Նրա բոլոր մտահղացումները տապալվեցին։ Նա իրար դեմ հրահրեց թագավորության երկու ազդեցիկ տոհմերին, որ ջլատի նրանց ու հարձակվի բարոնության վրա։ Բայց այդ տոհմերը հաշտվեցին, գավաթների զրնգոցի ուղեկցությամբ հռչակեցին իրենց հավիտենական դաշնը ու թագավորից խլեցին բավականին մեծ հողակտոր, որը հնուց ի վեր պատկանում էր Արկանարցի Տոցեներին։
Նա ցրեց կրթությամբ ու բարեկեցությամբ զբաղվող մինիստրությունները, ստեղծեց թագի պահպանության մինիստրություն, կառավարական պաշտոններից ազատեց տոհմիկ ազնվականներին և հատուկենտ գիտնականներին, վերջնականապես քայքայեց տնտեսությունը, գրեց «Հողագործի անասնական էության մասին» աշխատությունը և, վերջապես, մեկ տարի առաջ կազմակերպեց «պահնորդական գվարդիան»՝ «Գորշ վաշտերը»։ Հիտլերին հովանավորում էին մոնոպոլիաները, դոն Ռեբային ոչ ոք չէր հովանավորում, և ակնհայտ էր, որ վերջ ի վերջո գրոհայինները կուլ կտան նրան, ոնց որ ճանճի։ Բայց նա շարունակում էր քանդել ու ավերել, մի անհեթեթությունից հետո անել մյուսը, ասես ճգնում էր խաբել ինքն իրեն, ասես ուրիշ բան չգիտեր, բացի մի խելացնոր նպատակից՝ բնաջնջել կուլտուրան։ Վագա Անվի պես նա էլ անցյալ չուներ։ Երկու տարի առաջ ամեն մի ստահակ ազնվական արհամարհանքով էր խոսում «թագավորին մոլորեցրած ոչնչության» մասին, բայց հիմա որ ազնվականին էլ որ հարցնես՝ նա իրեն կանվանի թագի պահպանության մինիստրի ազգականը մայրական գծով։
#ստրուգացկի֊եղբայրներ #դոն֊ռեբա #դժվար֊է֊աստված֊լինել #քաղաքականութիւն #ազատութիւն #քաղվածք #գիրք
Դոն Ռեբա, դոն Ռեբա․․․ Բարձրահասակ չէ, և ոչ էլ ցածրահասակ է․ չաղ չէ, և ոչ էլ նիհար է, մազերը շատ խիտ չեն, բայց թե ոչ էլ ճաղատ է։ Շարժումները կտրուկ չեն, բայց ոչ էլ դանդաղկոտ, դեմքը չի հիշվում, և նման է միանգամից մի հազար դեմքի։ Հարգալից, քաղաքավարի է տիկնանց հետ, ուշադիր զրուցակից է, սակայն և ոչ մի բանով աչքի չի ընկնում․․․
Երեք տարի առաջ նա դուրս լողաց պալատական գրասենյակի բորբոսնած նկուղներից և ընդամենը մի խղճուկ, աննկատելի, քծնող չինովնիկ էր՝ դժգույն ու նույնիսկ մի տեսակ կապտավուն դեմքով։ Հետո հանկարծ բանտարկվեց և մահապատժի ենթարկվեց այն ժամանակվա առաջին մինիստրը, խոշտանգումներից մահացան սարսափից խելակորույս և ոչ մի բան չհասկացող բարձրաստիճան պաշտոնյաներ, և ասես նրանց դիակների վրա վիթխարի գունատ սնկի պես աճեց միջակության այս կառչուն ու դաժան հանճարը։ Նա ոչնչություն է։ Եվ հայտնի չէ՝ որտեղից։ ― Նա մի հզոր ուղեղ չէ՝ թուլակամ տիրակալի մոտ, որպիսին նախկինում եղել են պատմության մեջ, նա մեծ ու զարհուրելի մարդ չէ՛, որն իր ողջ կյանքը նվիրում է տերության միավորման գաղափարների համար մղվող պայքարին։ Նա ո՛չ ոսկեպաշտ է, ո՛չ էլ պատահականորեն իշխանության գլուխ անցած մարդ, որը մտածում է միայն կանանց ու ոսկու մասին, որը աջուձախ սպանում է հանուն իշխանության և իշխում է, որ սպանի։ Նույնիսկ փսփսում են, որ նա իրականում ոչ էլ դոն Ռեբան է, որ դոն Ռեբան ուրիշ մարդ է, իսկ սա աստված գիտե, թե ով է՝ դե նմանակ, սատանա։
#ստրուգացկի֊եղբայրներ #դոն֊ռեբա #դժվար֊է֊աստված֊լինել #քաղաքականութիւն #ազատութիւն #քաղվածք #գիրք