նախ ասեմ որ շատ հաւէս է նստել պատշգամբին այս անձրեւոտ օրը եւ գրել տեքստ։
«իռացիոնալ մարդ»֊ն եմ այսօր դիտել։ կինո մոսկուայում։ Ւուդին վերջն է։ Նա շատ լաւ գիտի մարդկանց։ Ու փորձում է անել խորը ֆիլմեր։ Չնայած այդ խորութիւնը միշտ չէ որ նկատում են։ Մարդ էլ չկար դահլիճում։ Եօթը զոյգ։ Պատահաբար չէ, որ Ւուդին վաղուց չի կարողանում ԱՄՆ֊ում ֆիլմերի փող գտնել։ Նա աշխատում է Եւրոպայում։ Այս ֆիլմն էլ հաւանաբար եւրոպական փողերով էր նկարահանուած։ Սա բերում է ինձ ազատ շուկայի պարագայում լաւ կինո նկարելու հարցին։ Այսօր իմ սովորական պատասխանն այն է, որ շատ մեծ շուկայի դէպքում, լինում է բաւական մարդ, ով կը սպառի լաւ արուեստ, եւ այդ փոքր շուկան բաւական է լինում, որ ինչ֊որ մէկը փող ներդնի, ու շահոյթ ունենայ։ Բայց կարծես թէ նոյնիսկ ԱՄՆ֊ի շուկան չի հերիքում։
Ֆիլմը մարդու մասին է, ով ամբողջ իր կեանքը արդարութեան համար պայքար է մղել։ Ու այդ պայքարն իրեն թանկ է նստել՝ մօտ մարդկանց կորուստ, ծանր հիւանդութիւն, եւ նա վերջապէս թեւաթափ է եղել։
Որովհետեւ նա փորձում էր պայքարել այսպէս ասած, «խաղաղ» մեթոդներով։ Իսկ իր դէմ խաղացել են բնաւ ոչ խաղաղ։ Խաղաղ պայքարը շատ դէպքերում դատապարտուած է պարտութեան։
Ու հիմա այդ մարդը վճռում է մի բան անել, մի մանրուք, իր այլ պայքարների համեմատ, բայց անօրինական, ոչ խաղաղ։ Նա վճռում է գործել այնպէս, ինչպէս գործում են իր հաւատացած արդարութեան դէմ։ Նա մտածում է, որ կարող է յաղթել։
Սակայն ֆիլմն այն մասին է, որ նա չի կարող։ Այս աշխարհում՝ չի կարող։
Եւ նա խոստովանում է իր սիրած աղջկան, յուսով որ աղջիկն իրեն կհասկանայ։ Իսկ աղջիկն իհարկէ չի հասկանում։ Նախ որովհետեւ փոքր է, ու յետոյ այդ պայքարը իրենը չէ իրականում։ Շատ «քուլ» է երեւում այդպիսի մեծ, ամէն բան տեսած տղան, միայն մի բան էր իր մէջ անյարմար՝ պարտուած էր։ Բայց երբ նա կրկին ընդվզեց, սկսեց պայքարել արդարութեան համար, ծիտն այդպիսի մարդուն ընդունել չկարողացաւ։ Եւ գնաց հետ, իր լաւիկ, առանձնապէս ոչ մի սկզբունք չարտայայտած տղայի մօտ։ Ում հետ կոմֆորտ է։
Երեւի թէ որովհետեւ այդ ծիտը, նա փիլիսոփային չէր սիրում։ Չէր սիրում նաեւ այն Իսպանիա թռնել ուզող կինը։ Երկուսն էլ իրականում նրան օգտագործում էին, մէկը՝ դեռ ոչ շատ գիտակցուած, միւսը՝ արդեն բաւական գիտակցուած։ Գիտէր ինչ է իրեն պէտք։ Նա չէր յանձնի փիլիսոփային ոչ թէ գաղափարի պատճառով, այլ քանի որ՝ բա ի՞նչ է անելու, հազիւ իրեն հարմար տղայ է գտել։
բացի դրանից, ֆիլմն այն մասին է, որ մենք ունակ չենք տարբերակել որտեղ է պէտք լինել ազնիւ, իսկ որտեղ՝ չէ։ եւ որն է այդ ազնիւը այս աշխարհում, ուր իշխում է դաժանութիւնն ու բռնութիւնը։ հենց ֆիլմի սկզբից էլ փիլիսոփան այդ օրինակն է բերել՝ դուք կհանձնէ՞ք գողին ոստիկաններին, եթէ իմանաք, որտեղ է նա թաքնւում։ իսկ հրէաների ընտանիքին՝ ֆաշիստներին կհանձնէ՞ք նոյնպէս։
Ռոյը, աղջկայ երիտասարդ ընկերը, իհարկէ յիմարի պէս ծտին հետ է ընդունել։ Չնայած նա այլի է արժանի, իմ կարծիքով։ Մարդ չպէտք է իր սխալների համար դրական ամրապնդում ստանայ։ Մենք ունենք կոտրուած տաշտակի մասին հեքիաթ։ Դա արդարութեան մասին է, այդ հեքիաթը։ Իսկ նա ով բացասական ամրապնդում չի ստանում, հակում է ձեռք բերում կրկին չարաշահել իր ունեցած մարդկանց։ Իր հերթին Ւուդին շատ մօտ է անում ֆիլմը կեանքին։ Այո, տղան իրօք յիմարի պէս հետ էր ընդունելու։ Առանց ոչ մի կշտամբանքի։ Բայց այս անգամ։ Ոչ յաջորդ։
Նոյնը այն լքուող ամուսինը։ Ասում է՝ «լաւ մտածիր»։ Ի՞նչ լաւ մտածել։ Գնա՛ գրողի ծոցը։ Եւ տղան, եւ այդ ամուսինը կարող են մտածել, որ իրենց բախտը բերել է՝ իրենք այդ իրենց ծտերին հետ ստացան։ Բայց ես այդպէս չեմ կարծում։ Լաւ հնարաւորութիւն ունէին տեսնելու, ով է իրենց իսկական ընկերը։ Տեսնել ուզել է պէտք միայն։
Ու այստեղ եւս մի այլ հարց է ծագում։ Իսկ իրենց պէ՞տք է ընկեր։ Թէ՞ պէտք է լաւ ծիտ/քուլ տղայ/իսպանիա տանող ունենալը։ Տղաներին էլ։
Ռոյը այդ ծտին կը շրջապատի սիրով, կանի ամէն ինչ որ նա իրեն լաւ զգայ։ Իսկ կանի՞ ծիտը, թէ չէ, ես չգիտեմ։ Քանի որ պարզ չէ բնաւ, նա սիրել ունա՞կ է թէ ոչ։ Ո՞ւր է կորել այդ իր կարեկցանքը՝ փիլիսոփայի ծանր փորձութիւնների հանդէպ էմփաթիան։
Գուցէ ոչ մէկն էլ ունակ չէ, պարզապէս գտնում են հարմար մի տարբերակ, շահերի համընկում, հետաքրքիր կը լինէր իմանալ ինչ է մտածում այդ մասին ինքը՝ Ւուդին։ Նկատի ունեմ՝ իր ֆիլմերը կրկին դիտել, եւս մի անգամ շուրջը նայել ու մտածել։
Ւուդին շատ հաւէս է վառում, (expose) տեսանելի դարձնում մարդկանց մէջ չափազանց տարածուած վարքագծի շաբլոններ։ Շաբլոններ, որ մենք թէեւ նկատում ենք, բայց ինքներս անզօր ենք ինչ֊որ բան փոխել մեր մէջ։
Ես այդ ժամանակ մտածում եմ՝ ինչ նման են մարդիկ դրանով։ Բոլորը ինչքան նմանութիւններ ունեն։ Ոչ միայն արտաքին, փաստօրէն։ Ինչքան կանխատեսելի են։ Ես էլ։
Կադրում ուշադրութիւն գրաւեցին Դոստոեւսկու «Ապուշը» ու Հաննա Արենդթի մասին գրուածքը։ Առհասարակ, ակնյայտ է որ Ւուդին Դոստոեւսկու վրայ տարած է։ Սա առաջին անգամը չէ։ Ու գուցէ իր ֆիլմերը ապագայում լինելու են «պարտադիր ընթերցանութիւն», ինչպէս այսօր Դոստոեւսկին է։
այսքանը, գուցէ ինչ֊որ բան աւելացնեմ մեկնաբանութիւններում։