2022-05-15-11333614

յարմարաւէտութիւնը՝ կարճաժամկէտ ստրատեգիա։

որոշումներ, որ ցաւի արդիւնք են՝ վատ որոշումներ են։ հաուս մ․ դ․

մի անգամ գրել էի, որ պէտք չի ակնկալիքներ ունենալ, որ դաշնեզերքի լուծումներն էնքան հասուն ու կայուն կը լինեն, ինչպէս կորպորատիւ նմանօրինակները։

զի կորպորացիաներն անհամեմատ աւելի շատ ռեսուրսներ ունեն «ֆիչըրներ» աւելացնելու համար։ եւ «ֆիչերների» մրցավազքում մենք, գոնէ էս պահին, հետ ենք։ սա նաեւ պատասխան ա այն կարծիքի, որ մեր ազատ/դաշնային տեքը պէտք ա ապահովի «ֆիչըրներ» որ «մրցունակ» լինի եղած լուծումների համեմատ։

ազատ ծրագրակազմի աշխարհում իրավիճակը նման էր՝ իննսունականներին եւ զրօյականների սկզբում էր, երբ պայմանական «լինուքսը» «բարդ» էր օգտագործել, եւ բաւական խնդիրներ կային։

այսօր կարելի ա պնդել, որ ժամանակակից ազատ աշխատանքային միջավայրները չեն զիջում մէյնսթրիմ լուծումներին, բացի մի կէտից՝ սովորութիւն։ մէյնսթրիմ լուծումներին սովոր են։ (հայրս սովոր ա gnome2֊ին, ու ուինդոուսով չի կարողանում գործ անել՝ անյարմար ա)։

բայց ինչպէ՞ս ենք մենք այստեղ հասել։ հասել ենք, մասնաւորապէս որովհետեւ նուիրուած մարդիկ են եղել, եւ դեսքթոփ լինուքս էին քշում։ այո, նաեւ կորպորատիւ ներդրումների շնորհիւ ենք այստեղ յայտնուել, բայց դրանց նախապայմանը միեւնոյնն ա նուիրուած մարդիկ էին։

էսօր, երբ դուք օգտագործում էք «այօս» կամ «մակօս», կամ «ուինդոուս», կամ, եկէք նոյն շարքում դնենք՝ «ֆէյսբուք», «թուիթեր»՝ դուք չէք նպաստում ձեր ապագայ ազատութեանը։

ու եթէ ապագայում լինի ազատութիւն՝ դա այլ մարդկանց նուիրուած լինելու եւ շնորհքի արդիւնքն ա լինելու։

շատերը հարցնում են՝ ես դեւելոփեր չեմ, ի՞նչ տարբերութիւն ինչով եմ օգտւում։ ինչի՞ ինձ գիտակցաբար սահմանափակեմ։ իմ պատասխանն ա՝ նախ ազատութիւնը (տուեալ դէպքում նաեւ անկախութիւնը) պահանջում ա զոհաբերութիւն։ անվճար բան չկայ։ յետոյ, ինչքան ոչ նախագծող մարդ օգտագործի որեւէ տեք, այնքան աւելի շատ ա հաւանականութիւնը, որ նաեւ ներդրում անել ունակ նախագծողներն են գալու այս դաշտ, հետաքրքրուելու են, եւ առաջ են տանելու ազատ ծրագրակազմը։

կարճաժամկէտ յարմարաւէտութեան ստրատեգիան երկարաժամկէտ յարմարաւէտութեանը՝ ազատ կամ/եւ դաշնային ծրագրակազմով չի նպաստում։

մարդիկ գաղափարական կենդանիներ են։ եւ կան ամենատարբեր գաղափարներ, շատերը ոչ ռացիոնալ եւ նոյնիսկ ինքնաոչնչացնող։ բայց մարդիկ նաեւ ռացիոնալ կենդանիներ են, եւ ունակ են գիտակցաբար ազատութիւն, բայց անյարմարաւէտութիւն ընտրելու։ կամ մի այլ յարմարաւէտութիւն։

ու տէնց։

#մարդիկ #գաղափար #ազատութիւն #տեք #համացանց #ծրագրակազմ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ մարդիկ  գաղափար  ազատութիւն  տեք  համացանց  ծրագրակազմ