2023-09-09-19854181

ես չեմ տեսնում տարբերութիւն հայրենասիրութեան ու մարդասիրութեան, կամ մոլորակասիրութեան մէջ։

եթէ դու ուզում ես աշխարհում պլաստիկի խնդիրը էդքան սուր չլինի, դու էլ քո շուրջն ես էդ խնդիրը փորձում չբարդացնել։ ուզում ես որ էստեղ էլ՝ շուրջդ լինեն պլաստիկի համար տուփեր գոնէ, ու փորձում ես պլաստիկից շշերի փոխարէն օրինակ ապակեայ առնել։

մարդիկ որ գիւմրի են գալիս, յաճախ սթրեսւում են նրանից որ քաղաքով զբօսնելիս էդքան պայթած ու չօգտագործուած շէնքեր են տեսնում։ յամենայն դէպս ռուսների վիդեօներում քանի անգամ դա նկատել եմ։

եթէ դու առնում ես էդպիսի պայթած շէնք, նորոգում ես, համ դու ես ունենում մի շէնք օգտագործելու՝ ապրելու, կամ բիզնէսի համար, կամ որպէս հանրային տարածք (որը կրկին կարող ա լինել բիզնէս), համ գիւմրիում մի պայթած շէնք քիչ ա լինում, համ աշխարհում։

կամ եթէ վերցնում ես անկապ հողակտոր, կամ հողակտոր որի վրայ կայ անկապ սեփական տուն, ու կառուցում ես էդ փոքրիկ տեղում քեզ համար արդի շէնք, ապա եւ դու ես վայելում, եւ քո քաղաքում կայ մի արդի հաւէս շէնք աւել, եւ աշխարհում։

պարզապէս գիւմրին ստեղ ա։ էստեղ էլ չէ՞ մէկը պէտք ա զբաղուի իր ու իր շուրջ եղած գործերով։

ու երբ քայլում ես քանդած քաղաքով, հասկանում ես որ ըստ երեւոյթին մարդկանց պակաս էլ կայ։ թէ չէ էդպէս չէր լինի։ էդպիսի անտէր շէնքեր չէին լինի, մէկը կառնէր, կօգտագործէր։

դա բոլորովին էլ չի նշանակում որ տեղից տեղ գնալ չի կարելի։ ու բոլորովին էլ չի նշանակում որ եթէ չես զբաղւում, ու գնում ես «լաւ» տեղ ապրելու ու սպառելու, վայելելու էն, ինչ էնտեղ մարդիկ արդէն լուծել են, լաւացրել են, զի զբաղուել են, ու խնդիր աւելի քիչ կայ՝ դա չի նշանակում որ վատ բան ես արել։ բայց լաւ բան էլ չարեցիր։

ու եթէ ես լինէի եւրոպացի, կամ առաւել եւս՝ ամերիկացի, ես էնտեղ չէի ապրի։ իհարկէ, կը գիտակցէի որ էնտեղ լիքը խնդիրներ կան, բայց նաեւ կը գիտակցէի, որ ինչքան էլ սուր էդ խնդիրները չընկալեմ, շատ աւելի լուրջ խնդիրներ կան այլ տեղերում։ ու մոլորակասիրութիւնն ինձ կը ստիպէր գնալ այլ տեղ՝ օրինակ հայաստան, ու ապրել էստեղ։ գուցէ եւ վրաստան, բայց վրաստանը կամ թիֆլիսը շատ կը յիշեցնէին եւրոպական քաղաքները։ քուրդիստանը բաւական գրաւիչ տեղ ա երեւում։

խնդիրներն ընդհանուր առմամբ ամէն տեղ նոյնն են կամ նման են։ ու ամէն տեղ պէտք ա դրանցով զբաղուել։ ու ամէն տեղ մարդիկ աւելի մենակ են, եթէ ուրիշ մարդիկ չկան, ու հետեւաբար աւելի մենակ աւելի բարդ ա էդ խնդիրները լուծել։

մենք էլ ենք չէ՞ դաշնեզերքում աւելի մենակ, քան էն մարդիկ ֆէյսբուքում։ բայց իրենք ճնշուած են, իսկ մենք՝ չենք։ պարզապէս իրենք եթէ եւ գիտեն, զգում են որ ճնշուած են, չեն իմանում որ այլընտրանք կայ։

ու եթէ դու մարդասէր ես ու մոլորակասէր ես, դու նաեւ չես հանդուրժում այլ մարդկանց ճնշուած լինելը՝ լինեն դրանք հայ թէ տաջիկ, թէ ադրբեջանցի, թէ եզդի։ աղջիկ թէ տղայ, գէյ թէ տրանս։ հասկանում ես որ խօսքի, արտայայտուելու իրաւունքը չափից շատ կարեւոր ա, ու երեւի ամենակարեւորներից ա։

ու եթէ դու մարդասէր ադրբեջանցի ես, դու հասկանում ես, որ էդ տարածքում կեղտ իշխանութիւն ա, ու հասկանում ես որ էն մարդկանց որ արտայայտուել են՝ սպանել են, կամ ստիպել են գնալ։ ոչ թէ ստիպել են մնալ՝ ստիպել են գնալ։

զի վատ իշխանութեանը պէտք չեն մարդիկ։ տիգրան սարգսեանի յայտնի հարցազրոյց ու ձայնագրութիւն կայ, ուր երբ իրան արտագաղթից են հարցնում, ասում ա՝ մնան յեղափոխութի՞ւն անեն։

մարդասէր ադրբեջանցին հասկանում ա որ էն ինչ իր հանրութեանը սնում են՝ սուտ ա ու չար ա։ ինչպէս եւ մարդասէր եւ մոլորակասէր ռուսը։ ու աւելի լաւ ա ունենալ չլուծուած խնդիր հայերի հետ, քան պատերազմել, իսկ աւելի լաւ ա լուծել ու պրծնել։ դու տեսնում ես որ կարողացա՞ն չէ՞, չեխիան ու սլովակիան խաղաղ բաժանուել։ հեշտ չէր, կրկին, բայց մարդու դէմքը չկորցրին, մարդասէր եւ խաղաղասէր եղան։

դու նաեւ տեսնում ես, որ կատալոնիան ունի ինքնավարութիւն՝ դոմէնը, ուժեղ լեզուի օրէնք, ու նոյնը փոքրիկ ֆարերեան կղզիները։ գիտակցում ես որ դանիայի հանրութիւնը միջնադարեան չի, ու եւ ֆարերեան կղզիներում, եւ գրենլանդիայում պէտք չի մարդկանց ճնշել, պէտք չի փոխել, պէտք չի ասիմիլացնել՝ ու էն ինչ առաջարկւում էր արցախին ադրբեջանի կողմից՝ բարձր ինքնավարութիւն՝ նրանք առանց պատերազմի էլ ունեն։

ինչեւէ։ ասածս այն ա որ մոլորակասիրութիւնը լոկալ ա արտայայտւում։ եթէ դու մոլորակասէր ես, դու շուրջդ չես աղտոտում, ու փորձում ես մի քիչ լաւացնել։ էդ հէնց շուրջդ ես արտայայտում։

մէկ էլ եթէ ուզում ես ոչ շուրջդ արտայայտել, կարող եմ յիշեցնել ecosia֊ի մասին։ մէկ ա գուգլով էք փնտրում, անիմաստ իրան սնում, ecosia֊ով փնտրելն աւելի վատ քայլ չի, քան գուգլով փնտրելը։ փոխարէնը մարդիկ փող են աշխատում ու ծառեր տնկում աֆրիկայում։ որը բոլորիս լաւ ա։

#անկապ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ