2020-09-26-4544221

գրեթէ ամէն անգամ «էլիտար նորակառոյցներ» տեսնելիս, մտածում եմ՝ «ինչո՞ւ»։ ո՞նց եղաւ դա։

դիսքլէյմերոտ՝ նման բաներ ինձ շատ բարդ ա գրել, որովհետեւ ես ուզում եմ տպաւորութիւն չստեղծուի, թէ փորձում եմ «լաւը» երեւալ։

չէ, ընդհանուր առմամբ հասկանում եմ, որ էնպիսի քաղաքական իրավիճակ էր, որ էն մարդկանց ձեռքում էր իշխանութիւնն ու փողը, որ նման բաներ էին ուզում կառուցել, դա էր իրենց աչքը, ոգին շոյում, էդպէս էին իրենց լաւը զգում, որ էն մարդկանց ձեռքում էր փողը, որ չեն ուզել լաւ ճարտարապետներին վճարել, կամ չեն կարեւորել, կամ չեն հաւանել լաւ ճարտարապետների գործերը, կամ ախպերական ճարտարապետ են գտել, իսկ իրենց ախպերականն էլ, նման բան պիտի գծէր։

պարզ ա որ արեւմուտքում էլ կան ահաւոր շէնքեր, ու ես դրանք տեսել եմ՝ մինի գագիկ ծառուկեանների տներն օրինակ, ու այնտեղ չկայ մարմին, որ ըստ ճաշակի ա զտում կամ շին․ թոյլտւութիւն տալիս՝ կարող են պարտադրել յարկայնութիւն, կամ ծառերի քանակ, կամ կայանատեղ, կարող են երբեմն պարտադրել որոշակի դիզայն կոդ՝ ցուցանակի տառատեսակ եւ գոյներ, բայց ընդհանուր առմամբ ոչ մէկ ճաշակի հարցերի մէջ չի խորանում՝ քո շէնքն ա, ոնց ուզում ես սարքի։

ու նման վիճակ ա հետխորհրդային տարածքում՝ աւելի ճիշտ՝ հետ խսհմ֊եան, աւելի ճիշտ՝ հետխսհմեան հանած մերձբալտեան պետութիւնները։ նախկին սոց․ ճամբարի երկրներում որպէս կանոն նման աղէտալի (չեմ կարողանում խուսափել գնահատականից) վիճակ չի։ իրենց մօտ էլ մտաւորականները չեն դարձել արագ հարստացող շերտ՝ դէպի շուկայ անցումի ժամանակ։ իրենց մօտ էլ շատ մարդ իրենց մոլորուած էր զգում, եւ անցումը ցաւոտ ա եղել։

բայց իրենց մօտ այդպիսի ահաւոր շէնքեր այս քանակով չեն կառուցուել։ ու իրենց մօտ, որպէս կանոն պատմութիւնը յարգուած ա, սիրուած ա ու փայփայւում ա։

մասամբ դա ժողովրդավարական համակարգերի յաջողութիւնից էր, բայց էսօր, երբ եւս մի անգամ մտածեցի՝ «ինչո՞ւ»՝ մտքովս անցաւ, որ ըստ երեւոյթին, չնայած սովետը, ինչպէս եւ բոլոր կայսրութիւնները՝ կրթում էր՝ եւ շնորհակալութիւն այդ համար, այնուամենայնիւ, այնքան էլ արդիւնաւէտ չէր կրթել, չէր զարգացրել։

արեւելեան եւրոպայի երկրներում մարդիկ սովետական կարգերից ազատուելու պահին՝ աւելի կիրթ էին, աւելի զարգացած ճաշակ ունէին։ ընդհանուր առմամբ։ եւ ընդհանուր առմամբ՝ արեւմուտքն անհամեմատ աւելի յաջողակ էր մարդու կրթութեան ու զարգացման գործում։

ու դա, օրինակ, արտայայտւում ա նրա մէջ, որ լինի սանտեխնիկ, թէ դասախօս՝ ընդհանուր առմամբ իրենք լսում էին նոյն փինք ֆլոյդը, բայց դասախօսն աւելի շատ գիրք էր կարդացել։

այնպէս որ ով էլ դառնար այն գործարարը, որ յետոյ կը պատուիրէր շէնք՝ նա աւելի հակուած էր լինելու գտնել լաւ ճարտարապետ, եւ աւելի հակուած էր եղել կառուցել էնպիսի բան, որը իր զաւակները կամ թոռները չեն ուզի քանդել, զի ամաչում են, կամ զգում են, որ դա պէտք չի։

հետաքրքիր ա նաեւ, որ այն երկրներում, ուր ժողովրդավարութեան աւելի կայուն սովորոյթ կար՝ նոյնպէս ընդհանուր առմամբ կապիտալը հակուած էր հետխսհմեան ահաւորութիւններ չկառուցել։ դա՝ որպէս փաստարկ նրանց, որ սարսափում են ժողովրդավարութիւնից, ժողովուրդը՝ լռելեայն ահաւոր եւ դեբիլ համարելով։ սա՝ այլ թեմա կարճ շեղում էր։

#քաղաքականութիւն #ճարտարապետութիւն #քաղաք #ճաշակ #սովետ #սովէտ #ժողովրդավարութիւն #խսհմ #արեւմուտք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաքականութիւն  ճարտարապետութիւն  քաղաք  ճաշակ  սովետ  սովէտ  ժողովրդավարութիւն  խսհմ  արեւմուտք