մի չաթում այօսի մասին խօսք ընկաւ, կարծես այօսի ջաբեր կլիենտ էին հարցնում, ո՞րն ա լաւը, ու մէկը նէնց նեարդայնացաւ, քանի տող գրեց ատելութեամբ թէ ինչ ա «պէտք» անել էփլի «ոչխարների» հետ։
ես էկրանահանեցի բայց ձեռքս չի գնում վերբեռնել նկարը, շատ ա ատելութիւնը։ ու բռնութիւնը։
ու ես էլ խօսեցի իր հետ, որ դէ յատկութիւն ա, ո՞նց ա կարելի մի յատկութիւնով դատել մարդուն, էդ ոչ մի բան չի նշանակում, ինքը համ սա ա համ նա ա համ նա ա, ու հա նաեւ այօս քշող ա, ի՞նչ խնդիր։
պէտք ա ասել, որ ծանօթ շաբլոն զգացել եմ՝ միայն ռուսական չաթերում ու ֆորումներում եմ հանդիպել նման ատելութիւն, հէնց ազատ ծրագրակազմի համայնքներում։ շատ շատ նման էր նրան ինչ լսել եմ այնտեղ։
բայց ասի դէ ով գիտի։
յետոյ աւելի ուշ սկսեց ասել որ ջաբեր կլիենտը փլէյ սթորից չի կարողանում թարմացնել, զի ռուսաստանից ա։
օհ։
չեմ իմանում ինչից ա հէնց էնտեղ տէնց։ ու նոյն մարդիկ են որ ատում են տարբեր փոքրամասնութիւնները։
վարկածներիցս մէկն էն ա որ շատ մենակ են։ ու օրինակ չունեն ընկերներ, որ այօս են քշում։
չգիտեմ։
#հանդուրժողականութիւն #ազատականութիւն #մարդիկ
էն անգամ էլ վարում էի, տեսայ դասախօսներիցս մէկին լուսակիրի մօտ։
ու յիշեցի, որ նա ահաւորն էր՝ ոչ մի բան չգիտէր, բայց չեմ յիշում, ամբիոնի վարիչ էր, թէ տեղակալ։
ու մտածեցի՝ ահա, բա էլ ո՞րտեղից ձեւաւորուէր իմ մէջ «ինստիտուտներին վստահութիւն», եթէ տեսնում էի որ պոլիտեքնիկական ինստիտուտում պարզ չի ոնց են մարդիկ ամբիոնի վարիչ դառնում։
ու կրկին մտածեցի՝ ո՞նց էր համակարգը։ ըստ երեւոյթին, ով ծանօ՞թ ունէր որ կը վերցնէր իրան ինչ֊որ ինստիտուտ, իր թեւի տա՞կ, կամ որ գիտէր՝ չի կարող գնալ մերգելեան գործ անելու, զի գործ անել չգիտի, բայց ջոկել ա որ կարող ա փոքր, վերացական թո՞ւղթ գրել, ու դա ինստիտուտները կը գնահատե՞ն։ չեմ իմանում ինչպէս ա եղել, որ պոլիտեքնիկի ոչ երիտասարդ աշխատողների ճնշող մեծամասնութիւնը էդքան ահաւորը թուացել ինձ։
հիմա էլ, տեսնում եմ, կոռումպացուած սրիկաներ կան կրթական ոլորտում։ շատ ինքնագոհ, շատ կոռումպացուած, եւ շատ «իշխանութիւն» սիրող։ ու հիմա գրեցի դա, զգացի նեարդայնանում եմ, ձեռքերս դողալ են ուզում։ դուրս չի գալիս, ջղայնութիւն ա առաջացնում։
ու զգացի, որ ես ամէն անգամ զարմանում եմ՝ ո՞նց ա լինում որ ռուսաստանում կայ օրինակ գելֆանդը, կամ այլ գիտնականներ, որ հանրային դաշտում տեսնում ենք, ու նորմալն են։ եւ զգում ես առաջին հայեացքից, եւ երբ լսում ես, համոզւում ես։ ու զարմանում ես որ հետազօտական ինստիտուտի տնօրէնը կարող ա կոռումպացուած սրիկայ չլինել ու դրա հետ միասին դեբիլ չլինել։
մտածում եմ՝ ո՞նց ա տէնց լինում։ կարո՞ղ ա ռուսաստանն էնքան մեծ ա, որ մի հարիւրից մէկում գոնէ բացթողում ա լինում, ու նորմալ մարդիկ շանս են ստանում։ թէ՞ այնուամենայնիւ կարելի ա ասել, որ համակարգը՝ ինստիտուտները, իրենց մօտ աւելի լաւ են աշխատել միշտ։
օրինակ, դեռ քսան տարի առաջ ապշում էի, ինչի՞ ա որ նոյն ռդ֊ում գնում ես ոստիկանութեան անձնագրային բաժին, հետդ յարգանքով են խօսում (չնայած համոզուած եմ որ կոռուպցիա կայ, ու կանոններն էդպէս են, որ կոռուպցիան ծաղքի) եւ ըստ կանոնների վարւում, իսկ հայաստանում դուրս ես գալիս օդանաւից, այդ չաղ ոստիկանն ա փռուած աթոռին, ու գոռում ա վրադ՝ «պասպորտդ տո՛ւ»։ դա իհարկէ քսան տարի առաջ էր, էսօր այդ ինստիտուտը շատ աւելի լաւ ա աշխատում։
ու այդ ամէն մտքից ու հարցերից որ գլխիս մէջ պտտւում են հասկանում եմ՝ ես անվերջ խօսում եմ որ առանց ինստիտուտներին վստահութեան որոշ չափի չի լինի, ուսումնասիրում եմ կովիդ դիսիդետներին, ու վախենում եմ դառնալ մէկը, որ անիրատեսական դաւադրութիւնների տեսութիւնների կուլտ ունի, վախենում եմ այդ ծայրայեղ ոչ ռացիոնալ մտածելակերպից, խօսում եմ պետութիեան կարեւորութեան մասին (չնայած կողմ եմ փոքր լինի ապարատը), բայց ինքս սարսափած եմ այդ պետութիւնից։
այդ հոգեբանների ասած խորքային համոզմունքներից ունեմ, որ կարեւոր չի՝ մեղաւոր ես թէ անմեղ՝ կարող ա համակարգը սխալուի։ էդ պատճառով էլ ա կարեւոր, որ պատիժները խիստ չլինեն։ համոզմունքներ ունեմ, որ ինստիտուտները լաւ չեն աշխատում, որ ոստիկանները նոյնիսկ մօտիկ «հոլմս» չեն, որ բոլորն իրենց տեղում չեն, որ համակարգի դեբիլ ատամնանիւները ինձ կաղան եւ չեն նկատի։
ու այդ սարսափից ա, որ ջանում եմ քիչ տեղեկատւութիւն իմ մասին լինի, որ չեմ ուզում տեղանքս իմանան։ որ չէի ուզի իմ վրայ սեփականութիւն գրուած լինէր։ որ խուսափում եմ կրեդիտ քարտով վճարել, ու ջանում եմ էն տեղերում վճարել, ուր պարբերաբար չեմ լինում։ բնական ա, հեռախօս ֊ տեղանք ֊ սիմ քարտ պարանոյաներս էլ։
դա պետական համակարգին անվստահութիւնն ա, իսկ ես նաեւ irc
֊ին եմ հիմա իմ իսկ xmpp gateway
֊ի միջոցով կպնում՝ իրենց էլ չեմ ուզում այփիներս տալ։
ես ինքս եմ սարսափած մարդ, որ ինստիտուտների հանդէպ վստահութիւն չունի։ ու շատ բարդ ա ինձ այդ վստահութիւնը ձեռք բերել։ ու մէկ էլ զգացի ինչ սուր եմ ընդունում երբ ինձ չեն վստահում, ու ինչքան եմ ջանում որ չմտածեն վստահելի չեմ։ ու մէկ էլ մտածեցի՝ խեչոյեանի պատմուածքները շատ ծանր են ինձ համար, զի դաւաճանութեան մասին են։ կամ եթէ խիստ բառեր չօգտագործենք՝ պայմանագիրը չպահելու մասին են։ պայմանագիրը պարտադիր չի գրուած լինի։
ռուսները խօսք ունեն՝ «պայմանաւորուածութիւնը փողից թանկ ա» — մանկուց ահաւոր ուժեղ հաւանել եմ այդ արտայայտութիւնը։
այն մասին են, երբ շահը մարդկանց ստիպում ա այլ մարդկանց եւ կենդանիների վրայով անցնել։ ու այստեղ ես գալիս եմ մի կողմից նախորդ գրառմանը՝ վստահութեան կարիքիս, որ էս րոպէյի շահը չի մարդու մօտ, կարիքիս տեսնելու որ մարդիկ մանրուքների պատճառով իրար կոկորդ չեն կտրի, ու այդ մի քանի վայրկեան շուտ անցնելն էլ ա նոյնի մասին։
եւ միւս կողմից, բա ո՞րն ա պայմանագիր կատարելու երաշխիքը։ ինչի՞ են ընկերոջս տանից հանել՝ որ տան նորեկ ռուսներին իր տունը։ զի պայմանագիր չկար։ զի պետութիւնը խառնուած չէր։ զի հնարաւոր չէր դատի տալու։
ուզում էի կարճ գրել այն մասին որ գիտակցել էի որ ինքս եմ պետութիւնից սարսափած, բայց կարեւորում եմ այն, ու էսպէս ստացուեց։
#պետութիւն #ազատականութիւն #աղքատութիւն #հանրութիւն #պայմանագիր #պայմանաւորուածութիւն #վստահութիւն #ինստիտուտ #հիմնարկ #սարսափ #մեքենայ #ատամնանիւ #քաղաքականութիւն #կասկած #դաւադրութեան_տեսութիւն #պոլիտեքնիկ #կրթութիւն #պատմութիւն
էսօր խօսում էի մէկի հետ, ասաց՝ ձեր սերունդը չեմ պատկերացնում, ու իննսունականները չեմ սիրել։
իսկ ես միշտ ասում եմ որ սիրել եմ, ու որ ազատութեան ոգի էի զգում։
ու ուզում եմ կիսել ձեզ հետ էն ժամանակուայ երեւանը, մի կտոր էն ժամանակուայ երեւանից տամ, որ զգաք էդ լիբերալ վիճակը որը սիրում եմ։ ինչ տալու եմ՝ փաստօրէն փողոցային լուսանկարչութեան ժանր ա, բայց վիդեօ խցիկով։
ամենակարեւոր նիւթը որ ուզում եմ տալ սա ա։
նաեւ շատ արտայայտում են սա ու սա։
ու այո տխուր էլ են նիւթերը, բայց եւ ազատական են։
#երեւան #իննսունականներ #ազատութիւն #ազատականութիւն
դիտեցի «unstrung heroes»֊ը։ այդ ֆիլմի մասին իմացել էի, զի փորձում էի մայքլ ռիչարդսի մասնակցութեամբ ֆիլմեր դիտել։ իրան «սայնֆելդ»֊ից գիտեմ։ այստեղ էլ նոմինացուել ա որպէս ամենալաւ աջակցող կոմեդիան աքթըր կամ նման մի բան։ դիտելիս զգացի, որ երեւի ֆիլմի հիմքում գիրք ա։ ու հիմա կարդացի, որ իսկապէս՝ ինքնակենսագրական։
իհարկէ, ֆիլմը բաւական պոպոտ մասեր ունէր, բայց ես վերջերս էլի գրել եմ, որ սիրում եմ ամերիկեան պոպ։ ու ուզում եմ ասել, որ այդ ֆիլմը, որից վեհ ամերիկացիները քիթ կը շեղեն, կը ծաղրեն այն, հայերի համար շատ կարեւոր ա։ զի այնտեղ մի տեսակ խենթ եղբայրները նեգատիւ չեն պատկերուած՝ դրական, սիրուող են պատկերուած։ չնայած մէկը դաւադրութիւնների տեսութիւնների մէջ ա, իսկ միւսը՝ իրեր հաւաքելու կպչունութիւններ ունի։
դա այլ կերպ չէր էլ կարող լինել լիբերալ, ազատական հանրութեան մէջ ծագած ֆիլմում։
ու դա շատ շատ շատ հաւէս ա։
#ֆիլմ #կինո #կինօ #ազատականութիւն
մի օր կը գրեմ «սայնֆելդ»֊ի մասին ձօն, իսկ այսօր մի երկու բան՝ «սանձի՛ր քո էնտուզիազմը»֊ից՝
այնտեղ շատ ա լինում, երբ մարդիկ վատն են ենթադրում այլ մարդկանց մասին, իսկ թեթեւ չարաճճիութիւնը չափազանց լուրջ են ընկալում, ու «մեղաւորի» հանդէպ շատ խիստ են լինում, ջանում են բոլորով պատժել։
նման գիծ միշտ դիտւում ա նաեւ «սայնֆելդ»֊ում, բնականաբար։
ու դիտելով «սանձիրը» հասկացայ, որ ես էլ նման անվստահութիւն ունէի՝ սխալ հասկացուած, դատուած լինելու, ու դեռ ունեմ՝ բայց շատ աւելի քիչ, զի ինձ սղոցել հանել եմ էդ վտանգաւոր մարդկանց շրջապատներից, գործի տեղում ոնց որ օկ ա, ու ստիպուած չեմ լինում նման մարդկանց հետ շփուել։
լարրի դէյւիդը սերիալում էս կամ էն պատճառով հա ստիպուած ա լինում նման մարդկանց երէսել, ու երէսելու պատճառներն էլ բաւական շատ են։
սա նաեւ այն մասին ա, ինչքան ես, չնայած, ինձ սոցիալ եւ շփուող եմ համարում՝ չեմ հանդուրժում լիքը ձեւի շփում, ու լիքը մարդու, ու հեռու եմ մնում, ի տարբերութիւն լարրիի։ լարրին, ինձ թւում ա, շատ աւելի լիբերալ ա ու ընդունող, ու բոլորի հետ շփւում ա, բոլորին շանս ա տալիս, միաժամանակ փորձելով արժանավայել լինել, ու հետեւաբար հա անկապ իրավիճակների մէջ ա յայտնւում ու նեարդայնանում։
նաեւ, շատ կարեւոր ա այն, որ մարդիկ շատ բան են ուզում, ու շատ շատ շատ խնդիր չէր լինի, եթէ սանձէին նաեւ իրենց ցանկութիւնները։ մի քիչ։
իսկ վատը ենթադրելը լաւ ստրատեգիա չի՝ հէնց քեզ համար։ միշտ լաւ ա մինչեւ վերջին հնարաւորութիւնը լաւը ենթադրել մարդկանց մասին։
#սերիալ #մարդիկ #լարրի_դէյւիդ #սանձիր_քո_էնտուզիազմը #սայնֆելդ #զայնֆելդ #կինօ #ֆիլմ #արուեստ #կեանք #հանդուրժողականութիւն #շփում #ազատականութիւն
ես լսում եմ թուիթերից կամ ֆբ֊ից ֆրուստարցուած մարդկանց խօսքերը։
իրենք այն մասին են, ինչքան չի լինում հասկացուած լինել։ կամ ինչքան հաւէս կանեն այլ մարդիկ գտնել քո ասածի մէջ այն, ինչ դու նկատի չունէիր, եւ խփել քեզ այդ համար։ իրենք «քենսել քալչար»֊ի, կամ մի այլ սոցիալական երեւոյթից են տխրում։
վերջերս էլ պատմում էի hugo բլոգային շարժիչից, ու ասում որ ինձ չի յուզում որ ես չունեմ մեկնաբանութիւնների հնարաւորութիւն այնտեղ։ որովհետեւ յաճախ իմ ստացած մեկնաբանութիւններն ինձ համար ունեն միայն էն արժէքը, որ ես կարող եմ յոյս ունենալ որ ըստ դրանց ոմանք կը հասկանան ինչքան եմ ես չհասկացուած։
ու մտածում եմ, որ ես էլ, եթէ դիցուք նախորդ գրառումն անէի անգլերէն՝ կը գային մարդիկ, եւ կասէին թէ ի՞նչ ժողովրդավարութիւն, եւ աջերն եւ ձախերը մեզ գցում են, խաղը ծախած ա, դատաւորը եսիմինչ, եւ այլն։ կը լինէին անկապ մեկնաբանութիւններ։
ու հայերէն ես գուցէ մեկնաբանութիւն կամ քննարկում չստանամ, բայց աւելի հանգիստ զգամ։ բայց ես հայերէն գրում եմ ոչ էդ պատճառով, այլ որովհետեւ ինչի՞ գրեմ անգլերէն, անկախ նրանից՝ դա մեր ներքին թէ արտաքին քաղաքականութեան հարց ա։ իսկ գրում եմ ստեղ՝ զի սա ինչ֊որ մի ապակենտրոն հաղորդակարգով աշխատող տեքնոլոգիա ա, որը գլոբալ չի, գրաքննուող չի, ազատ ա։ իր թերութիւններով, գուցէ, ես էլ հարցեր ունեմ, բայց դէ ընդհանուր օկ ա։
ու եթէ ամէն գրածիս պատճառով ստեղ դէմքիս թռնէին՝ ես երեւի չէի ասի որ այ, ինչպէս իրենք են ասում՝ ֆբ֊ն կամ թուիթերը՝ ապրելու տեղ չեն։
դա չի կարեւորը։ դա ա կարեւորը, որ թուիթերում կան ադմինիստրացիայի կողմից պաշտպանուած կամ չպաշտպանուած շերտեր, եւ հարցեր որ լուծւում են ադմինիստրատիւ լծակների կիրառմամբ։
այս միջավայրում հարցերը լուծւում են սոցիալական մակարդակում։
ու դա իմ կարծիքով էական տարբերութիւն ա։
#ազատութիւն #ազատականութիւն #համացանց
մտածում եմ, #ծրագրակազմ ֊ն այսօրուայ ինչքան #ազատական ա։
ու դա դեռ ամենասկզբից՝ իւնիքս ստեղծելիս մարդիկ մտածել էին ունենալ բովանդակութեան հանդէպ ագնոստիկ գործիքներ, որ իրենց գործն անում են։
այսօր՝ որովհետեւ միշտ փոխուում են, ինչպէս եւ հանրութիւնը, եւ շուկան, միշտ շարժման մէջ են։ հնարաւոր չի պատկերացնել ծրագիր, որ կայ ու էլ չի փոխուի։ այսինքն կան, մէկը կնութի tex֊ն ա, բայց նա հէնց այդ աշխարհից չի։
ու տարբեր տիրոյթներ կան՝ կան աւտորիտար էկոհամակարգեր՝ էփլի պէս, կան բազմազան՝ ու հետեւաբար աւելի կայուն՝ եթէ համակարգից մէկը վերանում ա՝ միւսը վերցնում ա իր դէրն ու պատասխանատուութիւնը, ինչպէս իսկական էկոհամակարգերում։
#էկոհամակարգ #տեքնոլոգիաներ #ազատութիւն #ազատականութիւն #ժամանակ
ինձ ահաւոր դուր ա գալիս, ինչպէս ա անգլերէնում ընդունուած ասել՝ դու չես ուզում, ու՝ դու ուզում ես։ էդ հէնց իրենց մշակոյթի մասին ա, արեւմուտքի մասին ա։
իրենք չեն ասի քեզ՝ որն ա լաւը, վատը, ճիշտն ու սխալը։ որովհետեւ ի՞նչ ճիշտ, ի՞նչ սխալ։
հարցն այն ա՝ դու ուզո՞ւմ ես էդպէս։
ու եթէ խորհուրդ տան, այդ նկատի ունենալով կը տան, թէ՝ դու չես ուզում underexpose֊ել ժապաւէնդ։ ոչ թէ սխալ ա, էսթետիկ չի, այլ հէնց ինքդ էլ չես ուզում։
էդ կարելի ա իմանալ, ինչ չես ուզում։ բայց էդ դու չես ուզում եւ ոչ թէ դա ճիշտ չի։
որովհետեւ եթէ ուզէիր՝ դէ ուրեմն ուզում ես։ բայց ամենայն հաւանականութեամբ չես ուզում։ #անգլերէն #լեզուամտածողութիւն #լեզու #մշակոյթ #լիբերալիզմ #արեւմուտք #ազատականութիւն
մտածեցի, որ դէ պարզ ա, #սենսէյթ ֆիլմը տարօրինակ, «ուիրդօ» մարդկանց մասին ա։ լիբերալ հանրութեան արդիւնք ա, որը նոյնիսկ այդ լիբերալ հանրութիւնը չմարսեց։ չուզեց դիտել, հետեւաբար նախագիծը փակեցին։
ու ուղերձ որ անցնում ա սերիալի միջով, ուղերձ որ դէ «ուիրդօ» են, բայց ուզում են ընդունուած լինել, ու «ուիրդօ» ու ոչ այնքան մարդիկ կարող են կապեր ունենալ ու հոգալ իրար մասին ու համագործակցել։
ու մտածեցի՝ արդե՞օք նման հայկական ֆիլմ կար, ուր ուղերձ կայ՝ տարօրինակ ա, բայց ոչինչ։ դէ ես հայկական կինօ համարեա գրեթէ չգիտեմ, բայց վերջին երեսուն տարուայ մէջ մտածեցի՝ ու յիշեցի։
կայ՝ «մեր բակը»։ կարծեմ երկրորդ ֆիլմում բակի «հանրութիւնը» պաշտպանում ա նկարիչ դօդօյին, որ ապրում ա նկուղում։ իրեն կապիտալը հանում էր նկուղից, բայց բոլորով պաշտպանեցին, ով ինչպէս կարող էր։
ու նաեւ «մար բակը» ցոյց էր տալիս, որ չնայած միայն դօդօն ա պաշտօնապէս համարւում տարօրինակ, բայց բոլորն էլ իրենց ձեւով տարօրինակ են։
նաեւ մտածեցի՝ որ բնական ա, որ այդ մեր բակը նկարուած էր իննսունականներին, երբ կարճատեւ յոյս կար, որ անցում ա լինելու դէպի լիբերալիզմ, ու ազատութեան շունչ կար օդում։
վերադառնալով սենսէյթին՝ հետաքրքիր ա, ինչքան պոպ են այդ «ուիրդօ» մարդիկ։ ու ինչքան «պօպ» ցանկութիւններ ունեն։ ինչքա՛ն քաղցր են բոլորը։ ու նոյնիսկ կորէացի աղջիկը, որը բոլորից չքաղցր ա, միեւնոյն ա, քաղցր բաներ ունի՝ ոստիկանի հետ խօսում ա, ասում ա՝ «ինչո՞ւմ սա արիք, օֆիսըր», կամ յուզւում արցունկոտւում ա։
աւարտւում ա՝ էյֆելեանում հարսանիքով։ ուր բոլոր ուիրդօները ճանաչուեցին, ընդունուեցին։ օրինակ՝ մօտիկների կողմից։ այնտեղ մի տրանսի մայր կար, որ չէր ճանաչում, բայց դէ եկաւ իրենց այդ հարսանիքին, ու թէկուզ կարծես հաշիշի օգնութեամբ, բայց դէ ճանաչեց, ընդունեց, ու ուրախացան բոլորը։
մարկ թուէնն էր կարծես գրում, որ երբ աւարտում ես գիրք մեծերի մասին՝ պարզ ա՝ աւարտում ես ամուսնութեամբ։ երբ աւարտում ես երեխաների մասին՝ չգիտես էլ ինչ անել։ մարկ թուէնը, բայց, կարծում եմ յաճախ էր հեգնում, ու բնաւ նկատի չունէր որ էդ լաւ ձեւ ա՝ ամուսնութեամբ աւարտելը, փոխարէնը նկատի ունէր, որ շաբլոն ա։
ու նոյնիսկ բագի ասած՝ «ես միշտ լացում եմ հարսանիքների ժամանակ»֊ը հէնց այդ մասին ա, վերջում հանդիսատեսին նուիրեցին այդ հարսանիքը, որ յուզուեն ու ուրախանան։ սպասելի, ոչ անակնկալ, շաբլոն սցենար՝ շաբլոն մարդկանց համա՞ր։
պօպի մասին ա նաեւ էյֆելեանը։ նկատե՞լ էք, սեւերի ցածրորակ հոլովակներում կայ շիկ։ դէ հայկական հոլովակներում էլ՝ գիտեմ, զի էդ ինդուստրիայի մէջ որոշ ժամանակ թաթախուել եմ։ շեշտում եմ, որ այլապէս կարող ա եւ չիմանայի, զի ժամանակ չեմ ծախսում նրա վրայ, ինչ չի ձգում։
այդ սեւական հոլովակներում կան շիկ աւտոներ։ ոսկէ շղթաներ։ շեշտւում ա շքեղ կեանքը։ ու էյֆելեան աշտարակում հարսանիքն ինձ համար շատ նման ա։ շիկ ա, շքեղ ա, էն տեղում ա, որի մասին կը երազէին լիքը մարդ, որ գիտեն յայտնի բաների մասին, բայց չգիտեն՝ ոչ յայտնի։
ու թւում ա թէ «ուիրդօ»֊ները նրանով են տարօրինակ, որ այլ բաներ գիտեն, աւելի խորացած են այլ տեղ, աւելի այլ, իրենց նախասիրութիւնները պիտի որ ունենան, ու անշուշտ, գնահատելով էյֆելեանը, որովհետեւ դէ բան չասի՝ էյֆելեանը գլուխգործոց ա, բայց կարող ա երազէին, եթէ հարսանիք, ապա գոնէ այլ վայրում։ ու եթէ իրական կեանքում դա լոգիստիկական խնդիրներ էր առաջացնելու, դէ կինօյում՝ կարելի էր։ նաեւ, ինձ թւում ա, իրական կեանքում էյֆելեանը վարձով չի տրւում հարսանիքների համար, բայց դա այնքան էլ էական չի։
ու ես չգիտեմ, վանչովսկիները ո՞նց են սցենար գրել։ մտածում էին՝ տանք, նետենք սա, թող յուզուեն ժողովուրդը։ թէ՞ մտածում էին՝ վոյ, արի սէնց յուզիչ բան անենք։
#արուեստ #կինօ #վանչովսկիներ #ազատականութիւն #մեր_բակը #սենսէյթ #սցենար #ֆիլմ #տարօրինակ #մարդիկ
միկրոկերնել օպերացիոն համակարգերը ոնց որ աջական, ազատական գաղափարախօսութեան վրայ հիմնուած լինեն՝ ունես տարբեր մանր մոդուլներ, ոչ թէ կենտրոնական մեծ բիւրոկրատական մեքենայ, որ ամէն ինչ վերահսկում ա։ իսկ մոնոլիտ միջուկը, միւս կողմից, էֆեկտիւ ա, ինչպէս եւ դիկտատուրաները, բայց եթէ մի բան սխալ գնաց, համակարգը թքում ա։
#օհ #օպերացիոն_համակարգեր #ազատականութիւն #համեմատութիւն #ճարտարագիտութիւն #դիզայն
հասկանալով ձախականութիւնն ու աջականութիւնը, տեսնում ես ինչքան խառն է ամէնը, ու որ յաճախ բաներ, որ թւում է թէ պէտք է լինէին ձախական, աջական են, եւ հակառակը, նաեւ միշտ կան խմբեր աջականների կամ ձախականների մէջ, ովքեր մի քիչ այլ ձեւ են մօտենում նոյն հարցերին։
ինչեւէ, փորձենք դիտարկել հիմնական տարբերութիւնները։
փոփոխութիւն ընդդէմ միջամտութիւնից խուսափում
==============================
սա իմ հասկանալով ամենահիմնական հարցերից է։
ձախականներն ասում են, որ կը փոխեն աշխարհը, իսկ աջականներն պնդում են, որ աշխարհն այնքան բարդ է, որ աւելի լաւ է ձեռք չտալ, չխառնուել, կարող է աւելի փչացնես։
շատ մօտ է ծրագրաւորմանը, նոյնիսկ վերաձեւակերպել պէտք չէ։
խուսափում ենք ոչ շատ անհրաժեշտ փոփոխութիւններից, փորձում ենք մի մեծ ամէն ինչ անող ծրագիր ունենալու փոխարէն(որը գրելու տակից կարող է դուրս չգաս), ունենալ իւնիքս մօտեցում՝ տարբեր թիմերի կողմից գրուած առանձին ծրագրիկներ։ (do one thing and do it good)։
ձախական մօտեցման այլ յատկութիւնն է՝ փոփոխութիւնից յետոյ վերահսկելն է, որ բոլորը այդպիսի փոխուած ձեւին հետեւեն։
սա բերում է հետեւեալ տարբերութիւնների՝
պետութիւնն ընդդէմ մասնաւորի։
==============================
ձախական մօտեցումն է՝ սա ու սա ու սա պէտք է վերահսկել, իսկ վերահսկելու կատարեալ ձեւը՝ ինքնուրոյն անելն է։ այդ պատճառով իրենք պնդում են որ պետութիւնը պէտք է զբաղուի ոչ միայն կրթութեամբ, ճանապարհներով ու արտաքին թշնամուց պաշտպանելով, այլ եւ մատուցի շատ այլ ծառայութիւններ, իսկ մնացածի համար՝ լինեն պետական կարգադրանքներ։ սա նշանակում է եւ աճած բիւրոկրատիա՝ հիմնարկներ, որ զբաղւում են այդ կարգադրանքները յօրինելով։
աջական մօտեցումն է՝ հնարաւորինս քիչ գործ է անում պետութիւնը, հնարաւորինս քիչ պէտք է լինի պետական ապարատը, քանի որ պետութիւնն ամէնն անում է ոչ օպտիմալ, ոչ էֆեկտիւ, թանկ, ու դա ի վերջոյ հասարակութեան վրայ աւելի թանկ է նստում։ բացատրութիւններից մէկն է՝ ուրիշի փողը այլ կերպ ես ծախսում, քան քոնը։ այդ պատճառով մասնաւորի մօտ ամէն ինչ աւելի էժան է ստացւում։
ծայրայեղ աջականը չի վստահի պետութեանը բացի ճանապարհներից ու բանակից ոչ մի այլ զբաղմունք։
տտ աշխարհում՝ եթէ ինչ֊որ կարգաւորում կարելի է տալ օգտուողին, եւ հեշտացնել ադմինների աշխատանքն ու թեթեւացնել ինֆրաստրուկտուրան, ապա այդպէս էլ արւում է։
սա լիազօրութիւններ բաշխելու մասին է՝
կենտրոնաձիգ ընդդէմ կենտրոնախոյսի
=======================
միացեալ նահանգները կարելի է համարել աջական դիզայն հենց սկզբից, քանի որ հնարաւորինս շատ հարցեր որոշւում են առանձին նահանգներում։
ու օրինակ, բրեքսիտը աջական շարժում էր, չնայած լիքը մարդ ով աջակցում էր դրան դեբիլ քսենոֆոբ էին։ բրեքսիտի կարեւոր ու իրական միտքն այն էր, թէ ինչո՞ւ պիտի եւրախորհրդարանի պատգամաւորը, ով բրիտանիայից չի, ընդունի օրէնք, որին բրիտանիան պիտի ենթարկուի։
նոյնը մեզ է վերաբերում՝ ակնյայտ է, որ տեղական համայնքին տեղական իշխանութեան վրայ ազդելու լծակներն ու հնարաւորութիւններն աւելի շատ են, եւ փոխել տեղական իշխանութիւնն աւելի իրատեսական է, քան ասենք խսհմ իշխանութիւնը։
կորպորացիաները՝ հզօրութեան կենտրոնացում են։ ո՞նց են մօտենում մոնոպոլիաների հարցին աջականն ու ձախականը։
ձախականն ասում է՝ եկէք օրէնքներ, սահմանափակումներ, կարգադրանքներ ընդունենք կորպորացիաների համար։
կարգադրանքներ ընդդէմ ինքնակազմակերպմանը
=============================
աջականն ասում է որ դա վատ է որովհետեւ կորպորացիան կարգադրանքներ շրջանցելու, կամ իր ուզած կարգադրանքն ընդունելու անհամեմատ աւելի մեծ հնարաւորութիւններ ունի, քան նրանք, ով նոր են մտնում բիզնեսի մէջ, ու կարող են պոտենցիալ մրցակից դառնալ։ աջականն ասում է, որ կարեւոր է, ինչքանով հեշտ է մտնել որեւէ դաշտի բիզնես ու մրցունակ լինել։ եթէ մեծ կորպորացիան ունակ է վարձել իրաւաբանների մեծ շտատ, ով կաշխատի այդ բոլոր պահանջները բաւարարելու խնդրի վրայ, ապա սկսնակը բաւական ռեսուրս չունի ու որպէս կանոն չի կարող նման շռայլութիւն իրեն թոյլ տալ։
այդ՝ բիզնեսի մէջ մտնելու մասին ես նաեւ գրել եմ այստեղ
իսկ ինչպէ՞ս ապա առանց վերահսկելու համոզուել որ սպառողի իրաւունքները պաշտպանուած են՝
քանի որ ըստ ձախականի պետութիւնը պէտք է սահմանի լիքը կանոններ, ու վերահսկի դրանց կատարումը, ապա ըստ իրեն պէտք է ընդունել աւելի շատ օրէնքներ, ստանդրատներ, եւ ստեղծել ստուգող յանձնաժողովներ, որ գնալու են տարբեր տեղերով, ու փակեն կամ տուգանեն այն «օբյեկտները», որոնց աշխատանքը ստանդարտին չի համապատասխանում։
աջական մօտեցումն է՝ եթէ դու գտել ես ուտիճ քո ապուրում, ու չէիր ակնկալում դա՝ լռելեայն ենթադրում էիր, որ այն չպէտք է լինի, եւ սննդի օբյեկտը չի նկարել իր ցուցանակի վրայ ուտիճ կամ ճանճ, չի ասել, եկէք, մենք ձեզ ճանճերով ապուրներ կը մատուցենք, ապա դու կարող ես իրենց դատի տալ։
եւ հետեւած տուգանք ու հասարակական աղմուկը կը նստի այդ ընկերութեան վրայ աւելի թանկ, քան իրենց խոհանոցի մաքրութեանը հետեւելը։
նոյնը վերաբերում է ծխելուն՝ ինչո՞ւ պիտի պետութիւնն ինձ ասի, ես իմ «օբէկտ»֊ում ինչ եմ թոյլ տալիս, ծխել կամ չծխել։
համասեռականների ամուսնութեան իրաւունք
=====================================
բայց ապա տարօրինակ է թւում, որ աջականները, ով սովորաբար նման կարգադրանքներին դէմ են, միեւնոյն ժամանակ դէմ են «համասեռական ամուսնութիւններին» կամ աբորտներին՝ չէ՞ որ ապա պետութեան ի՞նչ գործն է, թէ ով ում հետ է ուզում ընտանիք կազմել, կամ ինչ անել իր մարմնի հետ՝ դա անձնական որոշում է։
ըստ երեւոյթին քանի որ նրանք, ով ուզում են փոխել համակարգը սովորաբար լինում են ձախականներ, աւանդապաշտները աւելի մօտ են իրենց զգում նրանց, ով ասում են՝ մի՛ ձեռք տուէք, թող ոնց կայ լինի, ու դրանք բաւական մեծ ընտրազանգուած են կազմում, որպէսզի դրանց, ասենք, նահանգների հանրապետականները, կարողանան հեշտ արհամարհեն։
իսկ աբորտների թեման շատ բարդ է։ օրինակ, նահանգներում խիստ սահմանափակուած ցողունային բջիջներին վերաբերող հետազօտութիւնները։ մասնաւորապէս այն պատճառով, որ դրանք արւում են աբորտ արդիւնքում ստացուած «նիւթն» օգտագործելով։ քանի որ կորպորացիան, որը հետաքրքրուած է այդ հետազօտութիւններն անելու մէջ, կարող է ազդել մարդու անձնական որոշման վրայ, ու զանազան ձեւերով խթանի իր աբորտ անելը։
իսկ անձնական ընտրութիւնը յարգելը աջական մօտեցում է։ բայց միեւնոյն ժամանակ կարող է օգտագործուել աջական գաղափարի դէմ։
իմիգրացիա
=======
աջականներն ասում են, որ տնտեսապէս ձեռնատու չէ ընդունել համայնք մարդուն իր կեանքի կէսից։ չէ՞ որ նա իր հարկերը վճարել է այլ պետութեանը, եւ աջակցել է այլ համայնքի բարեկեցութեանը, իսկ հիմա նա տեղափոխուել է այլ համայնք, որի մէջ ներդրում չի ունեցել։ նաեւ նա սովորաբար տեղացուց աւելի քիչ փող է բերում համայնքին ու աւելի շատ փող տանում է։ այդ ամէնից, ըստ աջերի, ընդհանուր բարեկեցութիւնը նուազում է, առաջանում է արժեզրկում։
ձախականներն աջակցում են իմիգրանտներին որպէս աւելի անպաշտպան շերտի ներկայացուցիչներին։ իսկ իրենք իրենց հերթին դառնում են, ասենք դեմոկրատների ընտրազանգուածի զգալի մասը։ օրինակ, նահանգներում հենց դեմոկրատներն են սովորաբար խոստանում են հայերին ճանաչել ցեղասպանութիւնը ու խոստումը չեն կատարում, ոչ թէ հանրապետականները։ նաեւ, հայերը, մեքսիկացիները, եւ այլն, ընտրում են դեմոկրատներին թէկուզ այն մի պատճառով, որ գիտեն՝ աւելի հեշտ է լինելու բերել նահանգներ իրենց բարեկամներին։ ու իրենց համար այդ հարցն այնքան կարեւոր է, որ իրենք անտեսում են այլ, հասարակութեան համար կարեւոր խնդիրներ։
բնակարան վս սփրաւլ
=============
համայնքով, բազմաբնակարանային տանը ապրելը՝ կենտրոնացման մասին է։
դա ինձ շատ մօտ է, եւ ինձ ակնյայտ են թւում քաղաքում ապրելու բազմաթիւ առաւելութիւնները, բայց աջականները կասեն որ մենք չենք զգում այն անհարմարհութիւններն, որ ունենում ենք ապրելով բազմաբնակարանային շէնքերում, քանի որ դրանց արդէն սովոր ենք։
օրինակ, եթէ դու մելոման ես, դու կարող ես առնել ոչ թէ ականջակալներ, այլ լաւ ձայնային սարքաւորումներ, առանց հարեւաններին խանգարելու մասին մտահոգուելու։ կարող ես ունենալ զանազան այլ հոբիներ, որոնք պահանջում են ասենք թէ արհեստանոց ու աղմկող գործիքներ՝ օրինակ հիւսնի գործը։
ինձ թւում է՝ հայ հասարակութիւնը որպէս կանոն աւելի ձախական է, բայց այ այս դէպքում, մարդիկ յաճախ դեռ սովոր չեն միասին ապրել, ու այդ պատճառով աւելի շատ են, քան կարող էին լինել, կենցաղային վէճերը։ այս դէպքում հայերն աւելի աջական են, ու նախընտրում են լինել աւելի առանձին։
միւս կողմից, իրենց «առանձին» լինելու ատմոարութեան չափսը՝ ընտանիքն է՝ անձը չէ։
կայսրութիւն ընդդէմ ազգայնականի
==============================
իսկ ընդհանուր առմամբ, իմ հասկանալով, գլոբալիզացիան՝ ձախական շարժում է, ինչպէս նաեւ կայսրութիւնները։ «սապիենս»֊ի հեղինակն կարծում է, որ կայսրութիւնները՝ այդքան բռի, դաժան կենդանիների համար, ինչպիսին մարդիկ են՝ լաւ լուծում են, քանի որ եթէ չկան ազգեր եւ էթնոսներ, ապա աւելի քիչ պատճառ կայ այլ մարդկանց դիսկրիմինացնելու։
սակայն, ըստ իս, նա լաւ չգիտի կայսրութիւնները, ու միեւնոյն է, դիսկրիմինացնելու պատճառ գտնելը միշտ էլ կարելի է։ մանաւանդ եթէ դու մարդ ես ու փնտրում ես այդ պատճառը։
լիբերալ, աջական հասարակութիւնը՝ աւելի տարբեր, զանազան մարդկանց հասարակութիւն է։ եւ աջական մօտեցումն է՝ ոչ թէ դարձնել բոլորին միատեսակ, որպէսզի իրենք իրար չկոտորեն, այլ բոլորի համար խաղի նոյն կանոնները հաստատել, ընդունելով, որ մարդիկ տարբեր են։
դրանից էլ բխում է մշակութային այն ամբողջ շերտը, ուր բացատրւում է, որ այլ, ուրիշ լինելը խնդիր չէ, եւ որ հասարակութիւնը շահում է նրանցի, որ մարդիկ տարբեր են։
բժշկութիւն
=======
ձախականները ջանում են աւելի ապահով դարձնել մարդկանց, ու դրա մասնաւոր դէպքն է՝ պետական բժշկական ապահովագրութիւնը կամ սպասարկումը։ սա թւում է թէ շատ լաւ միտք է։
աջականները պնդում են որ դա բերում է նրան, որ բժիշկների աշխատավարձներն ընկնում են, իսկ կրթութեան գինը մէկ է բարձր է, ու դա իր հերթին բերում է նրան, որ մարդիկ հետաքրքրուած չեն լինում այնքան ներդրում ունենալ բժշկական կրթութիւն ստանալու մէջ ու հետեւաբար՝ բժիշկների պակասի։ աջականների պնդումն է որ լոնգ թերմ վճարովի բուժ սպասարկումն աւելի լաւ է, քան անվճարը։
կոնկրետ բնագաւառներ ներդրումները
======================
ճապոնիան աւելի ձախական պետութիւն է, եւ սուբսիդաւորում է մեքենաների արտադրութիւնը։ դա նպաստում է նրան, որ ճապոնական մեքենաներն աւելի մրցունակ լինեն միջազգային շուկայում։ նաեւ ճապոնիան կարգաւորում է մեքենաների շուկան՝ օրինակ, հին մեքենայով տեխ․ զննում անցնելն այնքան բարդ է, որ մարդ նախընտրում է նոր մեքենայ առնել հինը նորոգելու փոխարէն։ այդ պատճառով էլ աշխարհը լի է օգտագործած ճապոնական աւտոմեքենաներով՝ դրանցից ջանում են ազատուել։
աջականների պնդումն այն է, որ պէտք չէ նպաստել կոնկրետ դաշտին, քանի որ շատ բարդ է իմանալ, ապագայում որն է լինելու ակտուալ, ու հնարաւոր է, որ ռեսուրսների ծախսն իզուր է։
իրենք կասեն, որ այդպիսի կարգաւորումները չեն նպաստում մարդկանց բարեկեցութեանը՝ մարդը ստիպուած է բաւական մեծ գումար ծախսել ամէն մի քանի տարին մէկ նոր մեքենայ ձեռք բերելու համար, իսկ չէ որ նա միեւնոյն է ունի ընդամէնը մի մեքենայ, եւ այդ փողը նա կարող էր ծախսել այլ բաների վրայ։
իսկ ինչ վերաբերում է շուկայի անկանխատեսելի լինելուն, դա նաեւ կապուած է բիզնեսի մէջ աւելի հեշտ մտնելու շեմի հետ։ նահանգներում տապալւում են կորպորացիաներ, խաղի մէջ են մտնում են նոր խաղացողներ, բայց դա տնտեսութեան վրայ շատ վատ չի անդրադառնում, եւ բերում է պրոգրեսին եւ սպառողների համար աւելի լաւ առաջարներին։
ես վաղուց ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչո՞ւ այֆոնը, կամ դրա պէս մի բանը, չծնուեց ճապոնիայում։ ճապոնիայում կային, թւում է թէ, բոլոր նախադրեալները՝ որակեալ ճարտարագէտներ, ով փայլուն տեխնիկական լուծումներ են գտնում։ արդէն կար պոպուլար աուդիո փլեյերը՝ սոնի ուոլքմենը։ արդէն կար խելախօս՝ սոնի էրիքսոնը։ կային զանազան լոկալ շուկային սպեցիֆիկ սմարտֆոնոտ ծառայութիւններ։
թւում է թէ, մնում էր միացնել սոնի էրիքսոնը ու սոնի ուոլքմենը, յաջող լուծել մի քանի տեխնիկական խնդիր ու ահա։
մինչ այդ ես ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ անձնական համակարգիչների շուկայում ճապոնացիները չդարձան առաջինը։ ինչո՞ւ իրենք չսկսեցին այբիէմ փիսի֊ի կամ մակինտոշի պէս մի բան։ ինչո՞ւ դրանք պիտի ծնուէին միացեալ նահանգներում։
հիմա ես ունեմ բացատրութիւն, որը կը փորձեմ շարադրել։
ճապոնիայում ստաբիլ եւ կլանային հասարակութիւն է։
ճապոնիայում՝ ինդիւիդուալների հասարակութիւն չէ։
ճապոնիայում, ինչպէս եւ նահանգներում, եղել են տանը ոտքի վրայ համակարգիչ հաւաքողներ։ ամերիկայի այդպիսի մարդկանցից էր Էփլի հիմնադիր Վոզնյակը։ Եւ ենթադրում եմ, որ ճապոնացի Վոզնյակի հետ եղաւ այն, ինչ եղել է ամերիկացի Վոզնյակի հետ։ Երբ Վոզնյակը ցոյց տուեց իր փայտէ կորպուսով համակարգիչը իր կորպորացիայի մենեջմենթին, իր վրայ ծիծաղեցին։
Կորպորացիաները չէին զգում, որ գոյութիւն կարող է ունենալ տան համակարգիչների շուկայ։ յայտնի արտայայտութիւն է՝ շուկայում կարող է լինել պահանջարկ, գուցէ, տաս տան համակարգիչների։ ու որ երբ այդպիսի արտադրող յայտնուի, իրենց բիզնեսը վտանգուած է լինելու։
ես վտանգուած եղաւ՝ ի պատասխան էփլին այբիէմը խուճապահար, հապշտապ արտադրեց այբիէմ փիսի֊ն։ բայց ուշ, եւ ոչ այնքան լաւ, ինչպէս էփլը։ այդ պատճառով փիսի֊ն մակի հետ առաջին մօտ տաս տարին համեմատելի չէր։
կարծում եմ ճապոնիայում սկզբում տեղի է ունեցել նման մի բան։ փայլուն ճարտարագէտները չէին կարողացել կորպորացիայների կառավարիչներին համոզել սկսել տան համակարգիչների արտադրութիւն եւ լուրջ զբաղուել այդ գործով։ դա նշանակում էր կտրուկ փոփոխութիւնների գնալ, եւ կորպորատիւ դանդաղաշարժ մեքենաները դրան միշտ չէ որ պատրաստ են լինում։
իսկ էփլը ճապոնիայում չէր ծնուի, քանի որ մէկ մարդու ուժերից վեր է կլանային, կորպորատիւ միջավայրում իր ֆիրման բացել, եւ վնասել եղած ֆիրմաների բիզնեսին։
իսկ ամերիկայում ջոբսը գտել է ինուեստորներ, եւ սկսել է գործը։ եւ երկու ընկեր ով աւտոտնակում էին գործ անում, փոխեցին տեղեկատուական տեքնոլոգիաների շուկան, ու թերեւս, ամբողջ աշխարհը։ ընթացքում շատ կորպորացիաներ վնասներ կրեցին, բայց շահեց պրոգրեսը, ու շահեց սպառողը։
այնպէս չէ, որ կորպորացիաները երբեք չեն կարողանում են ժամանակին կողմնորոշուել։
ասենք, ֆուջիի նոր տնօրէնը երկու հազարականների սկզբին արեց շատ ոչ պոպուլար քայլ, բարդ քայլ ճապոնիայի համար։ նա զգաց, որ անալոգային ֆոտո֊ի շուկան վնասուեու է, ու դեռ այն ժամանակ, երբ ոչ մի վտանգ կարծես թէ առկայ չէր, փակեց մի քանի գործարան ու ազատեց լիքը աշխատողներ։ նա կտրուկ փոխեց ֆուջիի ուղղութիւնը, եւ այդ պատճառով ֆուջին ոչ միայն դեռ գոյութիւն ունի, այլեւ թուային լուսանկարչութեան մէջ ամենայաջողակ ֆիրմաներից է։
սակայն, միեւնոյն է, եւ ֆուջին, եւ քենոնը, եւ նիկոնը այսօր լուսանկարչական շուկայում ընդամէնը մի փոքր նիշ են զբաղեցնում։
ֆոտո շուկան վերցրել են գուգլն ու էփլը, քանի որ լուսանկարների ճնշող մեծամասնութիւնն արւում է խելախօսներով։
երկուսն էլ՝ եւ գուգլը եւ էփլը ստեղծել են աւտոտնակային անհատներ։ քանի որ ամերիկան է այդպիսի տեղ, ուր հասարակութիւնը լիբերալ է՝ եւ խաղի կանոնները բոլորի համար նոյնն են։ գոնէ աւելի նոյնն են, քան այլ երկրներում։
այդ պատճառով էլ ամն֊ն է առաջատար երկիր, եւ մնալու է առաջատարը։ ամն֊ում կը փլուզուեն զանազան կորպորացիաներ, կը կատարուի այն, ինչը հզօր կորպորացիաների բիզնես շահերին հակասում է։ քանի որ դա այն տեղն է ուր մէկ առանձին մարդն ունի նշանակութիւն։ մէկ մարդ ով աշխատում է աւտոտնակում եւ կորպորացիաների կոնսորցիումը պէտք է խաղան նոյն կանոններով։ եւ կորպորացիաները պարտւում են առանիձն մարդկանց։ սա ընդհանուր առմամբ եւ կոչւում է ազատականութիւն։
ու տենց