շատ դժուար է ճանաչել քո ունեցած կուլտուրան հնացած, եւ իւրացնել նորը։ պատկերացրէք, դուք մարդակեր էք։ հիմա արի ու ճանաչիր որ այս ամբողջ ժամանակ սխալ ես ապրել, ու սովորիր ուտել աղցաններ եւ տորթեր։ որ կուլտուրա չունէիր։ չէ՞ որ մարդ եփելու, խորովելու, համով պատրաստելու հարուստ փորձ, կարելի է ասել՝ կուլտուրա ունէիր։ հիմա արի, դա մի կողմ դիր, պատմութիւնդ մի կողմ դիր, ու «կրկին փորձիր»։ արդե՞օք հեշտ է այդ ամբողջ ժառանգութիւնն արժեզրկել եւ համարել որ չունես։ ու դատարկ էջից սկսել։ դատարկ էջը բարդ է եւ վախենալու։
եթէ դու սովետ ես ունեցել եօթանասուն տարի, ու ոչինչ, որ ինքը լիքը մարդ է անկապ տեղը տանջել եւ կոտորել, բայց զատո ունես ասենք կգբ֊ի կուլտուրա, ապա այն ինչի կուլտուրան ունես, դա սկսում ես գնահատել։ չէ՞ որ դա քո կուլտուրան է։ յետո՞յ ինչ որ մարդկանց գաղտնալսելու, խոշտանգելու կամ ահաբեկելու կուլտուրա է։ ինչ ունենք դա է։ բարբարոս հո չենք։ գիտենք ինչպէս է պէտք լաւ խոշտանգել եւ ահաբեկել։ այդ գերմանացիներն են յիմար, որ իրենց «շտազի»֊ի ժառանգութիւնը արժեզրկել են։ ի՜նչ երկիր էր ԳԴՀ֊ը՝ ահ֊ահ։ ամէնը աւիրեցին, քարը քարի վրայ չթողեցին։ ահ, ինչ երկիր էր։
նաեւ, բարդ է, երբ չես ունեցել ժողովրդավարութեան ձեւաւորուած մշակոյթ։ յետոյ իւրացնելը բարդ է։ աւելի հեշտ է օրինականացնել այն, ինչին սովոր ես եօթանասուն տարի, որ էլ չտառապես կեղծելով ինքդ էլ չգիտես ինչի համար։ ինչը եւ արել են միջին ասիայում, ու ադրբեջանում։
պետականութիւն էլ որ չունես, դրա կուլտուրան էլ չունես։ ու կորցնում ես այդ պետականութիւնը։ կամաց֊կամաց։
կուլտուրա փոխելը բարդ գործ է։ այդ պատճառով լաւ է ի սկզբանէ այն ունենալ, իսկ եթէ ունես՝ մի տեղ ճանապարհին պատահաբար չկորցնել։ դրա համար պէտք է զգօն լինել։ իսկ որ կորցրիր, յետոյ երբ նկատես, պէտք է վերադառնաս, փնտրես։ իսկ եթէ այս ընթացքում մէկն արդէն անցել վերցրե՞լ է։ լաւ կուլտուրան փողոցում գցած չի լինում, բոլորին էլ պէտք է լինում։ ուրեմն պէտք է նորը գտնել։
աւաղ, վաճառող չկայ։ բոլորն իրենց են պահում, չեն ուզում վաճառել։ ասում են՝ իմ ինքնութեան մասն է։ բայց տարբեր տեղեր գրուած ձեռնարկներ կան, թէ ինչպէս «սարքիր ինքդ» ձեւով այն ստանաս։ պարզապէս բարդ է, այսպէս ես փորձում, չի ստացւում, յետոյ այնպէս ես փորձում, ու էլի տապալում։ հիմա մինչեւ սովորենք հոգիներս դուրս է գալու։ այսինքն, յուսով եմ որ կհասցնենք մի ձեւ, մինչեւ հոգիներս դուրս չգայ։
#կուլտուրա #մշակոյթ #քաղաքականութիւն #սովետ #ժողովրդավարութիւն #պետականութիւն #անկախութիւն