2021-12-26-8022965

էն օրը կարդում էի՝ արագացման չափիչին դիմելու համար յատուկ թոյլտւութիւն պէտք չի, եւ յաւելուածներն են դիմում, եւ կայքերը։

դրանով կարող են հասկանալ, որ զուգարանում ես, զուգարան գնալու եւ լռուելու շաբլոնները։ դրանով կարող են նաեւ լսել ինչ ա խօսւում հեռախօսի սփիքերով։ առանձին բառեր հասկանալ (դե՞ռ) չեն կարողանում, բայց լինում ա կռահել (90% ճշտութեամբ) խօսողի սեռը, եւ նոյնականացնել անձին ձայնահետքերի տուեալների բազայով։

օրինակ, facebook, instagram, whatsapp յաւելուածները միշտ են հաւաքում արագացման չափիչի տուեալները։

դիտարկիչն էլ չի հարցնում, երբ կայքը դիմում ա չափիչին, եւ կայքերը հաւաքում են արագացման չափիչների տուեալները։

այսպէս կայքերն ու յաւելուածների սպասարկիչները, օրինակ, կարող են իմանալ տեղանքդ, նոյնիսկ եթէ տեղայնացումն անջատել ես, կամ նման սարքից հեռախօսիդ մէջ չունես (որը դժուար թէ)։ հնարաւոր ա կռահել, որ դու գտնւում ես շատ այլ մարդկանց հետ միասին մի աւտոբուսի, գնացքի, կամ մեքենայի մէջ՝ արագացման չափիչները սինքրոն տուեալներ են տալու։

մօտաւորապէս նոյնը ռուսերէն։

ես այսքանը կարդալով անմիջապէս ձեռքից կը գցէի հեռախօսը, յետոյ ուշքի կը գայի, եւ կանջատէի այն ընդմիշտ։

ի՞նչ անել։ (:

ես կասէի՝ հրաժարուել ոչ ազատ յաւելուածներից եւ ծրագրակազմից առհասարակ։ այո, gg֊ից էլ։ այո, բարդ ա։ բայց բարդ ա զի դրան էք սովոր։ կարելի ա ձեռք բերել այլ սովորութիւններ։ ինձ օրինակ, բարդ ա առանց իմ նախընտրած sailfish֊ի յաւելուածների։

ամենահամարձակները կարող են փորձել ձեռք բերել pinephone pro, /e/ հեռախօս, կամ sailfish֊ի կողմից աջակցուող xperia֊ներից մէկը, եւ խնդրել ընկերներից մէկին տեղակայել սէյլֆիշ։

այդ օհ֊երը 100%֊ով չեն լուծելու գաղտնիութեան խնդիրները, բայց զգալի տարբերութիւն են տալու։

այդ լուծումներն իմաստ ունեն նաեւ նրանով, որ շատ յաւելուածներ դրանց վրայ պարզապէս չեն աշխատի։ իսկ ինչը հնարաւոր ա աշխատեցնել՝ օրինակ google֊ի մէյլը՝ աւելի լաւ ա չաշխատեցնել։

չաթերից, օրինակ, պէտք ա հրաժարուել։ անցնել ազատ հաղորդակարգերի՝ jabber֊ի կամ matrix֊ի։ բարդ բան չկայ։ ստեղ էլ բազմիցս գրուել ա։ պարզապէս քաղաքական կամք ա պահանջւում։ ու կրկին՝ ոչ թէ «մեսինջեր», այլ հանրութեան կողմից ձեւակերպուող, սահմանուող հաղորդակարգ։

ու չսպասել ազատ, ոչ կոմերցիոն յաւելուածներից ամէն «ֆիչըրները», որ ունեն նմանատիպ կոմերցիոն, հարուստ ընկերութիւնների արտադրած լուծումները։

կարելի ա փորձել պարզել, կամ եթէ չէք կարողանում՝ խնդրել ընկերներին պարզել՝ արդե՞օք հնարաւոր ա ձեր հեռախօսի վրայ տեղակայել lineageos, ու եթէ չէ՝ յաջորդ հեռախօսը ձեռք բերելիս ընտրել այն, որի վրայ հնարաւոր ա։ պատրաստ լինել, որ ձեր նախկինում օգտագործած յաւելուածների զգալի մասը դրա վրայ չի աշխատի՝ զի անիմաստ ա ունենալ ազատ օպերացիոն համակարգ, որ դրա վրայ աւելացնէք «google play services»֊ը իր լրտեսութեամբ, ու էդ նոյն յաւելուածները, որոնցից փախչում էիք։

հրաժարուել անազատ օպերացիոն համակարգերից կարգչի վրայ էլ։ արդէն վաղուց չեմ զարմանում լինուքս քշող մարդ հանդիպելիս, հակառակը՝ զարմանում եմ ուինդոուս կամ մակօս քշող մարդ հանդիպելիս։ բարդ չի, լուծումը մի քայլում ա, ձեռք պարզելու հեռաւորութեան վրայ։

օգտագործել պարզ դիտարկիչներ՝ netsurf֊ի պէս, մուտք գործել, կամ երեւի ելք գործել ջեմինի տիրոյթ։

այո, ջեմինի տիրոյթը (դե՞ռ) մեծ չի, ու շատ գրաւիչ չի՝ զուսպ ա։ իսկ netsurf֊ը ձեր իմացած կայքերի մեծ մասը ցոյց չի տալու։ բայց նաեւ չի կարողանայ աշխատեցնել վտանգաւոր կոդի մեծ մասը։

ընտրել այլ կայքեր, նաեւ օգտագործել rss ընթերցիչներ՝ առանձին ծրագրով ստանալու համար տարբեր կայքերից թարմացումները։ այդ ընթերցիչներից մէկը thunderbird֊ն ա։ բայց դէ պէտք ա ինքներդ ջանք դնէք, փորէք, փնտրէք, ընտրէք այն, որը ձեզ դուր ա գալիս։

ջանք պահանջւում ա, բայց ապրելն արդէն ջանք պահանջում ա, անկախ ապրելն՝ առաւել եւս։ եւ զոհաբերութիւններ՝ զի ձեռքբերումներն առանց զոհաբերութիւնների չեն լինում։

ձեռքբերումների համար չի լինում չվճարել՝ այդ պարզ ճշմարտութիւնը (վիճելի պա՞հ՝ ո՞րը չի), երեւի, պէտք ա սովորեցնել մանկուց՝ որ ապագայում այլ ակնկալիքներ չլինեն։

քո որոշումը ոչ միայն կարեւոր ա նրանով, որ քո կեանքն ա փոխում՝ դա քաղաքական քայլ ա, շուկայի ուղերձներից մէկը։ կարելի ա անվերջ խօսել գաղտնիութեան մասին եւ ամէն օր մտնել ֆէյսբուք՝ դա ոչ մի կերպ չի փոխի աշխարհը, իսկ կողքիններդ լուրջ չեն վերաբերուի ասածներիդ։

էական չի ինչ են մարդիկ խօսում, էականն ա՝ ինչ են անում։ նաեւ ձեզ հանդէպ։

ու տէնց։

#վերահսկողութիւն #արագացման_չափիչ #գաղտնիութիւն #անձնական_տեղեկատւութիւն #ազատութիւն #տեղեկատւութիւն #յաւելուած #կայք #համացանց #մարդիկ #քաղաքականութիւն #քայլ #ազատ_ծա #ծրագրակազմ #կեանք #ջանք #կապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ վերահսկողութիւն  արագացման_չափիչ  գաղտնիութիւն  անձնական_տեղեկատւութիւն  ազատութիւն  տեղեկատւութիւն  յաւելուած  կայք  համացանց  մարդիկ  քաղաքականութիւն  քայլ  ազատ_ծա  ծրագրակազմ  կեանք  ջանք  կապ