էն օրը մեր տուն եկան մի բանուոր ու իր աշխղեկը։
աշխղեկի հետ զրուցեցինք իրենց տարբեր պատուերների մասին։ ինչ են իրենցից ուզել ու ինչ ա ստացուել։
իսկ բանուորը պատմեց որ «էլեկտրականութիւն իննսունականներին կար, հատուկ հողի մէջ էին մտցնում, որ ժողովրդին ճնշեն, նուաստացնեն»։ ու «այ ռուսներին չէր լինի տէնց նուաստացնել, իրենք այլ են»։ տեսանք, ոնց ա «չի լինում» նուաստացնել։ բայց բան չասացի։
նաեւ ասաց որ «հովիվները թուրքերին կովեր են ծախում լաւ գներով»։ ու երբ փորձեցի ճշտել, ասաց՝ «դէ պարզ ա նախապէս պայմանաւորուել էին որ կը ծախի, կովերին քշեց գետի մէջ, ասաց իրանք գնացին։ բա եթէ հատուկ չի գցել գետը ո՞րտեղից իրան փող որ բոլորին փոխհատուցի իրանց կովերի փողը»։
ես չեմ իմանում փոխհատուցել ա թէ չէ ու ինչ փողով, բայց սա եւս մի պատկերազարդում ա նրա ոնց են որոշ մարդիկ հակուած հաւատալ դաւադրութիւններին։ ու ինչ ցածր վստահութիւն կայ բոլորի հանդէպ՝ եւ պետական ինստիտունտերի, եւ հովիվների։ ով «կարում ա անում ա»։ ու ապա դա արդարացնում ա եթէ նա էլ մէկին գցի։
նաեւ դա այսպէս կոչուած «քրիտիկալ թինքինգ»֊ի ոչ զարգացած լինելու մասին ա։ չի մտածում՝ բա ո՞նց ա էդ հովիվը բանակցել գին, պայմանաւորուել։ իրա՞ն են գտել թուրքերը կամ քրդերը արաքսի էն ափից, ո՞նց են գտել՝ վրաստանո՞վ են եկել էդ մի քանի կովի ձեռք բերման համար բանակցելու, թէ՞ ռուս սահմանապահներն են կազմակերպել բանակցութիւնները։ կանխի՞կ են տուել նախապէ՞ս, թէ՞ փոխանցում են արել երբ կովերին ստացել են։
էհ։
#դաւադրութիւն #վստահութիւն
էն անգամ էլ վարում էի, տեսայ դասախօսներիցս մէկին լուսակիրի մօտ։
ու յիշեցի, որ նա ահաւորն էր՝ ոչ մի բան չգիտէր, բայց չեմ յիշում, ամբիոնի վարիչ էր, թէ տեղակալ։
ու մտածեցի՝ ահա, բա էլ ո՞րտեղից ձեւաւորուէր իմ մէջ «ինստիտուտներին վստահութիւն», եթէ տեսնում էի որ պոլիտեքնիկական ինստիտուտում պարզ չի ոնց են մարդիկ ամբիոնի վարիչ դառնում։
ու կրկին մտածեցի՝ ո՞նց էր համակարգը։ ըստ երեւոյթին, ով ծանօ՞թ ունէր որ կը վերցնէր իրան ինչ֊որ ինստիտուտ, իր թեւի տա՞կ, կամ որ գիտէր՝ չի կարող գնալ մերգելեան գործ անելու, զի գործ անել չգիտի, բայց ջոկել ա որ կարող ա փոքր, վերացական թո՞ւղթ գրել, ու դա ինստիտուտները կը գնահատե՞ն։ չեմ իմանում ինչպէս ա եղել, որ պոլիտեքնիկի ոչ երիտասարդ աշխատողների ճնշող մեծամասնութիւնը էդքան ահաւորը թուացել ինձ։
հիմա էլ, տեսնում եմ, կոռումպացուած սրիկաներ կան կրթական ոլորտում։ շատ ինքնագոհ, շատ կոռումպացուած, եւ շատ «իշխանութիւն» սիրող։ ու հիմա գրեցի դա, զգացի նեարդայնանում եմ, ձեռքերս դողալ են ուզում։ դուրս չի գալիս, ջղայնութիւն ա առաջացնում։
ու զգացի, որ ես ամէն անգամ զարմանում եմ՝ ո՞նց ա լինում որ ռուսաստանում կայ օրինակ գելֆանդը, կամ այլ գիտնականներ, որ հանրային դաշտում տեսնում ենք, ու նորմալն են։ եւ զգում ես առաջին հայեացքից, եւ երբ լսում ես, համոզւում ես։ ու զարմանում ես որ հետազօտական ինստիտուտի տնօրէնը կարող ա կոռումպացուած սրիկայ չլինել ու դրա հետ միասին դեբիլ չլինել։
մտածում եմ՝ ո՞նց ա տէնց լինում։ կարո՞ղ ա ռուսաստանն էնքան մեծ ա, որ մի հարիւրից մէկում գոնէ բացթողում ա լինում, ու նորմալ մարդիկ շանս են ստանում։ թէ՞ այնուամենայնիւ կարելի ա ասել, որ համակարգը՝ ինստիտուտները, իրենց մօտ աւելի լաւ են աշխատել միշտ։
օրինակ, դեռ քսան տարի առաջ ապշում էի, ինչի՞ ա որ նոյն ռդ֊ում գնում ես ոստիկանութեան անձնագրային բաժին, հետդ յարգանքով են խօսում (չնայած համոզուած եմ որ կոռուպցիա կայ, ու կանոններն էդպէս են, որ կոռուպցիան ծաղքի) եւ ըստ կանոնների վարւում, իսկ հայաստանում դուրս ես գալիս օդանաւից, այդ չաղ ոստիկանն ա փռուած աթոռին, ու գոռում ա վրադ՝ «պասպորտդ տո՛ւ»։ դա իհարկէ քսան տարի առաջ էր, էսօր այդ ինստիտուտը շատ աւելի լաւ ա աշխատում։
ու այդ ամէն մտքից ու հարցերից որ գլխիս մէջ պտտւում են հասկանում եմ՝ ես անվերջ խօսում եմ որ առանց ինստիտուտներին վստահութեան որոշ չափի չի լինի, ուսումնասիրում եմ կովիդ դիսիդետներին, ու վախենում եմ դառնալ մէկը, որ անիրատեսական դաւադրութիւնների տեսութիւնների կուլտ ունի, վախենում եմ այդ ծայրայեղ ոչ ռացիոնալ մտածելակերպից, խօսում եմ պետութիեան կարեւորութեան մասին (չնայած կողմ եմ փոքր լինի ապարատը), բայց ինքս սարսափած եմ այդ պետութիւնից։
այդ հոգեբանների ասած խորքային համոզմունքներից ունեմ, որ կարեւոր չի՝ մեղաւոր ես թէ անմեղ՝ կարող ա համակարգը սխալուի։ էդ պատճառով էլ ա կարեւոր, որ պատիժները խիստ չլինեն։ համոզմունքներ ունեմ, որ ինստիտուտները լաւ չեն աշխատում, որ ոստիկանները նոյնիսկ մօտիկ «հոլմս» չեն, որ բոլորն իրենց տեղում չեն, որ համակարգի դեբիլ ատամնանիւները ինձ կաղան եւ չեն նկատի։
ու այդ սարսափից ա, որ ջանում եմ քիչ տեղեկատւութիւն իմ մասին լինի, որ չեմ ուզում տեղանքս իմանան։ որ չէի ուզի իմ վրայ սեփականութիւն գրուած լինէր։ որ խուսափում եմ կրեդիտ քարտով վճարել, ու ջանում եմ էն տեղերում վճարել, ուր պարբերաբար չեմ լինում։ բնական ա, հեռախօս ֊ տեղանք ֊ սիմ քարտ պարանոյաներս էլ։
դա պետական համակարգին անվստահութիւնն ա, իսկ ես նաեւ irc
֊ին եմ հիմա իմ իսկ xmpp gateway
֊ի միջոցով կպնում՝ իրենց էլ չեմ ուզում այփիներս տալ։
ես ինքս եմ սարսափած մարդ, որ ինստիտուտների հանդէպ վստահութիւն չունի։ ու շատ բարդ ա ինձ այդ վստահութիւնը ձեռք բերել։ ու մէկ էլ զգացի ինչ սուր եմ ընդունում երբ ինձ չեն վստահում, ու ինչքան եմ ջանում որ չմտածեն վստահելի չեմ։ ու մէկ էլ մտածեցի՝ խեչոյեանի պատմուածքները շատ ծանր են ինձ համար, զի դաւաճանութեան մասին են։ կամ եթէ խիստ բառեր չօգտագործենք՝ պայմանագիրը չպահելու մասին են։ պայմանագիրը պարտադիր չի գրուած լինի։
ռուսները խօսք ունեն՝ «պայմանաւորուածութիւնը փողից թանկ ա» — մանկուց ահաւոր ուժեղ հաւանել եմ այդ արտայայտութիւնը։
այն մասին են, երբ շահը մարդկանց ստիպում ա այլ մարդկանց եւ կենդանիների վրայով անցնել։ ու այստեղ ես գալիս եմ մի կողմից նախորդ գրառմանը՝ վստահութեան կարիքիս, որ էս րոպէյի շահը չի մարդու մօտ, կարիքիս տեսնելու որ մարդիկ մանրուքների պատճառով իրար կոկորդ չեն կտրի, ու այդ մի քանի վայրկեան շուտ անցնելն էլ ա նոյնի մասին։
եւ միւս կողմից, բա ո՞րն ա պայմանագիր կատարելու երաշխիքը։ ինչի՞ են ընկերոջս տանից հանել՝ որ տան նորեկ ռուսներին իր տունը։ զի պայմանագիր չկար։ զի պետութիւնը խառնուած չէր։ զի հնարաւոր չէր դատի տալու։
ուզում էի կարճ գրել այն մասին որ գիտակցել էի որ ինքս եմ պետութիւնից սարսափած, բայց կարեւորում եմ այն, ու էսպէս ստացուեց։
#պետութիւն #ազատականութիւն #աղքատութիւն #հանրութիւն #պայմանագիր #պայմանաւորուածութիւն #վստահութիւն #ինստիտուտ #հիմնարկ #սարսափ #մեքենայ #ատամնանիւ #քաղաքականութիւն #կասկած #դաւադրութեան_տեսութիւն #պոլիտեքնիկ #կրթութիւն #պատմութիւն
ուզում եմ մի քանի միտք կոնսպիրոլոգների մասին գրել։ ես էլի ասել եմ, որ կոնսպիրոլոգների չաթում էի, ուզում էի մի քիչ աւելի լաւ իրենց հասկանալ, ու կարծես թէ մի քանի բան հասկացել եմ։
այդ չաթում, օրինակ, հայաստանը համարում էին ազատ երկիր, զի կովիդ սահմանափակումները քիչ են։ իսկ ես փորձում էի բացատրել, որ դա ազատութեան մասին չի, այլ հանրութեան մէջ մարդու կեանքի ցածր գնի։ փորձում էի բացատրել, որ մենք դեռ պէտք ա աճենք, որ իրենց հարցադրումները մեզ համար ռելեւանտ լինեն։
նաեւ փորձում էի բացատրել, որ գոնէ մեր կառավարութիւնը ահաւոր չուզելով ա սահմանափակումներ կիրառում։ որ մեր (ու երեւի գրեթէ բոլոր) կառավարութիւնը հակառակը, խիստ հետաքրքրուած ա որ մարդիկ գնան կաֆէներ եւ ռեստորաններ, եւ չլռուեն տանը, զի դա հնա֊ն ա բարձրացնում։ ու որ երկրների մեծ մասն էնքան հարուստ չեն որ թոյլ տան իրենց հնա֊ի թէկուզ չնչին անկում։
ու եթէ նման քայլ ա արւում, այն արւում ա ոչ այն դրդապատճառով որ մարդկանց տանը կողպեն։
ի դէպ, ինձ ուժեղ մոտիւացնում էին չպատուաստուել։ երբ տեսան որ չի լինում համոզել, ասին՝ կը մեռնես։ երբ տեսան դա էլ չի ազդում, ասին՝ երեխաներ չես ունենայ։ ո՞վ էր դա ասողը՝ միայնակ աղջիկ, ում անվստահութիւնը ամէնի հանդէպ էնքան մեծ ա որ ենթադրում եմ, այդ պատճառով էլ իր կեանքում ցանկացած յարաբերութիւններ հաստատել չի կարողանում՝ անվստահութեան չափի սանդղակից սլաքը դուրս ա եկել։ փորձում ա սովորել ծրագրաւորում, բայց չունի բաւական բեքգրաունդ, այդ պատճառով չի ձգում նոյնիսկ հասկանալ մարդիկ ինչ են իրան խորհուրդ տալիս, կամ ինչ ա գրուած ֆորումներում։
քանի որ չի հասկանում ինչ ա խօսում, իրան արգելափակել են տարբեր չաթերում, օրինակ անվտանգութեանը վերաբերող չաթում։ այնտեղ նա ֆլուդ էր անում, պնդելով (եւ չկարողանալով հիմնաւորել) որ կրիպտօգրաֆիան անիմաստ ա, զի կառավարութիւններն այն յսկում են, ու նա չգիտի, չունի բեքգրաունդ հասկանալու մաթէմը այդ կրիպտօյի ետեւում, իսկ վստահութիւնը ամէնի հանդէպ ցածր ա, չափազանց ցածր ա։ հետեւաբար՝ մաթէմի հանդէպ։
ի վերջոյ նա այլընտրանքային, անվտանգութեանը վերաբերող չաթ ա բացել, ուր նա ա մոդերատոր, ու իրան չեն արգելափակի, եւ կարող ա խօսել ինչ ուզում ա։ ես չեմ կարծում որ իրան արգելափակելը ճիշտ էր, պէտք էր համբերատար կրկին ու կրկին փորձել բացատրել, հանրամատչելի տեսանիւթեր տալ, ուր ներկեր խառնելով կրիպտօյի հիմունքներն են բացատրում։
եւ այստեղ շատ կարեւոր կէտ ա՝ ցածր վստահութիւնը, որը ձեռք ձեռքի ա ոչ բաւական կիրթ լինելու հետ։ դրան էլի կանցնեմ քիչ անց։
անչափ հետաքրքիր ա, որ այդ կոնսպիրոլոգների չաթն էլ չաշխատեց, այլեւս գոյութիւն չունի։ որովհետեւ մասնակիցները իրար հանդէպ էլ չունէին վստահութիւն։ պլիւս դրան եղաւ մի ցնցում (ֆրինոդի տէրերի փոփոխութիւն, գաղթ դէպի լիբերա) որը չաթի մասնակիցներից ամէն մէկը իր կոնսպիրացիայով մեկնաբանեց, եւ վստահութիւնն իրար հանդէպ էլ աւելի նուազեց։
ենթադրում եմ, որ եթէ իրենք ժամանակ ունենային, բոլորը կը գային մէկ կամ երկու կոնսպիրացիայի, ինչպէս վիրուսի մի շտամմն ա յաղթում ու մնացածին տեղ չի տալիս, այդպէս էլ եւ կոնսպիրացիաներից մէկը կամ երկուսը կը մնային։ բայց էդ ժամանակը չկար, եւ չաթի համայնքը շատ շուտ քանդուեց։ ինչն այն մասին ա, որ կայացած չէր, պինդ հիմքեր չունէին։
եւ այդ պատճառով էլ քաղաքագէտները պնդում են՝ որպէսզի պետութիւնը աշխատի, անհրաժէշտ ա հանրութեան մէջ որոշակի մինիմալ չափի վստահութիւն՝ ինստիտուտների հանդէպ, այլ քաղաքացիների հանդէպ։
այդ անվստահութիւնը մեզ մօտ տեսանելի ա փողոցում՝ վարորդներն իրար չեն վստահում, հետեւաբար շատ քչերին կը տեսնես զիջելիս, եւ շատերին կը տեսնես խցկուելիս, իբր դա իրենց վերջին շանսն ա կեանքում։ ճանապարհային շարժումն աւելի լաւ կաշխատէր, եթէ բոլորն իրար վստահէին, բայց այդ վստահութիւնը՝ միջին ջերմաստիճանը հիւանդանոցում՝ ցածր ա։
այդ չաթի միջինացուած կոնսպիրոլոգի կերպարը՝ ոչ ապահով, աղքատ ընտանիքից մարդիկ են։ բոլորի կենցաղից պատմութիւններ գիտեմ, չկայ էնտեղ հարուարդում սովորած մարդ։ եւ երբ տեք․ ընկերութիւնում աշխատող մարդ ա՝ նա ճեղքելով ա դուրս եկել իր ծանր իրականութիւնից, իր աղքատութիւնից, ու պահանջարկի շնորհիւ գործ ունի։ բոլորն էլ հեշտ կեանք չեն ունեցել։
ըստ որում պէտք ա ասել, որ ամն֊ում շատ աւելի բարդ ա լինել աղքատ, իմ հասկանալով, քան մեզ մօտ, նոյն ելքային տուեալներով։ նախ մեզ մօտ մասնագիտութիւնների մեծ մասը պահանջուած չեն, եւ դրսի կապիտալի հոսք չեն առաջացնում։ մենք սովոր ենք աղքատութեանը, այն մեզ համար ջրի պէս ա, որը չենք նկատում։ այն որ երեխան իր սենեակը չունի՝ դա նորմա ա։ ամն֊ում նորմա չի նոյն դասակարգի ընտանիքների համար, տարօրինակութիւն ա։ այսինքն՝ էս մարդիկ իսկապէս վատ ճակատագիր ունեցող ընտանիքներից մարդիկ են, ընտանիքներից, որ սերունդներով դժուարանում են ծանր սոցիալ֊տնտեսական վիճակից դուրս գալ։
( աղքատութեանը սովոր լինելու մասին մի փոքր դրուագ էլ՝ վերջերս իմ աշխատատեղերից մէկում իրանից տղայ էր եկել որ մեզ հետ աշխատի, իր համար ընկերութիւնը վարձել էր երեւանի «էլիտար», բայց իմ կարծիքով գեհենային բարձրայայրկում բնակարան։ ես յիշում եմ, երբ այդ թաղամասը նոր էին կառուցում, ինչպէս էին մարդիկ երազում այնտեղ բնակարան ձեռք բերել։ տղան եկաւ մօր հետ, որ պէտք ա իր հետ մնար մի շաբաթ, եւ գնար հետ։ իրենք անմիջապէս չեղարկեցին բնակարանի պայմանագիրը եւ չմնացին այնտեղ լոկ մի գիշեր՝ տեղափոխուեցին հիւրանոց, ասացին՝ ապրելու տեղ չէր։
սա մեր «միջին շերտի»՝ աղքատութեանը սովոր լինելու մասին ա, վատ նախագծերին սովոր լինելու մասին ա։ երանելին մեզ համար այն ա, ինչ նման դասակարգի համար նոյնիսկ իրանում՝ սարսափելի ա։
աղքատութիւնն իմ մէջ էլ եմ նկատում, եւ հնդկաստանի արմատներով կառավարիչների մօտ՝ ես չէի հասկանում, ինչի են ընկերութիւնները վճարում ազատ ծրագրակազմի սափորթի համար, բայց հիմա հասկանում եմ, ու սատարում, բայց հնդկաստանից մենեջերները չեն հասկանում, եւ ծախսերի «օպտիմիզացիա» են անում։ )
եւ այստեղ ինձ համար պարզ ա դառնում կապը ցածր վստահութեան (ամէնի հանդէպ), որը կարծում եմ աւելի քիչ կրթութեան բացակայութեան հետեւանք ա, եւ աւելի շատ ծանր մանկութեան հետեւանք ա, մանկութեան, երբ անվտանգութեան զգացողութիւն չի ձեւաւորուել, եւ վստահութեան մթնոլորտ չէր եղել։
ու պէտք ա նշել, ես գիտակցում եմ որ բաւական ապահով մանկութիւն եմ ունեցել։ իմ ամենամեծ սթրեսներս ծնողներիս յարաբերութիւնների մասին էին, եւ տնային կենդանու հիւանդութիւն կամ մահը կարող ա լինէր։
ըկներս (որ էլի ցածր վստահութիւն ունի ամէնի հանդէպ, բայց զգօն լինել ա դա անուանում) էնպիսի մանկական պատմութիւններ ունի, որոնցից պարզ ա որ հաստատ անվտանգութեան զգացողութիւն չի եղել ոչ ընտանիքում, ոչ դրանից դուրս։ իր մանկական պատմութիւններից կուզէի մի քանիսը մէջբերել, բայց երեւի իրաւունք չունեմ։
ըստ որում ես արտօնեալ եմ այն առումով, որ ես, չանցնելով նման պատմութիւններով, այսօր իրան մի փոքր նախանձում եմ։ որովհետեւ ես այդ կայունութեան պակասի կարիքն ունեմ։ ես պէտք ա խոստովանել, ես նոյնիսկ կովիդը մի թեթեւ ոգեւորութեամբ եմ դիմաւորել, չգիտակցուած, ու եթէ լինի այլմոլորակայինների յարձակում, դա էլ ինձ համար ինչ֊որ շարժ, ինչ֊որ կեանք կը լինի, որն ինձ փոքր ժամանակ պակասում էր։ ես փոքր ժամանակ վտանգի պակաս եմ զգացել։
այստեղ էլ, զուգահեռ տանելով քաղաքաշինական թեմայի հետ՝ դրսում մանկական խաղահրապարակները հետսովէտի մարդկանց համար վտանգաւոր են թւում՝ այնտեղ համարւում ա որ երեխաները խաղահրապարակում պէտք ա ոչ շատ ապահով պայմաններում լինեն, եւ սովորեն փոքր, կառավարելի վտանգի։
մէկ էլ հետաքրքիր ա, լոռեցիների այսպէս կոչուած «միամտութիւնը» գուցէ վստահութեան մասի՞ն ա, եթէ այդպէս ա՝ ապա լոռեցիները մեր պետականութեանը ամենանպաստող քաղաքացիներն են։
#պետութիւն #քաղաքականութիւն #հակավաքսէր #դաւադրութիւն #դաւադրութեան_տեսութիւն #աղքատութիւն #դրդապատճառ #մարդու_կեանքի_գին #մանկութիւն #ապահովութիւն #անվտանգութիւն #վստահութիւն #կրթութիւն
գրառումն այդ մասին չի, բայց սկսեմ նրանից, որ նիկոլի ազատուեթան հարցազրոյցն ինձ դուր եկաւ շատ, կարծում եմ նա շարունակում ա աճել։
նա մի երկու ձեւ ունի խօսելու, որ ինձ երբեք չի ոգեշնչել, բայց հասկանում եմ որ որոշ շերտերի վրայ ազդում ա, դրանից քիչ կար, իսկ կար շատ անկեղծութիւն, կար համարձակութիւն, արտայայտելու իր կողմերը, որ թուլութիւն կարող ա մեկնաբանուեն։
վերջերում պատմեց, որ երբ յայտարարուել էր ասուլիսի մասին, մի երիտասարդ կնոջ մեկնաբանութիւն ամենաշատ լայքերը հաւաքեց, նիկոլը նկարագրեց իր պրոֆիլի նկարը եւ ետնանկարը, եւ այնտեղ գրուածը, ու բաւական լայն շրջանակ դրեց դա՝ ինձ մօտ ա այսպիսի մտածողութիւնը։
մեկնաբանութիւններում իհարկէ, ցեխ էին լցնում գլխին։
բայց հաւէս ա որ իրավիճակը փոխուել ա, նախկինում հհ֊ում դա հնարաւոր չէր լինի՝ այդ մեկնաբանութիւններով յանդերձ։ ես գիտեմ որ շատերը շատ են ուզում, ու քիչ են կենտրոնանում նրա վրայ, ինչքան այլ կերպ կարող ա լինէր։ բայց ես էլ էսպիսի մտածելակերպ եմ սովորել։
արդե՞օք նախկին իշխանութիւնների համար էլ եմ էսպէս մտածել՝ այո, դժուար ինձ կը լինէր համարել իրենց սատարող, եւ ես «նախագահ» բառը որոշ մարդկանց նկարագրելու համար չեմ օգտագործել, բայց ես գիտէի որ իշխանութիւնը սահմաններ ունի, ու սահմանները հանրոթւիւնն ա դնում։ եւ որ սահմանները մեզ մօտ այլ են, քան շատ այլ տեղերում։
ինձ վատ զգում էի ամենաշատը անազատութեան մթնոլորտից, օրէնքի ընտրական կիրառումը սուր էի ընկալում, ու այսօր ինձ աւելի լաւ եմ զգում զի աւելի ազատ եւ լիբերալ տեղում եմ ինձ զգում, այո, ուր վարչապետին ուղիղ քննադատելը խնդիր չի։ իհարկէ գիտակցում եմ որ խօսքի ազատութեան հետ խնդիրներ ունենք, էնպէս չի որ չունենք, եւ գիտակցում եմ որ մամուլի ազատութեան ցանկի մէջ առաջինը չենք։
հետաքրքիր են մեկնաբանութիւնները նրանով, որ արտայայտում են բացարձակ անվստահութիւն ամէնի նկատմամբ՝ ոչ միայն իշխանութեան իրականում։ դա հանրային խնդիր ա, ու յայտնի ա որ ցածր վստահութիւն ունեցող հանրութիւնները շատ խնդիրներ ունեն, եւ ցածր կեանքի մակարդակ։
սա ոչ միայն տնտեսութեան եւ քաղաքականութեան մէջ ա արտայայտւում, սա նաեւ արտայայտւում ա փողոցներով՝ երբ վստահութիւն չկայ, որ քեզ կը զիջեն այլ վարորդները, քո վարելու ստրատեգիան փոխւում ա, եւ բոլորն այնպէս են վարում, որ քաղաքն ատում են։ ես ի դէպ, շատ սիրում եմ զիջել, բայց իմացել եմ, որ զիջելը թուլութեան նշան ա։ ամն֊ում մարդիկ վատ են իրենց զգում, որ իրենք չեն զիջել, եւ իրենց չի հասել թարթիչներով շնորհակալութիւնը։
ու էնպէս չի որ ամն֊ում խցանումներ չկան՝ ես տեսել եմ՝ սարսափելի խցանումներ են։
նաեւ ինձ շատ կարեւոր էր աւստրալիական հրդէհների ժամանակ իրենց ընտանիքները տարհանող մեքենաների շարասեան լուսանկարը՝ շարքով գնում էին, մի գծով, ոչ մէկ վազանց չէր անում։ հանրութեան մասին ա խօսում այնպէս, ինչպէս եւ պատուաստուելու թուերը։
ու չեմ կարող չնկատել այդ մեկնաբանող մարդկանց արտայայտածը՝ տոտալ անվստահութիւն։ եւ հասկանում եմ որ այդ մարդիկ ամէն տեղ նոյն մտածողութիւնը պէտք ա ունենան։ ես նման մարդկանց հետ առնչուել եմ՝ կովիդը «մտածել են», ինչ֊որ բանի համար, պատուաստումներն են յետոյ «մտածել»։
էստեղ նաեւ նշեմ որ ես այնպէս չի որ բացարձակ անտեսում եմ այդ մարդկանց, եւ իրենց մտահոգութիւնները։ ես շփւում էի կոնսպիրոլոգների երկու չաթում, ինձ շատ հետաքրքիր էր։ ու ես իրենց «տօնը չէի փչացնում» հիմնականում, ինձ հետաքրքիր էր խօսել իրենց հետ։ ու մի բան ես գնահատում եմ շատ իրենց մէջ՝ դա զգօնութիւնն ա, որ իշխանութիւնները չկարողանան չարաշահել իրենց լիազօրութիւնը՝ այդ զգօնութիւնը կորցնել լաւ չի, կարծում եմ։
ի դէպ, շատ ցուցադրական ա, որ այդ չաթերն այլեւս գոյութիւն չունեն։ որովհետեւ իրար հանդէպ, եւ հարթակի հանդէպ անվստահութիւնն էնքան էր մեծացել, որ մարդիկ պարզապէս իրար դէմ դուրս գալով, իրար մեղադրելով, իրար կասկածելով, հարթակների մասին համաձայնութեամբ չգալով (բայց տարբերութիւն շատ չկար դրանց մէջ, էնպէս չի որ թուիթեր ընդդէմ դաշնեզերք դիսկուրս էր, բնաւ այդպէս չէր, երկու հարթակն էլ հաւասարաչափ անազատ էին) չկարողացան համայնքները պահել։
չվստահութեան մակարդակն այնպիսինն էր, որ համայնքները չկայացան, երկար չդիմացան։
այնպէս էլ հանրութիւններն են, պետութիւններն են։
այնպէս էլ ապակենտրոն հարթակներն ու համայնքներն են՝ եթէ կասկածես որ հնարաւորինս վատ ձեւով ա մեկնաբանուելու ամէն ասածդ, պարզապէս չես խօսի։
բայց նաեւ ինձ զարմացնում ա որ երբ մարդիկ դաւադրութիւններ են փնտրում, եւ վստահութիւն բացարձակ չունեն ինստիտուտների, օրէնքի, երեթեւեկութեան, պատուաստանիւթերի, եւ ամէնի հանդէպ, միեւնոյն ժամանակ՝ վստահում են այնտեղ, ուր ակնյայտօրէն պէտք չի վստահել, ուր բազմիցս երեւացել ա, թէ ինչ ա կատարւում՝ կենտրոնացուած եւ անազատ սոցիալական ցանցերում։ այ այնտեղ մարդիկ կը գտնեն լրիւ այլ ռացիոնալիզացիաներ՝ միայն թէ դոպամինը գայ, միայն թէ յարմարաւէտութիւնից չհրաժարուեն։
իսկ դիւանային կոնսպիրոլոգ լինելը՝ պայմանական ֆէյսբուքում, տելեգրամում, կամ որեւէ նման տեղում, իհարկէ շատ յարմար ա։
#անկապ #քաղաքականութիւն #դաւադրութիւն #վստահութիւն #հանրութիւն #ազատութիւն
այլ մարդկանց համար գրելը՝ վստահութեան եւ ընդունելու մասին է։
ինչ էլ գրես, որեւէ մէկը կարող է հասկանալ այլ կերպ, քան կանխատեսել էիր, անկախ նրանից ինչքան ուշադիր լինես բառերն ընտրելիս։ Երբ գրում ես, հրաւիրում ես մարդկանց տեսնելու մտքերդ, առանց իրենց մտքերը տեսնելու հնարաւորութեան, գոնէ մինչեւ նրանք արձագանքէն։
իհարկէ, կարդալն էլ է վստահութեան մասին։ վստահութեան, որ գրողը անկեղծ է եւ ազնիւ։
վերջ ի վերջոյ բոլոր սոցիալական յարաբերութիւնների հիմքում վստահութիւնն է։
#վստահութիւն
առաջ ես ունէի մեծ հասցէագիրք։ ու հաւաքում էի բոլոր֊բոլոր, նոյնիսկ թեթեւ ծանօթների կոորդինատները՝ հեռախօսի համար, էլ․ փոստի հասցէ, ծննդեան օր, կայքի, կամ զանազան սերուիսների հասցէներ՝ ամէնը։
հիմա ամէնը փոխուել է։ ես ունեմ փոոոոքր հասցէագիրք, ու աշխատում եմ այնտեղ անպէտք կոնտակտներ չգրել։ ասենք եթէ ժամանակաւոր պէտք է ինչ֊որ մէկի մեյլ գրել, գրում եմ նոթերի մէջ։
ու սիրում եմ չստանալ սերուիսներից իմակներ։ սիրում եմ միայն իրական եւ մօտ մարդկանցից իմակներ ստանալ։ չաթիս մէջ էլ չեմ սիրում աւելորդ մարդ։ առաջ ահաւոր մեծ կոնտակտ լիստ ունէի։ քանի որ իրօք ահռելի քանակութեամբ ծանօթներ ունեմ։ հիմա մի քանի հոգի են «ռոսթերիս» մէջ։
ու ապա հասցէագիրքը կամ կոնտակտ լիստն(որ մաեմո/սեյլֆիշ֊ում մէկ են) էլ են դառնում աւելի հաւէս՝ կարելի է գրել՝ աչ, կամ արթին, կամ արմին, առանց ազգանուն, քանի որ չունես ու չես էլ ունենայ երկրորդ աչ, կամ երկրորդ արթին, կամ երկրորդ արմին։ ու պէտք էլ չէ որ ունենաս։ պէ՞տք է նշել, որ անունները յօրինուած են, բոլոր զուգադիպումները՝ պատահական։
երեւի նրանից է, որ ես հասկացել եմ, որ ես մարդը ոչ միայն կարիք չունի, այլ եւ չի կարող «մեյնթեյն» անել շատ մօտ յարաբերութիւներ։ ու եթէ մի երկու հոգի ունի, ով իր շփման կարիքները ծածկում է, ապա պարզապէս հիանալի է։
եթէ իրօք ունի։ երբ երկկողմանի վստահութիւն կայ։ էլ չխորանամ դա որն է։
#հասցէագիրք #շփում #մարդիկ #վստահութիւն