կօֆէն յուշեց որ այսօր բլոգերների օրն ա, ու ես մտածեցի քաղաքական որոշումների մասին։
քաղաքական որոշումներ ամէն անգամ կեանքում անում ենք, գիտակցուած, կամ չէ։
ու երբ մարդիկ զգացին, որ սպառման շուկայ կայ ֆէյսբուքում, թողեցին բլոգները, եւ տեղափոխուեցին այնտեղ, որտեղից ելքը չի թոյլատրւում։
կրկնում եմ՝ այնպէս չի որ ես չեմ կարող չաթուել ֆէյսբուքի մարդկանց հետ։ ֆէյսբուքն ա որ չի թողնում իր մարդկանց չաթուել ինձ հետ։ այնպէս չի որ ես չեմ կարող հետեւել ֆէյսբուքի մարդկանց՝ ֆէյսբուքն ա որ չի թողնում ես իրենց հետեւեմ, ու իրենք՝ ինձ։
կրկնում եմ՝ ֆէյսբուքի, ուոթսափի ու ջիմէյլի չաթերը (գոնէ սկզբից) հիմնուած են եղել ազատ եւ ապակենտրոն տեքնոլոգիայի վրայ։ գոնէ այն պատճառով, որ այդպէս էժան էր՝ հեշտ կարելի էր սկսել։
տարբերութիւնն այն էր, որ ֆբ֊ն ու ուոթսափը անմիջապէս փակեցին այլ սպասարկիչների մարդկանց հետ շփուելու հնարաւորութիւնը։ ոչ թէ չստեղծեցին՝ փակեցին։ գուգլը, ում նշանաբանն այն ժամանակ «don’t be evil» էր՝ ժամանակաւորապէս թողել էր։ ու այնպիսի բան եմ յիշում, որ կարծես հէնց այդ նշանաբանն էր մէջբերուել քննարկման ժամանակ, երբ որոշում էր ընդունուել կապը չփակել։
ու ես սատարում էի մարդկանց որ տեղափոխում էին իմէյլը գուգլ, զի գիտէի՝ առանց գուգլի հաշիւ ունենալու կը կարողանամ իրենց հետ կապի մէջ լինել։ դա միակ մէյնսթրիմ ծառայութիւն մատակարարողն էր, որ շատ չար չէր։
նաեւ գուգլը ունէր rss ընթերցիչ, իսկ երբ մարդը էդ ընթերցիչում տարածում էր մի բան, դա գնում էր իր առանձին՝ տարածածների rss հոսք։ սա հիասքանչ էր։ ու պէտք ա նշել, ես հետեւում էի, կպած էի մի մարդու տարածածներին, ում հետ էսօր ապրում եմ։
rss վերացնելը՝ եւ գուգլի, եւ թուիթերի, եւ ֆբ֊ի կողմից՝ քաղաքական որոշում էր։ ապակենտրոնացումն իրենց թշնամին ա։ եթէ «կարում են» մարդկանց փակ պահել, ապա «անում են»։
իսկ իմ՝ դիասպորա ցանցում գրելը՝ նոյնպէս քաղաքական որոշում էր։ զի քաղաքական որոշումն այն մասին չի, թէ ֆէյսբուքում կամ թուիթերում այսինչ հնարաւորութիւնը՝ տեքնիկական, կամ սոցիալական՝ կա՞յ թէ չէ։
երկու օր առաջ մէկի հետ հանդիպեցի այգում, խօսեցի։ նա շատ կիրառական մարդ ա։ օգտագործում ա սոց․ կայքերն օգտակար ծանօթութիւններ ձեռք բերելու համար, ու դա իրեն նաեւ օգնել ա այսօր աշխատել արտասահմանեան ընկերութիւնների վրայ։ մի այլ ընկերոջս լինքդինից գտան, եւ մի գործ առաջարկեցին, որի մասին նա ինձ հետ խօսեց՝ ես եմ որ դա լաւ գիտի։ ու ես մտածեցի, որ գուցէ հաւէս կը լինէր, ինձ առաջարկէին։ բայց ինձ չէին առաջարկի՝ ես լինքըդինում չեմ։
էլ չեմ ասում, որ բնաւ հեշտ չէր կապը կորցնել բազմաթիւ ծանօթներիս հետ՝ ես շատ շփուող եմ, ու առցանց կապ պահելն ինձ համար չափազանց կարեւոր էր։
բայց կրկին՝ դա ոչ միայն իմ որոշումն էր՝ իրենց որոշումն էր, եւ կորպորացիաների որոշումն էր՝ իրենց փակ պահելը։
բայց երբ անում ես քայլ, դա պնդում ա։ պնդում ա նրան, ինչին ես սատարում, ու ինչին չես սատարում։
եւ այսօր, եթէ դու պահում ես «բլոգ» տելեգրամում՝ դա քաղաքական քայլ ա, թէկուզ չգիտակցուած։ իհարկէ, հաճելի ա հետեւորդ ունենալը, կամ շոյուած լինելը։ բայց քայլ չանելով դու սատարում ես եղած վիճակին՝ նրան որ մնացածն էլ այս կամ այն հարթակի պարիսպի հետեւում մնան։
համացանցի, ինտերնետ բառի արմատներից մէկը՝ inter֊ն ա, փոխկապակցուած լինելու մասին ա։
ոչ թէ pipe֊ը, սա խողովակ չի, որով կապ կայ բրազիլի «central services»֊ի հետ։
սա փոխկապակցուած հանգոյցների ցանց ա։ այն այդպէս ա մտածուել։ այն այդպէս էլ շարունակում ա ապրել։
ու այստեղ նաեւ ուզում եմ յաւելել՝ այ խօսում են՝ թէ երեւանը լաւն ա թէ չէ։ հայաստանը լաւն ա թէ չէ։
գիտէք, կարեւոր չի՝ լաւն ա թէ չէ՝ քաղաքական քայլ ա երեւանում ապրելը։ լաւն ա թէ վատն ա։ ու ապրելով դու սատարում ես նրան որ սարսափելի չդառնայ։
նոյն այգու մարդու հետ էինք խօսում, պատմեց ոնց ա մտածում թէ ուր ա կարելի արտագաղթել։ ու ասաց՝ արցախում ի՞նչ անես։ արցախցի ա։ ու կարեւոր չի, իրականում, արցախում անելու բան կա՞յ թէ չէ։ կապ կա՞յ՝ ու իմ ամենալաւ ընկերներիցս մէկը հիմա այնտեղ ա գնացել։ զի հիմա առաւել քան երբեւէ զգում ա որ այնտեղ ա պէտք գնալ։ ու նա արցախցի չի։ բայց պատերազմի ժամանակ ստեփանակերտում էր ու աշխատում էր։
ու կներէք, կարեւոր չի՝ լա՞ւն ա դիասպորան որպէս ծրագրակազմ, կամ մաստոդոնը, կամ ահաւոր վիճակում գտնուող սոշըլհոմը։ դաշնային ա՝ դա ա կարեւոր։ իսկ դաշնային շատ ծրագրակազմ չունենք։
ինչի՞ չունենք՝ մասնաւորապէս որովհետեւ դուք միայն դաշնեզերքում չէք։ որովհետեւ ձեր ընկերներին չէք բերել դաշնեզերք։ որովհետեւ բաւական գաղափարական, այսինքն՝ բաւական քաղաքացի (netizen )չէք եղել։ զի գործարքները, որ ընդունելի են «օգտուողի» համար, անընդունելի են քաղաքացու համար։
ու այո, դաշնեզերքը կտրուկ չի լաւանալու, եթէ մարդիկ շատանան։ ինչպէս երեւանը, կամ հայաստանը կտրուկ չի լաւանալու, եթէ մարդիկ գան։ բայց եթէ մարդիկ շատանան, նաեւ կը շատանան ներդրում անող մարդիկ, կը շատանան դեւելոփերներ ու դիզայներներ։ կը յայտնուեն նոր նախագծեր, եղածները կը լաւանան։ ոմանք կը ստանան ֆանդինգ՝ լաւացնելու համար։
կարեւոր չի, լա՞ւն ա սփիւռքը թէ չէ։ կարեւոր չի, լա՞ւն ա կէտը թէ չէ։
հաւատացէք, ես աւելի խորը գիտեմ, ինչ վատն են։ ես կոդն եմ նայել, ու ես բնաւ հիացած չեմ ամէնից։ բայց դա կրկին մեզնից ա։ մենք քիչ ենք, ու բաւական քաղաքացի չենք։ մեզ սովորեցրել են «օգտատէր» բառը, եւ մենք կարծում ենք որ լոկ «օգտուող» ենք։
ի՞նչ ասեմ այսօր։ եկէք լինենք հպարտ քաղաքացի։ ցանցի, դաշնեզերքի հպարտ քաղաքացիներ։
եկէք կարողանանք անել քաղաքական որոշումներ։
#քաղաքականութիւն #ազատութիւն #համացանց #դաշնեզերք