Երրորդ այցելությանը նա նստեց, իսկ ես մնացի կանգնած, որովհետեւ նրա պայուսակն իմ աթոռի վրա էր։ Ես չհամարձակվեցի այն գետնին դնել։ Նա ինձ նախատեց՝ անվանելով հիմար, ծույլ, թեթեւաբարո, փչացած, իսկը՝ թափառաշրջիկ մի քած։ Վարդակակաչները նա հրեց համարյա մինչեւ սեղանի ծայրը, իսկ սեղանի կենտրոնում դրեց մի դատարկ թուղթ եւ մի գրիչ։ Նա մրթմրթաց՝ գրե՛լ։ Ես կանգնած գրեցի այն, ինչ նա ինձնից պահանջում էր՝ անունս, ծննդյան թիվս եւ հասցես, սակայն հետո էլ՝ որ, անկախ մտերմություններից եւ բարեկամական կապերից, ոչ մեկին չպիտի ասեմ, որ ես… եւ ահա այդ սարսափելի բառը՝ colaborez… որ ես համագործակցում եմ։ Ես այդ բառը չգրեցի։ Ես վայր դրեցի գրիչը, մոտեցա պատուհանին եւ նայեցի դուրս՝ փոշոտ փողոցին։
աղբիւր
#հերտա֊մյուլլեր #մէջբերում #քաղուածք #թաշկինակ #սրբիչ #դիւրակիր #հերտա֊միւլլեր #մայրիկ #պատմութիւն #բանախօսութիւն #քնքշանք #ազատութիւն