երեւանի նոր փողոցներից մէկում կար կանաչ բուդկա՝ շինարարների համար նախատեսուած զուգարան։ այդ փողոցի փոխարէն նախկինում գնացքի գծեր էին, իսկ այս հատուածում անցնող գնացքների ուղեւորները զգուշօրէն հեռանում էին պատուհաններից՝ կողքի խորհրդային պանելայինների երեխաներից ոմանք մրցում էին քարեր շպրտելով անցնող շարասիւնների վրայ։
այսօր այդ փողոցում նոր բարձրայարկներ են կառուցում։ իսկ շինարարների համար նախատեսուած բուդկան դարձել է քաղաքի կարեւոր կէտերից մէկը՝ առաքիչների, տաքսիստների եւ ոստիկանների համար։
փողոցն անցնում է ձորի կողքով, իսկ ներքեւում աւելի մեծ, աղմկոտ ճանապարհ է։ այդ տեղում էլ միշտ չի որ մեքենաներ էին անցնում՝ փոխարէնը ժամանակին գետ էր հոսում, բայց այդ մասին արդէն գրեթէ ոչինչ չի յուշում։
եթէ գիշերը, երբ լուռ է, նոր շէնքերի բնակիչները դուրս գան պատշգամբ եւ ուշադիր լինեն, ապա կարող են լսել հազիւ նկատելի հոսող ջրի աղմուկ։
մի արեւոտ օր մողէսը, որ ապրում էր ձորում, բարձրացաւ լանջով եւ յայտնուեց նոր փողոցում՝ արդէն ձեզ եւ շատ շատերին յայտնի բուդկայի մօտ։ մօտակայքում կայանած էր թարթող լոյսերով ոստիկանական մեքենայ, իսկ բուդկայի պատին կախուած լուացարանում ոստիկան էր ձեռքեր լուանում։
նկատելով մողէսին նա կտրուկ ուղղեց համազգէստը եւ ձեռքերը չորացրեց վերնաշապիկին քսելով։ յետոյ շտապեց ներկայանալ՝
— երեւանի պարեկային ծառայութեան ոստիկան, — ասաց ոստիկանը։
— տեսնում եմ, — ասաց մողէսը։ ես էլ մողէսն եմ։ երեւանի ջհանդամի գեօռի մողէսը։
— ի՞նչ էք այստեղ անում, պարոն մողէս, — հարցրեց ոստիկանը։
— ես այստեղ ապրում եմ, պարոն ոստիկան։ դուրս եմ եկել զբօսնելու, — պատասխանեց մողէսը։ իսկ դո՞ւք ինչ էք էստեղ անում։
ոստիկաաը շփոթուեց, յետոյ սկսեց՝
— ես էլ եմ դուրս եկել զբօսնե…, — յետոյ յիշեց ինչ֊որ բան եւ շարունակեց՝ — դուրս եմ եկել ծառայութեան, հետեւում եմ կարգ ու կանոնի պահպանմանը։
— ես էլ եմ հետեւում, — չհապաղեց ասել մողէսը։ կպնում եմ այ այս պատին ու հետեում։ աչքերս տարբեր կողմերում ամէնը տեսնում են։ իսկ դու էդպէս կարո՞ղ ես։
— չեմ կարող, — խոստովանեց ոստիկանը։ — յետոյ յիշեց ու աւելացրեց — բայց մենք երկու հատ ենք, տե՛ս, — ու ձեռքով արեց դէպի մեքենայ։ մեքենայի պատուհանից նուրբ ձեռք դուրս եկաւ եւ պատասխան ողջոյն յղեց։
— իսկ այստեղ որտե՞ղ ես ապրում, — ոստիկանը կասկածով նայեց դէպի ձոր՝ որտեղից մողէսը դուրս եկաւ։
— մեր տանը, — պատասխանեց մողէսը ցոյց տալով ինչ֊որ տեղ ներքեւ դնչով։
— ըհհ, էնտե՞ղ։ — զարմացաւ ոստիկանը։ նա զգաց որ գուցէ իսկապէս, վերջապէս գտաւ մի օրինազանցութիւն։ պատկերացրեց որ իր ձեռքում է կարեւոր գաղտնիք բացայայտելու թելի ծայրը, եւ որ հաւանական է՝ մի լուրջ խախտում է տեղի ունեցել։
— հա, ի՞նչ կա՞յ որ։ — ասաց մողէսը։ վա՞տ տե՞ղ ա։
— իսկ դու թուղթ ունե՞ս։ — ամենայն լրջութեամբ հարցրեց ոստիկանը։
— ի՞նչ թուղթ։ — զարմացաւ մողէսը։
— որ էնտեղ ես ապրում։ կադաստրի։ ուու… որ դու դու ես, որ էնտեղ է ապրում։
— իհարկէ ունեմ։ — վստահ պատասխանեց մողէսը։
— հապա տեսնե՞մ, — ձեռքը մեկնեց ոստիկանը։
— ո՞վ ա իր հետ թուղթ ման տալիս, — զարմացաւ մողէսը։ — նայի՛, գրպան էլ չունեմ, տա՛նն են թղթերը։
— ապա, պարոն մողէս, մենք պէտք է ձեզ տանենք քաղ․ մաս՝ ձեր ինքնութիւնը պարզելու համար։ — ոստիկանը զգաց որ վաղուց էսպիսի հանդիսաւոր ոչ մի բան չէր ասել։
— ի՞նչ կարիք կայ հեռու գնալու։ ո՞նց էք պարզելու, եթէ տանէք։ էնտեղ ի՞նչ է, մա՞յրս է նստած, որ հաստատի որ ես ես եմ։
— չէ, — շփոթուեց ոստիկանը։ — նա դեռ չէր մտածել այն մասին թէ ոնց են պարզում։ միայն յիշում էր որ այդ համար պէտք է տանել քաղ․ մաս։ բայց հիմա մտածեց, որ մողէսի մայրը ամենայն հաւանականութեամբ, իսկապէս, քաղ․ մասում չի։ ամենաքիչը՝ նա այդ կողմերում մողէսներ մինչ այժմ չէր նկատել։
— իսկ գիտե՞ս ինչի նա քաղ․ մասում չի, — հարցրեց մողէսը։
— չէ, ինչի՞ — անկեղծ պատասխանեց ոստիկանը։
— որովհետեւ մեր տանն է նստած։ գործում է։
— գործո՞ւմ, — ուզում էր հարցնել ոստիկանը, բայց մողէսն ընդհատեց՝
— դո՛ւ ո՞րտեղ ես ապրում, — հետաքրքրուեց նա։
— ըմմ, մեր տանը — պատասխանեց ոստիկանը։
— կադաստրի թուղթ ունե՞ս մօտդ։
— չունեմ։ — խոստովանեց ոստիկանը։ — եւ տանն էլ չունեմ նման թուղթ՝ վարձով եմ։ մերոնց տանը կայ, բայց դա երեւանում չի։ — յետոյ նա զգաց որ շեղւում է, եւ կենտրոնացաւ, — անցէք մեզ հետ, պարոն մողէս, դուք ձերբակալուած էք
— ե՞ս։ — զարմացաւ մողէսը։ նրան դեռ ոչ մէկ չէր ձերբակալել։ ու փորձելով աննկատ հետ հետ գնալ դէպի ձոր նա ասաց — ո՞ւր գնանք, պարոն ոստիկան, աւելի լաւ է դուք մեզ մօտ եկէք։ թղթերը ցոյց կը տամ, մայրս էլ ձեզ սուրճ կը հիւրասիրի։ լիմոնով։ շատ համեղ է։
ոստիկանը նայեց ներքեւ, ձորի մէջ, որ տեսնի ո՞ւր է մողէսի տունը, ու մողէսն այդ պահին արագ անհետացաւ խոտերի արանքում։ իսկ ոստիկանն իրան մի պահ լքուած զգաց։
— մողէէէէ՜ս, — բղաւեց ոստիկանը նայելով դէպի ձոր։ — մողէ՜ս, հետ արի։
նա շարունակում էր նայել ներքեւ, եւ զգում էր որ ձորը շատ խորն է, շատ աւելի, քան նա երբեւէ մտածել է։ եւ որ այնտեղ երեւի ոչ միայն մողէսներ են ապրում։ ու մի ակնթարթ նրան թուած որ հոսող ջրի ձայն է լսում։
— բայց ո՞րտեղից էստեղ ջուր, — արագ ուղղուելով ցրեց նա այդ միտքը, — էստեղ աւտոճանապարհ, այնտեղ էլ՝ աւտոճանապարհ։
նա նայեց բուդկայի կանաչ պատին եւ նրան թուաց որ հոսող ջրի արտացոլանք է տեսնում։ կարճ ժամանակ անց նա հասկացաւ՝ դա ոստիկանական մեքենայի թարթող լոյսերն են։
#երեւան #հեքիաթ #մողէս
բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)