**դիսքլեյմեր․ այս բլոգում դաւաճան չկայ։
եթէ ինչ֊որ բացասական բան էք կարդում այս տեքստի մէջ, դա ձեզ մասին չէ։ ում մասին կարող է լինել, ինձ երբեք չի կարդում։ իսկ հիմնականում ինձ մասին է։ նաեւ շատ բացասական բաները։ բայց ես միեւնոյն է ձգտում եմ դրական լինել։ որ ինքս ինձ դուր գամ։**
ամբողջականութիւնը՝ ինթեգրիթի֊ն տեղեկատւական անւտանգութեան (information security) եզր է։ այն, իհարկէ, ՏՏ֊ից շուտ էլ կար, ինչպէս եւ հաքերները։
Օրինակ, երբ մարդիկ բանկային չեքի վրայ գրում էին թիւը, այն պէտք է գրուած լիներ բառերով։ Ակնյայտ է, որ եթէ թիւ է գրուած, այն աւելի հեշտ է դարձնել այլ թիւ, քան բառերը փոխել։ Եթէ գրել ես 100՝ այն կարելի է սարքել 1000 իսկ եթէ գրել ես՝ «հարիւր», ապա այն «հազար» սարքելն ասենք աւելի բարդ է։
Այսպէս, մենք օգտագործում ենք կրիպտոգրաֆիկ հեշեր մեր նիշքերի մատնահետքերը վերցնելու համար, ու համոզուելու, որ դրանք չեն փոխուել։
Օրինակ, սովորաբար իսո պատկերների պանակում սպասարկիչների վրայ լինում է նաեւ sha-1 կամ md5 հեշերով մի նիշք, որ համոզուես որ քաշածդ իրօք յստակ պատճենն է այն նիշքի, որը սպասարկիչի վրայ էր։
Կարծում եմ, կարելի է մարդկանց մասին էլ այդպէս ասել։
Լինում է, որ ինչ֊որ ցնցումներից յետոյ մարդիկ ահագին փոխւում են։ Իրենց համար կարեւոր բաները դառնում են անկարեւոր։
Ես նկատի չունեմ, որ ասենք երեկոյեան ուժեղ վէճ էր, իսկ առաւօտը արթնանում ես, ու մտածում ես, որ հաստատ չարժեր այդպէս։ Դա իրօք չարժեր։ Կամ ինչ֊որ թուլութեան պահեր բոլորն էլ ունենում են, ու լինում են ոչ իրենց սովորականի պէս։
Ես այն մասին եմ, երբ մարդիկ հրաժարւում են հիմնական, կարեւոր արժէքներից ու հաւատքից։ (Այո, հաւատքից, ես հաւատում եմ որ աստուած չկայ)։
Ու ես կեղծաւորութեան մասին չեմ, երբ ասենք մէկը պացիֆիստ էր, իսկ դառնում է արիւնարբու ազգայնամոլ։ Ուրեմն իրական պացիֆիստ չէր։ Կամ այն տղան որ այնքա՜ն ազատ ԾԱ֊ից էր խօսում, բայց արի ու տես իր խելախօսում վխտում են սեփականատիրական ծրագրերը։
Չէ, ես այդ մասին չեմ, այլ ցնցումներից առաջացած փոփոխութիւնների մասին եմ։
Երբ նիշքը կարող է փչանալ, վնասուել, բայց եւ կարող է bzip2֊ի պէս ինքն իրեն վերականգնել։ Կամ չի կարող։
Ու այստեղ մտքիս գալիս է մի այլ օտար բառ, որն արդեն վստահ չեմ ինչպէս թարգմանել՝ քոմիթմենթ։
Քոմիթմենթը շատ կարեւոր որակ է, յատկութիւն է։ Սովորաբար այն օգտագործում են այլ մարդկանց հանդէպ զգացմունքների, վերաբերմունքի մասին խօսելիս։
Իսկ ես նկատի ունեմ քոմիթմենթ ինքդ քեզ, քո համոզմունքներին։ Չի նշանակում, որ դրանք պէտք է երբեք չվերանայուեն, իհարկէ։ Լաւ է որ վերանայւում են։
Ու մեծ հարց է՝ ո՞րն են քոնը, իսկ որոնք քոնը չեն բնաւ։ Ասենք կարող է բարդոյթ է, կամ օբիժնիկութիւն։ Դրանց վրայ դողալ, ասել վայ, իմ բարդոյթը չկորցնեմ, իմ ատելութիւնը չկորցնեմ, անկապ է։
Ատելութիւնն ու բարդոյթը երբեք էլ քոնը չեն, օտար են քեզ։
Բայց եւ ինձ շատ է դուր գալիս, երբ մարդիկ իրենց (երբ իրենցն է) հաւատքից ու արժէքներից չեն հրաժարւում, երբ ծանր ժամանակ են ունենում։ Կամ երբ կապում են դրանք այլ անձի հետ։
Ասենք մէկը շատ ձախ էր, բաժանւում է աջ է դառնում, իսկ քանի որ իր աղջիկը հիփսթեր էր՝ զզւում է հիփստերներից։
Կամ այն տղան կարծես ուներ չմանիպուլացնելու համոզմունք, ու մէկ էլ տեսնում ես «թիզ» է անում մարդուն, որ ռեակցիա լինի։ Կամ մի բեմադրութիւն անում իր կեանքի մասին, որը սուտ է։ (ինչը սոց․ ցանցերում շատ ընդունուած է)։
Կամ մտածել․ այն մարդը ինչ ասում էր, այլեւս չեմ ընդունում, իսկ առաջ ընդունում էիր։
Եւս մի լաւ բառ՝ ընդունել (աքսեփթանս)։ Չնդունելը՝ դիմակայել է։
Իսկ «Դիմադրելը անօգուտ է», ինչպէս գիտենք մի լաւ գրքից։
Իսկ չդիմակայելն ու ընդունելը ազատութեան մասին են։
Անկախութեան մասին են։
Երբ իմ ես լինելը, ու իմ լաւ եթէ չասենք, գոնէ օկ լինելը անկախ է այլ, երրորդ հանգամանքներից։
Քանի որ ես անկախ ինձ հանդէպ վերաբերմունքից կարող եմ շարունակել լինել ես, ու լինել օկեյ։
Իմ այս գործը չի՞ ոգեւորում շրջապատիս մարդկանց։ Բայց եթէ վեբ կայք կամ անդրոիդ ափ գրէի, կոգեւորե՞ր։ Բայց ես անկա՞խ եմ իրենց ոգեւորութիւնից, թէ՞ կախուած։ Ի՞նչն է ինձ համար աւելի կարեւոր։
Ես ընդունում եմ էս տաքսիստին, ու էն կողքի սեղանի լացող երեխային, թէ՞ ես սկսում եմ դատել իրենց․ «երեխան զզուացնող է, տաքսիստը՝ անգրագէտ»։ Դրանից օգուտ չի լինում, ոչ էլ փոփոխութիւն, անիմաստ էներգիայի ծախս է։ Երեխան եւ տաքսիստը ունեն իրենց կեանքը, իրենց պահանջները, իրենց ցանկութիւնները, ու ես ոչ մի կոնտրոլ դրանց վրայ չունեմ, ու շատ լաւ է որ չունեմ։
Ես օկեյ եմ, անկախ իրենց վարքագծից։ Ես անկախ եմ իրենցից։
Այստեղ է գալիս ազատութիւնը, երբ ընդունում ես այն, ինչ կատարւում է, եւ չես դիմադրում, այլ քո մասին ես մտածում։ Հիմա նա վատ է քշում, ես ի՞նչ անեմ, որ չխփեմ։ Որ ինձ լաւ լինի։
Ես իրենից անկախ եմ։ Նա՝ ինձնից։ Ես չեմ կարող անել այնպէս որ նա լաւ քշի, ու չեմ էլ ուզում կեանքս նուիրել իրեն կրթելուն։ Բայց ես անկախ եմ, ես անկախ եմ այն քեարթից ով ֆրազ է շպրտել իմ հետեւից, քանի որ այն տեղ չի հասել, իր ազդեցութիւնը չի ունեցել, ինչպէս նախատեսւում էր։ Ես պէտք է զգայի վիրաւորուա՞ծ։ Ես ազատ եմ այդպէս չզգալ։ Քանի որ անկախ եմ ու ամբողջական։
Ինձ դո՞ւր է գալիս օրեր շարունակ կոդ գրել ջնջելը, այսպէս ու այնպէս փորձելն ու արդիւնք չունենալը։ Ես լա՞ւ եմ զգում դրանից։ Հիմա ի՞նչ տարբերութիւն թէ ես չեմ կարող ոչ մէկին արդիւնք ցոյց տալ։ Թող ուշ լինի, բայց այնպէս, ինչպէս ես լաւ եմ համարում։ Ու իհարկէ, թէկուզ անդրոիդ ափ սարքեմ, ընկերներին տամ, իրենք շատ հաւանական է, չեն օգտուի։ Քանի որ իրենք ուրիշ են, իրենց կարեւոր չէ այն, ինչ ինձ է կարեւոր։ Ես օ՞կ եմ այդ հետ, թէ՞ ուզում եմ իրենց դուր գալ։
Ուզելով ուրիշին դուր գալ, կորցնում ես ոչ միայն ինթեգրիթի֊ն՝ այլ հետեւաբար կորցնում ես քոմիթմենթը ու ազատութիւնդ։
Ու լաւ չես զգալու քեզ։
Գուցէ շոյուած զգաս, բայց լաւ չես զգալու։
Աւելի լաւ է չշոյուած, բայց լաւ զգալ, իմանալ որ քոմիթեդ ես, ու անկախ ես։
Շատ լաւ է ժամանակ առ ժամանակ ինքդ քո վրայից md5sum հանել։
Քանի որ ինթեգրիթին՝ ինքդ քեզ քոմիթմենթի, ինքդ քեզ, եւ ուրիշներին ընդունելու, եւ որպէս արդիւնք ազատ, անկախ լինելու մասին է։
եւ այդպէս