2023-08-01-19305141

երբ տեղափոխւում էինք, գուցէ գրել եմ, չեմ յիշում, ինձ հարեւանները տարբեր հարցեր էին տալիս վերելակում։

վերելակում, ի դէպ, այդ օրը լոյս չկար։ այսինքն այդ ժամանակաշրջանը։ կամ դարաշրջանը։ էնտեղ, երբ լոյսը փչանում էր՝ մի քանի շաբաթ տեւում էր որ փոխէին։ գուցէ լամպը չէր փչանում, այլ ինչ֊որ այլ բան։

իսկ դա էն «լաւ» վերելակներից էր, բելառուսական, եւ հայերէն խօսող։ աւելի շատ սարսափներ չեմ ուզում դրա մասին պատմել։

ինչեւէ, այդ օրը, որ ընկերներս պիտի գային օգնելու, ես կախեցի վերելակի առաստաղից լապտեր, սքոթչով կպցրի։

ու երկու անգամ տեղաւորուել եմ իրերի եւ հարեւանների հետ։ մի անգամ տարիքով կանայք էին։ հարցին, ո՞ւր ենք գնում՝ ասի՝ մօտ։ ասին՝ «էլի վարձո՞վ», ասի՝ «հա»։

զի ես չէի ուզում այդ «կոնստրուկտիւ բռնութիւնն» անողը լինէի։ չէի ուզում իրենք վատ զգան, որ իրենք մնացին էս քանդուող ու փտող շէնքում, իսկ ես գնացի աւելի լաւ տեղ։ ու ինձ թւում ա էդ կանայք մի տեսակ թեթեւութիւն էլ զգացին։ չեմ իմանում, իհարկէ, մտքերը չեմ կարդում։

այլ անգամ սայլակով կին էր։ այսինքն՝ երեխայի սայլակով։ ասաց՝ «մտնեմ էլի»։ ասի՝ «հա, հա»։ երեխան աղջիկ էր, խիտ վարդագոյն կօշիկներով, ու բանտիկներով կօշիկների վրայ։ այդ կօշիկներով սկսեց բաւական ագրեսիւ խփել վերելակի պատին, ու էդպէս շարունակ։ կինը հարցրեց՝ այսինքն բնակարանը դատա՞րկ ա մնում։ ասի՝ հա։ ասաց՝ մենք էս շէնքում կամ մօտակայքում փնտրում ենք։ հարցրեց՝ ի՞նչ արժի։ ասի ինչ արժի, ու ասի որ լիստում աւելի թանկ էր, մեզ ծանօթով աւելի էժան են տուել։ ասաց՝ չէ, շատ թանկ ա մեզ համար, մենք մի սենեականոց ենք փնտրում։ ու կարծես վառուող յոյսը կորաւ։ ըստ երեւոյթին ամուսնու ծնողների հետ էր ապրում, ու կուզէր գոնէ մի քիչ առանձնանալ, բայց թանկ ա։

չեմ յիշում նա հարցրե՞ց, արդեօք վարձով ա մեր նոր տունը։ կարծես չէ՝ ինքն իր խնդիրներով էր մտահոգուած։

բայց թէ հարցնէր՝ ասելու էի՝ այո։

ու նէնց չի որ իրականում սեփականութիւն ա, ես ̶լ̶ա̶մ̶պ̶ի̶ բանկի ստրուկն եմ։

վերջերս մտանք էդ հին շէնքի մօտակայքում (քանի որ նոր շէնքի մօտակայքում էլ ա) մթերային խանութը։ էդ մթերային խանութը, երբ այն նկատել էինք, աշխատում էր, յետոյ փակուեց։ յետոյ այն սկսեց աշխատեցնել պոնչը։ յետոյ մի անգամ պոնչը հեռախօսով պատմում էր, որ մայրը հիւանդ ա։ թէ հիւանդ էր ու էլ չկայ։ չեմ յիշում։ յետոյ պոնչի խանութը փակուեց։ յետոյ մի ընտանիք եկաւ, շատ հաւէս երկու դուստր ունէին, ու դուստրերը շատ ոգեւորուած էին որ հիմա փորձում են խանութ աշխատեցնել։ իրենց հայրիկն ու մայրիկն էլ էին ներդրւում։

երբ մարտի ութին մտանք, դաշտային ծաղիկներ նուիրեցին։ սոնան չի սիրում մարտի ութը, աասում ա «կինը մարդու բարեկամն ա» այդ օրուայ մասին։ բայց դէ էդ մարդուն չուզեցինք նեղացնել, շնորհակալութիւն ասացինք։

յետոյ նա էլ փակուեց։

ու երկար ժամանակ դատարկ էր խանութը։

այդ նոյն մայթի վրայ կար դեղին բուդկա։ շատ հետաքրքիր տեսք ունէր, միշտ հետաքրքիր էր, ե՞րբ ա սարքուած եղել, կոմունիստների ժամանա՞կ։ կոր անկիւններով ա, փախած ֆորմայի։

այդ դեղին բուդկայի մէջ աշխատող կին էր։ գլխի վերեւում էր թուղթ էր կախուած, որի վրայ իր անուն ազգանունն էր ու «աձ» դրանից աջ։ իր անունով աձ ունի։

ու նա էր միրգ ու բանջարեղէն վաճառում։ իր տեղը շատ փոքր էր ու անյարմար։ ու մտածում էինք որ ձմռանը բաւական ցուրտ պիտի լինէր էնտեղ։

էս անգամ մտանք էն աւելի մեծ տարածքը, ու այնտեղ նա էր։

մեզ չճանաչեց, բայց մենք իր հետ բարեւեցինք թէ ինչ, սկսեց մեզ գովալ, ասաց՝ «ապրէք որ մեր լեզուն սովորում էք»։ ես վարժ հայերէնով հետը խօսեցի, հասկացաւ որ տեղացի ենք, յետոյ էլ յիշեց մեզ։ զրուցեցինք, ես ինձ յուզող հարցից հետաքրքրուեցի՝ ո՞ր թուի ա բուդկան ու որտեղից ա։ ասաց՝ ինչ էստեղ հարս եմ եկել՝ այն կայ։

ասաց որ անապայում նմանատիպ խանութ ունէին։ որ բուդկան էժան էր, ու որդին էստեղ ընդունուել ա «բարձրագոյն» ու էսա պիտի բանակ գնայ, ու նա ամուսնուն ասաց՝ արի ստեղ մնանք, չգնանք։ ու բուդկայում էին գործ անում։ բայց հիմա սա ազատուեց, ասաց՝ մէկ ա անապայում աւելի թանկ էինք վճարում վարձի համար, արի փորձենք։ ու հիմա էդ տեղն են վերցրել։ ահաւոր յուսով եմ որ կաշխատի լաւ։

ասաց, որ իր մօտ գալիս ա ռուս աղջիկ, շատ տատուներ ունի։ ու որ նոր տատու ա աւելացրել հայերէն՝ «ոչ պատերազմին»։ ու ամէն անգամ նոր բան ա սովորում հայերէն, ու հետը խօսում ա։

հարցրեց, բա ո՞ւր ենք տեղափոխուել, սոնան ասաց՝ մօտ։ հարցրեց՝ էլի վարձո՞վ։ ու սոնան գիտէր որ ես կուզեմ ճիշտը չասել։ միւս կողմից էդ ամէն զրոյցից յետոյ, որ նա էլ ա ոնց որ աւելի լա՞ւ, տեղ տեղափոխել խանութը, մտածեց ասի ճիշտը։ դէ, նա միշտ ա ճիշտն ասում ու ինձ մատնում ա։ եթէ ես ինչ֊որ պատճառով ճիշտ չեմ ասում, յետոյ նա յայտնւում ա, պարզւում ա որ սխալ եմ ասել, այլ ա ասում։ յետոյ նայում ա ինձ, ասում ա՝ ինչի՞ սէնց ասացիր։ հիմա գիտէր էս վարքս, մտածեց որ ես կուզեմ ասել որ վարձով ենք։ ու ասաց՝ էս անգամ մերն ա բնակարանը։

իսկ էս կնոջ աչքերը լցուեցին, յուզուեց։ ասաց որ շատ ա ուրախանում երբ «էս երկրում» մարդիկ կարողանում են մի ձեւ դասաւորել կեանքը։

շատ ուրախացաւ մեզ համար։

ու տէնց։

#անկապ #առօրեայ #զրոյց #երեւան #քաղաք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ  առօրեայ  զրոյց  երեւան  քաղաք