2022-09-10-13965422

այլ պատմութիւն՝ այս մէկը՝ պարսկահայ բարիստայից։

դեռ դեռահաս տարիքում սովորութիւն ունէր թղթի վրայ գրելու, թէ ինչ ա ուզում անել, եւ ձգտել գրածն իրականացնելու։

մի անգամ գրել էր, որ գալու ա հայաստանում ապրի։

ասում էր որ ինքն իրան շատ դժբախտ ա զգացել, որ պարսկաստանում ա ծնուել, ու իր համար միշտ բարդ էր գիտակցել, որ հայաստանում չի ապրում։

նա սովորում էր մարզական դպրոցում եւ համալսարանում, մասթերս ունի ֆիզկուլտից։ յետոյ անյաջողութիւն ա պատահել իր հետ՝ հօր ու ընկերոջ հետ փողոցն անցնում էր, իրենք մի թեթեւ առաջ անցան, երբ դիմացի գիծ մտած մեքենան իրան խփեց հետեւից։ վարորդը, յետոյ պարզուեց, խմած էր։

ասում էր՝ «կանոն չկայ պարսկաստանում»։

որոշ ժամանակ կոմայի մէջ ա եղել։ ինչ֊որ յիշողութիւն ջնջուել ա։ բախտը բերել ա որ ողնաշարը շատ չի վնասուել, ու կարողանում ա ոտքերն ու ձեռքերը կառավարել՝ երեւի նրանից էր որ լիքը ուսապարկ ունէր, ու այդ ուսապարկը հարուածը մեղմել ա։

մի քանի տարի չէր կարողանում գլուխը բարձրացնել՝ կը կորցնէր իրան, կընկնէր։ պարապեց, շատ աշխատեց իր վրայ, սկսեց քայլել, սկսեց վազել, սկսեց կրկին ֆուտբոլ խաղալ՝ այն ինչը շատ էր սիրում։ բայց բժիշկը իրան տեսաւ, ասաց՝ «ընտրութիւն ունես։ կամ մօտակայ հինգ տարին ֆուտբոլ ես խաղում, բայց հինգ տարի անց մի ոտք հաստատ չես ունենայ։ կամ էս պահին թողնում ես ֆուտբոլը, ու հնարաւորութիւն ունես ապագայ ընտանիքիդ աւելի մասնակցութիւն ունենալ, աւելի վայելել կեանքը, աւելի շարժունակ լինել։ ընտրութիւնը քոնն ա»։

շատ հետաքրքիր էր, որ չասաց՝ «մի արա, սէնց անես՝ վարի ես տալու ոտքդ»։ ասաց՝ «էս ա՝ ընտրի»։

կեանքը լցնելու համար նա սովորեց բարիստայի գործ։ նաեւ սկսեց դաս տալ դպրոցում որպէս մարզիչ։

հայաստան եկաւ, մի մասնաւոր դպրոց ընդունուեց։ ազնիւ էր աշխատում, բայց ազնւութիւնը չգնահատուեց։

ասում էր՝ «ես էդ աղջկան ասում եմ, դու էս հարսանեկան շորերով որ եկել ես, չես կարող ֆիզկուլտ անել, ես էլ քեզ չեմ կարող ներկայ դնել։ նա էլ ասում ա՝ պէտք ա չէ՞ սիրուն հագնուած լինեմ»։ յետոյ, ասում ա, աղջկայ «փորով հայրը» եկաւ, բողոքեց իրանից։ նաեւ մի տղայ կար, որ հեռախօսի մէջ էր մտած միշտ, ու չէր լսում։ պատմում էր որ կիրթ ա, որ էսպիսի ու էսպիսի վարժութիւններ ա նախատեսել, սրանք սրտի համար են լաւ, նրանք եսիմինչի։ ասում ա՝ արի, էս արա, էն արա։ տղան նստած հեռախօսի մէջ ա նայում, ասում ա՝ չէ, չեմ գալիս։ «ներկայ» չի ստանում։ էլի ծնողները գալիս են «կռիւ»։ ու դէ նա չկարողացաւ այդ դպրոցի հետ, զի «ներկայ» դնել չէր կարող, իսկ դպրոցը չէր ուզում յաճախորդ կորցնել։ ասաց՝ դուրս եմ գալիս, ու որ պահող էլ չկար, ուրախ էին։

ասաց որ ընտանիքն էլ ա փորձել հայաստանում տեղաւորուել, բայց մայրը գործ չգտաւ, չնայած բուժաշխատող ա, եղբայրը գործ չգտաւ, չնայած տտ ոլորտում ա, բայց ծրագրաւորող չի՝ կարգիչ սարքող ա։

միայն նա ա, որ թղթի վրայ գրածն իրականացրել ա, ու ասաց որ զանգ ունէր մօր հետ վերջերս, ու թուղթը ցոյց տուեց իրան մայրը։

ու յուզուեց, ամաչեց մեզնից որ արցունքներ են գալիս աչքերից, փորձեց թաքցնել։

#պատմութիւն #հայաստան #հայրենադարձութիւն #մարդ #մարդիկ #վթար #փողոց #դպրոց #ընտանիք

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պատմութիւն  հայաստան  հայրենադարձութիւն  մարդ  մարդիկ  վթար  փողոց  դպրոց  ընտանիք