սեպտեմբերի մէկ։ մայրիկը տանում է տղային դպրոց, ձեռքից բռնած։ տղան միւս ձեռքի մէջ պահում է կանչ փուչիկ։ նա տխուր տեսք ունի։ իրենց դիմացից գնում է հայրիկը, իր ձեռքին պայուսակ է։
#պետերբուրգ #ռուսաստան #սովետ #փողոց #քաղաք #դպրոց #սեպտեմբերի_մէկ #ուրախութիւն
ձեր երեկոն շնորհաւո՛ր։ եւ ձեր ժամը 9.36֊ը։ #շնորհաւոր #երեկոյ #ուրախութիւն #տօն
պատահաբար լսեցի պայթած խողովակի մասին խօսք, ու յիշեցի «Մայրաքաղաք» ծրագիրը։ Այն գնում էր Հ2֊ով իննսունականների սկզբին։ Այո, պետականի երկրորդ ալիք կար, այն Ռոբերտի ժամանակ աննկատ դարձաւ «Պրոմեթեւս» եւ ցնդեց։ Ինչեւէ։ Յիշեցի, քանի որ այդ ծրագրով գրեթէ ամէն օր ինչ֊որ մի պայթած խողովակի մասին ռեպորտաժ էին անում։ ։Ճ
Այդ ծրագրի հետ իմ ամենավառ ասոցիացիան՝ շապիկն էր։
Սովորաբար, դեռ սովետի ժամանակներից, հայկական հեռուստատեսութեան ծրագրերի շապիկները, այն որ հիմա կոմպոզիտինգով հեռուստադիզայն են արւում, այդ շապիկները պարզապէս նկարչի պատրաստած պաստառներ էին։ Խցիկը նկարում էր այդ պաստառը մի երեսուն վայրկեան, կամ մէկ րոպէ, երաժշտութիւն էր հնչում, եւ հաղորդումը սկսւում էր։
Իսկ «Մայրաքաղաք»֊ը նորաձեւ էր, քայլում էր ժամանակի հետ համընթաց։ ։Ճ
Իրենց շապիկը էլի նկար էր։ Օպերայի շէնքն էր, եւ հետեւից մեծ կարմիր արեւ։ Բայց համակարգչով նկարուած։
Այն էլ շապիկը իրականում նկարելու պրոցեսն էր ցոյց տալիս։ Յայտնւում է այս գիծը, յետոյ այն, յետոյ այս շրջանը, եւ յետոյ կարմիր գոյնով դանդաղ դանդաղ, տող տողի ետեւից լցւում է գոյնով։
Իհարկէ, սա անիմացիա չէր։ Անիմացիան այն է, երբ արդեն լցուած պատկերը կարողանում ես տեղափոխել։ Իսկ իրենք նոյնիսկ չէին կարողանում արագ լցնել այն։ Զարմանալի չէ, հիմա կը բացատրեմ։
Ես անմիջապէս ճանաչել էի, որ սա արուած է ԲԿ֊0010 համակարգչով։ Եւ գոյներից, եւ այդ լցնելու ալգորիթմից։
Վիլնիւս Բեյսիկը ուներ կարծես PAINT հրաման, ու այն շատ դանդաղ էր աշխատում։ Օղակը գոյնով լցնելը կարող էր տեւել րոպէներ։ Օղակի կենտրոնական առանցքից ձախ էր գնում, մինչեւ պիքսել գտնի, գիծ էր քաշում, յետոյ աջ էր գնում, գիծ քաշում, իսկ յետոյ նոյնը անում յաջորդ տողում։
Իսկ ես արդեն յայտնաբերել էի նկարելու, լցնելու արագ ձեւեր։ Նախ, պէտք էր աշխատել ոչ թէ բեյսիկի հրամաններով, ու/կամ իր սուբռուտինաները օգտագործելով, այլ ուղիղ վիդեո յիշողութեան հետ։ Ու իրականացնել սեփական ռուտինաներ։
Մի անգամ պատահաբար յայտնաբերել էի z80֊ի LDIR ինստրուկցիան որը կարողանում էր ակնթարթօրէն տեղափոխել յիշողութեան բլոկեր։ Իհարկէ, դոկումենտացիա չունէի։ Յայտնաբերել էի խաղերի մեքենայական կոդերը զննելով։ (դիզասմ էլ շատ աւելի ուշ ունեցայ ու իմացայ որ մնեմոնիկան LDIR է կոչւում)։ Փորձարկել էի, ինձ մօտ ստացւում էր արագ էկրանով շարժել, ինչպէս հիմա ասում են, սպրայտեր, կամ այնպէս անել, որ էկրանին մի ամբողջ հատուած յայտնուի ակնթարթօրէն։ Նաեւ, իրականացրել էի լցնելու իմ վարկածը։
Որն արագ էր։
Ու ես հասկանում էի, որ ես այդ շապիկը աւելի լաւ կանէի։ Որ մարդիկ փոխարէնը դիտեն, ինչպէս է նկարը նկարւում, ասենք մէկ րոպէ, դիտեն ինչպէս է արեւը շարժւում, օրինակ, այսինքն ինչ֊որ անիմացիա, ոչ թէ նկարուելու պրոցեսը։ Նաեւ ինձ թւում էր, որ աւելի սիրուն բան կարելի էր նկարել։ Շէնքը մեծ էր, արեւը՝ մեծ էր, պատկերը խեղդում էր։ Իսկ ես տեսել էի որ խաղերի շապիկները շատ սիրուն էին արւում, ու ոչ այդպէս։
Բայց ո՞վ ինձ գիտեր։ Ես ընդամէնը դպրոցական էի, ով իր սենեակում փորձեր էր անում, ու անչափ ուրախանում էր ինչ֊որ բան բացայայտելով։ Ես չէի կարողանում նոյնիսկ կիսել այդ ուրախութիւնը այլ մարդկանց հետ։
Հիմա, երբ կայ ինտերնետ, ես կարող եմ գրել այդ մասին։ Յայտնել աշխարհին։ Բարեւ, աշխարհ։ Այդ պատճառով ոմանք ինձ գիտեն՝ նա այսպիսի բաներ է անում։ Բայց միեւնոյն է, ոչ մէկ չի կիսում իմ ուրախութիւնը։
Հիմա շատ լաւ գիտակցում եմ, որ ինձ պէտք չեն մարդիկ, ընկերներ, յարաբերութիւններ, որպէսզի ես լաւ լինեմ, օկ լինեմ, երջանիկ լինեմ։
Ինձ պէտքք են մարդիկ, ում հետ ես կարող եմ կիսել իմ ուրախութիւնը, երջանիկ լինելը։ Օրինակ, թէկուզ փոքր բացայայտումներից, կամ իմ արած գործից։ Մարդուն հասկանալը այդ մասին է, երբ կարողանում ես կիսել իր ուրախութիւնը կամ տխրութիւնը։
եւ այդպէս
մի խինդ մի ուրախութիւն՝ https://www.youtube.com/watch?v=7t96m2ynKw0
#խինդ #ուրախութիւն #ռմս #գնու #պար