Դոն Ռեբա, դոն Ռեբա․․․ Բարձրահասակ չէ, և ոչ էլ ցածրահասակ է․ չաղ չէ, և ոչ էլ նիհար է, մազերը շատ խիտ չեն, բայց թե ոչ էլ ճաղատ է։ Շարժումները կտրուկ չեն, բայց ոչ էլ դանդաղկոտ, դեմքը չի հիշվում, և նման է միանգամից մի հազար դեմքի։ Հարգալից, քաղաքավարի է տիկնանց հետ, ուշադիր զրուցակից է, սակայն և ոչ մի բանով աչքի չի ընկնում․․․
Երեք տարի առաջ նա դուրս լողաց պալատական գրասենյակի բորբոսնած նկուղներից և ընդամենը մի խղճուկ, աննկատելի, քծնող չինովնիկ էր՝ դժգույն ու նույնիսկ մի տեսակ կապտավուն դեմքով։ Հետո հանկարծ բանտարկվեց և մահապատժի ենթարկվեց այն ժամանակվա առաջին մինիստրը, խոշտանգումներից մահացան սարսափից խելակորույս և ոչ մի բան չհասկացող բարձրաստիճան պաշտոնյաներ, և ասես նրանց դիակների վրա վիթխարի գունատ սնկի պես աճեց միջակության այս կառչուն ու դաժան հանճարը։ Նա ոչնչություն է։ Եվ հայտնի չէ՝ որտեղից։ ― Նա մի հզոր ուղեղ չէ՝ թուլակամ տիրակալի մոտ, որպիսին նախկինում եղել են պատմության մեջ, նա մեծ ու զարհուրելի մարդ չէ՛, որն իր ողջ կյանքը նվիրում է տերության միավորման գաղափարների համար մղվող պայքարին։ Նա ո՛չ ոսկեպաշտ է, ո՛չ էլ պատահականորեն իշխանության գլուխ անցած մարդ, որը մտածում է միայն կանանց ու ոսկու մասին, որը աջուձախ սպանում է հանուն իշխանության և իշխում է, որ սպանի։ Նույնիսկ փսփսում են, որ նա իրականում ոչ էլ դոն Ռեբան է, որ դոն Ռեբան ուրիշ մարդ է, իսկ սա աստված գիտե, թե ով է՝ դե նմանակ, սատանա։
#ստրուգացկի֊եղբայրներ #դոն֊ռեբա #դժվար֊է֊աստված֊լինել #քաղաքականութիւն #ազատութիւն #քաղվածք #գիրք