2026-04-25-31359350

ասում ա՝ մի տղայ էր, սկսել էինք շփուել, զանգեց որ պայմանաւորուի որ դուրս գանք, մինչ էդ մօրս ասել էի, չթողեց։

շարունակում ա՝ երբ զանգն եկաւ, մայրս լսափողը վերցրեց, սկսեց էդ տղայի հետ խօսել, իբր ես եմ՝ ձայններս շատ նման էին։

լսում եմ՝ էդ տղան ասում էր՝ դուրս գանք, նա էլ ասում ա՝ մայրս չի թողնում, չեմ կարող։

տղան էլ ասում ա՝ պարտադիր չի իրան ասես որ ինձ հետ ես հանդիպելու, մի այլ բան ասա, դուրս արի։ նա էլ թէ՝ չեմ կարող մօրս խաբել։

էդպէս, լսափողը դրեց, նայեց ինձ, ասեց՝ էս ի՛նչ վատ տղայ էր, առաջարկում էր ինձ խաբել։ էլ չիմանա՛մ երբէք հետը գործ ունես։

հա, իսկ ես մտածում եմ՝ տեսէք, հանրային բանալիներով չէին փոխանակուել՝ դասական mitm ա եղել, նոյնիսկ՝ witm՝ woman in the middle attack, ու նաեւ մտածեցի՝ արդէն զրօյականներին, եթէ տանը ինտերնետ կար, ծածկագրով մէյլը եւ տեքստը որոշակի փրայւասիի հնարաւորութիւն էին ստեղծում։

բայց նաեւ, երբ ասում եմ փրայւասի բառը, յիշում եմ որ մինչեւ հիսունականների տնտեսական աճը գիւղերում յաճախ բոլորը մի գլխատան մէջ էին ապրում, ու նաեւ որ զրօյականներին էլ երեք ընտանիքով մի երկու սենեականոցում էին խցկուած, ես նման տներում եղել եմ, ու ի՞նչ փրայւասի, էդ բառը հայաստանեան կեանքին գուցէ մինչ էսօր շատ կիրառելի չի։

#պատմութիւն #գաղտնիութիւն #վերահսկողութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պատմութիւն  գաղտնիութիւն  վերահսկողութիւն