2014-09-18-13128

իր շունը կարծես «դւորնյաժկա» էր։ ես եւս մի պատճառ ունէի ասելու՝

— էս ի՜նչ սիրուն շուն է, — ոչ միայն որովհետեւ սիրուն էր, այլ նաեւ որովհետեւ այն ժամանակ առաւել եւս մարդիկ շատ վերեւից էին նայում ոչ ցեղական շներին, ու դրանց պահողներին։

մենք ծանօթացանք աբովեանի վրայ։ յետոյ եւ շանը եւ տիրոջը՝ կարծես իր անունը Ռուզաննա էր, շատ քիչ եմ տեսել։ Կարծես նա մարզիկ էր, լողորդ։ Չնայած ինչ֊որ տեղ մօտիկ էին ապրում, կամ ժամերը չէին համընկնում, կամ իրենք քիչ էին զբօսնում։ ինչեւէ։

մենք զբօսնելիս գրեթէ ամէն օր հանդիպում էինք դալմատին աղջկայ, Լ֊ով էր սկսւում անունը, Լուի՞զա, Լա՞յմա, չեմ յիշում։ Իսկ տէրը իր լաւ չէր լսում, յատուկ սարք էր օգտագործում։ Որի պատճառով երբեմն յիմար մարդիկ իրեն ծաղրում էին։

Ես ահաւոր վատ զգացի երբ դա արեց իմ աղջիկը, մի քանի տարի անց։ Ես այն ժամանակ չէի մտածել, որ հեչ լաւ նշան չի, պարզապէս ամաչել էի իր համար։ Չնայած տղան չʼիմացաւ։

Իսկ դալմատինի ու տղայի հետ զբօսնում էր եւս մի աղջիկ։ Անունը չեմ յիշում։ Յետոյ պարզուեց, որ Ռուզաննայի՝ լողորդի քոյրն է։

Այսպէս, մի օր ես այդ քրոջը տեսայ, մենք Ռոլլիի հետ թռչող ափսէ էինք խաղում, իսկ իրենք ֆիլարմոնիկի աստիճաններին զրուցում էին։ Երկու օր անց իմացայ, որ նա մահացել է։ Դալմատինի տէրն ասաց։ Նոյնիսկ չʼհաւատացի։

Յետոյ մի օր, շատ աւելի ուշ պատահաբար տեսայ Ռուզաննային։ Հաստատեց։ Ասաց՝ ինչ֊որ տղայ, բռնաբարել է, ու սպանել։ Թողել է կտուրի վրայ։

Նաեւ կար մի այլ տղայ՝ Վովա Շախատունի, ուներ դոբերմաններ, բայց կենտրոնում չէր ապրում, ու այստեղ երեւում էր միայն գործերով։ Գործեր ուներ ամէն օր՝ զբօսնում էր Նուշիկեանի՝ այն նոյն Նուշիկեանի, որ այսօր ՀՀԿ֊ից պատգամաւոր է, իր դոբերմանի հետ։ Ամէն առաւօտ։

Սովորաբար, երբ տեսնում էի Վովային, իրենց հետ նաեւ Ռուզաննան էր զբօսնում։

Եւս մի հանդիպում Աբովեանի վրայ։ Ռուզաննան ուղարկում է ֆաքս Գերմանիա։ Կարծես այնտեղ մրցումների է մասնակցել, առաջարկել են մնալ, պայմանագիր է կնքել ինչ֊որ ակումբի հետ, այնտեղ է ապրելու ու սպորտով զբաղուելու։ Հարցնում էր ինչպէս են ուղարկում։ Ասացի որ լաւ չեմ պատկերացնում։ Իրօք լաւ չէի պատկերացնում։

Ամիսներ անց Վովան գալիս էր մեզ հետ կրկես։ Մենք պատրաստւում էինք շների ցուցահանդէսին, որ անց էր կացւում կրկեսի շէնքում։ Անդրեյն էր կազմակերպում, շատ լաւ անասնաբոյժ, ում մի թէ երկու տարի անց սպանեց իր ընկերոջ որդին։ Կարծես, պարզապէս նախանձից։ Սկզբից մեղաւորին չէին գտել, եւ գործը փակել էին։ Իսկ յետոյ բացեցին ու բացայայտեցին մի քանի տարի անց։ Այդ մասին, երբ բանակում էի, ծնողների ուղարկած թերթում կարդացի։ Ուրարտու էր կոչւում թերթը։ Իսկ ցուցահանդէսները ֆինանսավորում էր Սեւանի ոստիկանութիւնը, կարծես։ Քանի որ Վլադիմիր Գասպարեանը, ով այսօր, չգիտեմ ՀՀԿ անդամ է թէ չէ, բայց ոստիկանապետ է, այն ժամանակ Սեւանի «միլպետն» էր։

Այսպէս, ես էլ, Վովա Շախատունին էլ, ու մի խումբ այլ շներ եւ տերեր, նախապէս կրկեսում պատրաստում էինք «գեղի կլուբ» որակի բեմադրութիւններ, որ մարդիկ, հանդիսատեսը ձանձրալի եւ անհասկանալի էքսպերտիզայից բացի նայելու բան ունենան։ Բեմադրութիւնների «ռեժիսորն» էր Էդիկը։

Նա Հայաստանի համար գժանոց շների մարզիչ էր։ Վրացահայ էր։ Ես նրան օպերայի մօտ խումբ էի հաւաքել, նա այնտեղ սկսեց գալ, պարապել։ Պարբերաբար հիւանդանում էր, մենք էլ «աշակերտներով» պարբերաբար գնում էինք հանրապետական հիւանդանոց։ Մի անգամ փրկուելուց յետոյ խիստ հաւատացեալ դարձաւ։ Նոյնիսկ չափազանց։ Յաճախում էր աղանդներից մէկի եկեղեցին, եւ որոշ ժամանակ անց իրենց եկեղեցու տարածքում սկսեց երեխաներին կիրակնօրեայ դպրոցում դաս տալ։ Եւս ժամանակ անց, հերթական անգամ վատանալուց յետոյ մահացաւ։ Կարծես բնաւ ոչ նրանից, ինչից սովորաբար վատանում էր։ Դա արդեն ուշ էր, ես բանակում էի, ինձ միայն լուրեր հասան։

Ցուցահանդէսին Վովան չʼեկավ։ Ոչ էլ դոբերմանը իր։ Մի օր շուտ մահացաւ, գիշերը։ Շաքարի բարձրանալուց։

Մի երկու տարի անց, տեսայ Ռուզաննային։ Մի քանի օրով եկել էր Հայաստան։ Հարցրեց Վովա֊ն ո՞նց է։ Ասացի։ Իր աչքերն արցունքոտուեցին։ Ասաց՝ բա որտե՞ղ է թաղուած։ Ասացի՝ չգիտեմ։ Իրօք չգիտէի։ Նաեւ, մտածում էի՝ ի՞նչ տարբերութիւն թէ որտեղ։

Իսկ այն տղան, ով սպանել էր անասնաբոյժին, բանտից դուրս եկաւ ժամկետից շուտ, ամուսնացաւ իր նախկին աղջկայ հետ, ով պահում էր «Քիլլեր» անունով դոբերման։ Հիմա ՌԴ֊ում են, շատ լաւ, երջանիկ ապրում են՝ երեխաներ, տնային կենդանիներ, փոքր բիզնես։

լաւ գրելու հաւէս չունեմ, ու գուցէ սխալ եմ անում, որ գրել եմ։ պարզապէս յիշեցի։ իսկ այն անունները, որ ինձ թւում է յիշում եմ, հաւանական է որ սխալ եմ յիշում։

ու տենց

պիտակներ՝ մարդիկ  շուն 
վայր՝ երեւան