փոստերային

ուզում եմ գրել փոստերներից եւ սլոգաններից։

բայց դիսքլեյմեր՝ ես ոչ պրոֆեսիոնալ սոց․ ինժեներ եմ, ոչ էլ դիզայներ։

ինչ գրում եմ՝ անձնական ընկալման մասին է, ու օբյեկտիւ լինելու պրետենզիա չունի։

սլոգաններ․

մենք ունենք հհկ֊ի «անվտանգութիւնն» ու հակ֊ի «խաղաղութիւնը»։

անվտանգութիւն բառի մէջ կայ վտանգ բառը։ «անվտանգութիւն» սլոգանը իմ համար սպառնալիքի մասին է։ ես հասկանում եմ այսպէս՝ վտանգաւոր է, մենք օկեանիայի հետ կռուի մէջ ենք, եւ առհասարակ շրջապատուած ենք թշնամիներով, այնպէս որ եկէք չկենտրոնանանք ինչ֊որ մանրուքների վրայ՝ տնտեսութեան վիճակ, կոռուպցիա, առողջապահութիւն՝ կարեւորն անվտանգութիւնն է։

թշնամու օղակի մէջ գտնուելու մասին խօսքերը՝ դիկտատուրաների աւանդական կուտն է։

«անվտանգութիւնն»՝ իմ համար ոչ թէ յոյս ներշնչող, այլ վախի մէջ պահող ուղերձ է՝ «տեսէք, է, վտանգաւո՛ր է, էլ մի՛։»։

«խաղաղութիւնը»՝ դրա լրիւ հակառակն է՝ պոզիտիւ ու բնաւ չմանիպուլատիւ սլոգան է։

ինձ թւում է այնքան ակնյայտ, որ «խաղաղութիւնը»՝ ժողովրդավարութեան մասին է, ազատ տնտեսութեան մասին է, միջազգային առեւտրի եւ համագործակցութեան մասին է, իսկ անվտանգութիւնը՝ դիկտատուրայի, եւ бесправие֊ի, խաղաղութեան եւ համագործակցութեան յոյս չտուող սլոգան է, անելանելիութեանը յղող սլոգան է։ ու այն, որ հհկ֊ն դա է ընտրել՝ ահագին բնութագրող է՝ իրենք ուրիշ առաջարկելու բան, ընդհանուր առմամբ, երեւի թէ չունեն։

ծառուկեան դաշինքի սլոգանները՝ կոչեր են՝ հաւատա, վստահիր, պահանջիր։ ինձ «հաւատա»֊ն յիշեցնում է «հաւատա որ փոխես»֊ը, ու առհասարակ, ինչի՞ պիտի հաւատամ կամ վստահեմ։ իմ ընկալմամբ «հաւատա» ասողը նա է, ով արդէն իրեն վարկաբեկել է, ու այսպէս համոզում է՝ «ես այլեւս լաւը կը լինեմ, հաւատա, վստահիր»։ եթէ հաւատալ եւ վստահել պէտք է առաջադրուողներին, ապա, երեւի, պահանջել նո՞յնպէս իրենցից է պէտք։ ասում էք, որ ընտրելուց յետոյ մի հատ էլ պէտք է լինելու պահանջե՞լ որ խոստումնե՞րը կատարէք։ լո՞ւրջ։

անուանումներ․

ելք֊ը, դէ, տեղով սլոգան է, որը, երեւի շատ լաւ միտք էր։ գուցէ յղում է իրավիճակից ընդհանուր առմամբ իսկ մասնաւորապէս՝ ԵՏՄ֊ից անյապաղ ելքին։ ելք֊ն իհարկէ աւելի լաւ է, քան «ելք չկայ»֊ն, յոյս ներշնչող է։ նաեւ շեշտող է, որ այժմ վիճակը բնաւ լաւը չէ։ ոչ թէ՝ «ապրելու ենք աւելի լաւ», ինչպէս ասում էին կոմունիստներն ու այսօր ասում է հհկ֊ն։

ելք֊ի անյապաղութիւնը սակայն ինձ լուրջ չի թւում․ ես կը հասկանայի, եթէ իրենք ասէին նման մի բան՝ «մենք կը ջանանք առանց ռդ֊ի հետ յարաբերութիւնները փչացնելու հնարաւորինս լաւացնել կապերն արեւմուտքի հետ, ու կարծում ենք, որ դա հնարաւոր է»։ այդ ԵՏՄ֊ն էլ գուցէ ինքն իրեն էլ մեռնի, այնպէս չէ որ շատ կենսունակ է թւում այսօր։

ու արդե՞օք եթէ ելքը լինի իշխանութեան, ու «անյապաղ» քայլեր անի ԵՏՄ֊ից դուրս գալու ուղղութեամբ, իրենց «մի գիշերուայ մէջ» չեն անի առաջարկութիւն, որից իրենք չեն կարողանայ հրաժարուել։

ընտրութիւն, փոփոխութիւն, յաղթանակ՝ ընտրութիւն — լաւ, փոփոխութիւն՝ վաղուց պէտք է, յաղթանակ — օ…կեյ։

«քաղ․ պայմանագիր» — պայմանագիրն այն է, ինչ հնարաւոր է դարձնում համագործակցութիւն ու տարբերում է մարդկանց կենդանիներից։ պայմանաւորուածութիւն պահելը, թէկուզ ենթադրուող, ոչ գրուած պայմանաւորուածութիւն, — դա քաղաքակրթութեան մասին է։ առեւտուրը, տնտեսութիւնը, հնարաւոր չեն, եթէ պայմանաւորուածութիւնները չեն պահւում։ կարող եմ ենթադրել, որ մարդկանց «բարոյականութիւն» հասկացութեան հիմքում է հենց պայմանաւորուածութիւններ պահելը․ պայմանաւորուածութիւն պահելը՝ բարոյական է, չպահելը՝ անբարոյական։ ընդհանուր առմամբ, ես կը բերէի «բարոյականութիւն» բառը այդ պարզ սահմանմանը։

«լուսաւոր հայաստան — մեր գործի տեղում «լուսաւոր հայաստանից» տղայ կայ, նա այդպէս զանգում է ու ասում՝ «բարեւ ձեզ, այսինչն եմ լուսաւոր հայաստանից», ու մենք այդպէս մտածում ենք, թէ մենք, տեսնես, ո՞ր հայաստանից ենք։

«օեկ»֊ը ինչ էլ անի, իրեն ռեբրենդ չի կարողանայ անել։ «օեկ»֊ը միշտ մնալու է «օեկ»։

«հակ» — ենթադրում եմ որ ոգեշնչուած է Գանդիի ստեղծած հնդկական կոնգրեսից։ ենթադրում եմ, որ ԼՏՊ֊ն ահագին ոգեշնչուած է Գանդիից, եւ ենթադրում եմ, որ այն, որ իննսունականներին մեզ յաճախ Հ1֊ով Գանդիի մասին ֆիլմեր էին ցոյց տալիս, դրա հետեւանքն է։ Գանդիից ոգեշնչուած լինելը, ըստ իս, ահագին լաւ է մարդուն բնութագրում։ ու ապա «խաղաղութիւն» սլոգանն էլ աւելի հասկանալի է դառնում։

ՕՐՕ֊ի մասին չգիտեմ ինչ ասել՝ ես չեմ հասկանում ով են այդ մարդիկ, ու ինչ են անում այդ փոստերների վրայ։ Լոգո֊ն իմ վրայ նոյնիսկ աւելի անհասկանալի տպաւորութիւն է թողնում։

Ի՞նչ այլ ձեւ կարելի էր դասաւորել տառերը — ունենք երկուսի երեք աստիճան հնարաւորութիւններ․

ՕՕՕ

ՕՕՐ

ՕՐՕ

ՕՐՐ

ՐՕՕ

ՐՕՐ

ՐՐՕ

ՐՐՐ

Երեւի Ր֊ն մէջտեղում է սիմետրիայի համար, ՕՐՕ֊ն նախընտրել են՝ ՕՕՐ֊ին, ՐՕՕ֊ին, ու միւս ՕՕՐ֊ին եւ միւս ՐՕՕ֊ին։ (: նաեւ, եթէ Ր֊ի տեղը լինէր Հ՝ ապա կը ստացուէր՝ ՕՀՕ (գրեթէ՝ «դոբրի է՛֊է՜խ»)։ Մէկը պիտի լինէր պատասխանատու եւ հանդէս գար անունով, ոչ թէ ազգանունով։ Իսկ եթէ գրէին դասականով, չէ՞ որ ՀՅԴ֊ն (հո֊հի֊դա֊ն) այդպէս անում է՝ Յովհաննիսեան, ապա կը ստացուէր ՕՕՅ, ՅՕՕ, կամ ՕՅՕ։ օյ֊ը շփոթուած է, յո֊ն մի քիչ աւելի ռէպերական է, քան պէտք է, իսկ օյօ֊ն մի քիչ աւելի քեաւառական է։ այնպէս որ երեւի իրօք՝ օրօ֊ն ամենալաւ տարբերակն էր։ (:

փոստերներից՝

վատն են, էլի, վատն են։ գոյները, գծերը, ամէն ինչը։

ես չեմ կարող դրանք քննադատել՝ պարզապէս վատն են, լրիւ։

եթէ նորմալոտ լինէին՝ կը լինէր ասել՝ «գիտէ՞ք, այստեղ սա է վատը, իսկ այսպէս գուցէ աւելի լաւ լինէր»։

բայց յաջող փոստեր կայ՝ դա հակ֊ի փոստերն է։ ես չգիտեմ, իրենց մօտ պատահակա՞ն է դա ստացուել, թէ՞ լաւ դիզայներ է դրա վրայ աշխատել։

ֆոտոները սեւ սպիտակ դնելը շատ լաւ միտք էր։ դա լուծում է գոյների խնդիրը, մասնաւորապէս մաշկի գոյնի, եւ անկանխատեսելի տպագրութեան խնդիրը։ նաեւ որոշակի կոլլաժ֊ութեան համ է տալիս, որը հաւէս է, ու սրամիտ է նայւում։

փոստերը պարզ է ու համեստ, աչքի մէջ ոչ մի բան չի խցկում։

գոյները քիչ են՝ կապոյտն ու կարմիրը՝ սաթուրեյշնը գցած, իրար հետ լաւ նայւում են։

փոստերը պարզ է, իսկ երբ անում ես պարզ բան, սխալներ անելու հնարաւորութիւնը շատ աւելի քիչ է, քան եթէ բարդացնում ես։ այդ պատճառով էլ յաջողուել է։

ինձ միայն դուր չի գալիս, որ «ԼՏՊ տակոյ մալադոյ», ինչի՞, այս վերջին տարիներին մի հատ լաւ նկար արուած չկա՞ր որ օգտագործէիք։ Երիտասարդ ԼՏՊ֊ն անցեալում է, այսօր մենք ենք ուրիշ, նա է ուրիշ, երկիրն է ուրիշ, խնդիրներն են ուրիշ։ Այսօր եթէ ինձ պէտք է ԼՏՊ, ապա ոչ էն ԼՏՊ֊ն, այլ այսօրուայ ԼՏՊ֊ն։ Բարի եղէք տուէք ինձ այսօրուայ ԼՏՊ֊ին։

ՀՅԴ֊ն էլ ափդեյթ արուած չէ։ այսօրուանը չէ։

Մնացած փոստերների մէջ, ոնց ասեմ, դժուարանում եմ լաւ բան գտնել։ Մէկի գլխից ինչ֊որ բան է դուրս գալիս, այն թիւը չգիտես ինչու գրադիենտ է, ու չգիտես ինչու այս տառատեսակով, գոյները շատ են, ու պայծառ, իսկ երբ շատ են՝ աւելի բարդ է անել այնպէս, որ իրար հետ լաւ նայուեն, մանաւանդ եթէ պայծառ են։

ծառուկեան դաշինքի ոսկեզօծ լոգո֊ին, սակայն, կպնելու բան չունեմ՝ լրիւ արտայայտում է, սազում է։ (: ու շատ լաւ է որ երեք դի է, լոյս է գցած վրան, ու տենց մի մասն աւելի ստուեր է։ ինքը չէր կարող լինել «ֆլատ» դիզայն, քանի որ ծառուկեանը բնաւ «ֆլատ» չի։ պէտք է լինէր էսպէս, ինչպէս կայ։

ես էլի կուզէի լաւ բաներ ասել, որ ինքս ինձ աւելի լաւ զգամ, որ մի քիչ աւելի լաւ տեղ եմ ապրում, ուր լաւ դիզայն ես տեսնում, բայց աւաղ, չեմ կարողանում։

ինչեւէ, ես շատ բան չեմ հասկանում, անկապ գրառումներ եմ անում։

ցանկանում եմ ձեզ (եւ մեզ) թուլանալ եւ փորձել ստանալ էսթետիկական հաճոյք ընտրութիւններից։

մինչ։

պիտակներ՝ դիզայն  ընտրութիւններ  լուսանկարչութիւն  քաղաքականութիւն