2020-06-07-4343208

սոցիալական պայմանագրի ամենաէական յատկութիւններից ա՝ աութսորս անելը բռնութիւնը մի, եւ միայն մի մարմնին՝ ստեղծուած լեւիաթանին՝ պետութեանը։

դա պատահական որոշում չի։ հանրութիւնները համաձայնել են, որ ինչքան էլ կոռումպացուած չլինի այդ պետութիւնը, ինչքան էլ այն չչարաշահի սոցիալական պայմանագրով իրեն հասած բռնութեան մենաշնորհը՝ չհալածի այլախոհներին, օրինակ՝ միեւնոյնն ա՝ հանրութեանը ձեռք ա տալիս ունենալ մէկ բռնութեան աղբիւր՝ ոչ թէ շատ եւ անհասկանալի աղբիւրներ։

շատ անհասկանալի աղբիւրների պարագայում անհրաժեշտ ա բաւական մեծ ռեսուրս վերլուծելու բոլոր դէպքերը, եւ պարզելու որ դէպքում էր որ բռնութիւնը արդարացուած։ նման պատճառով մենք որոշել ենք որ ոչ մէկ չի կարող դատել եւ պատժել մարդկանց, բացի պետական դատարանից։

արդե՞օք մենք չգիտենք որ պետական դատարանը յաճախ արդար չի։ արդե՞օք մենք չգիտենք, որ այն յաճախ բաւարարում ա իշխանութեան շահերը։ ապա ինչո՞ւ ենք մենք տալիս իրան այդ իրաւունքը։ որովհետեւ այլընտրանքն աւելի վատն ա։

չի կարելի թերագնահատել հայաստանում տեղի ունեցած յեղափոխութիւնը՝ այն արուած էր առանց բռնութեան՝ յեղափոխականների կողմից։

հետաքրքիր ա որ ընթացքում սերժի իշխանութիւնը ստիպուած եղաւ ինքը հրաժարուել բռնութեան մենաշնորհից՝ աութսորս անելով բռնութիւնը յանցաւոր էլեմենտների մօտ՝ որ դիմակներով եկել էին ցուցարարներին ծեծելու։ յիշո՞ւմ էք։ դրանք ոստիկաններ չէին։

ու իշխանութեան ու պետութեան թուլացման ամենաէական նշաններից ա՝ բռնութեան մենաշնորհ զիջելը։

երբ էդ դիմակներով մարդիկ դուրս եկան փողոց՝ ես մտածեցի հէնց այդ մասին՝ բռնութեան մենաշնորհի՝ եւ էն մասին, ինչի մասին տարբեր աղբիւրներից գիտեմ՝ եթէ իշխանութիւնը դելեգացիա ա անում պետական բռնութեան մենաշնորհը անկապ յանցաւոր էլեմենտների՝ էդ պետութիւնը ահաւոր թուլացած ա ու իրան երկար կեանք չի սպասում որպէս կանոն։ ինչքան էլ անհաւատալու էր թուում՝ սերժի իշխանութիւնը տապալուեց դրանից յետոյ մի քանի օրուայ մէջ։

նիկոլը շատ լաւ գիտակցում էր, որ բռնի յեղափոխութիւնը սխալ ուղի ա։ այ ծռերը չէին գիտակցել։ ու նիկոլը յաջող յեղափոխութեանը հասաւ՝ իսկ ծռերը՝ չէ։

երբ նա մի քանի տարի առաջ դուրս էր եկել բանտից՝ բոլորն ակնկալում էին իրենից բռնի յեղափոխական քայլեր։ փոխարէնը հակ֊ը էն ժամանակ, եւ նիկոլը հակ֊ի հետ կոչ արին մարդկանց գնալ ընտրութիւնների եւ անել այդ յեղափոխութիւնը քուէարկելով։

արդե՞օք դա միամիտ էր։ արդե՞օք իրենք չէին հասկանում ինչքան աւելի պորուլար կը լինեն, եթէ թոյլ տան աւելի գրաւիչ ռիտորիկա։ իրենք հասկանում են, որ եթէ կայ մի ուժ, որ գրաւում ա բաղրամեան 26֊ը, ապա արդե՞օք չկայ հայաստանում, կամ դրսի ուժերից եւս մի ուժ, որ կը կարողանայ նոյնը կազմակերպել։ ապա ո՞րն ա իրաւակարգ իշխանութիւնը։

ես տարրական բաներ եմ գրում, որովհետեւ ինձ տխուր ա որ մարդիկ արդարացնում են ըմբոստների բռնութիւնը ամն֊ում։ ես հասկանում եմ, որ ըմբոստներից շատերը խաղաղ են՝ ապրեն իրենք։ ես հասկանում եմ որ կողոպտիչների զգալի մասը ըստ երեւոյթին պրոտեստ արտայայտողների հետ կապ չունեն։ բայց ոստիկանական մեքենաներ եւ բաժիններ այրողները՝ ունեն՝ դա իրենց պրոտեստի արտայայտումն ա։ ու դրան ես դէմ եմ։

ակնյայտ ա որ 2008֊ին մեզ մօտ կողոպտողների մեծ մասը, եթէ ոչ բոլորը՝ պետական սադրիչներ էին՝ ինչը, ես կարծում եմ՝ ամն֊ում հնարաւոր չի՝ նոյն պատճառով՝ ամն֊ում գիտակցում են պետական բռնութեան մենաշնորհի կարեւորութիւնը։ մեր դէպքերի մասին բաւական տեղեկութիւններ կարելի ա ստանալ պասկեւիչեանի ֆիլմից, ուր պարզւում ա որ կողոպտուած մի խանութը հրաժարուել ա ոստիկանութեանը տրամադրել տեսախցիկների ձայնագրութիւնները, իսկ մի կողոպտիչ ում բռնել են՝ եղել ա հհկ֊ի վստահուած անձ նախկին ընտրութիւններում։ սա նոյնպէս պետութեան բռնութեան մենաշնորհից հրաժարուելն էր։

հիմա շարունակեմ՝ էս ինչ կատարուում ա ամն֊ում՝ կրկին, նկատի չունեմ խաղաղ ցոյցերը, այլ նկատի ունեմ անկարգութիւնները, դա արդիւնք ա բլմ֊ի եւ նման կազակերպութիւնների գործունէութեան։ եթէ խորանաք կը տեսնէք, որ բլմ֊ն ռասիստական կազմակերպութիւն ա։ շատ նման կու֊կլուկս֊կլանին՝ բայց հակառակ ուղղութեամբ։

ու ամն֊ում իհարկէ ռասիզմ կայ՝ բայց այն համակարգային ռասիզմ չի։ ինչպէս հայաստանում էսօր կոռուպցիա կայ՝ բայց այն համակարգային չի։ ամն֊ում կար սեւ նախագահ։ ամն֊ում կան բազմաթիւ յաջողաւ եւ հարուստ աֆրո֊ամերիկացիներ։ սա քննարկելի հարց չի։

եթէ մի ոստիկան հայաստանում վերցրել ա կաշառք արագութիւնը գերազանցող վարորդից՝ դա չի նշանակում, որ նա կիսուում ա իր վերադասների հետ, որ կիսուում են իրենց վերադասների հետ, եւ դա մի ամբողջ բնակչութիւնը կողոպտելու արդիւնաբերութիւն ա։ այսօր դա եզակի դէպք ա որի հետ պետութիւնը, եւ ոստիկանութիւնը ընդհանուր առմամբ կապ չունի։ նոյն ձեւ՝ եթէ մի ոստիկան ամն֊ում սպանել ա որեւէ մէկին, ու չպէտք ա դա անէր՝ ապա դա համակարգային խնդիր չի ու համակարգային ռասիզմ չի։ իհարկէ՝ սպանուածների զգալիս մասը սեւեր են՝ բայց եւ յանցագործների զգալի մասն են սեւերը։ դա լրիւ այլ խնդիր ա, ու սեւերին իրենց համակարգային աղքատութիւնից հանելու ոչ պետական՝ ոչ լիազօրութիւններ տուող, միջոցներ են պէտք։ զի պետութիւնը չպէտք ա լիազօր որեւէ շերտ, դրանով դիսկրիմինացնելով մնացած շերտերը։

կրկին՝ ես չեմ պնդում որ ամն֊ում չկան խնդիրներ, բայց ես պնդում եմ, որ էդ խնդիրների լուծումները ոչ զանգուածային անկարգութիւններն են, եւ ոչ էլ աֆրո֊ամերիկացիներին լիազօրուած պայմաններ տրամադրելը։

#պետութիւն #բռնութիւն #ամն #հայաստան #ոստիկանութիւն #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պետութիւն  բռնութիւն  ամն  հայաստան  ոստիկանութիւն  քաղաքականութիւն