ասք մազոխիզմի մասին

Երբ ես ընտրական տեղամասում էի, մտքումս ակամա Ֆրոմի ու Բերնի տողերն էին պտտվում։

Օրինակ, այս ոչ շատ ծեր կինը։

Ինչո՞ւ է նա այդպիսի մանկական աչքերով նայում իրեն ուղեկցողին, ու պնդում, որ ուղեկցողը անպայման իր հետ քվեախցիկ մտնի, չկարողանալով սակայն պատճառաբանել դա։

Կամ օրինակ, այս կուսակցության շտաբի պետը, կամ այն աշխատողը։ Ի՞նչն է նրան ստիպում հենց այս բառը ընտրել, հենց այսպիսի կեցվածք ընդունել, ու հենց այսպիսի մարդկանց հետ աշխատել։

Ինձ թվում է, որ երկու օրվա մեջ, ես անչափ շատ մազոխիզմի, սադիզմի, ու դիսկոմֆորտից կախվածության դասագրքային օրինակներ եմ տեսել։

Այն կախվածության, որ ստիպում է մարդկանց պահպանել ու փայփայել իրենց վատ զգալը։ Այն կախվածությունը, որ ստիպում է վեճի պատճառ գտնել, երբ արդեն սովորական ընտանեկան վեճերը հազվադեպ են դառնում, որ ստիպում է առողջացող ալկոհոլիկների կանանց կրկին սադրել ալկոհոլիզմը։

Նույն կախվածությունը, միայն այլ շերտում։

Գուցե մարդիկ արդեն սովորել են, որ պետք է վատ լինի, որ պետք է ճնշված լինեն, ու գիտեն ինչպես այդպես ապրել, իսկ այլ կերպ նրանք կյանքը չեն պատկերացնում։

Սադո֊մազո֊ն միայն սկզբից էր դիտարկվում որպես սեքսուալ ակտիվության արտահայտում։

Գիտակցության եւ ենթագիտակցության մասին գիտելիքների խորացմանը զուգընթաց պարզ էր դառնում որ սադիզմի եւ մազոխիզմի հասկացություները ավելի լայն են։

Օրինակ,Ֆրոմը արդեն այսպես էր գրում սադիզմի մասին՝

Հայտնի են սադիստական հակումների երեք տեսակ․․․

Առաջինը՝ այլ մարդկանց կախման մեջ պահելու ձգտումը՝ նրանց հանդեպ կատարյալ եւ անսահմանափակ իշխանություն ձեռք բերելու համար, իրենցից հնազանդ գործիք ստանալը, եւ հաճոյակատար դարձնելը, ինչպիսին է կավը վարպետի ձեռքերում։

Երկրորդը բացատրվում է ոչ միայն ուրիշներին անբաժան կառավարելու ներքին ձգտումով, բայց եւ շահագործելու, օգտագործելու, մարդկանցից գողանալու, փորոտիկը հանելու ձգտումով՝ ծծելու այն ամենը, ինչ սննդարար է։

Այս ցանկությունը կարող է տարածվել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական օբյեկտներին, օրինակ այլ մարդու զգացողությունների կամ մտածողության վրա։

Սադիստական հակումների երրորդ տեսակը՝ ուրիշներին ցավ պատճառելը, կամ իրենց տառապանքներին հետեւելը։ Դրանք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեւոր։ Խոսքը գնում է ինչպես ֆիզիկական բռնության, նվաստեցնելու մասին, այնպես էլ մարդկանց կծկված, նվաստեցված, կամ շփոթված տեսնելու ցանկության մասին։

Նա շարունակում է, որ այսպիսի կոնտրոլ հաստատելը տալիս է սադիստներին զորության եւ վիթխարիության զգացողություն, դրանով էլ այլանդակում է իրենց հոգեբանությունը։

Իրենց պահանջները բավականացնելու համար սադիստները փնտրում են ծանոթություններ նրանց հետ, ում կարող են ենթարկել, հնազանդ եւ կախված դարձնել, միեւնույն ժամանակ խուսափում են այն մարդկանցից, ում հոգեբանությունը ուժեղ է, կամ ով կարող է հատուցել նվաստեցումը։

Սադիստները իրենց հերթին ցուցաբերում են մեծարություն, հպատակություն, որը մոտիկ է ստորաքարշ, ստրկաբարո վախին, նրանց հանդեպ, ով ունի իշխանություն, կամ զբաղեցնում է ավելի բարձր պաշտոն, կամ դիրք հասարակության մեջ։

Այսպես, դաժանությունը ոմանց հանդեպ նրանց մեջ զուգորդվում է վախի եւ երկչոտության հետ, ու այդ պատճառով էլ ասում են սադո֊մազոխիստական բնավորության մասին։

Իսկ Լին Կոուենը իր «Մազոխիզմ» աշխատության մեջ գրում էր՝

Ավելի լայն իմաստով, մազոխիստներին վերաբերվում են ոչ միայն ստրկամտության համախոհները, այլ եւ մարդիկ, ով սադրում եւ շարունակում են իրենց ցավ բերող հարաբերությունները։ Մարդիկ, ով պարզապես չգիտեն, ինչպես այդ հարաբերությունները ընդհատել։ Խանդոտ սիրեկանները, լքված սիրահարվածները, սեքսուալ կախվածություն եւ թեթեւամտություն ունեցողները, իրենք բոլորը մազոխիստական քայլեր են անում։ Ամենուր տեսնում ենք շտապող ծառայողներ, անուշադրության մատնված ամուսիններ, չգնահատված գործարարներ, ովքեր զգում են, որ իրենց նկատմամբ բռնություն է տեղի ունենում։

Ես շատ եմ նկատել, երբ մարդիկ «ես ոչ մի բան չեմ կարող փոխել» վիճակից անցում են կատարում իրենք իրենց ցավեցնելու ռեժիմին։ Այսինքն անցնում են սադո֊մազո հարաբերություններին աշխարհի հետ։ Դա կատարվում է եւ կենցաղային եւ հասարակական շերտերում։

Ու ինչքան ավելի է ամրապնդվում «մենք չենք կարող ազդել» հավատը, այնքան ուժեղանում է մազոխիզմը։ Այս դեպքում առաջանում են սադիստների թափուր տեղեր, որոնք արագ լրացվում են կուսակցություններում՝ իրենցից առանձնապես ոչ մի բան չներկայացնող թաղային հեղինակություններով՝ այսինքն նրանցով ում եւ պետք է հզորության զգացողությունը։

Ես համոզված եմ, որ ոչ ոք իրեն լավ չի զգացել երբ նրան բերել են քվեարկելու։ Ես համոզված եմ, որ ոչ ոք իրեն լավ չի զգացել, երբ կաշառք է վերցրել։

Բոլորն էլ զգում էին, որ բռնություն է տեղի ունենում։ Բայց շարունակում էին իրենք իրենց ցավ պատճառել, իրենք իրենց մխիթարելով՝ «մեկ է բան չես փոխի» ու «բոլորն էլ սրիկա են» ծեծված արտահայտությունների կիրառութամբ։

Այնպես որ զգոն եղեք, երբ տալիս եք կամ չեք տալիս։

ու տենց

պիտակներ՝ Էրիխ Ֆրոմ  ընտրութիւններ  խորհրդարանական ընտրութիւններ 2012  հոգեբանութիւն  մազոխիզմ  մարդիկ  մտքեր  սեքս  սովորական դիսկոմֆորտ