Գիտեք, կան նենց նկարիչներ, որոնք մասնագիտացած են ռեստավրացիայի վրա։
Նրանցից լավագույնները գժանոց տեխնիկա ունեն։
Կան նաև նկարիչներ, որոնք փող են վաստակում ասենք դասական դարձած նկարիչների հայտնի գործերը արտանկարելով։ Այդ նկարները վաճառվում են որպես «ձեռքի գործ» ռեպրոդուկցիայի տեղ։ Այդպիսի նկարիչները հաճախ գնում են աշխատանքի մի տեսակ գործարաններ, այնտեղ նկարում, իննից վեցը, ու գնում տուն։
Բնականաբար նրանք նույնպես լինում են բարձր կլասի մասնագետներ, վարպետորեն տիրապետում են իրենց․․․ արհեստին։
Ու բնավ ոչ արվեստին։
Հետաքրքիր փաստ․ արհետ և արվեստ բառերը նման են ոչ միայն հայերենում․ art and craft մի տեսակ ակնկարկում են դա։
Արվեստ գործող նկարիչները լինում են ճանաչված կամ ոչ ճանաչված։
Երկու դեպքում էլ, նրանք հազվադեպ են պատվերով աշխատում։ Ու նրանց լավագույն գործերը որպես կանոն պատվերով չեն բնավ։
Գիտե՞ք, կան ծրագրավորողներ, որոնք աշխատում են ԾԱ գրող ընկերություններում։ Նրանք նույնպես հաճախ վարպետորեն տիրապետում են գործիքներին և առհասարակ արհեստին։
Կան ծրագրավորողներ, որոնք արվեստագետներ են։ Կոդագործ նրանց անվանենք, թե կոդագետ։
Նրանք քիչ են։
Իսկ «ծրագրավորման արվեստ» Կնուտի գիրքը գրվել է շատ վաղուց։ Այժմ այն հաջողությամբ փոխարինվել է «սովորիր սիփլասփլաս տաս օրվա մեջ» որ հետո ծյապլյապ-շրմփդրմփ կոդ գրես ու գրդոն անես տեսակի գրքերով։ Կան ծրագրավորողներ, որոնք աշխատում են վեհ կորպորացիաներում և վարպետորեն տիրապետում են իրենց նախագծման գործիքներին․ գիտեն լեզուների ծակուծուկերը և միջավայրերը։
Նրանց արված գործի արդյունքը երբեմն լինում է ջավայով գրված կորպորածից ծրագրի պես ծեծված և տխուր։ ու ոչ մի պոեզիա։
Իսկ կան ծրագրավորողներ,
որոնք ճանաչված են, կամ ոչ ճանաչված։
Երկու դեպքում էլ, նրանց լավագույն գործերը որպես կանոն պատվերով չեն բնավ։
Երբեմն նույնիսկ ազատ են, որովհետև արվել են ոչ աշխատանքի վայրում, ազատ ժամանակ, հավեսի համար։
Այսպիսի մարգարիտները ճանաչելու համար ճաշակ է հարկավոր։ Ճաշակից զուրկ են լինում նույնիսկ նկարիչները, ուր մնաց ծրագրավորողները կամ օգտագործողները ճաշակով լինեն։ Ավելին, արվեստի գործերի պատճենները չեն գովազդվում այնպես ինչպես ծրագրային ապահովման ամենատգեղ օրինակները։
Այսպես մարգարիտները նետվում են խոզերի առաջ արագ և մատչելի ինտերնետի միջոցով։ Ինտերնետվում են խոզերի առաջ։
Այդպիսի ժամանակակից [նետ]ման ձևը շատ ավելի արդյունավետ է։
Հավանականություն կա, որ որևէ ճաշակով ցանցառի աչքերի մեջ կփայլի մարգարիտի պատկերի թվային պատճեն։
ու տենց