2018-05-18-3115391

ես հասկացել եմ, որ ինձ շատ բարդ ա լինել ընկեր, կամ գոնէ լաւ յարաբերութիւնների մէջ նրանց հետ, ում հետ ես չունեմ հանրային շփում։

մարդիկ, ըստ որում յաճախ մի բան շփոթում են։ հակադրում են ֆէյսբուքը, կամ սոց․ ցանցերը առերես շփմանը։

իսկ առերես շփումն իրականում սոց․ ցանցում շփման զուգահեռ չի՝ այն մեսենջերում շփմալ զուգահեռ ա։

իսկ սոց․ ցանցում շփման զուգահեռը՝ փաբն ա, սրճարանն ա, փողոցն ա, հրապարակն ա։ հանրային վայրն ա։

երբ դու շփւում ես մարդու հետ դէմ առ դէմ, կարեւոր չի՝ իրական կեանքում, թէ վիրտուալում, դու գիտես նրան ընդհանուր առմամբ այնպէս, ինչպէս նա ուզեցել է քեզ ներկայանալ։ իհարկէ, նա չի կարող լիքը բան թաքցնել, ու խօսքից լիքը բան պարզ ա, բայց միեւնոյն ա, դու իրան գիտես այնպիսին, ինչպիսին նա քեզ հետ ա։

երբ դու ունես իր հետ հանրային շփում, դու ունես աւելի ամբողջական պատկեր՝ դու տեսնում ես, ինչպէս ա նա մեկնաբանել այն ստատուսին։ դու տեսնում ես, ինչն ա իրան կպնում, ինչն ա իրան հունից հանում, տեսնում ես ինչ մեկնաբանութիւն ա նա լայքել, ու ում ա քծնում, ասենք։ դու իրան տեսնում ես աւելի լայն կոնտեքստում, ու տեղեկացուած ես լինում, հնարաւորինս, իր ու իր միջավայրի հաղորդակցութեան մասին։ որից շատ բան ա պարզ լինում իրական մարդու մասին, արժէքների մասին, համոզմունքների մասին, հակուածութիւնների մասին։

բացի դրանից, ես ուզում եմ անել պնդում, որ հանրային շփումը՝ զարգացնում ա։

ու հանրային շփումը ձեւաւորում ա հանրային կարծիք, կամ կարծիքներ։ եթէ մենք առանձին֊առանձին ունենում էինք ամէն մէկս մեր վարկածը որեւէ մի, ընդհանուր ասեմ՝ պատմութեան, մասին, ապա հանրային քննարկումների ժամանակ այդ կարծիքներն իրար հետ մրցում են, ու ձեւափոխւում, վերջնականապէս ձեւաւորելով գնահատականներ եւ մի քանի կարծիք, որ ընդունուած են այս հասարակութեան կողմից։

շատ ցայտուն օրինակ ա մարտի մէկը։ երբ ես 2008֊ն եկայ հայաստան, ես հանդիպեցի եղածի զանազան գնահատականների եւ ինտերպրետացիաների հետ։ արդէն 2011֊ին, երեւի թէ, ընդհանուր գնահատական տրուած էր, եւ հանրային կարծիքը մարտի մէկի մասին ձեւաւորուած էր։

ու մեր յեղափոխութեան մէջ էլ հանրային շփումը մեծ դեր ա ունեցել։ որպիսի յեղափոխութիւնը յաջողեր, եւ մարդիկ համախմբուէին, պէտք էր, որ մի շարք հարցերի շուրջ լինէր ձեւաւորուած հանրային կարծիք։ իսկ ո՞րտեղ պէտք ա այդ կարծիքը ձեւաւորուեր, եթէ ոչ հանրային վայրերում՝ իրական եւ, շատ աւելի էֆեկտիւ, երեւի՝ առցանց։

ես ինքս իմ վրայ զգում եմ, որ որոշակի ձեւի զարգացում ես ստացել եմ, ասենք վիքիի յօդուածներ կարդալուց, բայց որոշակի զարգացում ես ստացել եմ տեղական, եւ, աւաղ աւելի յաճախ, դրսի (աւաղ, քանի որ ինքս եմ ինձ մեղադրում) համայնքներում, ինչպիսին են ռեդիթը, ասենք։

ու ես տեսել եմ այդպիսի մարդկանց, ով ասենք չունի հանրային շփում (չնայած կայ ֆբ֊ում), ու լրիւ մնացել ա իր իննսունականներին ձեւաւորուած պատկերացումների եւ արժէքների տակ։ ինքը չի փոխուել, այդ ամէնը կարծրացել ա իր մէջ։ ու ես ահաւոր վախենում եմ տենցը լինել։

ու ես հասկացել եմ, որ եթէ ես չունեմ մարդու հետ հանրային շփում, ես ոչ միայն իր ամբողջական պատկերը չունեմ, ես ոչ միայն իր հետ ընդհանուր միջավայր, աշխարհ չունեմ, ես նաեւ, եթէ իմ էքսկլիւզիւ շփումը լինում ա այդ մարդու հետ, զրկում եմ ինձ զարգանալու զանազան հնարաւորութիւններից, որովհետեւ ես հանրային շփման պակաս եմ զգում։ եթէ այդ մարդն էլ ունի հանրային շփում, ապա դուք երկուսդ կարող էք հանրային շփուել, ու ունէք երկուսդ էլ ժամանակ հանրային վայրում, ոչ իրար նուիրուած ժամանակի հաշուին։

իսկ այդ հանրային ժամանակը պէտք ա, անհրաժեշտ ա զարգանալու, ու ափ թու դէյթ մնալու համար։

նաեւ, ինչպէս նշեցի, դա նոյն աշխարհում ապրելու մասին ա։ իր բոլոր հետեւանքներով։

ու ինձ թւում ա, մօտ յարաբերութիւն՝ ինձ շատ մօտ, ինձ շատ կպնող, ինձ շատ հետաքրքիր մարդու հետ, ընկերական թէ ռոմանտիկ, դէ ոչ թէ հնարաւոր չի, բայց շատ թերի ա, եւ նախապէս ունի խնդիրներ, եթէ մենք չունենք նոյն վայրերում հանրային շփում։ ու չեմ ասի որ այդպիսի յարաբերութիւնը հեռանկարային չի, կասեմ որ այդպիսի յարաբերութիւնը շատ խնդիրների ա բերելու։ իսկ ես ինձ զգալու եմ աւելի կտրուած զարգանալու միջոցներից, զգալու եմ կարծրանալու ու չզարգացած մնալու վախը։ #յարաբերութիւններ #շփում #համայնք #ընկերութիւն #զարգացում #հանրային_շփում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ յարաբերութիւններ  շփում  համայնք  ընկերութիւն  զարգացում  հանրային_շփում