հազար անգամ նոյնը գրել եմ, էսօր էլ մեկնաբանել եմ մի տեղ, այստեղ էլ փակցնեմ, ոչինչ, մէկ ա այլ ձեւ ա գրուած՝
սոցցանցը չեմ իմանում ինչ ա, իրականում։
համացանցը՝ մարդկանց ցանցն ա, առաջին հերթին։ ու մարդիկ պահանջ ունեն մի քանի բանի։ գրել մի բան, արտայայտուել, ու կարդալ այլ մարդիկ ինչ են գրել, կամ ոնց են արտայայտուել։
եթէ աբստրակտ՝ ապա դա ա։
նախկինում էսպէս էր՝ մարդը ներկայացուած էր իր համալսարանի սպասարկչով (սերուերով)։ ունէր էնտեղ հաշիւ, ու էդ հաշիւն օգտագործելով շփւում էր այլ մարդկանց հետ՝ այլ սերուերներից։
մէյլն այդպէս ա աշխատում չէ՞։ այ այդ ձեւը։ զի համացանցն ի սկզբանէ նախագծուած ա որպէս ապակենտրոն համակարգ։
հիմա ֆէյսբուքը, օրինակ, մի հանգոյց ա այդ ցանցում։ տուել ա մարդկանց, որ չեն իմանում ինչպէ՞ս կայք բացել ու այնտեղ գրել, ու ինչպէ՞ս հետեւել այլ մարդկանց համացանցում, այդ հնարաւորութիւնը՝ գրելու եւ կարդալու։ եւ անուն մտածեց նոր դրա համար՝ «սոցիալական ցանց»։ բայց մոլորեցնում են էդ անուանումով, զի ցանց չեն՝ հանգոյց են։
ու «բոլորը֊բոլորը» ունեն հաշիւ այդ հանգոյցում։ որ իրար հետ շփուեն։
ինչի՞՝ զի ֆէյսբուքը չի թողնում շփուել իրանից դուրս՝ այն պարադրում ա իր հանգոյցում հաշիւ ունենաս որ այլ մարդկանց հետ շփուես այդ հանգոյցում գտնուող։
եւ մարդիկ չգիտեն, որ իրականում համացանցն ապակենտրոն ա։ իրենք մտածում են որ նորմալ ա որ ֆբ֊ի մարդկանց համար պէտք ա կպնել ֆբ, իսկ թուիթերի մարդկանց հետ շփուելու համար պէտք ա կպնել թուիթեր։
ինձ ասում են՝ «արի ֆբ, որ մեզ հետ կարողանաս շփուել»։ ու չեն իմանում, որ նէնց չի որ ես չեմ կարողանում իրենց հետ շփուել՝ իրենք են որ չեն կարողանում, իրենց ա որ թոյլ չի տալիս ֆբ֊ն ինձ հետ շփուել։
իրենք են պարիսպի հետեւում։ ես չեմ։
այլ հարց ա, որ այո՝ քանի որ ես պարիսպից դուրս եմ՝ ես իրենց հետ չեմ կարող շփուել։
այստեղ ուր գրում ես, եթէ նկատել ես, դու թութ.հայ հանգոյցից ես, բայց կան մարդիկ ամենատարբեր հանգոյցներից՝ չոլից, ոստայնից, արեւից, կէտից, ծմակուտից, անքունից, եւ այլն։
եւ ծմակուտն այլ տեսք ունի, եւ ծմակուտը որ աշխատի՝ այլ ծրագրակազմ ա իրա վրայ օգտագործւում։
բայց դա մեզ չի խանգարում կապի մէջ լինել։
զի համացանց։
#համացանց #ապակենտրոնացում #սոցիալական_ցանց #ցանց #ազատութիւն #գրագիտութիւն
նախորդ գրառումս չեմ գտնում, որ դրան յղուեմ, երեւի չեմ արել։
վաղուց էր, ալթարում գցած էինք, ինչ֊որ մայր եւ դուստր մտան։ մուտքի մօտ ներսից կիսաշրջան աստիճաններ են։ դրանցով իջնելիս մայրը քիչ էր մնում ընկնէր, յետոյ մունաթ եկաւ դստէր վրայ որ նա չպահեց։ ու դուրս գալուց էլ մունաթ եկաւ։
ընկնում էր, որովհետեւ աստիճանները նեղանում են դէպի ծայրեր, իսկ մէջտեղում լայն են։ առաջին քայլն անում ես դռան մօտ, ուր դեռ լայն են։ յետոյ եթէ ուղիղ չգնաս, անխուսափելիօրէն աւելի ու աւելի նեղ տեղ ես ոտքդ դնելու, ու եթէ շատ ուշադիր չես՝ ընկնելը բարդ չի։
էն օրն էլ «ալթար» մի աղջիկ մտաւ, նոյն աստիճանների պատճառով քիչ էր մնում ընկնէր։
յետոյ մօտեցաւ աշխատողներին, նայեց մեզ, նայեց իրանց, ու մինչ հարցեր տալն ասաց՝ «ինձ հետ միշտ սէնց բաներ են պատահում»։
ես էլ հազիւ ինձ զսպեցի որ չասեմ՝ «էդ ձեզ հետ չի պատահում, էդ աստիճանն ա անգրագէտ արուած»։
յետոյ էլ մի աղջիկ էր, նստեց սեղանի մօտ, հենուեց պատին ու հեռախօսով ինետւում էր, մէկ էլ լոյսն անջատուեց։ նա չնկատեց էլ, կամ նկատեց՝ չմտածեց որ էդ ինքն ա որ անջատիչին մէջքով հպուելով լոյսն անջատեց։ յետոյ սրճարանի կառավարիչը մօտեցաւ, խնդրեց լոյսը միացնել։ աղջիկն էլ մի քիչ վատ զգաց որ իր անզգուշութեան պատճառով շատ մարդու միջավայրը փոխուեց։
բայց իրականում էդ սեղանը պէտք ա մի քիչ այլ կողմ լինէր։ կամ անջատիչը։
#ալտար #ալթար #սրճարան #դիզայն #նախագծում #գրագիտութիւն
աչքս լոյս, պատկերացնո՞ւմ էք, արդէն յայտնւում ա գործի տեղում սերունդ, որ իրենցից ոմանք երբեմն տրանսլիտ հայերէն չեն գրում։
յուսանք թրենդը շարունակուելու ա։
#աշխատանք #սերունդ #տրանսլիտ #գրագիտութիւն #հայերէն
թուանշային մինիմալիզմը պատասխան ա կորպորատիւ տեքին։ կորպորատիւ ծրագրակազմն այնքան ա հսկայացել, որ մենք չենք կարող մրցել եւ ստեղծել նմանատիպ այլընտրանքային ծրագրակազմեր։
մտքին եկող առաջին օրինակը՝ մենք չենք կարող ստեղծել մրցունակ վեբ շարժիչ։ իսկ վեբը աճել եւ ճարպերով ա լցուել մասնաւորապէս ինտերնետ գիգանտների շնորհիւ՝ իրենք են առաջարկել եւ անց կացրել իրենց իսկ պէտք եկած ստանդարտներ՝ w3c կոմիտէում։
այսօր մենք մնացել ենք խոշոր խաղացողների վեբ շարժիչների յոյսին։ նոր նախաձեռնութիւն՝ ոչ միայն ազատ, այլ եւ սեփականատիրական՝ դժուար թէ հնարաւոր ա՝ շատ թանկ ա։ արդէն այնքան կոդ ա գրուած, որ այդքանը կրկին գրելն իրատեսական չի։
սա միայն դիտարկիչներին չի վերաբերում։ կան բազմաթիւ տեքնոլոգիաներ, որ առաջ են տարւում թէ որպէս սեփականատիրական, թէ որպէս ազատ, բայց կորպորացիա(ներ)ի կողմից են կառավարւում։
ուզելով բարդ եւ չաղ ծրագրակազմ մենք նպաստում ենք մենաշնորհների ստեղծմանը։
հրաժարուելով ֆիչըրներից եւ ընտրելով մինիմալիզմը՝ ստեղծում ենք մրցունակ տիրոյթ, ազատւում ենք մենաշնորհներից։
հսկայ նախագծերը մեզ նաեւ հետ են պահում իննովացիաներից։ զի քանի որ «այսքանը կրկին գրել չի լինի», մենք կը մնանք իւնիքսում, եւ ոչ աւելի առաջադէմ օպերացիոն համակարգում՝ ինֆերնօյի կամ ա2֊ի պէս, եւ մենք կը մնանք c++֊ով, չկարողանալով անցնել առաջ, եւ ազատուել այդ, իր կեանքն ապրած դինոզաւրից։
ազատ հանրութեան մի մասը դա զգում ա, ու փորձում ա նախագծել պարզ ստանդարտներ եւ պարզ հաղորդակարգեր։
դրա ցայտուն օրինակն ա ջեմինին։ ջեմինին պարզ ա բայ դիզայն եւ նախագծուած ա այնպէս, որ մարդը կարողանայ գոնէ մի շաբաթում գրել սերուեր կամ դիտարկիչ։ որ մարդը կարողանայ մի երկու երեկոյ նստելով, հասկանալ կոդը։
ու այստեղ ես գալիս եմ թուանշային մինիմալիզմի մի մետաֆորայի՝ մինիմալիստական տեքնոլոգիաներով օգտուելը նման ա մարդու չափսին համահունչ քաղաքում ապրելուն։ քաղաքում, ուր երեք֊հինգ յարկանի խիտ դրուած շէնքեր են, եւ ամէն վայր հասանելի ա ոտքով։
ի տարբերութիւն՝ մեծ տարածութիւններով բնակավայրում ունես կախուածութիւն՝ ստիպուած ես տեղափոխուել մեքենայի օգնութեամբ։ խոշոր բիզնէսը, ի դէպ նպաստեց այդ կախուածութեան ստեղծմանը՝ մեքենայ արտադրող կորպորացիաները ժամանակին ձեռք են բերել ամն քաղաքների տրամուայ աշխատեցնող ընկերութիւնները, եւ փակել դրանք։
մեծ տարածութիւնները, նաեւ բարդ ա պահել՝ ճիշտ այնպէս ինչպէս բարդ ա իրականացնել չաղ հաղորդակարգը, ծրագրաւորման լեզուն, գրադարանը, ֆիչերներով լի ծրագիրը։
մարդու չափսին համահունչ չեն նաեւ բարձրայարկերը։ բացի նրանից որ բարձր են, ստեղծում են տարածութիւն՝ բարձրայարկ շէնքերի միջեւ պէտք ա լինի բաւական տեղ՝ եթէ չես ուզում բոլորն ապրեն առանց արեւ, եւ այդ շէնքերի միջեւ ընկած տարածութիւնը, ինչպէս եւ այդ շէնքերը պահելը՝ թանկ ա եւ բարդ։
պարզ տեքնոլոգիաները նաեւ սիրուն են։ զի ստիպուած ես ազատուել նրանից, ինչ շատ պէտք չի, եւ պահել էականը։ դրա համար պէտք ա նաեւ հասկանալ եւ առանձնացնել այդ էականը։
այստեղ մենք կրկին գալիս ենք մոդուլար դիզայնի՝ կամ «մի ծրագիր անում ա մի բան», կամ պէտք եկած պահին բեռնուող մոդուլներ։
անպէտքից հրաժարուելն ու էականը գտնելու հմտութիւնը անհրաժեշտ ա լինում եւ արուեստում, եւ ճարտարապետութեան մէջ, եւ ցանկացած նախագծում։
եթէ չկայ ֆիչըրներ առաջարկող եւ աւելացնող ընկերութեան հետ մրցելու կարիք՝ կարելի ա գրել սիրուն նախագծեր։ մնում ա մարդիկ զգան այդ գեղեցկութիւնը։
զի եթէ մարդիկ ուզեն ամէն «ֆիչըր» որ առաջարկում ա կորպորատիւ ծրագրակազմը՝ մենք ընկնելու ենք ֆիչըրների սպառազինութեան մրցավազքի մէջ, որում, դժուար թէ յաղթենք։
ինձ թւում ա, պէտք ա ընդունել մինիմալիզմը, եւ ընտրել այն։
դա նշանակում ա՝ բարձրացնել համակարգչային գրագիտութիւնը։ գրագիտութեան պակասն ա որ թոյլ ա տալիս կորպորացիաներին հրապուրել եւ կախուածութեան մէջ պահել մարդկանց։ գրագիտութիւնը թոյլ կը տար օգտուել ազատ այլընտրանքներից եւ ստեղծել ազատ այլընտրանքներ։ ազատ՝ երբ տեքնոլոգիան ենթարկւում ա քեզ, ոչ թէ ուրիշին։ ազատութիւնն ու գրագիտութիւնը կողք կողքի են քայլում։
#մինիմալիզմ #ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #սեփականատիրական_ծրագրակազմ #ֆիչըրացաւ #սպառազինութեան_մրցավազք #մրցավազք #մարդիկ #նախագծում #գեղեցկութիւն #պարզութիւն #դիզայն #համացանց #քաղաք #գրագիտութիւն
քարոզչութիւնը՝ վիրուսի տարածման ձեւ ա։ քարոզուող վիրուսով վարակւում են էն օրգանիզմները, որ չունեն դիմադրողականութիւն։
էդ դիմադրողականութիւնը որպէս կանոն՝ գրագիտութիւնն ա։
ու ինձ թւում ա՝ խսհմ փլուզումը, եւ չինաստանի ձեւափոխումը նաեւ պայմանաւորուած էր նրանով, որ բնակչութիւնը դառնում էր բաւական կիրթ հասկանալու համար, որ քարոզուող նիւթը՝ անհեթեթ ա՝ փաստացի բնակչութեան զգալի մասը ձեռք էր բերել herd immunity, եւ ընդունակ չէր կոմունիզմի բացիլային, չէր վարակւում։
այդ պայմաններում կոմունիզմին ձգտել շարունակելը անհնար էր։
իհարկէ, ամէն միտքը որ տարածւում ա՝ կարելի ա անուանել բացիլլա։ այդ պատճառով էլ խսհմ֊ի կողմնակիցները մինչ այսօր պնդում են, թէ մարդիկ չէին ջոկում զի վարակուել էին արեւմտամոլ բացիլլայով։ բայց եւ կարելի ա ասել՝ օրգանիզմն ունի տարբեր բացիլլաներ՝ ու շատ միկրոօրգանիզմներ մեզ օգտակար են։
ու եկէք տեսնենք՝ շուկայական բակտերիայով վարակուած հանրութիւններն արդիւնաւէտ են, մերիտոկրատիայով վարակուածները՝ արդիւնաւէտ են՝ եւ էն երկրներն են ուր փոքրամասնութիւններն ունեն էն ազատութիւնները ու հնարաւորութիւնները, որ չունէին ազատութիւններ հռչակած խսհմ֊ում։ այսպէս էլ կարելի ա տարբերել՝ օգտակար եւ ոչ օգտակար բացիլլաները։
ու համալսարանն ու դպրոցը կարելի ա նաեւ ընկալել որպէս պատուաստանիւթ։ մենք արդէն գիտենք որ կան որոշակի ֆիզիկայի օրէնքներ, եւ գիտենք որ կան հանրութիւններին վերաբերող օրէնքներ։ կարող ենք թարմացնել հանրութեանը վերաբերող գիտելիքները՝ այդպէս էլ անում ենք։
բայց կրթութիւնը փաստացի (չեմ ասում պէտք ա լինի, զի արդէն ա) պատուաստանիւթ ա։ էնպէս որ կրթենք իրար, տարածենք վիրուսներ՝ մեր օգտակար վիրուսները չեն խանգարի, իսկ մեր չօգտակարները ի վերջոյ կօգնեն՝ մարդիկ դրանց դէմ դիմադրողականութիւն են ձեռք բերելու։ յուսանք խսհմ֊ի պէս աղէտ այլեւս անհնարին ա։
#քարոզչութիւն #քաղաքականութիւն #կոմունիզմ #սոցիալիզմ #կապիտալիզմ #շուկայ #գրագիտութիւն #դիմադրողականութիւն #խսհմ #կրթութիւն #ազատութիւն #պատուաստանիւթ
կարելի ա անգրագիտութիւնների տեսակների մասին շարք գրել։
անգրագէտ մարդկանց տեսակներից մէկն ա՝ չխորացողների էն տեսակը, որ ասում են՝ գուգլել, ֆոտոշոփել։ քսաներորդ դարի սկզբին լուսանկարելուն ասում էին՝ կոդակել։
մարդկանց թւում ա, որ գուգլը, կամ ադոբին համ միշտ կը լինեն, համ արժանի են որ իրենց անունները դառնան բայ։ իրենց նաեւ թւում ա շատ քուլ «գուգլել» բայն օգտագործելը։
այսպիսի մարդիկ երբեմն դառնում են ինժեներներ։ ու ես նմանների հետ աշխատում եմ։
իրենք գալիս են եւ ասում, որ «սերուերը չի կպնում», եւ ոչ փորձառու այթի աշխատողը կարող ա խուճապէր՝ այնքա՞ն վատ ա վիճակը, որ նոյնիսկ մոնիտորինգ համակարգը չյուշեց, որ «սերուերը չի կպնում» կամ «չկայ», որ իւզերնե՞րն են առաջինը նկատում։ այնինչ սա իրականում նշանակում ա, որ իրենց վիէնսի սեսիային ինչ֊որ բան ա եղել։
երբ պինգում ես, սսհ ես լինում սպասարկչին, ու ասում, որ ամէն ինչ նորմալ ա, եւ առաջարկում ես սսհ լինել եւ սպանել վիէնսի սեսիայի մնացորդները, եւ միացնել նորը, իրենցից ամենախելամիտները երբեմն անվստահ ձայնով ճշտում են՝ պուտտիո՞վ։
աստուատ, մարդիկ չեն իմանում, որ պուտտի֊ով չի, սսհ֊ով ա։ որ պուտտին ընդամէնը իրենց իմացած (ու դա արդէն նուաճում ա) գործիքն ա սսհ կապեր հաստատելու համար։
իսկ ծրագրաւորող ընկերները, երբ կը լսեն՝ «չունեմ ֆբ», «չունեմ ուոթսափ», «չունեմ վայբեր», «չունեմ տելեգրամ», կարող են ասել՝ «ի՞նչ մեսինջեր ես օգտագործում», տէնց քոժուալ, տէնց ամենօրեայ։ ի՞նչ մեսինջեր, եղբայր։ ո՞րն ես ուզում՝ ընտրիր։ քե՞զ ինչ ես ինչ ծրագրով եմ չաթւում։
նա չի հասկանում, որ խօսքը հաղորդակարգերի, պրոտոկոլների մասին կարող ա լինել, եւ ոչ թէ ծրագրերի։
այսպէս նաեւ իւզերները սովոր են արդէն, որ «լինգուո»֊ն դա եւ յստակ տեսքով եւ վարքագծով բառարանային ծրագիր ա, ու իրեց մտքով չի անցնում, որ կարելի ա բառարաններն առանձին ունենալ, ու քո ուզած ծրագրով բացել։
ազատ ծա֊ն այնքա՜ն շատ ա կրկնում կորպորատիւները, որ երեւի պէտք ա երջանիկ լինել, որ մենք դեռ չենք մոռացել, որ կան հաղորդակարգեր, որ կան ազատ բառարանային ֆորմատներ, եւ այլն։
այսպիսի իրականում ոչ ջղային գրառում, բայց տխուր, զի ես գիտեմ որ մարդկանցից շատ չեմ տարբերւում, ու մեր տարբերութիւնները չնչին են, ու ես տխրում եմ էդ չնչին տարբերութիւններից մէկի մասին, որը այս գրագիտութեան եւ փորփրելու եւ հասկանալու ցանկութեան մասին ա։
եւ չէ՝ էդ «իւզերները» նէնց չի որ որեւէ տեղ լաւ հասկանում են, թէ ինչ ա կատարւում։ ես տեսնում եմ, որ իրենց գործն էլ են այդպէս անում՝ առանց հասկանալու, ու անգիր արած գործողութիւններով։ ու ամենավատը՝ երբ լաւ մարդիկ, որ հեշտացրել են իրենց աշխատանքը մի քանի սկրիպտով, փոխարէնը երիտասարդներին բացատրելու, ու ժամանակ ծախսելու, թէ ինչ սկրիպտեր են դրանք ու ինչ են տակից աշխատեցնում՝ էդ երիտասարդներին սովորեցնում են առանց մտածելու սկրիպտերը կանչել։ երբ սկրիպտը չի աշխատում՝ երիտասարդները մնում են շփոթուած ու չգիտեն ինչ անել։ ու այստեղ փորձառուները՝ փոխարէնը ինուեստ անե ժամանակ ու բացատրեն սկսնակներին, ծախսում են այն՝ սկրիպտերը կատարելագործելու վրայ, որ դրանք էլ չխափանուեն երբեք։
այդպէս ստանում ենք դեբիլ օգտուողներ եւ զօրաւոր ծրագրեր։
ինչեւէ։
#տտ #տեքնոլոգիա #մարդիկ #մշակոյթ #գրագիտութիւն #կրթութիւն #անգրագիտութիւն #խորանալ #ազատութիւն #ազատ_ծա #հաղորդակարգ #վարքագիծ #աշխատանք #ձեւ #բովանդակութիւն
Երբ գիտես, ինչպէս օգտագործել կոնսոլ, դա նման է նրան, որ դու կարող ես խօսել կարգչի հետ։ Աւելի ճիշտ, դու նրան գրում ես։
Երբ դու գիտես ինչպէս օգտագործել մուկ, դա նման է նրան, երբ դու չգիտես լեզուն, ու փորձում ես ձեռքերը շարժելով ինչ֊որ բան հասկացնել։
Կարգիչները սովորեցուած են որոշակի ժեստեր հասկանալ, բայց դու չես կարող բացատրել նրան ամէնը այս ձեւով, առանց տեքստ։