ուրեմն, ասենք մի տարի առաջ, մի աղջկայ դեբիան եմ տեղադրել։ ինչո՞ւ։ մթոմ լաւութիւն էի արել՝ չի փչանայ, ասել եմ, վիրուսներ չես ունենայ, հանգիստ կապրես։
վերջերս կապուել է։ ասում է՝ վայֆայը չի աշխատում։ նախ, կարեւորն այն է, որ ինձ է կապուել։ ինչո՞ւ ինձ։ եթէ վինդովս լինէր, նա շատ տարբերակներ կունենար ու գուցէ նախընտրեր ինձ չդիմել։ բայց լինուքս «սափորթ» անողները, այո, այնուամենայնիւ, դեռ անհամեմատ աւելի քիչ են։
ինչեւէ, մենք հանդիպում ենք սրճարանում, եւ իր նոութը վայֆային կպնում է։ «ուրեմն աշխատում է» — ուրախանում եմ ես։ «չգիտեմ ինչ է, քեզնից է վախեցել» — պատասխանում է նա։ յետոյ գնում է տուն։ եւ իր նոութը իր տան վայֆային չի կպնում։ այդ ժամանակ նա համարձակւում է զանգել պրովայդերին, ով տեղադրել է եւ կարգաւորել վայֆայը եւ բողոքել։ իսկ պրովայդերը լուծում է խնդիրը՝ իր մեղքն էր։
ո՞րն է երկրորդ կարեւոր մասը այս պատմութեան։ այն, որ այդ աղջիկը, ով բնաւ էլ կոնֆորմիստ աղջիկ չէ ընդհանուր առմամբ, ու նախանձելի համարձակութիւն ունի շատ այլ իրավիճակներում, փաստացի ենթադրել էր, որ «մարգինալ լինուքսն է» պատճառը կապ չունենալու, ոչ թէ «մեյնսթրիմ» պրովայդերը։ նա չի ենթադրել, որ այն, ինչ մարգինալ է, այն ինչ տարածուած չէ, այն ինչ կոնֆորմիստական չէ՝ կարող է անխափան աշխատել։ ինքը՝ մարգինալ, ոչ կոնֆորմիստ լինելով։
ես կարծում եմ, որ դա շատ պարզ է։ ու որ մենք շատ քիչ հաւանականութեամբ կարող ենք ունենալ իրական նոն կոնֆորմիստ եւ իրական մարգինալ։ նրանց՝ ով փոխում է աշխարհը։ մերոնք՝ փոփոխութիւն անել ունակ չեն։ եւ դա, ես կարծում եմ, կապ ունի նաեւ մեր քանակի եւ բազմազանութեան հետ։
ինչպէ՞ս են մարգինալները փոխում աշխարհը։ փոխում են՝ ունենալով մեծ շուկայ։ փոխում են՝ քանի որ իրենց համայնքներն այնքան մեծ են, որ իրենց քիչ քանակի համախոհները այնուամենայնիւ այնքան շատ են, որ տարբերւողները կարողանում են չմնալ տեղում, զարգանալ, եւ համայնքները փոփոխութեան են տանում։
այսպէս, Սթոլմանը կարող էր իր գրած ազատ ծա֊ի աջակցութիւն մատուցելով ապրել՝ ժամը 200 դոլար վաստակելով։ քանի որ միացեալ նահանգների շուկան այնքան մեծ է, որ գտնւում էին մարդիկ, ով կօգտագործեր իր ծրագրերը, եւ դրանց մէջ գտնւում էին նաեւ նրանք, ով կը վճարէին աջակցութեան համար։
այսպէս, Լինուսը, չնայած իհարկէ բնաւ հարուստ չէ, ինչպէս Գեյթսը կամ Ջոբսը, Լինուսը կարողացել է իրեն թոյլ տալ միլիոն դոլարով տուն ձեռք բերել։ Եւ երկու հարիւր հոգանոց ռեդհեթը կարողացել է լինել շահութաբեր եւ տարածուել։ իհարկէ, նահանգների ճնշող մեծամասնութիւնը դեռ օգտագործում է մայքրոսոֆթի կամ էփլի արտադրանքը սեղաններին, սակայն իրավիճակը կամաց, բայց կայուն փոխւում է։ ու արդեն զարմանալի չէ, որ տեսականօրէն ազատ անդրոիդը, լինուքս միջուկով, դէ ֆակտո ստանդարտ է։
այնտեղ, ուր շատ մարդ կայ, գտնւում է շատ մարդ, ով կարող է, օրինակ, լաւ դիտորդ լինել ընտրութիւնների ժամանակ, կամ աջակցում է ոչ այնքան շահութաբեր մտքին՝ ասենք օգնել անօթեւան կենդանիներին։ այնտեղ փոքր համայնքները դառնում են ազդեցիկ, եւ փոխում են հասարակութիւնը, իսկ յետոյ փոխում են օրէնքները։
հայաստանի շուկան այնքան փոքր է, որ կարելի է ասել՝ այն չկայ։ նաեւ ակնյայտ է, որ շուեյցարական (իսկ շուեյցարիան նեյտրալ է եւ նոյնիսկ եւրամիութեան անդամ չէ) տեքնոլոգիաները չէին կարող մրցել ամերիկեան տեքնոլոգիաների հետ, անկախ նրանից, թէ ինչքանով լաւն էին։ օբերոնը, մոդուլան այդպէս էլ մնացին համալսարանների նեղ պատերի մէջ, ուր եւ շնչահեղձ են լինում։ պասկալը ժամանակաւոր տարածում ունեցաւ՝ երբ բորլանդ ընկերութիւնը գրանցուեց ամն֊ում, եւ ամն֊ում տարածուելու պատճառով այն յետոյ հասաւ մեզ։
եթէ օբերոնը լինէր գերմանական՝ տարածուեր գերմանիայում, դրան աւելի լուրջ էին վերաբերուելու։
կամ այլ օրինակ՝ ո՞վ էր լինելու Գոդարը, եթէ նա ապրեր եւ ստեղծագործեր (եթէ իրեն թոյլ տային) Հայաստանում։ Ո՞վ էր իրեն ճանաչելու։ Հայերը չէին ճանաչի ճիշտ այնպէս, ինչպէս ծանօթ չեն Փելեշեանին։ Աշխարհը չէր ճանաչի այնպէս, ինչպէս ծանօթ չէ Փելեշեանին։ Ի՞նչ կը լինէր, եթէ Փելեշեանը ստեղծագոծած լինէր Ֆրանսիայում։ Կասէին՝ որ նա փոխել է աշխարհը։ Որ կայ կինո մինչեւ Փելեշեան, եւ Փելեշեանից յետոյ։
այնտեղ է, իրենց մօտ է երբ փայթնը յաղթում ջաւան։ այո, աւելի հիփսթերական քան գիտական փայթնը յաղթում է կորպորատիւ ջաւան։ քանի որ այնքան լիբերալ հասարակութեան մէջ միայն կարող են լինել այնքան հզօր մարգինալներ։ այսպէս է որ փոքրամասնութեան իրաւունքները պաշտպանուած են լինում այնտեղ, ուր ժողովրդավարութիւն է։
Հայաստանում շատ բարդ է զարգանալ։ այսինքն՝ կարելի է լինել կենսակայուն «բակի բուդկա», որը թոյլ է տալիս տիրոջը սպասարկել հին «բմվ» եւ վճարել դստեր տնտեսագիտականի համար, բայց ոչ աւել։ նա ալեքսանեան երբեք չի դառնալու, ինչքան գրագէտ մարկետինգ չանի, ինչքան լաւ չկազմակերպի իր խանութի աշխատանքը՝ ապրանքների դասաւորութիւնը, գները, դիզայնը։
այսինքն՝ չի ստացուի լինելով տարբեր գրաւել շուկան։ չի ստացուի լինել տեղական գուգլ, կամ էփլ, որը դուրս է եկել աւտոտնակից։
նոյնը՝ ինդիւիդների մակարդակում է։
յիշո՞ւմ էք, երբ հայրը, իր երեխային ասում է՝ «տեսնո՞ւմ ես պեծյան փորում է։ այ դու էլ դասերից փախնես՝ փորելու ես»։ այո, ճիշտ է ասում, ընդհանուր առմամբ, հայաստանի համար։ բայց ճիշտ չէ ասում նահանգների համար, ուր գեյթսը թողնում է ուսումը, եւ հիմնում է մայքրոսոֆթ։ ուր ջոբսը թողնում է ուսումը եւ ստեղծում է էփլ։ ուր էյնշթեյնը գալիս է, անում իր դոկտորականը, նրանից յետոյ, երբ մերժւում է շուեյցարիայում։
կամ՝ ինչո՞ւ է այս աղջիկը հագնում կրունկներ, չնայած չի սիրում դրանք։ քանի որ, ասում է, չեն հաւանում ինձ։ բայց չէ՞ որ — հակաճառում էի ես — երբ դու վերջապէս հանդիպես նրան, ով հաւանելու էր հենց քեզ, նա դա չի անի, քանի որ դու չես լինի ինչպիսին կաս։ այո — համաձայնում էր նա։
սակայն ես հիմա հասկանում եմ, որ նա աւելի ճիշտ է։ նա, ով այդ աղջկան կհաւանէր այնպիսին, ինչպիսին նա կայ, կամ արդեն զբաղուած է, կամ գնացել է արտասահման՝ այնտեղ, ուր շատ են նրանք, ով իրեն դուր են գալիս։ ու նրանք, ով իրեն կընդունեն։ իսկ այն աղջիկը, որ սիրում է կարճ մազեր, ու «տղայական» տեսք, նա ոչ միայն քիչ հաւանական է, որ կհանդիպի իրեն այդպէս հաւանողին, այլեւ նա ինքը, ամենայն հաւանականութեամբ կհաւանի աւելի «աւանդական» տղայի, քան նա աղջիկ է։
եւ բնաւ պատահական չէ, որ մեզ մօտ ընդդիմադիր երեխաները՝ ընդդիմադիր ընտանիքներից են։ իսկ ոչ ընդդիմադիր երեխաները՝ ոչ ընդդիմադիր ընտանիքներից։ բնաւ պատահական չէ, որ դատախազի որդին է դառնում դատախազ, ոչ թէ ընդդիմադիր։
մեզ մօտ չափազանց քիչ են, փաստացի չեն լինում շրջակայ միջավայրին դէմ գնացող մարդիկ՝ հասարակութեանը, կամ ընտանիքին, եղբայրութեանը։ մեզ մօտ չեն լինում, քանի որ մենք քիչ ենք, ու դէմ գնալով, իրենք ընդամէնը գնալու են ինքնամեկուսացման։ իսկ մեկուսացող մարդիկ վաղ թէ ուշ լրացնելու են «նեուդաչնիկների» շարքերը։ սա ամն չէ, ուր նեուդաչնիկները գտնում են իրենց պէս ընկերներ, հզօրանում են, եւ տակն ու վրայ են անում համակարգը։ կամ գոնէ կարողանում են զարգանալ լինելով այնպիսին ինչպիսին կան, առանց կոտրուելու։
ու գուցէ զարմանալի չէ բնաւ, որ հայերի էպոսի հերոսը՝ Մհերը, ի վերջոյ գնում է ինքնամեկուսացման։ նա յաղթող չէ։
մարգինալները չեն կարող փոխել հայաստանը, քանի որ չեն հաւաքում կրիտիկական զանգուած։ (այնպէս, ինչպէս գազոնը ունի մինիմալ չափ ապրելու համար, եւ երկիրը ունի այնպիսի սահմաններ, որ պաշտպանելը իրատեսական լինի։) եւ ինչքան քիչ մարդ կայ այստեղ, այնքան քիչ է այն հաւաքելու հաւանականութիւնը։ (զակոն օբրատնիխ կուադրատով)։
այդ պատճառով էլ ունենք երեք հոգի հայերէն գրող դիասպորայում։ որոնց թիւը չի աճի։ այդպէս էլ կը փտեն, մինչեւ չյոգնեն իրարից։
ու պատահական չէ, որ մեզ մօտ նոնկոնֆորմիզմ գոյութիւն չունի։ իհարկէ կան, մեն֊մենակ այստեղ եւ այնտեղ, իրենց փոքր, նեղ համայնքիկներում՝ ախպերութիւններում փտող մարդիկ։ փտող՝ քանի որ օդի շարժ չկայ։ սակայն իրենք չեն փոխի ոչ մի բան։ ոչ իրենց արուեստն է տարածուելու, ընդունուելու լայն զանգուածներում, ոչ իրենց տեքնոլոգիաները, ոչ իրենց գաղափարները։ (ո՞ւր է ժամանակակից արուեստը հայաստանում։ մնացել է նփակի պատերի արանքում։ եւ դեռ կոմունիստների ժամանակ ստեղծուած թանգարանում։ չի տարածուել։ որտե՞ղ է ժամանակակից արուեստը նիւ֊յորքում։ պէ՞տք է պատասխանել։) աւելի ճիշտ՝ դրանք կընդունուեն այն ժամանակ, երբ կը գան դրսից։ եւ զարմանալի չէ, որ այդ մարգինալներին կհամարեն դրսամոլ, արեւմտամոլ։ ասենք որտեղի՞ց պէտք է գայ թարմութիւնը՝ այնտեղից, ուր յաղթել են մարգինալները։ որտե՞ղ են իրենք յաղթում՝ արեւմուտքում։
որտե՞ղ չեն յաղթում մարգինալները՝ չինաստանում։ ի՞նչ է անում չինաստանը՝ կրկնօրինակում է արեւմուտքը, իրականացնում է արեւմտեան նախագծերը։ ինչո՞ւ սոնի ուոլքմենը չդարձաւ այֆոն։ որովհետեւ կարգին ընկերութիւն էր սոնին, ոչ թէ արտակարգ եւ ըմբոստ՝ էփլի պէս։
տասնեօթ եւ տասնութ տարեկան դեռահասներն աւելի են տարբերւում իրարից, քան երեսուներեք եւ երեսունչորս տարեկան մարդիկ։ նոյնիսկ հարիւր հազար բնակչութիւն կորցնել կամ ձեռք բերելը աւելի մեծ ազդեցութիւն է ունենում հայաստանի վրայ, քան միացեալ նահանգների՝ մէկ միլիոնը։ «միլիոնոմ բոլշե, միլիոնոմ մենշե» — ասում էր Շարլ Բոննէն՝ «ինչպէս գողանալ միլիոն» ֆիլմում։ մեզ համար ամէն մի գնացող մարդն է կարեւոր։ ամէն մէկը նշանակութիւն ունի։
Այդ պատճառով են այնքան նկատելի այն քչերը, որ ինչ֊որ բան փորձում են փոխել։ Ու այնքան ատելութեան արժանանում։ Փոփոխութիւն անողներն, տարբերուողները այնքան շատ պիտի լինէին, որ այս մարդիկ չէին էլ երեւալու իրենց մէջ, լինելով ալիքների մաս, ոչ թէ առանձին իմպուլսներ։
այո, շատ անյոյս եմ գրել, թւում է։ բայց դա իրականութիւնն է, ֆիզիկայի օրէնքների պէս։ ես չեմ կարծում որ պէտք է հաւատալ փոխելու համար։ ես կարծում եմ, որ պէտք է իրատես լինել փոխելու համար։
եւ իրատես լինելով ես գիտեմ, որ ամէն գնացողը ազդում է, եւ ամէն մնացողն ազդում է։ մնացողին բարդ է ամենուր․ եւ ուսման ժամանակ, եւ աշխատանքի վայրում, եւ նախաձեռնելուց՝ նա վաստակելու է թուք ու մուր, կամ արհամարհանք, կամ ատելութիւն, կամ պրեզրենիե։ նա գնահատուած չի լինելու, նա իրեն շատ վատ է զգալու։
ու միայն եթէ բոլորը չէ, եթէ շատերը մնան, ինչպէս շատերը գնացին ապրելու էրեծ իսրայէլ, շատ տարբեր շատերը՝ եւ նիհար գունատ աշկենազիներն եւ սեւ էֆիոպցիներն, եւ շատերը որոշեցին սովորել մեռած լեզու, եւ շատերը լինեն դուխով՝ նախաձեռնող, անող, կպնող իրենց գործին՝ առանց խանգարող «հաւատքի», բայց եւ անկախ «հասարակական» փոփոխական կարծիքից, պարզապէս, որովհետեւ իրենք անձամբ այդպէս են կարծում, այն ժամանակ է փոխուելու հասարակութիւնը, ընտրութիւնները, բնականոն ձեւով է գալու հանդուրժողականութիւնը՝ քանի որ ահա տեսէք, բոլորը տարբեր են, ամէն ձեւի մարդ կայ, եւ պարզւում է, իրենք չեն քանդում պետութիւնը, այլ ստեղծում են ազգ։
չեմ հասկանում երբ
֊ այնպիսի որակով բան ոնց որ ֆոտո ժապավեն, տեղադրում են այնպիսի անվորակ բանի մեջ ոնց որ հոլգան, ու նկարում են պլաստիկ լինզայի միջով։
֊ ասում են ժապավենով նկարելը այնքան բարդ է, պետք է լիքը բան սովորել, ու փոխարենը սովորել երեք հիմնական քոնսեփթ լուսավորության մասին, անցնում են իրենց խցիկների բարդ մենյուները սովորելուն։
ու տենց