2015-11-27-1755432

այսպիսի քննարկում էր վերջերս, մէկն ասում էր, որ մենք չափազանց շատ հետքեր ենք թողնում համացանցում, այստեղ եւ այնտեղ, ու որ շատ չենք մտածում ինչպէս է դա դիտուելու, ընկալուելու յաջորդ սերունդների կողմից։ ինչպէս են մեր երեխաները կարդալու մեր բազմաթիւ սէրերի, հիասթափութիւնների, տխրութիւնների մասին, ինչպէս են տեսնելու մեր չմտածուած ասածները, վատ փաստարկները, յիմար արտայայտութիւնները։ Ու այդ ամէնը, իր կարծիքով փոխելու է մարդկութեան վարքագիծը համացանցում․ մենք այլեւս աւելի քիչ կը մերկանանք եկ կը կիսուենք առցանց։

Կարծում եմ, այլ տարբերակ էլ կայ՝ յաջորդ սերունդները կը դառնան աւելի հանդուրժող, աւելի ընդունող մարդկանց այնպիսին ինչպիսին մարդիկ կան։ Այո, մարդիկ կատարեալ չեն՝ նախանձ են, խանդոտ են, յիմարութիւններ են խօսում, վատ փաստարկներ բերում։ Ստում են, տխրում են, ատում են, անյաջողութիւններ են ունենում, կեղծում են իրենք իրենց։ Ինչ կայ՝ դա է։ Ինձ թւում է, ընդունելով դա ապագայ մարդիկ հակուած կը լինեն աւելի քիչ դատապարտել, պիտակել, ծաղրել, եւ աւելի շատ՝ ընդունել մարդկանց իրենց բոլոր թերութիւններով, թուլութիւններով հանդերձ։

Ու դա թոյլ կը տայ մեզ բոլորիս լինել աւելի հանգիստ եւ անկեղծ առցանց։ Սա նաեւ նշանակում է աւելի քիչ կեղծել ինքներս մեզ։

#մարդիկ #հասարակութիւն #համացանց #անկեղծութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ մարդիկ  հասարակութիւն  համացանց  անկեղծութիւն