մենատանն ապրելը թանկ ա՝ մենակ լինելով աւելի անկախ ես ու աւելի շատ պիտի վճարես այդ անկախութեան համար։
այդ ձեւի անկախութեան երկրպագում չեմ՝ ի տարբերութիւն լիւկ սմիթի։
ես քաղաքի մարդ եմ՝ բազմիցս այդ մասին գրել եմ՝ #քաղաք։
ու այո, շատ ես վճարում՝ ունես բակ, հետեւաբար բակի մէյնթենանսը քո վրայ ա։ քիչ ա բակինը, բայց եւ ամն սփրաւլում չես ապրում՝ բակիցդ դուրս սառոյց ա ու ձիւն, էլի պիտի դու մաքրես։
նաեւ անցեալ տարի, երբ տակից եւ վերեւից հարեւաններ կային, կարելի էր նոյնիսկ տունը չտաքացնել, կամ շատ թոյլ տաքացնել՝ իրենք այնքա՛ն էին տաքացնում, որ արդէն շոգ էր։
իսկ մենատանը (մանաւանդ որ ամերիկեան սփրաւլի) կարող ես ունենալ՝ ե՛ւ էլեկտրականութեան որակի, ե՛ւ ջրի մատակարարման խնդիրներ։ ու էդ խնդիրների հետ ընդհանուր առմամբ էլի մենակ ես։
օրինակ, ընկերս պատմում էր որ մի ձմեռ իրենց տան լարումն էնքան էր ընկել, որ լուացքի մեքենան չէր աշխատում։ չափել էր՝ 150 վոլտ էր։ նայեց պայմանագիրը՝ 220 վոլտ ա երաշխաւորուած, +- 5%։ զանգեց իրենց էլեկտրիկին՝ էլեկտրիկն ասաց՝ ձեւ չունես, սերժն ա, երկիրը երկիր չի, հնարաւոր չի դզել։ մի երկու օր մտածեց, չդիմացաւ, գրեց դիմում էլեկտրացանց։ եւս մի քանի օր անց կինն էր զանգել իրան աշխատանքի, ասաց՝ ինչ֊որ մարդիկ են եկել, տան շուրջը պտտւում են։ երեկոյեան եկաւ տուն, ոնց որ լամպերը լաւ են վառւում, չափեց՝ 220վոլտ։ վաւ։
յետոյ տեսաւ էլեկտրիկին, ու խոսակցութիւնից հասկացաւ, որ էդ մարդը հատուկ քանի տուն ծանրաբեռնել ա, որ իր տունը գցի ոչ ծանրաբեռնուած գծի վրայ, զի էլեկտրականութեամբ ա տաքացնում։
կրկին, երեւի չէր անի, եթէ ռեսուրսների խնդիր չլինէր, եթէ բոլորին հերիքէր։
կամ օրինակ, էստեղ, ուր ապրում եմ, ըստ պայմանագրի հիմա ջուրը մինչեւ գիշերուայ ժամը 12֊ն ա։ ենթադրում եմ նրանից ա, որ ամէն տեղ ձախ գծեր կան, ու գիշերը մարդիկ ահաւոր ջրի ծախս են անում, ջրելով իրենց հողամասերը։ յետոյ պարզեցի, որ աստուած՝ մեր տունն էլ ձախ գիծ ունի։ էդ ժամանակ մեր տանը սանտեխնիկն էր գործ անում, ահագին գործ կար, ու տան տէրն էլ հէնց խնդրեց նրան նաեւ ձախ գիծը փակել։ բայց իմ տան տէրը սովորական տան տէր չի՝ շատ նորմալ մարդ ա, որ դեռ փնտրել ա պէտք։
իսկ ջուրը դէ խնդիր ա՝ յաճախ հնարաւոր չի լինել տանն էն ժամին, որ հասցնես ատամներդ լուանալ։ էլ գիշերային ցնցուղի մասին խօսք չկայ։ (:
ու ապա պիտի վճարես՝ մտածես բակի, պոմպի մասին, եւ այլն։
բայց եւ շահում ես՝ կարող ես բակումդ սուրճ խմել, կամ կարանտինը մեծ տանը, եւ մեծ տարածքում գուցէ քեզ համար աւելի հեշտ ա տանել։ ինձ համար՝ չէ, ինձ համար հասկանալի չի, ոնց ա հնարաւոր պատուհանից նայել ու չտեսնել փողոց, անցորդներ, այլ բազմաբնակարանային շէնքեր ու երեկոյեան՝ վառուած պատուհաններ։
մի քանի օր առաջ դոյչէ վելլէի վաւերագրական դիտեցի՝ նիւ եօրքեան ապահով ընտանիքի մասին, որ կարանտինի ժամանակ գնաց իրենց ամառային տուն, ու էնտեղ ազատ էր, տարածք կար, նաեւ լողափ մօտակայքում, ու դէ իրենց շատ հանգիստ էին զգում։ այնպէս որ ընդհանուր առմամբ,
նաեւ վճարում ես նրանով, որ կրկին, եթէ ամերիկեան սփրաւլում դու ունես մայթեր, զբօսնելու, վազելու տեղեր, ապա հայաստանում դու հազիւ ունես մայթ կենտրոնում, այն էլ ոչ ամէն տեղ։ (: ու կենտրոնն ա էն տեղը, որ դեռ լրիւ չի ահաւորացել, բայց զգալիօրէն ա ահաւորացել։
իսկ երեւանեան սփրաւլում՝ տեղից ահաւոր էր, ու մայթերի մասին խօսք չկար։
բնական ա, հարկերդ գնում են էնտեղ, ուր աւելի արդիւնաւէտ են ծախուելու։ ու այնտեղ, ուր բնակչութեան խտութիւնը բարձր ա՝ ծախսն արդիւնաւէտ ա՝ շատ մարդկանց վրայ ա ազդում։
նաեւ բիզնէսի տեսանկիւնից։ յիշում եմ, ինչպէս մէկը գործընկերոջս զանգել, հարցնում էր իրենց սփրաւլում ապրուստի մասին՝ մտածում էր այնտեղ տեղափոխուել։ եւ գործընկերս բացատրում էր՝ տրանսպորտ էս ժամից յետոյ չես գտնի, կարագ մօտակայ խանութում չես առնի՝ զի թանկ ա, ժողովուրդը չեն առնում, ու փչանում ա, չեն բերում։ մոռացիր, ասում էր, իջնելու մասին եւ վարունգ, օրինակ, առնելու մասին։ պիտի գործից յետոյ մտնես սուպերմարկէտ, նոր գաս տուն։
ու պատահական չի որ եւրոպայում էսօր ընդունուած են խիտ կառուցապատուող նոր թաղամասէր։ ցածրայարկ ու խիտ։ որպէսզի հնարաւոր լինի արդիւնաւէտ ծախսել փողը։ ու պատահական չի որ սովէտական բարձրայարկ սփրաւլերի շէնքերի միջի տարածութիւնը անխնայ ա՝ հնարաւոր չի, կամ չափազանց թանկ ա էդչափ տարածք խնամել։
եթէ էս մասին էսքան խորացանք, պատմեմ դասական ֆիլմի մասին՝ The Pruitt-lgoe Myth այն մասին, ինչպէս ա լինում որ աղքատ համայնքները չեն կարողանում վճարել բարձրայարկ շէնքերի եւ դրանց շուրջ ստեղծուած ենթակառուցուածքների մէյնթենենսի համար։ աղքատները՝ առաւել եւս։ ու ինչպէս ա թուացեալ լաւ սոցիալական նախագիծը դառնում սարսափ՝ եւ քաղաքի, եւ բնակիչների համար։
սկսեցի ուզելով ընդամէնը պարզ կարճ բան գրել՝ որ մենատանը թանկ ա, զի ծախսերդ շատ են, նոյնիսկ եթէ ձիւն մաքրելդ ա ծախս՝ ծախս ա՝ ժամանակիդ եւ ուժերիդ։ մի քիչ շատ շեղուեցի, սակայն։
#քաղաք #մենատուն