2023-09-02-19757781

մի ճարտարապետ ասում էր, որ իր նեարդերին ահաւոր ազդում ա, երբ շինարարութիւն ա գալիս ու բանուորները հողաթափերով են։

ասում ա՝ ես ընկալում եմ դա որպէս ուղերձ՝ մենք չենք աշխատում, սա մեր գործը չի։ ու հետեւաբար նաեւ արդարացուած անպատասխանատւութիւն։

իսկ երէկ չաթերից մէկում մէկն ասաց՝ «ո՞վ ես դու այսօր»։

ու ես պատասխանեցի, որ հարցրի իւնիքս մեքենայիս՝ whoami ու այն պատասխանեց՝ inky։

ու ես մտածեցի որ դա գուցէ եւ լաւ ա։ որովհետեւ երբ աշխատում ես մեծ կազմակերպութիւնում, եւ թէկուզ գործ ունես իւնիքս համակարգերի հետ, դա չի նշանակում ազատութիւն, դա նշանակում ա համակարգի մաս լինել։ ու ըստ համակարգի քո օգտանունն իրենք են որոշում՝ ըստ ալգորիթմի օգտագործելով քո իրական անունն ու ազգանունը։

ու ես մտածեցի որ վերջին քանի տարին միջազգային կորպորացիայում աշխատելիս ես համակարգչիս օգտատիրոջ անունը փոխել էի։

ճիշտ ա, երբ ընդունւում էի, իմ ապագայ գործընկերներից մէկն ինձ լաւութիւն արեց, ասաց որ կարելի ա հատուկ դիմել որ օգտանունը չլինի իրենց ալգորիթմով, այլ լինի քո ուզածը։ ինձ ոչ մի բան չէին հարցրել, ու ես ոչ մի բան չէի նկատել։ բայց նա այդ ջանքը դրեց, փոխանցեց իրենց, ու իմ օգտանունը բաւական «լիթ» էր, ի տարբերութիւն հէնց այդ մարդու օգտանունի, կամ ուրիշների։

նաեւ առաջին օրուանից ես ջնջեցի իրենց «ուինդոուսը» ու չնայած միշտ չէր հեշտ՝ կարողանում էի իմ կարիքները հոգալ էնպէս որ համ ինձ յարմար լինի, համ իրենց ինտերֆէյսներին կարողանամ համապատասխանել, ոչ մէկ չկարողանայ նկատել որ ուրիշ օհ ա կամ ծրագրակազմ, ու ոչ մէկ չկարողանայ մատնացոյց անել, թէ վատ ա այսինչ բանը, որովհետեւ էսպէս ես արել։

իսկ վերջին տարիներին այո, ես դա էլ փոխեցի ու դարձայ inky։ աւելին, իրենց իսկ մեքենայի վրայ աշխատելիս ես այլեւս ջանում էի բոլորովին ինտեգրուած չլինել իրենց միջավայրի հետ։ միայն մի պատուհան էի բացում որ կպած էր իրենց սերուերներից մէկին, ու ամէն այլ տերմինալներն էնտեղ էի բացում։ ու դա մի կոնկրէտ ուորքսփէյսում էր։

մնացած, իմ տերմինալները բացած էին ամէնուր, բոլոր տիրոյթներում։

դա ուժեղ փոփոխութիւն էր, որովհետեւ ես այդպէս չէի անում, երբ աւելի փոքր էի։ ու գուցէ դրական փոփոխութիւն։ փորձեմ բացատրել՝ նախկինում ես «embrace» էի անում իմ ստատուսը։ ասում էի՝ ես կեղտոտ զինուոր եմ։ ես աշխատող եմ որ չունի իրաւունք անելու սա ու սա։ ես չէի շօշափում թույլատրելի եզրերը։ ես մի անգամից ընդունում էի ամենանուաստացուած վիճակը որպէս նորմա։ բայց այն գործի տեղում նուաստացուած վիճակն էր, ոչ մի կեանքում, ուր ես ջանում էի լինել լրիւ այլ։ ու յստակ բաժանում էի աշխատանքային եւ չաշխատանքային կեանքը։

հիմա էլ կուզէի բաժանել։ կուզէի չաշխատել էդպէս, բայց կուզէի բաժանել։ շատ բարդ ա ինձ պատկերացնել մի միջավայր, ուր կուզէի խառնել։

այդ միջավայրը պիտի ես ստեղծած լինէի, կամ իմ պէս մարդիկ։ ու երեւի դա անհնար ա մեծ կազմակերպութիւններում։

էսօր ես նոր չեմ բացայայտել որ «ֆիթ չեմ լինում»։ չեմ եղել շուէյցարական հանրութեան մէջ, չեմ եղել գրեթէ ոչ մի աշխատավայրում։ բայց դա նորութիւն չի, ու չեմ զարմանում։ գիտեմ ու փորձում եմ այնպէս անել որ էդքան վատ չլինի, բայց կարողանամ գոյատեւել։

էսօր ամենամեծ վախերիցս ա որ ստիպուած եմ լինելու էլի համակարգի մաս լինել։ ու ընկնել այդ շրջանի մէջ, երբ քեզ էդքան վատ ա դրանից, բայց դու ստանում ես փող, որը ծախսում ես որ քեզ էդքան վատ չլինի։

երէկ շատ լաւ անցաւ դասս, ու ես ամբողջ օրը շատ լաւ տրամադրութիւն ունէի, ու շատ ստեղծագործական տրամադրութիւն։ եւ սա էի ուզում անել, եւ նա, եւ պլաններ, եւ ինքս ինձնից էդքան գոհ էի։

երէկ չէ առաջ օրը դասս շատ վատ էր անցել, ինձ թւում ա։ կամ գոնէ միջինից վատ։ ու օրս լաւը չէր։

ու ես զգացի որ երբէք ես ինձ լաւը չէի զգայ, ու ինձնից գոհ չէի լինի, եթէ գործի տեղում ես ինչ֊որ բան անէի որը յաջողուէր կամ ընդունուէր։ նախ ես գրեթէ երբէք չեմ աշխատել այնպիսի տեղում ուր համեմատաբար «վինտիկ» կամ գուցէ ասենք «մեխի գլուխ» չէի։ որը ակնյայտ ա՝ որոշողները լրիւ ուրիշ մարդիկ են, ու որպէս կանոն այլ երկրում։ բայց դա էդքան կարեւոր չի։ ես մէկ ա ինձնից գոհ չեմ եղել, երբ օգնել եմ մարդկանց, ու իրենք չեն տառապել մի շաբաթ ինչ֊որ բանի վրայ, այլ լուծել եմ խնդիրը մի ժամում կամ մի օրում։ ինչ էլ անէի միջազգային կորպորացիայում, ես բաւարարուած չէի զգայ։ ես կարող էի ստանալ բաւարարուածութիւն միայն դրանից դուրս։

դասի ժամանակ ես փորձեր եմ անում։ իսկ եթէ էսպէս անենք։ իսկ եթէ էսպիսի լաբ անենք։ իսկ կը ձգե՞ն հիսուն րոպէի ընթացքում։ սա շատ ստեղծագործող գործ ա, ու ես ի տարբերութիւն հայկական պետական համալսարանների, չպիտի ներկայ֊բացակայ անեմ։ կանեմ եթէ ուզեմ։ ու չեմ ուզում։

ես ահաւոր մոտիւացուած եմ, որովհետեւ էն ինչ ես տալիս եմ՝ գործիք ա։ գործիք ա որ իրենց խնդիրն ա ինչպէս են յետոյ օգտագործելու։ իսկ ես վաղուց գրել եմ որ ես սիրում եմ սարքել գործիքներ։ կուզէի սարքել գործիքներ։ ու դաս տալը գործիք սարքելու պէս ա։ էդ ես չեմ լինի որ ահաւոր ոչ էթիկական կոդ ա գրելու օգտագործելով էն գիտելիքը, որ, եթէ յաջողեմ, կը փոխանցեմ։ ու էդ ես չեմ լինի, որ ահաւոր լաւ ստարթափ ա ստեղծելու, ու աշխարհը դարձնի աւելի լաւ տեղ։ ինձ լաւ ա գիտակցել որ այդ երկուսն էլ ես չեմ։

բայց ես ունեմ խնդիր որն ահաւոր մոտիւացուած եմ հնարաւորինս լաւ լուծել՝ փոխանցել գիտելիք։ ու ունեմ ստեղծագործական լիքը հնարաւորութիւն։

ու տէնց։

#անկապ #չգիտեմ #կրթութիւն #արդիւնաբերութիւն #ազատութիւն #ստեղծագործութիւն #աշխատանք #կեանք #առօրեայ #օգտանուն #անձ #նոյնականացում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  չգիտեմ  կրթութիւն  արդիւնաբերութիւն  ազատութիւն  ստեղծագործութիւն  աշխատանք  կեանք  առօրեայ  օգտանուն  անձ  նոյնականացում