ասք բացակայող ռոք խմբերի մասին

Մօտս հարց ծագեց․

Ինչո՞ւ կան Վանաձորեան ռոք խմբեր, ինչո՞ւ կան Գիւմրու ռոք խմբեր, բայց չկայ մեզ յայտնի Ստեփանակերտից ռոք խումբ։

Երբ միեւնոյն ժամանակ, այցելելով Վանաձոր, Գիւմրի եւ Ստեփանակերտ, անհնար է չնկատել, ինչքա՜ն աւելի շատ ռեսուրս եւ փող է դրուած Ստեփանակերտի մէջ, ինչքա՜ն աւելի կենդանի եւ բարեկարգ է այդ քաղաքը, Հայաստանի միւս քաղաքներից։ Պատերազմի հետեւանքներ Ստեփանակերտում չեն երեւում, իսկ Վանաձորում եւ Գիւմրում երկրաշարժի հետեւանքները տեսնում ենք։

Ես իհարկէ շատ Արցախցի ընկերներ չունեմ, այնտեղ երկար չեմ ապրել, ու գուցէ բան չեմ հասկանում, բայց եւ այնպէս չէ որ այլ մարզերից շատ ընկերներ ունեմ, կամ այնտեղ ապրել եմ։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ոչ միայն ռոքի հետ է այս վիճակը, այլ առհասարակ, առանձնապէս հետաքրքրուող, եւ հետեւաբար զարգացած մարդիկ Արցախում քիչ են, քան այլ մարզերում։ Մեզ մօտ՝ ՀՀ այլ մարզերում, բոլորը նուագում են, բոլորո ֆոտո են անում, թէկուզ ժապաւէնով, բոլորը ինչ֊որ ձեւ ստեղծագործում են, ինչ֊որ չափով արուեստագէտ են։

Սա մեր դարաշրջանն է, կրեատիւ դարաշրջանն է։ Ինչո՞ւ այնտեղ այդպէս չէ՞։

Ես կարծում եմ, բոլորը, ով մի քիչ աւելի ոչ մակերեսային Արցախն գիտի, զգում է, որ այնտեղ ազատ չէ, լարուած է։ Որ այնտեղ շատ աւելի, քան այլ տեղեր այն Ստալինեան ոգին կայ՝ սա պետութիւն քանդող է, սա մեզ վատն է ուզում, եթէ ուրախ չէ նրանով, ինչ կայ, ապա թշնամու լաւն է ուզում, մատնիչ է։ Ու դա, իհարկէ, գալիս է այնտեղի ֆեոդալական համակարգից։ Ֆեոդալների ժամանակ կային «պրիդւորնի» ստեղծագործողներ, բայց ոչ ազատ ստեղծագործողների դասակարգ։ Եւ ռոք խմբեր էլ չկային։

Ինձ թւում է, որ պատասխանն ազատութիւնն է։ Ներքին ազատութիւնը, որը Արցախն այդպէս էլ չստացաւ մեր ազատագրական պայքարից յետոյ։

Ազատ արցախը ողջունում է ձեզ՝ գրուած է Գորիս Ստեփանակերտ մայրուղու պաստառներին։ Բայց արդե՞օք Արցախն ազատ է։ Ազատ երկիր է։ Ոչ այն ազատ երկիրը, ուր, ինչպէս սովետական երգում էր ասւում, «այդքան ազատ է շնչել»։ Այլ այն ազատ երկիրը, որ ամերիկեան ֆիլմերում են ասում ոստիկաններին։ Սա ազատ երկիր է։ Ձեռքերդ քաշիր, ոստիկան։

Ինչպէս տեսնում ենք, գործը բնաւ էլ սոցիալ տնտեսական պայմանների մէջ չէ։

Արուեստն ազատ մարդկանց գործն է։

**Ռոքը՝ պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ **

(Իհարկէ, երբ ինչ֊որ բան շատ պահանջարկ ունի, դրա որակն ընդհանուր առմամբ ընկնում է։ Քանի որ առաջանում է շատ անւորակ առաջարկ։

Երբ ասենք, շարպեյ ցեղատեսակի շունը շատ պահանջարկ ունի, ով ասես չի սկսում զբաղուել դրանց բուծմամբ, ու արդիւնքում աշխարհում յայտնւում են շարպեյին ոչ շատ նման ինչ֊որ զանազան շներ։

)

Կրկին՝ ռոքը պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ Հնարաւո՞ր է Արցախում պրոտեստ արտայայտել։ Հնարաւո՞ր է, որ արուեստն, առհասարակ, լինի ոչ քաղաքականացուած։ Ես չեմ կարծում, քանի որ կեանքը քաղաքականութեան հետ սերտ կապ ունի։ Եթէ ֆոտո ես անում, կարող ես «սխալ» բան ֆոտո անել, որ «աղբը տանից կը հանի», կամ չի բխի տեղական կապիտալիկի եւ իշխանիկների շահերից։

Եթէ երաժշտութիւն ես գրում, եւ խօսք, այդ խօսքը պիտի արտայայտի այն, ինչ դուր չի գայ իշխանիկներին, ու ժողովուրդ մանիպուլացնողներին։ Դա ակնյայտ է։

Ես չեմ ասում, որ ռոքը արգելուած է Արցախում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտն այնտեղ չի աջակցում նրան, որ ռոք խմբեր ծնուեն, աճեն եւ զարգանան։ Որ արուեստ լինի ընդհանրապէս։

Եթէ յիշում էք, Անդրէ Ժիդը իր «վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, եւ դրա շարունակութեան մէջ, շատ զարմացած էր, որ սովետում արուեստ չկար։ Որտե՞ղից լիներ արուեստ Ստալինեան սովետում, եթէ ոչ միայն ընդհատակեայ։

Արցախում երբ Վորլիքին դիմաւորող ցոյց է լինում, ակնյայտ է, որ դա իշխանութիւնների կազմակերպուած ցոյցն է, քանի որ այնտեղ ոչ մի ինքնաբուխ բան չի լինում, որը իշխանութիւնների սանկցիան չունի։ Առնուազն պիտի հաստատուած լինի մի շատ բարձրաստիճան չինովնիկի կողմից։

Արցախում բոլորը զգում են այդ ճնշուածութիւնը, իհարկէ, դեռ երբեմն գոհ են, որ գոնէ ապրում են այդ երկրում, որ կենդանի են, բայց զգում են, որ առանց սանկցիայի արուեստը չի կարող գոյատեւել, եւ չեն էլ ստեղծագործում։

Այդ իսկ պատճառով մենք ունենք այսպիսի սոց֊ռեալիզմ Ստեփանակերտի կենտրոնում։

Ստեփանակերտի սոց֊ռեալիզմը

Սովետը մօտ է։ Մեր կողքն է։ Եւ ոչ միայն հիւսիսից։ Մեր մէջ։

Եւ այնտեղ չկայ գոնէ մի քիչ ազատ արուեստ, չկայ արուեստ, որը կարելի է տեսնել Կաֆեսճեանի այգում, կամ այնպիսի, ինչպէս Բաբաջանեանի, Կարա֊Բալայի արձանն է։ Բնական է, որ այնտեղ չի կարող լինել ՆՓԱԿ֊ի պէս մի բան։

Իսկ սա, ի դէպ, մեր պատճառով էլ է։ Գուցէ այդպէս չէր լինի, եթէ Արցախն պարզապէս Հայաստանի մարզ լիներ, Լոռու ու Շիրակի պէս։ Թէկուզ գոնէ Սիւնիքի։ Գուցէ նաեւ այդպէս չէր լինի, եթէ մենք ստեղ էլ ժողովրդավարութիւն ունենայինք, ոչ թէ գըբըշնիկներ եւ նոմենկլատուրա։ Ապա Արցախի հանդէպ էլ վերաբերմունքը այլ կը լիներ, չէ՞ որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է։ Ու մեզնից է, թէ ինչ է այնտեղ կատարւում, իրենք այնքան ինքնուրոյն չեն, անկախ չեն, եւ չեն էլ կարող լինել, մենք ենք, որ նոյն Արցախի համար, իրենց ազատութեան համար, պէտք է այստեղ ժողովրդավարութիւն հաստատենք։ Ու տեսնո՞ւմ էք, արուեստից եմ խօսում, ու էլի չի լինում քաղաքականութեան կողմ չգնալ։ Քանի որ կեանքը քաղաքականութիւն է, իսկ արուեստը կեանքի մաս է։

եւ այդպէս

պիտակներ՝ ազատութիւն  արուեստ  Գիւմրի  երաժշտութիւն  ժողովրդավարութիւն  կեանք  հայկական երաժշտութիւն  հասարակութիւն  մտքեր  նոմենկլատուրա  ՆՓԱԿ  պրոտեստ  ռոք  սոց․ ռեալիզմ  սոցիալիզմ  քաղաքականութիւն 
վայր՝ ստեփանակերտ  վանաձոր  արցախ