2024-09-02-24863154

ուզում եմ ասել, որ յաճախ շեղւում ենք էականից, նրանից ինչի համար էր ինչ֊որ բանը մտածուած։ կամ եթէ մտածուած չէր, ինչի մասին էր։

օրինակ, ինչի՞ ենք տուգանում մարդկանց խախտումների համար։ դէ, որ չխախտեն։ որ նուազեն վթարները, որ փրկենք մարդկանց կեանքերը։

ես տպաւորուած էի, որ վրաստանում (հիմա չգիտեմ ոնց ա, առաջ՝ սաակաշուիլու ու մի քիչ հետ սաակաշուիլիական ժամանակ), դէ թիֆլիսում կան շատ միակողմանի ճանապարհներ։ ու երեւանցու համար անծանօթ ա, ու հեշտ ա սխալուելը։

պատկերացրէք մի խաչմերուկին եմ մօտենում, ուղիղ չեմ կարող շարունակել։ կարելի ա նշանը չնկատել, կողքից էլ, ուղղահայեաց փողոցի վրայ ոստիկան ա, տեսնում ա ինձ, ու տեսնում ա որ հայաստանից եմ, ու հասկանում ա որ կարող ա չջոկեմ, սխալ մտնեմ։

ինքը չի սպասում որ ես սխալ անեմ, ինքն ինձ տուգանի։ զի իմաստը տուգանելը չի։ իմաստը՝ սխալ չքշելն ա։

ու նա ինձ նշան ա տալիս, որ ուշադրութիւն դարձնեմ, յանկարծ սխալ չգնամ։

նման բան կարելի ա ասել գնահատականների մասին։

Zen and the Art of Motorcycle Maintenance գրքում կայ պատմութիւն այն մասին, ինչպէս մի դասախօս որոշեց գնահատականները հանել, ու առանց դրանց անց կացնել սեմեստրը։ ու այլեւս երբէք չկրկնեց այդ փորձը։ ուսանողներն էլ էին մոլորեցուած։ իրենց պէտք էր չափման միաւոր ու համակարգ, որ հասկանային ինչ անել որ կուրսն անցնեն, անցած համարուեն։

ու չնայած իմաստը սովորելն ա՝ էդ սովորելը մի ձեւ չափել էլ ա պէտք։ բայց կարելի ա տարբեր ձեւ չափել։ չափումներն էլ սխալ են լինում։ բարդ ա ճշգրին չափելը։ ոմանք շահում են, ոմանք՝ կորցնում։ ու լրիւ արդար չի լինում։ բայց լաւ ա եթէ մօտաւորապէս ճիշտ ա չափուած։

օրինակ, կարելի ա մի հատ քննութիւն անել, ու գնահատական տալ։ բայց դա մի շանս ա, ու կարող ա մարդը ֆէյլ լինի՝ գլուխը ցաւում էր, օրինակ։ իսկ կարող ա միայն մի փոքր մաս ա սովորել՝ բայց տոմս ա քաշել, էդ ա ընկել, ամենաբարձր գնահատականն ա ստացել։

իսկ կարելի ա ընթացքում լիքը տնային կամ լաբ անել, ամէն մէկի որոշ ժամանակ ու դեդլայն տալ, դրանք գնահատել, ու դրանցից գնահատականի մեծ մասը ձեւաւորել։ էսպէս նոյնիսկ մի երկու անգամ թերանալով, մարդը հնարաւորութիւն ունի սովորելու եւ ընդհանուր առմամբ մօտաւորապէս օբյեկտիւ գնահատուած լինելու։

կարեւորը էականը չմոռանալն ա՝ իմաստը գնահատականները չէին, իմաստը՝ սովորելն էր։ իմաստը տուգանելը չի՝ իմաստը որ լաւ վարեն։

ու ոստիկանները նոյնիսկ հայաստանում դա ջոկում են։ եթէ դու բացատրես, որ խախտել ես գիտակցուած, օրինակ որ վթարային իրավիճակ չստեղծուի, կամ տրաֆիկի շարժը չկանգնի՝ յաճախ քեզ կը հասկանան։ զի դու յիշեցնում ես՝ ինչի համար ա կանոնը։ ասում են, ամն֊ում ոստիկանները շատ են կարեւորում ոչ թէ բուն խախտման փաստը, այլ արդեօք գիտակցուած ես արել, թէ չես ջոկել։ չգիտեմ, ճիշտ ա թէ չէ, բայց հասկանում եմ, որ լաւ ա, եթէ էդպէս են իրենց կարգադրել։ հասկանում եմ, եթէ էդպէս ա։

ու եթէ տառակեր ձեւով կանոնի ես հետեւում՝ ապա անմեղ մարդիկ են տուժում, ու գուցէ մնան համակարգի ատամնանիւների արանքում։ դա իմ անձնական մեծ վախերից ա։

ու նման բան կարելի ա ասել ռոմանտիկ յարաբերութիւնների մասին։ ընկերական յարաբերութիւնների մասին երեւի չէ՝ զի ինստիտուցիոնալ չեն, բայց ռոմանտիկի համար օրէնսդրական դաշտ կայ։ ու չգրուած դաշտ կայ, սոցիալական ճնշումներ կան։ պարզ ա ինչի համար են։ օրէնսդրական դաշտը պէտք ա որովհետեւ կարգաւորելու հարցեր են առաջանում՝ բա երեխաներին ո՞նց կիսել, բա ո՞վ որոշում կատարի, երբ միւսը անգիտակից ա։ կամ որ տարիքից ենք համարում որ consent տալու ունակ մարդ ա։

էլի, կարելի ա տառակեր լինել եւ չլինել։ էս տարիքից մի օր շուտ կամ մի օր ուշ, երեւի շատ էական չի։ բայց մի բան պիտի գրեն օրէնքում։

ու էստեղ էլ՝ զի կանոնակարգել ենք՝ կարող ա իմաստը մոռացուել ա։ ու ինձ թւում ա, առաջ աւելի շատ էր մոռացւում, քան էսօր։

ոնց հասկանում եմ իմ շփումներից կամ հին գրքերից, որ բնաւ չեմ ասում որ սոցիալական հետազօտութեանը համարժէք են, բայց պատկերացում եմ կազմում, որ դէ նախկինում շատ էր ընդունուած «ամուսնացնել»։ մեզ մօտ՝ աւելի շատ գիւղերում, իսկ մինչ էդ, գրքերից գիտենք՝ առաւել եւս հարուստների ընտանիքներում։ եւ հարուստները ձգտում էին որ փողը փողի մօտ գայ, եւ չպակասի։

ամուսնութիւնը դիտարկւում էր որպէս enterprise։

սա չգրուածի մասին ա։

անգլիայում եկաւ ժամանակ, երբ արդէն արդիւնաբերութիւն կար, բայց ժողովրդավարութիւնը շատ թոյլ էր, եկաւ ժամանակ, երբ երիտասարդների կարծիքը ահագին ստիպուած էին հաշուի առնել։ դէ որ քիչ թէ շատ իրար հաւանեն, իրենց ընտրութիւնը լինի։ էլի՝ խաւի ներսում պիտի ամուսնանային, բայց ո՞վ ում հետ՝ մի քիչ ազատ էին ընտրել։

ու պարահանդէսներ էին կազմակերպում «երեխաների» համար որ սահմանեն՝ ում հետ են ծանօթանում՝ պարահանդէս եկածների հետ։ դու ազատ ես ընտրել՝ բայց ընտրութիւնը մենք ենք սահմանում։

պարլամենտում տեղ ունեցողներն էլ գալիս էին լոնդոն ապրելու նստաշրջանների ժամանակ։ ու էդ ընթացքում պարահանդէսներ էին անում։

դրանց կազմակերպմամբ թագուհին էր զբաղւում։ յետոյ ում ոնց յաջողուէր, բայց վերնախաւից դուրս ամուսնութիւն չէր լինի՝ փողը փողի մօտ, ընդհանուր առմամբ, ոնց պէտք ա։

եւ մի պահ թագաւորը մահացաւ, դա անսպասելի էր՝ երիտասարդ էր, ու մի բան էլ՝ թագուհին, էնպէս էր ստացուել, որ շատ կապուած էր իր հետ։ եւ իսկապէս սգի մէջ էր։ նաեւ էդպիսի ժամանակներ էին՝ թագուհին էլ մի քիչ ընտրութեան հնարաւորոթիւն ունէր։ հա, ու քանի որ հաւէս չունէր պարահանդէսների՝ մի երկու տարի պարահանդէս չարին։ յետոյ էլի մի բան եղաւ՝ ոնց որ հիւանդութիւններ, թէ ինչ, ու էլի չարին, ու էդպէս մի հինգ տարի պարահանդէս չեղաւ։

բա ո՞նց էին ծանօթանում ապա էդ մարդիկ։ նախկինում գիտէին որ պիտի պարահանդէսում ծանօթանան ու այլ ձեւ չի կարելի։ իսկ էսպէս ստացուեց, որ աւելի լայն շրջանակի ծանօթներից սկսեցին զոյգ ընտրել։ եւ դա բերեց նրան, որ վերնախաւը, էսթաբլիշմենթը, ստիպուած աւելի ներառական դարձաւ։ մի քիչ այլ խաւերից մարդիկ խառնուեցին, ու եթէ օրինակ, առաջուայ վերնախաւին բնաւ պէտք չէին հանրակրթական դպրոցները՝ էս մարդիկ արդէն դրա մէջ հետաքրքրուած էին։

ու համարւում ա, որ թագուհու սուգը, պարահանդէսների մի քանի տարի բացակայութիւնը՝ ահագին փոխեց անգլիան։ կրթութիւնը դարձաւ աւելի հասանելի աւելի լայն շերտերին։ էլի՝ սարսափելի՝ այդ մասին օրուելը լաւ գրում ա, շատ եմ խորհուրդ տալիս, բայց գոնէ՝ աւելի հասանելի։ մեր էսօրուայ ցանկացած դպրոցն աւելի լաւն ա, քան օրուելի ժամանակուայ անգլիայի էլիտար դպրոցները։

իսկ կրթութեան աւելի հասանելի լինելու հետեւանքով էլ նաեւ ժողովրդավարութիւնը ուժեղացաւ՝ աւելի շատ մարդիկ սկսեցին ներգրաւուած լինել կառավարման մէջ։ եւ աւելի շատ մարդիկ էին կիրթ, կարողանում էին խաբուած չլինել, ունակ էին վաստակել, ու աւելի շատ մարդկանց շահ էր հաշուի առնւում։

այսպէս փորձեցի ցայտուն օրինակ բերել նրա, ոնց ա էականը մոռացւում կարգի հետեւում՝ էականը կարծում եմ՝ յարաբերութիւնն էր։ իսկ համակարգը որ կառուցուեց՝ enterprise֊ի, փողի, էսթաբլիշմէնթի, վերահսկողութեան, դասի մասին էր։

ըստ որում արդէն էնպէս չէր որ քո դասակարգից դուրս քեզ ընդունելի, հանդուրժելի, հասկանալի մարդուն չէիր գտնի։ արդէն կար տպագրութիւն, օրինակ, իսկ դա՝ ինտերնետի պէս ա՝ զարգանալու աղբիւր ա, ու զարգացումն աւելի մատչելի դարձնելու։ նաեւ իհարկէ՝ խօսքի՝ աւելի ազատ լինելու ժամանակն էր։

ու ինձ թւում ա, օրինակ հայաստանում՝ դէ սրանց ամուսնացնում էին։ նրանք էլ արդէն քաղաքում էին՝ մէկ մէկ խաւի մէջ էին ամուսնացնում, մէկ մէկ ծնողներն էին ընտրում, մէկ մէկ էլ արդէն հաշուի էին նստում, կամ չէին կարող հաշուի չնստել չափահաս եւ արդէն բաւական անկախ մարդկանց ընտրութեան հետ։

բայց էստեղ էլ՝ մարդիկ գիտէին, որ յարաբերութիւնը՝ ամուսնանալու համար ա։ որ կանոններ կան՝ որ չեն կարող խախտել։ գիտէին որ էդ ա ձեւը, թէկուզ ոչ օրէնսդրական դաշտում, բայց պիտի ամուսնանան ու երեխաներ ունենան։ շատ այլընտրանք չունեն։ ու վարկած ունեմ, որ դա իմանալը բերում էր նման իրավիճակի, ինչպէս վիկտորիան անգլիայում։ պիտի֊ով էր։ եւ enterprise էր։

գիտէին որ յարաբերւում են որ յետոյ ամուսնանան։ որ յետոյ երեխաներ ունենան։ ու էդ ամէնը բաւական շուտ։ զի կանոնակարգուած էր։

էսօր էլ ասում են մարդիկ՝ «մենք, միասին, մի նպատակի վրայ ենք աշխատում, եսիմինչ»։ ոնց որ նպատակն ա էականը, ոչ թէ յարաբերութիւնը։ ու կրկին՝ enterprise ա դառնում։

իսկ եթէ վերցնենք լրիւ այլ իրավիճակ՝ կորէան։ գիտենք, որ ժողովրդագրական ծանր վիճակ ա։ ու շատ էական ա, որ մարդիկ շատ ուզեն էլ՝ բարդ ա ընտանիք կազմելը։ տները թանկ են։ մանկարապտէզները թանկ են։ դպրոցները թանկ են։ ու զգալի մասը հնարաւորութիւն չունի նոյնիսկ ընդամէնը միասին ապրելու՝ ինստիտուտները մի կողմ։

ապա էստեղ, ինձ թւում ա, էականը չեն մոռանում կարգի հետեւում։ մէկ ա չես կարող ամուսնանալ՝ ու դէ սոցիալական պարտաւորութիւնը օբյեկտիւ պատճառներով շատ թոյլ ա դրա։

ապա եթէ յարաբերութիւն ունես՝ ունես յարաբերութիւն յարաբերութեան համար։ էականը դա ա։ ու կարող ես տարիներ ունենալ։ գուցէ միշտ ունենալ, բայց ոչ ինտիտուցիոնալ, ոչ էլ միասին ապրելով։

իսկ եթէ չունես՝ չունես որովհետեւ պարտաւորուած չես զգում ունենալ, աշխատել դրա վրայ, որ սպասելիքներն արդարացնես։ նաեւ ֆինանսապէս անկախ ես՝ քեզ պէտք չի enterprise, քեզ պէտք ա գլխացաւից հեռու։

նմանապէս, ինձ թւում ա իմ սերնդի մարդիկ, եւ աւելի երիտասարդ, տարբերւում են օրինակ իմ ծնողների սերնդի մարդկանցից, զի իրանք մօտաւորապէս գիտեն, որ էդ պարտաւորութիւններն էդքան էլ ուժեղ չեն։ ու եթէ յարաբերութեան են ձգտում՝ իրանց համար են ձգտում։ իրանք իրանց ճանաչելու, իրանց ցանկութիւնները հասկանալու, ուրիշներին ընտրելու ժամանակ են ունեն։ ու վատ չի, որ սոցիալական վիճակը ծանր ա՝ գուցէ եւ լաւ ա էս շերտում, որովհետեւ վատ ա՝ նշանակում ա մարդիկ կարգերը կարող են անտեսել՝ ու փորձելու են յարաբերութիւնը գնահատել, ոչ թէ ամուսնութիւնը։ էականն ա առաջին պլան գալիս։ ու թէ/երբ ամուսնանան (ինչ֊որ հասկանում ենք դրա տակ, տարբեր ձեւեր կան, իմաստը նկատի ունեմ), դա կանեն իմանալով որն ա էականը՝ յարաբերութիւնն ա էականը։ ու յարաբերութեան վրայ ապա սովոր են աշխատել։ երկար ա տեւել յարաբերութիւնը՝ սովոր են որ maintainance ա պահանջում։ եթէ պէտք ա։ իսկ եթէ պէտք չի՝ դէ պէտք էլ չի։ սովոր են որ բնաւ պարտադիր չեն յարաբերութիւնները։ ու շատերն են որ ժամանակ ունեն գիտակցելու որ պէտք էլ չի, առանց էդ գուցէ աւելի լաւ ա։ կամ պէտք ա, բայց դրա համար պատրաստ չեն էս կամ էն զոհաբերութիւնների գնալ՝ պիտի շատ լաւ յարաբերութիւն լինի, որ լինի։ այլապէս հետաքրքիր չի։

#անկապ #յարաբերութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  յարաբերութիւն