ուզում եմ մի քանի միտք կոնսպիրոլոգների մասին գրել։ ես էլի ասել եմ, որ կոնսպիրոլոգների չաթում էի, ուզում էի մի քիչ աւելի լաւ իրենց հասկանալ, ու կարծես թէ մի քանի բան հասկացել եմ։
այդ չաթում, օրինակ, հայաստանը համարում էին ազատ երկիր, զի կովիդ սահմանափակումները քիչ են։ իսկ ես փորձում էի բացատրել, որ դա ազատութեան մասին չի, այլ հանրութեան մէջ մարդու կեանքի ցածր գնի։ փորձում էի բացատրել, որ մենք դեռ պէտք ա աճենք, որ իրենց հարցադրումները մեզ համար ռելեւանտ լինեն։
նաեւ փորձում էի բացատրել, որ գոնէ մեր կառավարութիւնը ահաւոր չուզելով ա սահմանափակումներ կիրառում։ որ մեր (ու երեւի գրեթէ բոլոր) կառավարութիւնը հակառակը, խիստ հետաքրքրուած ա որ մարդիկ գնան կաֆէներ եւ ռեստորաններ, եւ չլռուեն տանը, զի դա հնա֊ն ա բարձրացնում։ ու որ երկրների մեծ մասն էնքան հարուստ չեն որ թոյլ տան իրենց հնա֊ի թէկուզ չնչին անկում։
ու եթէ նման քայլ ա արւում, այն արւում ա ոչ այն դրդապատճառով որ մարդկանց տանը կողպեն։
ի դէպ, ինձ ուժեղ մոտիւացնում էին չպատուաստուել։ երբ տեսան որ չի լինում համոզել, ասին՝ կը մեռնես։ երբ տեսան դա էլ չի ազդում, ասին՝ երեխաներ չես ունենայ։ ո՞վ էր դա ասողը՝ միայնակ աղջիկ, ում անվստահութիւնը ամէնի հանդէպ էնքան մեծ ա որ ենթադրում եմ, այդ պատճառով էլ իր կեանքում ցանկացած յարաբերութիւններ հաստատել չի կարողանում՝ անվստահութեան չափի սանդղակից սլաքը դուրս ա եկել։ փորձում ա սովորել ծրագրաւորում, բայց չունի բաւական բեքգրաունդ, այդ պատճառով չի ձգում նոյնիսկ հասկանալ մարդիկ ինչ են իրան խորհուրդ տալիս, կամ ինչ ա գրուած ֆորումներում։
քանի որ չի հասկանում ինչ ա խօսում, իրան արգելափակել են տարբեր չաթերում, օրինակ անվտանգութեանը վերաբերող չաթում։ այնտեղ նա ֆլուդ էր անում, պնդելով (եւ չկարողանալով հիմնաւորել) որ կրիպտօգրաֆիան անիմաստ ա, զի կառավարութիւններն այն յսկում են, ու նա չգիտի, չունի բեքգրաունդ հասկանալու մաթէմը այդ կրիպտօյի ետեւում, իսկ վստահութիւնը ամէնի հանդէպ ցածր ա, չափազանց ցածր ա։ հետեւաբար՝ մաթէմի հանդէպ։
ի վերջոյ նա այլընտրանքային, անվտանգութեանը վերաբերող չաթ ա բացել, ուր նա ա մոդերատոր, ու իրան չեն արգելափակի, եւ կարող ա խօսել ինչ ուզում ա։ ես չեմ կարծում որ իրան արգելափակելը ճիշտ էր, պէտք էր համբերատար կրկին ու կրկին փորձել բացատրել, հանրամատչելի տեսանիւթեր տալ, ուր ներկեր խառնելով կրիպտօյի հիմունքներն են բացատրում։
եւ այստեղ շատ կարեւոր կէտ ա՝ ցածր վստահութիւնը, որը ձեռք ձեռքի ա ոչ բաւական կիրթ լինելու հետ։ դրան էլի կանցնեմ քիչ անց։
անչափ հետաքրքիր ա, որ այդ կոնսպիրոլոգների չաթն էլ չաշխատեց, այլեւս գոյութիւն չունի։ որովհետեւ մասնակիցները իրար հանդէպ էլ չունէին վստահութիւն։ պլիւս դրան եղաւ մի ցնցում (ֆրինոդի տէրերի փոփոխութիւն, գաղթ դէպի լիբերա) որը չաթի մասնակիցներից ամէն մէկը իր կոնսպիրացիայով մեկնաբանեց, եւ վստահութիւնն իրար հանդէպ էլ աւելի նուազեց։
ենթադրում եմ, որ եթէ իրենք ժամանակ ունենային, բոլորը կը գային մէկ կամ երկու կոնսպիրացիայի, ինչպէս վիրուսի մի շտամմն ա յաղթում ու մնացածին տեղ չի տալիս, այդպէս էլ եւ կոնսպիրացիաներից մէկը կամ երկուսը կը մնային։ բայց էդ ժամանակը չկար, եւ չաթի համայնքը շատ շուտ քանդուեց։ ինչն այն մասին ա, որ կայացած չէր, պինդ հիմքեր չունէին։
եւ այդ պատճառով էլ քաղաքագէտները պնդում են՝ որպէսզի պետութիւնը աշխատի, անհրաժէշտ ա հանրութեան մէջ որոշակի մինիմալ չափի վստահութիւն՝ ինստիտուտների հանդէպ, այլ քաղաքացիների հանդէպ։
այդ անվստահութիւնը մեզ մօտ տեսանելի ա փողոցում՝ վարորդներն իրար չեն վստահում, հետեւաբար շատ քչերին կը տեսնես զիջելիս, եւ շատերին կը տեսնես խցկուելիս, իբր դա իրենց վերջին շանսն ա կեանքում։ ճանապարհային շարժումն աւելի լաւ կաշխատէր, եթէ բոլորն իրար վստահէին, բայց այդ վստահութիւնը՝ միջին ջերմաստիճանը հիւանդանոցում՝ ցածր ա։
այդ չաթի միջինացուած կոնսպիրոլոգի կերպարը՝ ոչ ապահով, աղքատ ընտանիքից մարդիկ են։ բոլորի կենցաղից պատմութիւններ գիտեմ, չկայ էնտեղ հարուարդում սովորած մարդ։ եւ երբ տեք․ ընկերութիւնում աշխատող մարդ ա՝ նա ճեղքելով ա դուրս եկել իր ծանր իրականութիւնից, իր աղքատութիւնից, ու պահանջարկի շնորհիւ գործ ունի։ բոլորն էլ հեշտ կեանք չեն ունեցել։
ըստ որում պէտք ա ասել, որ ամն֊ում շատ աւելի բարդ ա լինել աղքատ, իմ հասկանալով, քան մեզ մօտ, նոյն ելքային տուեալներով։ նախ մեզ մօտ մասնագիտութիւնների մեծ մասը պահանջուած չեն, եւ դրսի կապիտալի հոսք չեն առաջացնում։ մենք սովոր ենք աղքատութեանը, այն մեզ համար ջրի պէս ա, որը չենք նկատում։ այն որ երեխան իր սենեակը չունի՝ դա նորմա ա։ ամն֊ում նորմա չի նոյն դասակարգի ընտանիքների համար, տարօրինակութիւն ա։ այսինքն՝ էս մարդիկ իսկապէս վատ ճակատագիր ունեցող ընտանիքներից մարդիկ են, ընտանիքներից, որ սերունդներով դժուարանում են ծանր սոցիալ֊տնտեսական վիճակից դուրս գալ։
( աղքատութեանը սովոր լինելու մասին մի փոքր դրուագ էլ՝ վերջերս իմ աշխատատեղերից մէկում իրանից տղայ էր եկել որ մեզ հետ աշխատի, իր համար ընկերութիւնը վարձել էր երեւանի «էլիտար», բայց իմ կարծիքով գեհենային բարձրայայրկում բնակարան։ ես յիշում եմ, երբ այդ թաղամասը նոր էին կառուցում, ինչպէս էին մարդիկ երազում այնտեղ բնակարան ձեռք բերել։ տղան եկաւ մօր հետ, որ պէտք ա իր հետ մնար մի շաբաթ, եւ գնար հետ։ իրենք անմիջապէս չեղարկեցին բնակարանի պայմանագիրը եւ չմնացին այնտեղ լոկ մի գիշեր՝ տեղափոխուեցին հիւրանոց, ասացին՝ ապրելու տեղ չէր։
սա մեր «միջին շերտի»՝ աղքատութեանը սովոր լինելու մասին ա, վատ նախագծերին սովոր լինելու մասին ա։ երանելին մեզ համար այն ա, ինչ նման դասակարգի համար նոյնիսկ իրանում՝ սարսափելի ա։
աղքատութիւնն իմ մէջ էլ եմ նկատում, եւ հնդկաստանի արմատներով կառավարիչների մօտ՝ ես չէի հասկանում, ինչի են ընկերութիւնները վճարում ազատ ծրագրակազմի սափորթի համար, բայց հիմա հասկանում եմ, ու սատարում, բայց հնդկաստանից մենեջերները չեն հասկանում, եւ ծախսերի «օպտիմիզացիա» են անում։ )
եւ այստեղ ինձ համար պարզ ա դառնում կապը ցածր վստահութեան (ամէնի հանդէպ), որը կարծում եմ աւելի քիչ կրթութեան բացակայութեան հետեւանք ա, եւ աւելի շատ ծանր մանկութեան հետեւանք ա, մանկութեան, երբ անվտանգութեան զգացողութիւն չի ձեւաւորուել, եւ վստահութեան մթնոլորտ չէր եղել։
ու պէտք ա նշել, ես գիտակցում եմ որ բաւական ապահով մանկութիւն եմ ունեցել։ իմ ամենամեծ սթրեսներս ծնողներիս յարաբերութիւնների մասին էին, եւ տնային կենդանու հիւանդութիւն կամ մահը կարող ա լինէր։
ըկներս (որ էլի ցածր վստահութիւն ունի ամէնի հանդէպ, բայց զգօն լինել ա դա անուանում) էնպիսի մանկական պատմութիւններ ունի, որոնցից պարզ ա որ հաստատ անվտանգութեան զգացողութիւն չի եղել ոչ ընտանիքում, ոչ դրանից դուրս։ իր մանկական պատմութիւններից կուզէի մի քանիսը մէջբերել, բայց երեւի իրաւունք չունեմ։
ըստ որում ես արտօնեալ եմ այն առումով, որ ես, չանցնելով նման պատմութիւններով, այսօր իրան մի փոքր նախանձում եմ։ որովհետեւ ես այդ կայունութեան պակասի կարիքն ունեմ։ ես պէտք ա խոստովանել, ես նոյնիսկ կովիդը մի թեթեւ ոգեւորութեամբ եմ դիմաւորել, չգիտակցուած, ու եթէ լինի այլմոլորակայինների յարձակում, դա էլ ինձ համար ինչ֊որ շարժ, ինչ֊որ կեանք կը լինի, որն ինձ փոքր ժամանակ պակասում էր։ ես փոքր ժամանակ վտանգի պակաս եմ զգացել։
այստեղ էլ, զուգահեռ տանելով քաղաքաշինական թեմայի հետ՝ դրսում մանկական խաղահրապարակները հետսովէտի մարդկանց համար վտանգաւոր են թւում՝ այնտեղ համարւում ա որ երեխաները խաղահրապարակում պէտք ա ոչ շատ ապահով պայմաններում լինեն, եւ սովորեն փոքր, կառավարելի վտանգի։
մէկ էլ հետաքրքիր ա, լոռեցիների այսպէս կոչուած «միամտութիւնը» գուցէ վստահութեան մասի՞ն ա, եթէ այդպէս ա՝ ապա լոռեցիները մեր պետականութեանը ամենանպաստող քաղաքացիներն են։
#պետութիւն #քաղաքականութիւն #հակավաքսէր #դաւադրութիւն #դաւադրութեան_տեսութիւն #աղքատութիւն #դրդապատճառ #մարդու_կեանքի_գին #մանկութիւն #ապահովութիւն #անվտանգութիւն #վստահութիւն #կրթութիւն
երեւի չէք տեսել էս ֆիլմը, իսկ ես տեսել եմ՝ ութսանականներին, կինօթատրոնում՝
https://www.youtube.com/watch?v=tyixMpuGEL8
էն քիչ ֆիլմերից էր, որ դրսից խսհմ բերում էին, այդ պատճառով էլ տպաւորուել ա աւելի, քան տպաւորուել ա ամն֊ում ապրող մարդու համար։ իրենց համար էդքան կարեւոր ֆիլմ չէր։
նաեւ, հնարաւոր դարձաւ էս ֆիլմը դիտելը որպէս արդիւնք՝ ամն֊ի հետ խաղաղութեան եւ համագործակցութեան գորբաչեօվեան ալիքի։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #մանկութիւն #կինօ #պատմութիւն #քաղաքականութիւն
ուրեմն մեր կողմերում մի հատ վատ խաչմերուկ կայ։ ինչի՞ մի հատ։ ու ինչի՞ մեր կողմերում՝ ամէն տեղ լիքը վատ խաչմերուկներ են։ աշխարհն ա լի վատ խաչմերուկներով։ այս մոլորակն ա նոյնիսկ կարելի բնութագրել՝ վատ խաչմերուկների մոլորակ։
ինչեւէ, անցնում եմ էդ վատ խաչմերուկով, տէնց բոլորը ամէն կողմից քշում են, հազիւ ես անցնում։ մէկ էլ տեսնեմ՝ մի տաս տարեկան (գուցէ փոքր, գուցէ ե՞օթ) աղջիկ ա կանգնած, ու «մայթից» հեռու։ զի մայթ չկայ, կայ խանութ, ու դրա մօտ կայանած մեքենաներ, ու ինքը էդ մեքենաների դիմացից տէնց լուրջ դէմքով կանգնած ա։
ու տեսնեմ, մէկ էլ նշան ա անում, ասում ա՝ վազի, ու ձեռքը ձգում ա, իսկ էն միւս կողմից մի այլ, աւելի փոքր աղջիկ վազելով գալիս ա, ձեռքը բռնում, ու տէնց հեռանում են։
ու ես հասկացայ որ սպասում էր հարմար պահ լինի, ինչ֊որ կարճ դադար մեքենաների հոսքի մէջ, որ նշան տայ միւսին։
ու ես ապշեցի, ինչքան վաղ մի մարդ կարող ա այլ մարդու կեանքի համար պատասխանատւութիւն կրել։
#խաչմերուկ #քաղաք #ետնախորշեր #երեւան #պատասխանատւութիւն #պատասխանատուութիւն #փողոց #մանկութիւն
պատահաբար լսեցի պայթած խողովակի մասին խօսք, ու յիշեցի «Մայրաքաղաք» ծրագիրը։ Այն գնում էր Հ2֊ով իննսունականների սկզբին։ Այո, պետականի երկրորդ ալիք կար, այն Ռոբերտի ժամանակ աննկատ դարձաւ «Պրոմեթեւս» եւ ցնդեց։ Ինչեւէ։ Յիշեցի, քանի որ այդ ծրագրով գրեթէ ամէն օր ինչ֊որ մի պայթած խողովակի մասին ռեպորտաժ էին անում։ ։Ճ
Այդ ծրագրի հետ իմ ամենավառ ասոցիացիան՝ շապիկն էր։
Սովորաբար, դեռ սովետի ժամանակներից, հայկական հեռուստատեսութեան ծրագրերի շապիկները, այն որ հիմա կոմպոզիտինգով հեռուստադիզայն են արւում, այդ շապիկները պարզապէս նկարչի պատրաստած պաստառներ էին։ Խցիկը նկարում էր այդ պաստառը մի երեսուն վայրկեան, կամ մէկ րոպէ, երաժշտութիւն էր հնչում, եւ հաղորդումը սկսւում էր։
Իսկ «Մայրաքաղաք»֊ը նորաձեւ էր, քայլում էր ժամանակի հետ համընթաց։ ։Ճ
Իրենց շապիկը էլի նկար էր։ Օպերայի շէնքն էր, եւ հետեւից մեծ կարմիր արեւ։ Բայց համակարգչով նկարուած։
Այն էլ շապիկը իրականում նկարելու պրոցեսն էր ցոյց տալիս։ Յայտնւում է այս գիծը, յետոյ այն, յետոյ այս շրջանը, եւ յետոյ կարմիր գոյնով դանդաղ դանդաղ, տող տողի ետեւից լցւում է գոյնով։
Իհարկէ, սա անիմացիա չէր։ Անիմացիան այն է, երբ արդեն լցուած պատկերը կարողանում ես տեղափոխել։ Իսկ իրենք նոյնիսկ չէին կարողանում արագ լցնել այն։ Զարմանալի չէ, հիմա կը բացատրեմ։
Ես անմիջապէս ճանաչել էի, որ սա արուած է ԲԿ֊0010 համակարգչով։ Եւ գոյներից, եւ այդ լցնելու ալգորիթմից։
Վիլնիւս Բեյսիկը ուներ կարծես PAINT հրաման, ու այն շատ դանդաղ էր աշխատում։ Օղակը գոյնով լցնելը կարող էր տեւել րոպէներ։ Օղակի կենտրոնական առանցքից ձախ էր գնում, մինչեւ պիքսել գտնի, գիծ էր քաշում, յետոյ աջ էր գնում, գիծ քաշում, իսկ յետոյ նոյնը անում յաջորդ տողում։
Իսկ ես արդեն յայտնաբերել էի նկարելու, լցնելու արագ ձեւեր։ Նախ, պէտք էր աշխատել ոչ թէ բեյսիկի հրամաններով, ու/կամ իր սուբռուտինաները օգտագործելով, այլ ուղիղ վիդեո յիշողութեան հետ։ Ու իրականացնել սեփական ռուտինաներ։
Մի անգամ պատահաբար յայտնաբերել էի z80֊ի LDIR ինստրուկցիան որը կարողանում էր ակնթարթօրէն տեղափոխել յիշողութեան բլոկեր։ Իհարկէ, դոկումենտացիա չունէի։ Յայտնաբերել էի խաղերի մեքենայական կոդերը զննելով։ (դիզասմ էլ շատ աւելի ուշ ունեցայ ու իմացայ որ մնեմոնիկան LDIR է կոչւում)։ Փորձարկել էի, ինձ մօտ ստացւում էր արագ էկրանով շարժել, ինչպէս հիմա ասում են, սպրայտեր, կամ այնպէս անել, որ էկրանին մի ամբողջ հատուած յայտնուի ակնթարթօրէն։ Նաեւ, իրականացրել էի լցնելու իմ վարկածը։
Որն արագ էր։
Ու ես հասկանում էի, որ ես այդ շապիկը աւելի լաւ կանէի։ Որ մարդիկ փոխարէնը դիտեն, ինչպէս է նկարը նկարւում, ասենք մէկ րոպէ, դիտեն ինչպէս է արեւը շարժւում, օրինակ, այսինքն ինչ֊որ անիմացիա, ոչ թէ նկարուելու պրոցեսը։ Նաեւ ինձ թւում էր, որ աւելի սիրուն բան կարելի էր նկարել։ Շէնքը մեծ էր, արեւը՝ մեծ էր, պատկերը խեղդում էր։ Իսկ ես տեսել էի որ խաղերի շապիկները շատ սիրուն էին արւում, ու ոչ այդպէս։
Բայց ո՞վ ինձ գիտեր։ Ես ընդամէնը դպրոցական էի, ով իր սենեակում փորձեր էր անում, ու անչափ ուրախանում էր ինչ֊որ բան բացայայտելով։ Ես չէի կարողանում նոյնիսկ կիսել այդ ուրախութիւնը այլ մարդկանց հետ։
Հիմա, երբ կայ ինտերնետ, ես կարող եմ գրել այդ մասին։ Յայտնել աշխարհին։ Բարեւ, աշխարհ։ Այդ պատճառով ոմանք ինձ գիտեն՝ նա այսպիսի բաներ է անում։ Բայց միեւնոյն է, ոչ մէկ չի կիսում իմ ուրախութիւնը։
Հիմա շատ լաւ գիտակցում եմ, որ ինձ պէտք չեն մարդիկ, ընկերներ, յարաբերութիւններ, որպէսզի ես լաւ լինեմ, օկ լինեմ, երջանիկ լինեմ։
Ինձ պէտքք են մարդիկ, ում հետ ես կարող եմ կիսել իմ ուրախութիւնը, երջանիկ լինելը։ Օրինակ, թէկուզ փոքր բացայայտումներից, կամ իմ արած գործից։ Մարդուն հասկանալը այդ մասին է, երբ կարողանում ես կիսել իր ուրախութիւնը կամ տխրութիւնը։
եւ այդպէս
դարդոտւում է իր ծանր մանկութեան մասին
#մանկութիւն #դարդ #պատմութիւն