ասք չքննարկելու մասին

ուրեմն, ՄՄ(մաքսային միության) տեղացի կողմնակիցներին կարելի է դասակարգել հետեւյալ հիմնական խմբերի՝

  1. Անտեղյակ են, որ ՄՄ֊ն դա առաջին քայլն է դեպի եւրասիական միություն, որը նշանակում է (կրկին անտեղյակ են) պետականության կորուստ։

Եթե այդ մարդկանց ցույց ես տալիս փաստաղթերը, տալիս ես հղումներ, իրենք, ապա հիմնականում տեղափոխվում են հաջորդ խումբ՝

  1. չեն հավատում, որ ՀՀ պետականության կորուստը իրական վտանգ է, իսկ եւրասիական միությունը կարող է իրականություն դառնալ։

այստեղ խոսելն անիմաստ է, քանի որ սա հավատալ կամ չհավատալու հարց չէ։ ճիշտ այնպես, ինչպես եւ բոլոր հավատացյալների հետ։ կան փաստեր — սա, սա ու սա, կան թղթեր — սա ու սա։ հիմա որ չես հավատում, համոզելը զուր է։ հավատը այստեղ կամ չունի, առհասարակ։ ես չեմ համոզում պաս պահողներին, որ իրենց «հետմահյա կյանքում» փոփոխություն չի լինի, եթե իրենք պասը խախտեն։

սրանցից մի մասն էլ չի անհանգստանում ոչ թե այն պատճառով, որ չեն հավատում, այլ

  1. այն պատճառով, որ իրենց համար պետականությունն առանձնապես սկզբունքային բան չէ։

դե ապա կրկին խոսելու բան չկա։ պետականության անհրաժեշտությունը, եթե մարդը չի հասկանում, ի՞նչ իմաստ ունի բացատրել, քննարկել։

անկախությունը չի քննարկվում։

սրանց մեջ կա եւս մի խումբ

  1. նրանք ում պետք չէ(կամ իրենք չեն ուզում) որ լինի ազատ անկախ Հայաստանը։ Նրանք հաճախ պատճառաբանում են, որ դա անհնար է։ Իմ կարծիքով այս խմբի մարդիկ առանձնապես չեն տարբերվում ադրբեջանցի համացանցային տրոլերից, այսինքն տարբերվում են նրանով, որ կարող է ՀՀ քաղաքացի են։ Ինչ ասեմ, մեր մեջ էլ կան մարդիկ, ով մեր պետականությանը դեմ են։ Իրենց հետ էլ, իհարկե, քննարկելու բան չկա։

Կարելի է իրենց անվանել «ստրուկներ», կամ »ազգի թշնամիներ», դրանից առանձնապես բան չի փոխվում։ Ամեն դեպքում, ես գոհ եմ, որ մեր մոտ այդ «ազգի թշնամիների» հետ այնպես չեն վարվում, ինչպես ԽՍՀՄ֊ում։ Մենք այդ խոսքերի համար ոչ մեկի չենք գնդակահարում, որը նշանակում է, որ շատ ավելի ազատ երկիր ունենք։

Բայց դե իրենք չեն ուզում, իրենց էն պետությունն էր դուր գալիս, ուր իրենց կգնդակահարեին։ Կամ մեզ։ Ինչ֊որ մեկին։

Ավաղ, մեզ մոտ էլի թարս է՝

ազգային անվտանգությունը սովորաբար «հետաքրքրվում» է այն մարդկանցով, ով ՀՀ պետականության կողմնակից է, ու բնավ ոչ նրանցով, ով ՀՀ պետականության թշնամին է։

Այսինքն դա իրականում կամ ապաազգային անվտանգություն է, կամ ազգային չանվտանգություն։ Բայց դա արդեն այլ տեքստի թեմա է։

եւ այդպես

ասք տարբեր շերտերի եղբայրության մասին

Մահացած մարդու տունը այն հավես տեղերից է ուր լիքը մարդ է հավաքվում տուսվելու։ Վերջապես պատճառ կա գործերը թողնել, ինքդ քեզ կարեւոր զգալ, ու սոցիալիզացվել։ Ով ցուցադրաբար թաց թաշկինակով կնստի դագաղի մոտ, ով կզրուցի խոհանոցում, ով այնտեղ լուրջ գործարարի արտահայտությամբ բաստուրմա կկտրտի, ով դուրս կգա բաց պատշգամբ ծխելու ու հայացքը գցելու շրջակա գարաժների կազմած լանդշաֆտին։ Կարճ ասած, բոլորը «պրի դելե», բոլորը այդ պահին զգում են իրենց միասնականությունը։ Ոմանք, ճիշտ է, զրուցելու այլ թեմա չունենալով, պատրաստվում են թաղմանը։ Այստեղ ծնվում են իսկական ռեժիսորական մտահղացումներ։ «Եկեք պանիխիդային բերենք կենդանի ջութակահար» – առաջարկում է մեկը։ «Ջութակահարը պետք չէ» – մտածում եմ։ «Իսկ դագաղը իջեցնելիս եկեք թող ԽՍՀՄ օրհներգը հնչի» – առաջարկում մյուսը։ «Հիանալի միտք է» – համաձայնվում են մնացածը՝ «Նրան դուր կգար»։ Այն, որ նրան դուր կգար թաղված լինել իր եղբոր կողքը, ինչպես եւ խնդրել է, ու բնավ ոչ կնոջ, բոլորը ուրախ մոռացան երբ պարզվեց որ դա մի քիչ ավելի թանկ «կնստի»։ Դրանից շոու չես անի։ Իսկ ջութակահարի մասին կպատմեն։ Կպատմեն նաեւ այն մասին, ինչպես «այդ ամենից առաջ հավաքարարների մի ամբողջ բրիգադ տունը մաքրեց»։ Իսկ այն, որ անհրաժեշտություն կար մի ամբողջ բրիգադի, այսինքն հանգուցյալը ապրել է, երբ ապրում էր, բնավ ոչ մաքուր բնակարանում, դա ոչ ոք չի ընկալում։ Ոչ, հարցն այն չէ որ հոգալը մահվանից հետո է լինում։ Հարցն այն է որ հոգալը երեւացող պետք է լինի, իսկ այն հոգալը որ չի երեւում անիմաստ է։

Լայք է պետք, մի խոսքով։ Իսկ երբ ինքդ քեզ համար գրում ես, լայք չկա։

Բնականաբար, հանգուցյալի բարեկամներն ու ընկերները զանազան սոցիալ շերտերի եւ տարիքների ներկայացուցիչներ են։ Խմբավորվում են ըստ հետաքրքրությունների, տարիքի, ունեւորության, կարողությունների, սեռի։

Ու մի խումբ է, ուր հավաքվել են երիտասարդները։ Նրանցից մեկը՝ արդեն մի քանի տարի է ազգային անվտանգությունում է աշխատում։ Մնացածը, ինչպես եւ հարկ է կարգին երիտասարդներին, ձգտում են լինել «ավելի լավը», «կռուտոյ», այսինքն՝ գողական։ Ու նրանք այդ չիկիստի մեջ տեսնում են նույն բնագավառով հետաքրքրվող մարդու, իմացող, ասենք «բիթի» մարդու։

Ու նրանց զրույցը այնքան լավն է, այնքան հետաքրքիր։ Պատմում են իրար դեպքեր՝ «ու ես դանակը հանեցի․․․», խոսում հասկացությունների, ասենք «գաղափարների» մասին, քննարկում որն է «ճիշտը», իմանում նոր բառեր․․․

Այսպես երեւում է որ ընդհանուր հետաքրքրությունները միավորում են տարբեր մարդկանց։

Ու այսպես գողական աշխարհն ու ուժային կառույցները միավորվում են, ձուլվում, ընկերանում։ Ներեցեք, ախպերանում, ճիշտ արտահայտվելու համար։

  _ու տենց_