– Ես ազա՛տ եմ – երեկ ասաց Մերին և դատարկեց հերթական գարեջրի գավաթը:
Մերին սիրում է խոսքի մեջ անգլերեն բառեր օգտագործել, կարծելով որ դա քուլ ա(այ հենց այսպես), ու երազում է «գնալ այս երկրից»։ Իսկ այն պահին, երբ նա ասաց որ ազատ է, նրա աչքերը «շեշ-բեշ» էին։
Ու ես հիշեցի երկու տարի առաջ Ադբաշյանի խոսքերը՝
– Ես ուզում եմ գնալ Սևան, բայց բենզինի փող չունեմ – ասաց նա և եզրակացրեց – Այսինքն ես ԽՍՀՄ ժամանակ ավելի ազատ էի։
Ուզում էի խորհուրդ տալ Մերիին՝ «դե անմիաջպես մեկնիր նահանգներ» – իմանալով, որ ոչ վիզա ունի, ոչ էլ տոմս։ Ոչ էլ գնալու տեղ։ Բայց նա արդեն պարում էր այլ սենյակում և չէր լսի։
Իսկ ես մտածեցի, որ ազատությունը հակառակ պրոպորցիոնալ է իմացություններին։
Ասենք, երբ ես չգիտեյի Անգկորը ինչ է, ես չէի ուզում այն տեսնել։ Քանի որ Անգկոր տեսնելու հարցը չկար, ես չէի մտածում, ազա՞տ եմ այն տեսնելու, թե ազատ չեմ։ Այ օրինակ հիմա այդ ազատությունը չունեմ։
Բայց իմացությունը այս դեպքում անհրաժեշտության և/կամ ցանկության մասնավոր դեպքն է։
Ինչքան շատ բան գիտես, այնքան շատ անհրաժեշտություն կամ ցանկություն ես ունենում։
Բայց ցանկությունը կամ անհրաժեշտությունը տարբեր է լինում։ Ասենք, ես սիրում եմ շուտ զբոսնել Օտտոյի հետ։
Համալսարանի այգում, տենց ութանց կես։ Ես սիրում եմ շուտ զբոսնել, նախաճաշել, ու շուտ լինել աշխատանքի։
Հետաքրքիրն այն է, որ այս դեպքում ես չեմ տեսնում բոլշեվիկ տատիկ Գոհարին, ու նա իմ վրա չի գոռգռում, որ Օտտոն իրա խոտերը տրորում է։ Ես չեմ տեսնում նաև ոստիկաններին, որոնք կարող էին կպրճկվել թե բա «նամորդնիկ ա պետք հագցնել» շանը։
Ստացվում է, որ եթե ես շուտ եմ զբոսնում, իմ համար կանգնած չէ բոլշեվիկ Գոհարին և ոստիկաններին տեսնելու կամ չտեսնելու հարցը։ Այն պարզապես գոյություն չունի։ Իսկ այն փաստը, որ Գոհարը և ոստիկանները տասնմեկի կողմերը համալսարանի բակում են, ինձ չի հետաքրքրում, քանի որ/եթե ես այդ ժամանակ չեմ զբոսնում։
Ի դեպ, բոլշեվիկ տատիկների հետ պայքարելու ձև գիտեմ։ Երբ նա ձայնը բարձրացնում է, ես ասում եմ՝ «ի՞նչ»։
Նա ավելի ուժեղ է գոռում, իսկ ես ասում եմ՝ «ի՞նչ»։ Նա կրկնում է։ Ես ասում եմ՝ «ի՞նչ»։ Ձեռքս մոտեցնում եմ ականջին, ծիպը չեմ լսում։ Մեկ էլ իրա վրա խցիկն ա ազդում, երբ տեսնում ա ձեռքիս խցիկ, իրան լավ ա պահում, ամաչում ա։
_ու տենց _