2022-02-13-9191378

ուզում եմ մի քանի միտք կոնսպիրոլոգների մասին գրել։ ես էլի ասել եմ, որ կոնսպիրոլոգների չաթում էի, ուզում էի մի քիչ աւելի լաւ իրենց հասկանալ, ու կարծես թէ մի քանի բան հասկացել եմ։

այդ չաթում, օրինակ, հայաստանը համարում էին ազատ երկիր, զի կովիդ սահմանափակումները քիչ են։ իսկ ես փորձում էի բացատրել, որ դա ազատութեան մասին չի, այլ հանրութեան մէջ մարդու կեանքի ցածր գնի։ փորձում էի բացատրել, որ մենք դեռ պէտք ա աճենք, որ իրենց հարցադրումները մեզ համար ռելեւանտ լինեն։

նաեւ փորձում էի բացատրել, որ գոնէ մեր կառավարութիւնը ահաւոր չուզելով ա սահմանափակումներ կիրառում։ որ մեր (ու երեւի գրեթէ բոլոր) կառավարութիւնը հակառակը, խիստ հետաքրքրուած ա որ մարդիկ գնան կաֆէներ եւ ռեստորաններ, եւ չլռուեն տանը, զի դա հնա֊ն ա բարձրացնում։ ու որ երկրների մեծ մասն էնքան հարուստ չեն որ թոյլ տան իրենց հնա֊ի թէկուզ չնչին անկում։

ու եթէ նման քայլ ա արւում, այն արւում ա ոչ այն դրդապատճառով որ մարդկանց տանը կողպեն։

ի դէպ, ինձ ուժեղ մոտիւացնում էին չպատուաստուել։ երբ տեսան որ չի լինում համոզել, ասին՝ կը մեռնես։ երբ տեսան դա էլ չի ազդում, ասին՝ երեխաներ չես ունենայ։ ո՞վ էր դա ասողը՝ միայնակ աղջիկ, ում անվստահութիւնը ամէնի հանդէպ էնքան մեծ ա որ ենթադրում եմ, այդ պատճառով էլ իր կեանքում ցանկացած յարաբերութիւններ հաստատել չի կարողանում՝ անվստահութեան չափի սանդղակից սլաքը դուրս ա եկել։ փորձում ա սովորել ծրագրաւորում, բայց չունի բաւական բեքգրաունդ, այդ պատճառով չի ձգում նոյնիսկ հասկանալ մարդիկ ինչ են իրան խորհուրդ տալիս, կամ ինչ ա գրուած ֆորումներում։

քանի որ չի հասկանում ինչ ա խօսում, իրան արգելափակել են տարբեր չաթերում, օրինակ անվտանգութեանը վերաբերող չաթում։ այնտեղ նա ֆլուդ էր անում, պնդելով (եւ չկարողանալով հիմնաւորել) որ կրիպտօգրաֆիան անիմաստ ա, զի կառավարութիւններն այն յսկում են, ու նա չգիտի, չունի բեքգրաունդ հասկանալու մաթէմը այդ կրիպտօյի ետեւում, իսկ վստահութիւնը ամէնի հանդէպ ցածր ա, չափազանց ցածր ա։ հետեւաբար՝ մաթէմի հանդէպ։

ի վերջոյ նա այլընտրանքային, անվտանգութեանը վերաբերող չաթ ա բացել, ուր նա ա մոդերատոր, ու իրան չեն արգելափակի, եւ կարող ա խօսել ինչ ուզում ա։ ես չեմ կարծում որ իրան արգելափակելը ճիշտ էր, պէտք էր համբերատար կրկին ու կրկին փորձել բացատրել, հանրամատչելի տեսանիւթեր տալ, ուր ներկեր խառնելով կրիպտօյի հիմունքներն են բացատրում։

եւ այստեղ շատ կարեւոր կէտ ա՝ ցածր վստահութիւնը, որը ձեռք ձեռքի ա ոչ բաւական կիրթ լինելու հետ։ դրան էլի կանցնեմ քիչ անց։

անչափ հետաքրքիր ա, որ այդ կոնսպիրոլոգների չաթն էլ չաշխատեց, այլեւս գոյութիւն չունի։ որովհետեւ մասնակիցները իրար հանդէպ էլ չունէին վստահութիւն։ պլիւս դրան եղաւ մի ցնցում (ֆրինոդի տէրերի փոփոխութիւն, գաղթ դէպի լիբերա) որը չաթի մասնակիցներից ամէն մէկը իր կոնսպիրացիայով մեկնաբանեց, եւ վստահութիւնն իրար հանդէպ էլ աւելի նուազեց։

ենթադրում եմ, որ եթէ իրենք ժամանակ ունենային, բոլորը կը գային մէկ կամ երկու կոնսպիրացիայի, ինչպէս վիրուսի մի շտամմն ա յաղթում ու մնացածին տեղ չի տալիս, այդպէս էլ եւ կոնսպիրացիաներից մէկը կամ երկուսը կը մնային։ բայց էդ ժամանակը չկար, եւ չաթի համայնքը շատ շուտ քանդուեց։ ինչն այն մասին ա, որ կայացած չէր, պինդ հիմքեր չունէին։

եւ այդ պատճառով էլ քաղաքագէտները պնդում են՝ որպէսզի պետութիւնը աշխատի, անհրաժէշտ ա հանրութեան մէջ որոշակի մինիմալ չափի վստահութիւն՝ ինստիտուտների հանդէպ, այլ քաղաքացիների հանդէպ։

այդ անվստահութիւնը մեզ մօտ տեսանելի ա փողոցում՝ վարորդներն իրար չեն վստահում, հետեւաբար շատ քչերին կը տեսնես զիջելիս, եւ շատերին կը տեսնես խցկուելիս, իբր դա իրենց վերջին շանսն ա կեանքում։ ճանապարհային շարժումն աւելի լաւ կաշխատէր, եթէ բոլորն իրար վստահէին, բայց այդ վստահութիւնը՝ միջին ջերմաստիճանը հիւանդանոցում՝ ցածր ա։

այդ չաթի միջինացուած կոնսպիրոլոգի կերպարը՝ ոչ ապահով, աղքատ ընտանիքից մարդիկ են։ բոլորի կենցաղից պատմութիւններ գիտեմ, չկայ էնտեղ հարուարդում սովորած մարդ։ եւ երբ տեք․ ընկերութիւնում աշխատող մարդ ա՝ նա ճեղքելով ա դուրս եկել իր ծանր իրականութիւնից, իր աղքատութիւնից, ու պահանջարկի շնորհիւ գործ ունի։ բոլորն էլ հեշտ կեանք չեն ունեցել։

ըստ որում պէտք ա ասել, որ ամն֊ում շատ աւելի բարդ ա լինել աղքատ, իմ հասկանալով, քան մեզ մօտ, նոյն ելքային տուեալներով։ նախ մեզ մօտ մասնագիտութիւնների մեծ մասը պահանջուած չեն, եւ դրսի կապիտալի հոսք չեն առաջացնում։ մենք սովոր ենք աղքատութեանը, այն մեզ համար ջրի պէս ա, որը չենք նկատում։ այն որ երեխան իր սենեակը չունի՝ դա նորմա ա։ ամն֊ում նորմա չի նոյն դասակարգի ընտանիքների համար, տարօրինակութիւն ա։ այսինքն՝ էս մարդիկ իսկապէս վատ ճակատագիր ունեցող ընտանիքներից մարդիկ են, ընտանիքներից, որ սերունդներով դժուարանում են ծանր սոցիալ֊տնտեսական վիճակից դուրս գալ։

( աղքատութեանը սովոր լինելու մասին մի փոքր դրուագ էլ՝ վերջերս իմ աշխատատեղերից մէկում իրանից տղայ էր եկել որ մեզ հետ աշխատի, իր համար ընկերութիւնը վարձել էր երեւանի «էլիտար», բայց իմ կարծիքով գեհենային բարձրայայրկում բնակարան։ ես յիշում եմ, երբ այդ թաղամասը նոր էին կառուցում, ինչպէս էին մարդիկ երազում այնտեղ բնակարան ձեռք բերել։ տղան եկաւ մօր հետ, որ պէտք ա իր հետ մնար մի շաբաթ, եւ գնար հետ։ իրենք անմիջապէս չեղարկեցին բնակարանի պայմանագիրը եւ չմնացին այնտեղ լոկ մի գիշեր՝ տեղափոխուեցին հիւրանոց, ասացին՝ ապրելու տեղ չէր։

սա մեր «միջին շերտի»՝ աղքատութեանը սովոր լինելու մասին ա, վատ նախագծերին սովոր լինելու մասին ա։ երանելին մեզ համար այն ա, ինչ նման դասակարգի համար նոյնիսկ իրանում՝ սարսափելի ա։

աղքատութիւնն իմ մէջ էլ եմ նկատում, եւ հնդկաստանի արմատներով կառավարիչների մօտ՝ ես չէի հասկանում, ինչի են ընկերութիւնները վճարում ազատ ծրագրակազմի սափորթի համար, բայց հիմա հասկանում եմ, ու սատարում, բայց հնդկաստանից մենեջերները չեն հասկանում, եւ ծախսերի «օպտիմիզացիա» են անում։ )

եւ այստեղ ինձ համար պարզ ա դառնում կապը ցածր վստահութեան (ամէնի հանդէպ), որը կարծում եմ աւելի քիչ կրթութեան բացակայութեան հետեւանք ա, եւ աւելի շատ ծանր մանկութեան հետեւանք ա, մանկութեան, երբ անվտանգութեան զգացողութիւն չի ձեւաւորուել, եւ վստահութեան մթնոլորտ չէր եղել։

ու պէտք ա նշել, ես գիտակցում եմ որ բաւական ապահով մանկութիւն եմ ունեցել։ իմ ամենամեծ սթրեսներս ծնողներիս յարաբերութիւնների մասին էին, եւ տնային կենդանու հիւանդութիւն կամ մահը կարող ա լինէր։

ըկներս (որ էլի ցածր վստահութիւն ունի ամէնի հանդէպ, բայց զգօն լինել ա դա անուանում) էնպիսի մանկական պատմութիւններ ունի, որոնցից պարզ ա որ հաստատ անվտանգութեան զգացողութիւն չի եղել ոչ ընտանիքում, ոչ դրանից դուրս։ իր մանկական պատմութիւններից կուզէի մի քանիսը մէջբերել, բայց երեւի իրաւունք չունեմ։

ըստ որում ես արտօնեալ եմ այն առումով, որ ես, չանցնելով նման պատմութիւններով, այսօր իրան մի փոքր նախանձում եմ։ որովհետեւ ես այդ կայունութեան պակասի կարիքն ունեմ։ ես պէտք ա խոստովանել, ես նոյնիսկ կովիդը մի թեթեւ ոգեւորութեամբ եմ դիմաւորել, չգիտակցուած, ու եթէ լինի այլմոլորակայինների յարձակում, դա էլ ինձ համար ինչ֊որ շարժ, ինչ֊որ կեանք կը լինի, որն ինձ փոքր ժամանակ պակասում էր։ ես փոքր ժամանակ վտանգի պակաս եմ զգացել։

այստեղ էլ, զուգահեռ տանելով քաղաքաշինական թեմայի հետ՝ դրսում մանկական խաղահրապարակները հետսովէտի մարդկանց համար վտանգաւոր են թւում՝ այնտեղ համարւում ա որ երեխաները խաղահրապարակում պէտք ա ոչ շատ ապահով պայմաններում լինեն, եւ սովորեն փոքր, կառավարելի վտանգի։

մէկ էլ հետաքրքիր ա, լոռեցիների այսպէս կոչուած «միամտութիւնը» գուցէ վստահութեան մասի՞ն ա, եթէ այդպէս ա՝ ապա լոռեցիները մեր պետականութեանը ամենանպաստող քաղաքացիներն են։

#պետութիւն #քաղաքականութիւն #հակավաքսէր #դաւադրութիւն #դաւադրութեան_տեսութիւն #աղքատութիւն #դրդապատճառ #մարդու_կեանքի_գին #մանկութիւն #ապահովութիւն #անվտանգութիւն #վստահութիւն #կրթութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պետութիւն  քաղաքականութիւն  հակավաքսէր  դաւադրութիւն  դաւադրութեան_տեսութիւն  աղքատութիւն  դրդապատճառ  մարդու_կեանքի_գին  մանկութիւն  ապահովութիւն  անվտանգութիւն  վստահութիւն  կրթութիւն