ իրաւունքը։ որովհետեւ այլընտրանքն աւելի վատն ա։
չի կարելի թերագնահատել հայաստանում տեղի ունեցած յեղափոխութիւնը՝ այն արուած էր առանց բռնութեան՝ յեղափոխականների կողմից։
հետաքրքիր ա որ ընթացքում սերժի իշխանութիւնը ստիպուած եղաւ ինքը հրաժարուել բռնութեան մենաշնորհից՝ աութսորս անելով բռնութիւնը յանցաւոր էլեմենտների մօտ՝ որ դիմակներով եկել էին ցուցարարներին ծեծելու։ յիշո՞ւմ էք։ դրանք ոստիկաններ չէին։
ու իշխանութեան ու պետութեան թուլացման ամենաէական նշաններից ա՝ բռնութեան մենաշնորհ զիջելը։
երբ էդ դիմակներով մարդիկ դուրս եկան փողոց՝ ես մտածեցի հէնց այդ մասին՝ բռնութեան մենաշնորհի՝ եւ էն մասին, ինչի մասին տարբեր աղբիւրներից գիտեմ՝ եթէ իշխանութիւնը դելեգացիա ա անում պետական բռնութեան մենաշնորհը անկապ յանցաւոր էլեմենտների՝ էդ պետութիւնը ահաւոր թուլացած ա ու իրան երկար կեանք չի սպասում որպէս կանոն։ ինչքան էլ անհաւատալու էր թուում՝ սերժի իշխանութիւնը տապալուեց դրանից յետոյ մի քանի օրուայ մէջ։
նիկոլը շատ լաւ գիտակցում էր, որ բռնի յեղափոխութիւնը սխալ ուղի ա։ այ ծռերը չէին գիտակցել։ ու նիկոլը յաջող յեղափոխութեանը հասաւ՝ իսկ ծռերը՝ չէ։
երբ նա մի քանի տարի առաջ դուրս էր եկել բանտից՝ բոլորն ակնկալում էին իրենից բռնի յեղափոխական քայլեր։ փոխարէնը հակ֊ը էն ժամանակ, եւ նիկոլը հակ֊ի հետ կոչ արին մարդկանց գնալ ընտրութիւնների եւ անել այդ յեղափոխութիւնը քուէարկելով։
արդե՞օք դա միամիտ էր։ արդե՞օք իրենք չէին հասկանում ինչքան աւելի պորուլար կը լինեն, եթէ թոյլ տան աւելի գրաւիչ ռիտորիկա։ իրենք հասկանում են, որ եթէ կայ մի ուժ, որ գրաւում ա բաղրամեան 26֊ը, ապա արդե՞օք չկայ հայաստանում, կամ դրսի ուժերից եւս մի ուժ, որ կը կարողանայ նոյնը կազմակերպել։ ապա ո՞րն ա իրաւակարգ իշխանութիւնը։
ես տարրական բաներ եմ գրում, որովհետեւ ինձ տխուր ա որ մարդիկ արդարացնում են ըմբոստների բռնութիւնը ամն֊ում։ ես հասկանում եմ, որ ըմբոստներից շատերը խաղաղ են՝ ապրեն իրենք։ ես հասկանում եմ որ կողոպտիչների զգալի մասը ըստ երեւոյթին պրոտեստ արտայայտողների հետ կապ չունեն։ բայց ոստիկանական մեքենաներ եւ բաժիններ այրողները՝ ունեն՝ դա իրենց պրոտեստի արտայայտումն ա։ ու դրան ես դէմ եմ։
ակնյայտ ա որ 2008֊ին մեզ մօտ կողոպտողների մեծ մասը, եթէ ոչ բոլորը՝ պետական սադրիչներ էին՝ ինչը, ես կարծում եմ՝ ամն֊ում հնարաւոր չի՝ նոյն պատճառով՝ ամն֊ում գիտակցում են պետական բռնութեան մենաշնորհի կարեւորութիւնը։ մեր դէպքերի մասին բաւական տեղեկութիւններ կարելի ա ստանալ պասկեւիչեանի ֆիլմից, ուր պարզւում ա որ կողոպտուած մի խանութը հրաժարուել ա ոստիկանութեանը տրամադրել տեսախցիկների ձայնագրութիւնները, իսկ մի կողոպտիչ ում բռնել են՝ եղել ա հհկ֊ի վստահուած անձ նախկին ընտրութիւններում։ սա նոյնպէս պետութեան բռնութեան մենաշնորհից հրաժարուելն էր։
հիմա շարունակեմ՝ էս ինչ կատարուում ա ամն֊ում՝ կրկին, նկատի չունեմ խաղաղ ցոյցերը, այլ նկատի ունեմ անկարգութիւնները, դա արդիւնք ա բլմ֊ի եւ նման կազակերպութիւնների գործունէութեան։ եթէ խորանաք կը տեսնէք, որ բլմ֊ն ռասիստական կազմակերպութիւն ա։ շատ նման կու֊կլուկս֊կլանին՝ բայց հակառակ ուղղութեամբ։
ու ամն֊ում իհարկէ ռասիզմ կայ՝ բայց այն համակարգային ռասիզմ չի։ ինչպէս հայաստանում էսօր կոռուպցիա կայ՝ բայց այն համակարգային չի։ ամն֊ում կար սեւ նախագահ։ ամն֊ում կան բազմաթիւ յաջողաւ եւ հարուստ աֆրո֊ամերիկացիներ։ սա քննարկելի հարց չի։
եթէ մի ոստիկան հայաստանում վերցրել ա կաշառք արագութիւնը գերազանցող վարորդից՝ դա չի նշանակում, որ նա կիսուում ա իր վերադասների հետ, որ կիսուում են իրենց վերադասների հետ, եւ դա մի ամբողջ բնակչութիւնը կողոպտելու արդիւնաբերութիւն ա։ այսօր դա եզակի դէպք ա որի հետ պետութիւնը, եւ ոստիկանութիւնը ընդհանուր առմամբ կապ չունի։ նոյն ձեւ՝ եթէ մի ոստիկան ամն֊ում սպանել ա որեւէ մէկին, ու չպէտք ա դա անէր՝ ապա դա համակարգային խնդիր չի ու համակարգային ռասիզմ չի։ իհարկէ՝ սպանուածների զգալիս մասը սեւեր են՝ բայց եւ յանցագործների զգալի մասն են սեւերը։ դա լրիւ այլ խնդիր ա, ու սեւերին իրենց համակարգային աղքատութիւնից հանելու ոչ պետական՝ ոչ լիազօրութիւններ տուող, միջոցներ են պէտք։ զի պետութիւնը չպէտք ա լիազօր որեւէ շերտ, դրանով դիսկրիմինացնելով մնացած շերտերը։
կրկին՝ ես չեմ պնդում որ ամն֊ում չկան խնդիրներ, բայց ես պնդում եմ, որ էդ խնդիրների լուծումները ոչ զանգուածային անկարգութիւններն են, եւ ոչ էլ աֆրո֊ամերիկացիներին լիազօրուած պայմաններ տրամադրելը։
#պետութիւն #բռնութիւն #ամն #հայաստան #ոստիկանութիւն #քաղաքականութիւն
իսկ սաակաշուիլին, տեսա՞ք, ասաց՝ ես ասում եմ ընկերներիս, որ վտանգի տակ են, էսա ճնշելու են, նստեցնելու են, որ գնան վրաստանից, իսկ իրենք ասում են՝ ո՞ւր գնանք, ո՞նց թողնենք, նահանջելու տեղ չկայ, մեր վրաստանն ա։
ու ասաց՝ մարդը պէտք ա իր տեղում կայանայ։
ու էն որ ազգայնականութիւնից գրել էի, իրականում շատ պարզ բնութագրւում ա՝ միասին ենք ապրում։ շատ պարզ։ ասենք, միասին են ապրում շէնքում, բայց սովոր չեն, աղբը մէկը միւսի դռան մօտ ա թողնում, կամ՝ պոդյեզդում ինչ ուզում ա լինի, ամէն մէկն իր տան մասին ա մտածում, ու ասենք իմ նախկին շէնքում մի քանի տարի առաջ երեք հարիւր դրամ էին հաւաքում շաբաթը, տէնց որոշեցին մի քանի հոգի, որ հաւաքեն, որ շաբաթը մէկ հաւաքարար վարձեն, գայ աստիճաններն ու աստիճանավանդակները մաքրի։ ու յետոյ շաբաթուայ վերջում վերադարձրին ինձ էդ փողը, ասին՝ չկարողացանք մարդկանց համոզել։ ու տէնց մեր պոդյեզդը կեղտի մէջ կորած էր, հաշուիչների պահարանների վրայից եսիմում ներարկիչներն էին գցած տարիներ, փոշու մէջ, ու էդ մարդիկ նախընտրում էին էդպէս միասին ապրել։
ու որ ազգայնականութեան մասին եմ խօսում՝ էդ նոյնն ա, բայց արդէն պետութեան մակարդակով։ էթնոսը դրա հետ միայն նրանով կապ ունի, որ նախ ընդհանուր հաղորդակարգ ա պէտք շփուելու համար։ էդ հաղորդակարգը բնականաբար լեզուն ա, ցածր շերտում, ասենք osi մոդելով ethernet֊ի պէս երեւի, յետոյ էլի տարբեր շերտեր կան, ու մասնաւորապէս՝ ցանկութիւնը որ բոլորիս լաւ լինի, արժանավայել ապրենք։
իսկ երբ մարդիկ տարբեր են՝ ասենք ռուսները հայերէ՞ն են սովորելու, որպէս կանոն մունաթ են գալիս, թէ էս ինչ ա, ինչի՞ պէտք ա հայերէն սովորենք, ուզում են իրենց լաւ զգալ ստեղ, ինչպէս ռուսաստանի գաւառում, բայց մենք ռուսաստանի գաւառ չենք։ բոլորը չէ, ես հպարտանում եմ իմ ռուս ընկերոջով, ու հպարտանում էի, երբ նա հայաստանն էր ներկայացնում մի միջազգային կառոյցում, բայց նա վիճակագրութիւնից դուրս ա։
ու ցանկութեան մասին էլ՝ ասենք ասում են՝ երեւանի տղայ ա, ինչի՞ պիտի գնայ մատաղիս, էդ դեռ հայերն են ասում։ ու դէ գիւղերից, պատմել են, հիմնականում տղայ երեխաներին հանում են ռուսաստան հայրերի մօտ, որ չծառայէն։ իսկ այլ էթնոսի մարդիկ շատ հաւանական ա, որ ասեն՝ գի՞ժ եմ որ գնամ բանակ «սրանց» համար, էս հայերի համար։ իսկ բանակից ա սկսւում։
ու յետոյ շարունակւում ա՝ ինչի՞ յարկ տամ, որ ասենք էս հայերը, կամ էս քրդերը, կամ էս չգիտեմ ով վայելեն։ մեզ էդ (դեռ) շատ վտանգաւոր չի, ու ինձ թւում ա, չափից շատ ենք մոնոէթնիկ, ու մեզ բնաւ չէր խանգարի մի քիչ այլ էթնոսների մարդիկ լինեն, որ սովորենք, որ մարդիկ մարդ են, ու տարբեր են։ բայց ասենք իրաքին խանգարում ա՝ զի ասում են դէ էս շիա ա, էս ով ա, ու ինչի՞ պիտի յարկ տամ, որ էս շիան լաւ ապրի, կամ իրենց աւանում պոլիկլինիկա կառուցենք։
էդ պատճառով կամ պէտք ա մարդիկ բաւական գիտակից լինեն, որ դէ միասին ենք ապրում, որը չի լինի, զի մարդիկ դեբիլ կենդանիներ են, կամ գոնէ ինչ֊որ ընդհանրութիւն պէտք ա զգան, որ կարողանան պետութիւն պահել։
ըստ որում նէնց չի որ ես կողմ եմ, որ պետութեան գործառոյթները պէտք ա շատ լինեն։ հնարաւորինս քիչ, հիմնականում՝ յարկեր, բանակ, ինֆրաստրուկտուրա, տրանսպորտ, ու տարբեր բնապահպանական նորմերի պարտադրում։
#ազգայնականութիւն #պետութիւն
Կրկնում եմ՝ մեր իրականութեան մէջ երկար տարիներ գերիշխած յատվածականութիւնը պէտք է փոխարինուի համահայկականութեամբ։ Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պէտք է հրաժարուենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գիւմրեցիների, սփիւռքահայերի։ Սա ամենևին չի նշանակում, թէ մենք պէտք է հրաժարուենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Դա ընդամէնը նշանակում է, որ մեզնից իւրաքանչիւրի համար մեր ծագումը պէտք է լինի մեզ համայն հայութեան մաս դարձնող և ոչ թէ նրանից անջատող, նրանից առանձնացնող գործօն։
նիկոլը այս պարզ արտայայտութեամբ ահաւոր կարեւոր բան ա անում՝ նա ջոկում ա որ պետութեան եւ ժողովրդավարութեան շահերից ա ազգայնականութիւնը, որ միակ շանսն, որ մենք ունենք, մենք՝ որ սովոր չենք պետութեան, այլ սովոր ենք սրա֊նրա գաղութ լինելուն, կամ թիֆլիս֊պօլիս ապրելուն, կայսրութիւնները շինացնելուն, կամ հակառակը՝ գցելուն, ով՝ ոնց, սովոր ենք հպարտանալ ուրիշների համար մեր արածներով, ներդրումներով, մենք մեր պետութիւնը դեռ լրիւ չենք գիտակցել, ու, ես կասէի՝ լրիւ չենք համակերպուել, որ կայ ազգային, պետական շահ, որը բոլորիս շահն ա, ու ամէն մէկիս մանր շահերից կարեւոր ա, ու իւրաքանչիւրիս աւելի լաւ ա լինելու եթէ մենք ունենանք գործող, կենսակայուն պետութիւն ուժեղ տնտեսութեամբ, ապա եւ՝ ազատ շուկայով, եւ ոչ թէ՝ բաժանուած գոտիներով, իսկակա՛ն, եւ ոչ կեղծուող ընտրութիւններով, երբ մարդիկ բարեկամին կամ բակի գողականին չեն սատարելու ընտրութիւնների ժամանակ, այլ նրան, ում հաւատում են, որ պետական շահերով ա մտահոգուած, եւ յա՛րկ են տալու, զի յարկերով ա, որ ճանապարհ են սարքում, բանակ են պահում, ու առողջապահութիւն զարգացնում։
ու այլ շանս պարզապէս չունենք, առանց ազգայնականութեան ու պետականամետ լինելու՝ լինելու ենք թոյլ դեբիլ տեղ, իսկ մենք էդ մեզ թոյլ տալ չենք կարող, երկրներ կան, որ կարող են իրենց թոյլ տալ, մենք՝ չէ, մեզ առողջութիւնն ու հարեւանները չեն ների։
#ազգայնականութիւն #պետութիւն #ժողովրդավարութիւն #տնտեսութիւն #մէջբերում #նիկոլ #հաւաք
#մարտի_մէկ
@{ քամի ; o_o@spyurk.am} 01.03.2019, 19:37:50
այդ իրադարձութիւններից 11 տարի անց ահա, չափազանց կարեւոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին։ եւ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թուականին իշխող վերնախաւի գործողութիւններն ամենեւին ուղղուած չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դէմ, այդ բռնութիւնների ու ապօրինութիւնների հիմնական եւ թերեւս միակ թիրախը հայաստանի հանրապետութեան քաղաքացին էր. նրա իրաւունքը, նրա արժանապատուութիւնն ու ազատութիւնը։
մարտի 1-ի զոհերը գոռ քլոյեանը, արմէն ֆարմանեանը, տիգրան խաչատրեանը, յովհաննէս յովհաննիսեանը, դաւիթ պետրոսեանը, զաքար յովհաննիսեանը, գրիգոր գեւորգեանը, սամուէլ յարութիւնեանը, համլետ թադեւոսեանը, տիգրան աբգարյանը չեն միայն, այլեւ հայաստանի հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի, իր իրաւունքի համար պայքարող իւրաքանչիւր ցուցարար, որովհետեւ մարդասպանը՝ ասենք, օրինակ, դաւիթ պետրոսեանի վրայ կրակելիս չի իմացել, որ նա յատկապէս դաւիթ պետրոսեանն է՝ ծնուած 1974 թուականի ապրիլի 16-ին երեւան քաղաքում։
մարդասպանը չի իմացել, որ կրակում է դաւիթ պետրոսեանի վրայ, բայց հաստատ իմացել է, որ կրակում է հայաստանի հանրապետութեան քաղաքացու վրայ։ հետեւաբար, Մարտի 1-ի զոհերից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոցը մեզնից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոց է։
փաշինեան
#փաշինեան #մէջբերում #մարտի1 #ազատութիւն #անկախութիւն #իրաւունք #արժանապատուութիւն #մարդ #հայաստան #պետութիւն #քաղաքացի
@{քամի; o_o@spyurk.am}ն մէջբերեց՝
այդ իրադարձութիւններից 11 տարի անց ահա, չափազանց կարեւոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին։ եւ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թուականին իշխող վերնախաւի գործողութիւններն ամենեւին ուղղուած չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դէմ, այդ բռնութիւնների ու ապօրինութիւնների հիմնական եւ թերեւս միակ թիրախը հայաստանի հանրապետութեան քաղաքացին էր. նրա իրաւունքը, նրա արժանապատուութիւնն ու ազատութիւնը։
մարտի 1-ի զոհերը գոռ քլոյեանը, արմէն ֆարմանեանը, տիգրան խաչատրեանը, յովհաննէս յովհաննիսեանը, դաւիթ պետրոսեանը, զաքար յովհաննիսեանը, գրիգոր գեւորգեանը, սամուէլ յարութիւնեանը, համլետ թադեւոսեանը, տիգրան աբգարյանը չեն միայն, այլեւ հայաստանի հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի, իր իրաւունքի համար պայքարող իւրաքանչիւր ցուցարար, որովհետեւ մարդասպանը՝ ասենք, օրինակ, դաւիթ պետրոսեանի վրայ կրակելիս չի իմացել, որ նա յատկապէս դաւիթ պետրոսեանն է՝ ծնուած 1974 թուականի ապրիլի 16-ին երեւան քաղաքում։
մարդասպանը չի իմացել, որ կրակում է դաւիթ պետրոսեանի վրայ, բայց հաստատ իմացել է, որ կրակում է հայաստանի հանրապետութեան քաղաքացու վրայ։ հետեւաբար, Մարտի 1-ի զոհերից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոցը մեզնից իւրաքանչիւրի վրայ արձակուած կրակոց է։
փաշինեան
#փաշինեան #մէջբերում #մարտի_մէկ #ազատութիւն #անկախութիւն #իրաւունք #արժանապատուութիւն #մարդ #հայաստան #պետութիւն #քաղաքացի
դրամաշնորհները կարող են ապահովել ինֆրաստրուկտուրա, որը կօգտագործի ժողովուրդը իր՝ պետութեան, համակարգի հետ յարաբերութիւններում, բայց էդ չի լուծում մարդկանց չհամաձայնելու, այդ պետերսոնի ասած (disagreeable) լինելու հարցը։ ասենք, աչքովս չի ընկել սոցիալական գովազդ հդմ չտալու մասին։ որ երբ քեզ ասում են, որ թուղթ չունեն, կամ չեն տալիս առհասարակ, ապրանքը հետ տաս, ասես դէ միւս անգամ, երբ թուղթ ունենաք՝ կը վերցնեմ։ ու այո, իմ նկատելով հդմ չտալը շա՛տ տարածուած ա։ շատ։
ու մարդը պէտք ա հասկանայ որ հդմ չստանալով ինքը աջակցում ա նրան որ էն երկու «հաստավիզը» էլ աւելի փող ստանան, իսկ քեզ էդ պէ՞տք ա։
ու ի վերջոյ՝ դու տալիս ես չէ՞ յարկ, ինչի՞ այդ խանութի տէրը չտայ։ ես ասենք էդ խանութի տիրոջից գուցէ շատ եմ տալիս։
նա ասում ա՝ «դէ դու չես կարող չտալ»։ ես չե՞մ կարող։ գնա՞մ էն ընկերութիւնում աշխատեմ, ուր վաթսուն հազար դրամ պայմանագիր են դէմ տալիս, ու չտամ յարկերը։ ու էդ միակ ընկերութիւնը չի իհարկէ։
ու կրկին, երեւի թէ մեզ մօտ գերագնահատուած ա նեղ անձնականը, ու թերագնահատուած՝ հասարակականը։ բայց էդ էլ ա ընտանիք, մի քիչ մեծ ընտանիք ա։ երեւի այնքան են ապրել էս կամ էն կայսրութեան մէջ, ու էդ համակարգը, ինչպէս իրենք կասէին՝ «ֆռցնելը» լաւ զգացողութիւն էր տալի, որ չեն կարող հաշտուել այն մտքի հետ, որ հիմա իրենց պետութիւնն ունեն։ չգիտեմ։
#յարկ #պետութիւն
ճիշտ այնպէս, ինչպէս պետական փողոցային արուեստը՝ փողոցային արուեստ չէ, պետական հաքերը՝ հաքեր չէ։
#արուեստ #արդարութիւն #պետութիւն #հաքերներ #վերահսկողութիւն
Ալեքսեյ Ցւետկովը («պոպ մարկսիզմ» գրքի հեղինակը) լիբերալ աղջիկների եւ պատրիոտ տղերքի մասին։
#սոցիալիզմ #կապիտալիզմ #աղջիկներ #տղաներ #ձախեր #աջեր #բիւրոկրատիա #պետութիւն #լիբերալիզմ #բուրժոազիա
https://www.youtube.com/watch?v=MmDgucIklvw
#Շուշի #Հայաստան #Հայք #Ժիրայր֊Սեֆիլեան #պետութիւն #անվտանգութիւնն #քաղաքականութիւն #պատմութիւն #անկախութիւն