իռացիոնալ մարդը

նախ ասեմ որ շատ հաւէս է նստել պատշգամբին այս անձրեւոտ օրը եւ գրել տեքստ։

«իռացիոնալ մարդ»֊ն եմ այսօր դիտել։ կինո մոսկուայում։ Ւուդին վերջն է։ Նա շատ լաւ գիտի մարդկանց։ Ու փորձում է անել խորը ֆիլմեր։ Չնայած այդ խորութիւնը միշտ չէ որ նկատում են։ Մարդ էլ չկար դահլիճում։ Եօթը զոյգ։ Պատահաբար չէ, որ Ւուդին վաղուց չի կարողանում ԱՄՆ֊ում ֆիլմերի փող գտնել։ Նա աշխատում է Եւրոպայում։ Այս ֆիլմն էլ հաւանաբար եւրոպական փողերով էր նկարահանուած։ Սա բերում է ինձ ազատ շուկայի պարագայում լաւ կինո նկարելու հարցին։ Այսօր իմ սովորական պատասխանն այն է, որ շատ մեծ շուկայի դէպքում, լինում է բաւական մարդ, ով կը սպառի լաւ արուեստ, եւ այդ փոքր շուկան բաւական է լինում, որ ինչ֊որ մէկը փող ներդնի, ու շահոյթ ունենայ։ Բայց կարծես թէ նոյնիսկ ԱՄՆ֊ի շուկան չի հերիքում։

Ֆիլմը մարդու մասին է, ով ամբողջ իր կեանքը արդարութեան համար պայքար է մղել։ Ու այդ պայքարն իրեն թանկ է նստել՝ մօտ մարդկանց կորուստ, ծանր հիւանդութիւն, եւ նա վերջապէս թեւաթափ է եղել։

Որովհետեւ նա փորձում էր պայքարել այսպէս ասած, «խաղաղ» մեթոդներով։ Իսկ իր դէմ խաղացել են բնաւ ոչ խաղաղ։ Խաղաղ պայքարը շատ դէպքերում դատապարտուած է պարտութեան։

Ու հիմա այդ մարդը վճռում է մի բան անել, մի մանրուք, իր այլ պայքարների համեմատ, բայց անօրինական, ոչ խաղաղ։ Նա վճռում է գործել այնպէս, ինչպէս գործում են իր հաւատացած արդարութեան դէմ։ Նա մտածում է, որ կարող է յաղթել։

Սակայն ֆիլմն այն մասին է, որ նա չի կարող։ Այս աշխարհում՝ չի կարող։

Եւ նա խոստովանում է իր սիրած աղջկան, յուսով որ աղջիկն իրեն կհասկանայ։ Իսկ աղջիկն իհարկէ չի հասկանում։ Նախ որովհետեւ փոքր է, ու յետոյ այդ պայքարը իրենը չէ իրականում։ Շատ «քուլ» է երեւում այդպիսի մեծ, ամէն բան տեսած տղան, միայն մի բան էր իր մէջ անյարմար՝ պարտուած էր։ Բայց երբ նա կրկին ընդվզեց, սկսեց պայքարել արդարութեան համար, ծիտն այդպիսի մարդուն ընդունել չկարողացաւ։ Եւ գնաց հետ, իր լաւիկ, առանձնապէս ոչ մի սկզբունք չարտայայտած տղայի մօտ։ Ում հետ կոմֆորտ է։

Երեւի թէ որովհետեւ այդ ծիտը, նա փիլիսոփային չէր սիրում։ Չէր սիրում նաեւ այն Իսպանիա թռնել ուզող կինը։ Երկուսն էլ իրականում նրան օգտագործում էին, մէկը՝ դեռ ոչ շատ գիտակցուած, միւսը՝ արդեն բաւական գիտակցուած։ Գիտէր ինչ է իրեն պէտք։ Նա չէր յանձնի փիլիսոփային ոչ թէ գաղափարի պատճառով, այլ քանի որ՝ բա ի՞նչ է անելու, հազիւ իրեն հարմար տղայ է գտել։

բացի դրանից, ֆիլմն այն մասին է, որ մենք ունակ չենք տարբերակել որտեղ է պէտք լինել ազնիւ, իսկ որտեղ՝ չէ։ եւ որն է այդ ազնիւը այս աշխարհում, ուր իշխում է դաժանութիւնն ու բռնութիւնը։ հենց ֆիլմի սկզբից էլ փիլիսոփան այդ օրինակն է բերել՝ դուք կհանձնէ՞ք գողին ոստիկաններին, եթէ իմանաք, որտեղ է նա թաքնւում։ իսկ հրէաների ընտանիքին՝ ֆաշիստներին կհանձնէ՞ք նոյնպէս։

Ռոյը, աղջկայ երիտասարդ ընկերը, իհարկէ յիմարի պէս ծտին հետ է ընդունել։ Չնայած նա այլի է արժանի, իմ կարծիքով։ Մարդ չպէտք է իր սխալների համար դրական ամրապնդում ստանայ։ Մենք ունենք կոտրուած տաշտակի մասին հեքիաթ։ Դա արդարութեան մասին է, այդ հեքիաթը։ Իսկ նա ով բացասական ամրապնդում չի ստանում, հակում է ձեռք բերում կրկին չարաշահել իր ունեցած մարդկանց։ Իր հերթին Ւուդին շատ մօտ է անում ֆիլմը կեանքին։ Այո, տղան իրօք յիմարի պէս հետ էր ընդունելու։ Առանց ոչ մի կշտամբանքի։ Բայց այս անգամ։ Ոչ յաջորդ։

Նոյնը այն լքուող ամուսինը։ Ասում է՝ «լաւ մտածիր»։ Ի՞նչ լաւ մտածել։ Գնա՛ գրողի ծոցը։ Եւ տղան, եւ այդ ամուսինը կարող են մտածել, որ իրենց բախտը բերել է՝ իրենք այդ իրենց ծտերին հետ ստացան։ Բայց ես այդպէս չեմ կարծում։ Լաւ հնարաւորութիւն ունէին տեսնելու, ով է իրենց իսկական ընկերը։ Տեսնել ուզել է պէտք միայն։

Ու այստեղ եւս մի այլ հարց է ծագում։ Իսկ իրենց պէ՞տք է ընկեր։ Թէ՞ պէտք է լաւ ծիտ/քուլ տղայ/իսպանիա տանող ունենալը։ Տղաներին էլ։

Ռոյը այդ ծտին կը շրջապատի սիրով, կանի ամէն ինչ որ նա իրեն լաւ զգայ։ Իսկ կանի՞ ծիտը, թէ չէ, ես չգիտեմ։ Քանի որ պարզ չէ բնաւ, նա սիրել ունա՞կ է թէ ոչ։ Ո՞ւր է կորել այդ իր կարեկցանքը՝ փիլիսոփայի ծանր փորձութիւնների հանդէպ էմփաթիան։

Գուցէ ոչ մէկն էլ ունակ չէ, պարզապէս գտնում են հարմար մի տարբերակ, շահերի համընկում, հետաքրքիր կը լինէր իմանալ ինչ է մտածում այդ մասին ինքը՝ Ւուդին։ Նկատի ունեմ՝ իր ֆիլմերը կրկին դիտել, եւս մի անգամ շուրջը նայել ու մտածել։

Ւուդին շատ հաւէս է վառում, (expose) տեսանելի դարձնում մարդկանց մէջ չափազանց տարածուած վարքագծի շաբլոններ։ Շաբլոններ, որ մենք թէեւ նկատում ենք, բայց ինքներս անզօր ենք ինչ֊որ բան փոխել մեր մէջ։

Ես այդ ժամանակ մտածում եմ՝ ինչ նման են մարդիկ դրանով։ Բոլորը ինչքան նմանութիւններ ունեն։ Ոչ միայն արտաքին, փաստօրէն։ Ինչքան կանխատեսելի են։ Ես էլ։

Կադրում ուշադրութիւն գրաւեցին Դոստոեւսկու «Ապուշը» ու Հաննա Արենդթի մասին գրուածքը։ Առհասարակ, ակնյայտ է որ Ւուդին Դոստոեւսկու վրայ տարած է։ Սա առաջին անգամը չէ։ Ու գուցէ իր ֆիլմերը ապագայում լինելու են «պարտադիր ընթերցանութիւն», ինչպէս այսօր Դոստոեւսկին է։

այսքանը, գուցէ ինչ֊որ բան աւելացնեմ մեկնաբանութիւններում։

ասք Ալավերդի ֆիլմի մասին

523070_483487351676158_1681581064_n

Առաջինը՝ սա իսկական կինո է։

Իսկական, սկսած կինոժապավենից, շարունակվում է, ինչպես կինոյում պետք է լինի։ Երբ պատկերը լավն է, ձայնը լավն է, լույսը՝ մտածված է, դերասանների խաղ՝ կա, ամեն ինչ կարգին է, ոչ մի բանի առանձնապես չես կպնի, ու մնում է նայել, ընկալել, զգալ, մտածել։

Ակնհայտ է, որ սա մասնագետների գործ է։

Օպերատորական աշխատանքը՝ Մկրտիչ Մալխասյան — պարզապես հիանալի է։

Բազմաթիվ լավ ռեժիսորական նախոդկաներ՝ իսկ խխունջն եւ գնացքը պարզապես վերջն են։

Ամեն կադրում, ամեն կադրում ես զգում եմ, որ այն մտածված է, որ ամենը պատահական չէ, որ դետալներին ուշադրություն է դարձվել։

Քաղաք․

Ալավերդին իրոք կինո նկարելու տեղ է, ես Մարիային լրիվ հասկանում եմ։

Իմ մոտ էլ միշտ, երբ այնտեղով անցնում եմ, ցանկություն է լինում նկարել, նկարել, նկարել։

Ալավերդին վերջն է, ու այն Երեւանի պես դեռ այլանդակված չէ, քանի որ ոչ մեկին պետք չէ, որ այն այլանդակեն։ Մնացել է հիմնականում, որպես կար, ոնց որ նախագծված էր։

Գետը, կախովի կամուրջները, գնացքը, շենքերը, լեռները, գործարանը։

Ամենը սպանիչ է։

Սպանիչ լավը, նկատի ունեմ։

Լիճը, ու վերջին կադրերը՝ սպանիչ են։

Երեւանը… ճիշտ է, Երեւան գրեթե չկա։ Բայց Արամի խաչմերուկի պատը… էլ ի՞նչ կա Երեւանում։ Կոնսերվատորիան՝ պարզապես սցենարով է պետք, այդ պատճառով է։

Հանրապետության հրապարակ՝ էլ ո՞ւր պիտի գնա աղջիկը առաջին անգամ այցելելով քաղաքը։ Այսինքն, գուցե եւ արդարացված է։

Պատմությունը․

Ես ասում եմ, որ ինձ դուր չի գալիս, քանի որ, ես շատ բան եմ ուզում։

Բայց այնուամենայնիվ, մտահղացումը ինձ հարազատ է։

Ու այն իրական է։

Ես գիտեմ մի քանի այդպիսի Լոռեցի փախած աղջիկների, ու գուցե, նրանք այդպես էլ մեծացել են, գուցե այդպես էլ ապրել են։ Գուցե այդպես էլ չաթվում էին։

Երեւի, նույնքան միայնակ ու չհասկացված էին իրենց զգում պատանեկության ժամանակ։

Երեւի, նման կերպ բացահայտում էին Երեւանը։

Ինձ դուր է գալիս որ դա սերունդների կապի մասին է։ Քանի որ այն լինում է, ու նույնիսկ առանց հորը ճանաչելու, այն պայմաններում, երբ իր մասին ոչ մի բան չգիտի, աղջիկը կարող էր իր մասին շատ բան իմանալ, կարող էր նրան նմանվել, ենթագիտակցաբար հասկանալով, սովորելով, զգալով, ընկալելով այդ տեղեկատվությունը գաղտնիքը պահպանող մայրիկի միջոցով։

Հոր ամենալավ հիշողությունը՝ տունը սարի գլխին։ Հուզիչ է։

Նա իրականում ավելի լավ հիշողություն չունի, թեեւ պնդում է, որ Ալավերդին գրողի ծոցն է, թեեւ չի հասկանում, ինչ է անում այնտեղ Սոնան։ Իր սիրտը լեռներում է։

Երաժշտություն։

Հայկական հոգեւոր երաժշտություն։ Վեհ։ Հիանալի կատարմամբ։

Սպանիչ է։

Ինձ հասկանալի չէր, ինչպես է այդ ռուսախոս մայրիկը զբաղվում հայկական հոգեւոր երաժշտությամբ, ինչպես է կպնում այդքան շատ ռուսերենը ու այդ երաժշտությունը։ Ենթադրում եմ, որ Մարիան պարզապես չի պատկերացրել այլ կերպ, ինչպես եւ ես տասնհինգ տարի առաջ չէի կարող պատկերացնել ոչ ռուսալեզու սցենար։ Իսկ նա հայրենադարձ է։

Մյուս կողմից, հայերեն ֆիլմում կա՝ դա կենցաղային լեզուն է։ Իսկ ռուսերենը՝ երազանքների լեզուն է։ Ես կարծում եմ, որ չի կպնում, չի ստացվում, չի բռնում, չի լինում, որ ռուսալեզու մայրիկը լինի հայկական հոգեվոր երաժշտության երգչախմբի ղեկավար։

Ու ֆիլմից երեւում է, ինչ է ռեժիսորի գլխում, ոչ միայն այդ ռուսերենն է, բայց այդ ամենը՝ սարերը, խխունջները, գնացքները, սերպանտինները, հարաբերությունները, գաղտնիքները, ու այդ ամբողջը ստեղծում է մի փախած ու բնավ ոչ օրդինար կերպար, ինչպիսին է, ես չեմ կասկածում, ինքը Մարիան։

Փառատոնի այս տարվա լավագույն հայկական ֆիլմը, իմ կարծիքով «Այդ ես չեմ», կամ «Ալավերդի» Մարիա Սահակյանի։

ու տենց

ասք անգրագետ կինոյի մասին

Այդքան ափսոս է, մարդիկ եկել էին, հույս ունեին լավ հայկական ֆիլմ տեսնելու։ Նրանք ուզում էին տեսնել հայկական կինո։ Մի քանի խումբ երիտասարդները նստել էին առաջին շարքի դիմաց խալու վրա, քանի որ տեղ չկար։ Նրանք էլ էին հուսով որ լավ հայկական ֆիլմ են դիտելու։

Թոթվում եմ ուսերս։ Իրականում դա կինո չէր։

Դա նույնիսկ տելեֆիլմ էլ չէր։

Մի հատ էլ բացմանը ասում էին՝ կասեք ձեր ծանոթներին որ գան դիտեն, երկար պտտելու ենք կինոթատրոններում։ Բայց դա սպասելի էր։

Ես Քոչարի այլ գործերը չէի տեսել, այդ պատճառով էի այնտեղ։

Իսկ պետք էր դուրս գնալ անմիջապես երբ Քոթանջյանը անկապ փոխվեց ռուսերենի՝ հավանաբար ֆիլմի պրոդյուսերներից մեկի քամակը մտնելու համար։

Ֆիլմը նշել էին որպես 16+ բայց իրականում այն 5- էր։

Չզարգացած երեխաների համար, ով դեռ ոչ մի բան չի հասկանում, ու կարող է հետաքրքվել, կամ ցավակցել հնդկական կինոյի հերոսներին։ Չնայած ես խորհուրդ չէի տա ոչ մի երեխայի այն նայել, քանի որ դա կարող է լավ չազդել ճաշակի վրա։

Սկսեմ տեխնիկայից․

Չկա։ Բացարձակապես։ Ձայնավորման որակը… բացակայում է։

Ես նույնիսկ այն մասին չեմ, որ խոսքը երբեք սինք արած չէ շարժումներին։ Չէ։ Առհասարակ ձայնավորումը, ինտերաղմուկը, կամ դրա բացակայությունը, մի խոսքով՝ ձայնը անգրագետ էր։

Այնքան անգրագետ, որ ոչ մի իրեն հարգող ալիք այդ ֆիլմը պարզապես չէր վերցնի տեխնիկական աններելի սխալների պատճառով։ Ես կասեի, որ նույնիսկ ուսանողական ֆիլմը իրավունք չունի այդպես արված լինելու։

Երբ դանդաղեցնում էին կադրերը, ֆիլմի սկզբում շարժումները կտրտվում էին։ Եթե դա նույնիսկ հայկական տվ֊ում ինչ֊որ մեկը անի, իր գլուխը կպոկեն։ Այդպիսի նյութ եթեր չի գնում հայկական հեռուստատսեությամբ, ինչպես ես այն հիշում եմ մի քանի տարի առաջ։

Նյութի(ֆիլմ էլ ասելս չի գալիս) վերջերում արդեն այդ շարժումների կտրտելը փորձում էին հարթել կիրառելով բլուր։ Ու էլի շատ վատ էր ստացվում։

Իսկ դա այն մասին է, որ նկարելու սկզբից չգիտեին, որ ուզում են այստեղ դանդաղեցնել։

Այն մասին է, որ ոչ պրոֆեսիոնալ էին աշխատում։ Որովհետեւ եթե դու գիտես, որ ուզում ես դանդաղեցնել, ապա դու նկարում ես ոչ թե 25 կադր, նկարում ես ասենք 50 կադր վայրկյանը։

Բացի դրանից, ես կարծում եմ, չնայած դա տեխնիկայի մասին չէ արդեն, որ այդ դանդաղեցումները արդարացված չէին մեծ մասամբ ու ռաբիս հարսանիքի էֆեկտ էին հիշեցնում։ Ես լրիվ պատրաստ էի արդեն, որ պերեբիվկեքի փոխարեն էկրանին էջեր թերթվեն, կամ ինչ֊որ հարսանիքային այլ էժան էֆեկտներ լինեն։

Այո, ֆիլմը էժան էր։

Օպերատորական աշխատանք նույնպես բացակայում էր։

Ամեն մի կադրը, ամեն մի ռակուրսը, էլ չեմ ասում այն հիմար շարժումների մասին, անգրագետ էին։ Օպերատորները այդպես չեն աշխատում, ու իմ մոտ տպավորություն էր, որ ռեժիսորի հորեղբոր տղան էր եկել իր տան խցիկով նկարում։ Ես չգիտեմ ով է նկարել, որտեղից են պեղել այդ մադրուն։

Ախպերությո՞ւնն էր, ոչ թե լավերը։ Ո՞նց էին ընտրում այդ թիմը։

Ենթադրում եմ, որ ռեժիսորը չի զգացել, որ թիմը լավը չէ, այդ պատճառով էլ իրենք իրար արժեն։

Դերասաններ․

Երբեմն ֆիլմերում վերցնում են պարզապես գեղեցիկ աղջիկներ, մոդելներ, ովքեր խաղալ չգիտեն, բայց հաճելի արտաքին ունեն։ Խաղը խափանվում է, բայց լինում է նայել աղջիկներին։

Աղջիկներին նայելը չստացվեց, քանի որ օպերատոր չկար։

Որն էր իմաստը Աննայի՝ «սիրնուտ քաղաքի ծտի» դերում նկարել էդ օտարերկրացուն՝ չգիտեմ։ Նա զիջում էր արտաքինով այն հայ աղջկան, ով խաղում էր Հայկուհու՝ «գեղի ծտի» դերը։

Բայց ըստ սցենարի, Աննա պիտի որ ավելի լավը լիներ։

Ռեկվիզիտ․

Ասելու բան չկա, լրիվ անճաշատ էր։ Կոշիկները, զգեստը, մեյք ափը։

Սենյակները։ Ամենը։

Քաղաք․

Երեւանում, թվում է, բացի Հանրապետության ու Շարլի հրապարակներից, այլեւս տեղ չկա։

Հայկուհին ապրում է ոչ վերջին հարկում, բայց իր դռան կողքը հրշեջ սանդուղք է։ Աննան անցնում է իր դռան կողքով ու բարձրանում իր տուն, որ երեւի կտուրում է։

Ապա գործը պետք էր կոչել՝ Աննան ով ապրում է կտուրում։

Խաղը․

չկա

Սցենարը․

Չգիտեմ։

Գուցե ինչ֊որ լավ բան հնարավոր էր անել այդ սցենարի հետ։

Բայց ռեալիզացիան ամենը փչացնում է։

Ռեժիսուրան․

Ռեժիսորն է այն մարդը ով ընտրում է թիմ ու կոորդինացնում է այդ թիմի աշխատանքը, որպեսզի ստանա իր ուզածը։

Եթե նա չի զգացել, որ ֆիլմը չի ստացվում, դա երեւի զարմանալի չէ, քանի որ նա չի զգացել, որ ոչ մի կադր լավը չէ, որ ձայնը ահավորն է, որ ամենը ահավորն է։

Ամպերը վուլգար են օգտագործված։

Այն տեսարանները, ուր գոնե հնարավոր կլիներ նայել աղջիկներին, ու դա ենթադրում եմ, պետք է հաճելի լիներ, անհույս փչացված են օպերատորի բացակայությամբ։

Արդարացված չէր բռնությունը։ Այսինքն ֆիլմը բռնության մասին է, ոչ թե մազոխիզմի, չէ՞։

Իսկ ես չեմ տեսնում, ուր է այնտեղ այն բռնությունը, որ ցանկացած հայ աղջիկ չի կարող կանխել։ Եթե իհարկե չի ուզում։ Իսկ պետք է ցույց տային, որ չի ուզում, կարծես թե։

Որ իր կամքի հակառակ են բռնանում։ Բայց ես դա չզգացի, նա էր որոշումները ընդունում, իր որոշումներն էին բոլորը։

Նաեւ, ըստ կինոյի երիտասարդները այնքան դատարկ են, որ էլ առհասարակ ոչ մի բանի մասին չեն մտածում։ Ես չեմ հավատում, որ այդքան դատարկ են։ Ես կարծում եմ, որ եւ հիմար ծտերը եւ քյարթ տղաները ունենում են հետաքրքրություններ՝ տեխնիկա, օրինակ, այդ իրենց մեքենաները ինչպես տյունինգ անել, ու ինչպես վերանորոգել, ինչպես են դրանք աշխատում, գոնե լեվի վտուլկի մասին, ու աղջիկները ինչ֊որ գրքեր կարդում են, ու զույգերը ունենում են որոշ ընդհանուր բաներ, իրենք պարզապես այդպես չեն ստացվում, ես չեմ տեսել Հրանտի ու Աննայի կապը, ես չեմ տեսել իրենց չանտարբերությունը։

Ես չեմ տեսել ոչ մի զգացմունք։ Իսկ ենթադրում եմ, որ բռնության մասին ֆիլմում այն պիտի լինի։

Բռնաբարությունների տեսարանները շատ վատ են նկարված։ Երեխայական։

Թվում է, այս ֆիլմը իրականությունից այնքան հեռու է, որ անհնար է, որ այդպես լինի, իսկ իմաստը այն էր, երեւի, որ մարդիկ նայեն, ու լավը դառնան, չուզենան բռնություն անել։

Ես կմտածեի, որ իմ մոտ պարզապես մտքի խափանում է, քանի որ ես բնավ չեմ կարող բացատրել, այն որ նյութը ցույց են տալիս որպես ծիրանի լավագույն ֆիլմերից մեկը, սակայն դահլիճի հիասթափությունը ինձ հուշում է որ ես կարծես չեմ սխալվում։

Ես շատ վշտացա տեսնելով ինչպես են երիտասարդները ծաղրում այդ գործը։ Որովհետեւ նրանք ուզում էին հավատալ, որ Հայաստանում լավ բան է նկարվել, անկեղծ հույս ունեին, ու փաստացի հիասթափությունն էին ծածկում ծաղրանքով ու ուրախությամբ։

Իրականում իրենք շատ տխուր էին։

Իսկ ես ապա իրենց հարցնում էի՝ դուք Մարիա Սահակյանի ֆիլմը տեսե՞լ եք։ Որովհետեւ այն հույսերը արդարացնում էր։ Ու այդ կինոյի մասին՝ հաջորդ փոստում։

ու տենց

ասք շախմատիստ երեւալու մասին

Ուրեմն, այն ահավոր բանը որ դրել են Կինո Մոսկվայի մոտ, որ մթոմ շախմատի դաշտ է, ի՞նչ ֆունկցիա է կատարում։

Բեմի, ոչ թե շախմատի դաշտի։

Այնտեղ երեխաները թռվռում են ձիերի, պեշկաների ու ֆերզի հետ, ու իրենց շախմատիստ են զգում (շոուինգ օֆ), երբ իրենց երջանիկ մայրիկները լուսանկարում են այդ հիմարությունը որ տանեն օդն (իրենց շոուինգ օֆը)։

Այսպես բոլորը ստանում են բավականություն դատարկ տեղը։

Շատ լավ իլյուստրացիա է նրա ինչով է հիվանդ մեր հասարակությունը։

Երեւալ ու չլինել։ Երեւալ ու չլինել։

Կրկնում ենք բոլորս, երեւալ ու չլինել։

Բայց ինչ հեշտ ձեւ է երջանիկ զգալու քեզ ինքնախաբեությունը, ապշելու է պարզապես, անհավատալու է։

Քո երազած տղան արդեն իսկ կասկածելի գաղափար է, ուր մնաց որ քեզ իրա տեղը դնես, առանց լինելու։

ու տենց

ասք հաշտեցման մասին

ուրեմն, երեկ դիտել եմ «հակամարտությունը եւ հաշտեցումըը կենտրոնական֊արեւելյան Եվրոպայի կինոմշակույթում» կինոփառատոնի առաջին ֆիլմը՝ «Գալիցիայի երեք պատմությունները», արտադրողը՝ ԱՄՆ։

Հավես է, որ մարդիկ սովորեցին փառատոններին գալ։ Վերջապես։

Ֆիլմը ցուցադրում էին դվդ֊ից, շատ վատ որակով։

Առաջին կադրերից մեկում պանորաման կտրտում էր ֊ այսինքն կամ դանդաղեցրել են անորակ իրենց քսանհինգ/երեսուն կադրը, կամ անորակ գրություն էր, կամ անորակ նվագարկիչ։ Բայց նման էր, որ անորակ արագության փոփոխություն է մոնտաժի ժամանակ։

Ռեժիսուրան շատ վատն է, օպերատորական աշխատանքը ֊ շատ վատն է։ Ոնց որ այդ մարդիկ ոչ մի տեղ չեն աշխատել, ոչ մի տեղ չեն սովորել։

Մի տեղ խայտառակ հատված է, երբ նկարահանող թիմից մեկը կանգնած է կադրի մեջ, մի քիչ դեպի կադրի կենտրոն է շարժվում, հետո վախենում, ու հետ գնում, իր արեւին չի երեւում։

Սցենարի մասին։

Տիպիկ փողով գրած սցենար է։

Արտահայտությունները չեն դիմանում թեթեւ քննադատությանը։

Ստանդարտ տրամաբանական վրիպումներ են, որ անպատրաստ ունկնդիրը չի նկատի ֊ չափազանց պարզ խոսքեր, թվում է թե «ճիշտ», հիմնում է իր «մեսեջը» ինչ֊որ անկապ խոսքերի, ոչ թե, ասենք թվերի, հետազոտությունների, կամ շատ ընհանդրացված տեքստ, որի հետ մի կողմից բարդ է չհամաձայնվել, մի կողմից բարդ է համաձայնվել։

Ֆիլմից, այսպես ասած զռռում էր, որ այն փողով նկարած ֆիլմ է, որն ինչ֊որ հստակ մեսեջ պետք է հաղորդի։ Որ այն բնավ օբյեկտիվ չէ։

Ու այն մասը, որ ինձ դուր է եկել, այսինքն այն, որի մասին մոռանում են, երբ գովաբանում են սովետը, ֊ այն մասին ինչպես էր սովետը ճնշում, ու փտեցնում կգբ֊ի նկուղներում այլ կերպ մտածողներին ֊ դա էլ է կորցնում գինը, որովհետեւ հասկանում ես, որ ֆիլմի նկարողներին, ու տեքստ գրողներին դա բնավ էլ չէր հուզում ֊ գործ է անում են։

Ի դեպ, նկուղներից դուրս եկած ուկրաինացի կինը շատ հետաքրքիրն էր նաեւ նրանով, որ նա հավես ուկրաինական ազգային ազատագրական շորեր էր հագնում։

Ֆուտբոլ խաղացող երեխաներին են նկարել, ասում էին ֊ այ երեխաներին չի հուզում խաղալիս, թե իրենց հետ խաղացողները լեհ են, ուկրաինացի թե հրեա։ Հա, ինչի՞ պետք է հետաքրքրի։ Բայց ֆիլմը լուծում չի տալիս։ Այո, երեխաները չունեն այն խնդիրները որոնք ունի մեծերի հասարակությունը։ Բայց այդ խնդիրները առաջանում են, ու դրանց պետք է լուծում տալ։ Եթե լուծում չի տրվում, մարդիկ իրար սպանում են։ Ու ֆիլմը պատմում է այն մասին, ինչպես են մարդիկ իրար սպանել, բայց այլընտրանք չի առաջարկել։ Մի սպանեք։

Հա, մեկը չի սպանի։ Հետո՞։ Իրան կսպանեն, եթե չհասցնի թռնել։ Լուծում տալ է պետք, իսկ լուծում տրված չէ։

Պատմել են մի լուծման մասին, ինչպես Ուկրաինացիները գնացին Ուկրաինա, իսկ լեհերը ֊ լեհաստան։ Այո, դա լուծում էր։ Գործող։ չեմ ասում որ լավագույնն էր։ Բայց էլ իրար չեն սպանում։ Ու հիմա, երբ Լեհաստանում չկան ուկրաինացիներ, իրենք կարող են հանգիստ խղճով վերականգնել ուկրաինական եկեղեցին։ Վայ ինչ լավն են։ Ավելի լավ է չսպանեին, հիմա էլ պետք չէր լինի վերականգնել։ Այն էլ եկեղեցին։

Եկեղեին ի՞նչ։

Այդ եկեղեցու մասին ֆրագմենտ կար ֊ գյուղ մտել էին խմած լեհ զինվորականներ ու կրակում էին ամեն ինչին, ինչ տեսնում էին։ Քանի որ մարդիկ թաքնվել էին, նրանք դեռ չէին հասցրել նրանց գտնել եւ սպանել, մտան եկեղեցի, կրակեցին «ուկրաինական աստվածածնի» ձեռքին։

Ինչպե՞ս մարդիկ փրկվեցին։ Գյուղը շրջափակեցին ուկրաինական զինված ուժերը, եւ հայտարարեցին ֊ եթե մեկին ձեռք տաք, ոչ ոքդ այստեղից կենդանի դուրս չի գա։ Լեհերը թողեցին գնացին։ Մարդիկ փրկվեցին։ Եկեղեցականն ասաց՝ «աստվածածինն մեզ փրկեց»։ Հա, բա ոնց։ Այդպիսի եզրակացություններ են։ Իսկ փաստացի եթե ուկրաինական ուժը չլիներ, սաղին սպանելու էին։ Ու դա էլ էր լուծում։

Փաստացի եւ գործող։ Իսկ ֆիլմը այլ լուծում չի առաջարկել։

Իսկ ինչի՞ են մեզ նայացնում այդ ֆիլմը։ Որ մենք ասենք ֊ հա, բան, լավ չի իրար սպանել։ Հա, ո՞վ է ասում որ լավ է՞։ Ո՞վ է ուզում սպանել կամ սպանվել։ Ո՞վ է ուզում պատերազմ։ Ոչ մեկ էլ չի ուզում։

Այդ խնդիրը չկա։ Ապա ի՞նչ են ուզում մեզ համոզել։

Ի՞նչն է սխալ մեզ մոտ։

Այն, որ մենք ունակ ենք եղել կիրառել ուժ, ու միայն դա ֊ երաշխավորել է վերջին տասնյոթ տարիների ընթացքում խաղաղ կյանք Արցախում։

Ես չեմ կարող չմեջբերել Հովարդ Ցիննին, ով ասել է՝ խնդիրները լինում են ոչ թե դիմադրելուց, այլ չդիմադրելուց, ենթարկվելուց՝

scaled_full_2e4973502a39a13ed1e7

Դա է խնդիրը։ Ու դեռ մենք ունենք մեկ գործող լուծում ֊ դիմադրել։

Մենք չունենք այլ լուծում, որովհետեւ փողը ծախսվել է հիմար ֆիլմ նկարելու, ոչ թե հետազոտություն անելու, թե ինչ այլ լավ լուծում կարող է լինել։

Ուզում էի գրել հրեայի պատմության մասին, կամ հիմար օճառի օպերայի, բայց երեւի էլ չեմ գրի։

ու տենց

ասք ԼՈԼ֊ի մասին

Եթե համեստ որեւէ մի էակ մտնի կինո մոսկվայի կայքը, moscow.am֊ը չէ, հիմա moscow.am֊ը տարբերվում է moscowcinema.com֊ից, նա գուցե եւ սկզբից նկատի որ էջի աջ վերեւի մասում, երբ մկնիկի սլաքը մոտեցնում ես, խաչ է հայտնվում։

Գուցե, նվաստը, սեղմի ու տեսնի ինչ կլինի՝

Ամբողջ էկրանով տարբերակը սա է (2 մբ), ավելի լավ է երեւում։

Այցելուն կխորհի այն մասին թե որն էր այդ ստեղնի իմաստը, ու ինչ եղավ, այնուհետեւ նա կզննի ֆիլմերի ցանկը, ու գուցե նկատի ԼՈԼ անվանումը։

Կմտածի, որ, գուցե, իրականում հայերեն լավ չգիտի, ու գուցե պետք է ճշտել, ինչ է ԼՈԼ֊ը նշանակում ռուսերեն տարբերակում։

այնպես որ զգոն եղեք Կինո Մոսկվայի կայքով շրջելիս։

այնտեղ դուք կարող եք հանդիպել ԼՈԼ֊ը իր լրիվ գեղեցկության մեջ։

ու տենց