2022-05-03-11026987

ասք անժէլ շնաձկան եւ թանաք ութոտնուկի մասին

անժէլը լողում էր թափանցող արեւի ճառագայթների ներքոյ, եւ մտածում այն մասին, թէ ինչ լաւ ա, որ նա շնաձուկ ա։ «մենք, շնաձկներս, ամենահին կենդանիներից ենք», — հաճոյքով յիշեցնում էր նա ինքն իրեն, — «մենք միլիոնաւոր տարիներ կանք, եւ չենք փոխուել՝ փոխուելու կարիք չունենք, որովհետեւ կատարեալ ենք»։ այս մտքից անժէլի սիրտը յաճախակի խփեց, եւ նա աւելի արագ սլացաւ։ «ու մինչ օրս ապրում ենք մեր պապերի պէս՝ նոյն կերպ լողում ենք, նոյն կերպ որս անում, նոյն կերպ խրթխրթացնում ծամելիս… մնեա…» — անժէլի ծնօտը բացուեց համով յիշողութիւններից, եւ դրա մէջ ընկաւ մօտակայքում լողացող պլաստիկ շիշը։

«թֆու», — թքեց անժէլը, — «սա ի՞նչ էր։ այս ինչքա՜ն աղբ կայ այս ովկիանոսում, բա առաջ էդպէ՞ս էր։ ահա՝ նա էլ ա աղտոտում» — մտածեց անժէլը, նկատելով ներքեւում, համացանցային մալուխի հարեւանութեամբ ներկի ամպիկներ արձակող ութոտնուկին։

ասում էին, թէ ութոտնուկը փախել ա նոր զելանդիայի պետական ակուարիումից եւ հետ վերադարձել ովկիանոս։ «լողամ տեսնեմ, ինչ կը պատմի», — որոշեց անժէլը։

— բարե՛ւ, թանաք, — ասաց անժէլը մօտենալիս։ — ի՞նչ կայ չկայ, — պատասխանեց թանաքը։ — բան չէ, — ասաց անժէլը, — բա էս ո՞վ ա քեզ թոյլ տուել ջուրը պղտորել։

այդ ժամանակ ութոտնուկը մի այլ թանաքոտ ամպիկ փչեց, որն ընդունեց շնաձկան ձեւ եւ լողաց֊անցաւ անժէլի կողքով։

անժէլը զարմացաւ՝ — «էդ ակուարիումո՞ւմ ես սովորել»։

— ահա,— պատասխանեց թանաքը,— անգործութիւնից, զբաղւում էի։ — իսկ ճի՞շտ ա, որ էնտեղ կուշտ կերակրում են՝ էլ պէտք չի լողալ, որս անել։ — ճիշտ ա, վատ չեն կերակրում — համաձայնեց թանաքը։ — երնէկ մեր ազգականներին, որ էնտեղ են։ տեսե՞լ ես իրենց, — հետաքրքրուեց անժէլը։ — տեսել եմ, — պատասխանեց թանաքը, — նա կենտրոնացած նոր ամպիկ էր փչում։ — բա ո՞նց են, — շարունակեց անժէլը — լաւ են, ամբողջ օրը նարդի են խաղում։ — երնէկ իրենց, — ասաց անժէլը ու աւելացրեց, — բա դո՞ւ ինչի ես եկել, որ էնտեղ լաւ էր։ այլ ութոտնուկներ չկա՞յին իրենց հետ շփուէիր։

անժէլը չգիտէր, որ ութոտնուկները մենակութեանը սովոր կենդանիներ են։ չգիտէր նաեւ, որ ութոտնուկները շատ հետաքրքրասէր կենդանիներ են, եւ իրենց բարդ ա ապակէ պատերի մէջ։

— ես չասի լաւ էր, — ութոտնուկը փչում էր կատու յիշեցնող ամպիկ։ — էս ի՞նչ ա։ — այդպիսի փռչոտ կենդանի ա։ ես նրան հանդիպել եմ, երբ փորձում էի փախչել ու ձախողել էի։

եւ թանաքը յիշեց, ինչպէս էր դուրս պրծել իր բջիջից եւ շրջել տարածքով։ սահելով հասել էր աստիճաններին, եւ փորձել էր բարձրանալ։ յետոյ էլ բան չէր յիշում։ իսկ յետոյ կրկին ակուարիումում էր, եւ կասկածում էր՝ տեսե՞լ ա կատուին, եղե՞լ ա փախուստի փորձը։ նա չգիտէր, որ բախտի բերումով ակուարիումի աշխատողը նկատել էր թաց հետք, գտել գրեթէ շունչը փչած ութոտնուկին ու վերադարձրել ջուրը։

յաջորդ անգամ նա կարողացաւ սահելով հասնել այն նեղ խողովակին եւ ճզմուել, գցուել դրա մէջ։ խողովակը, ինչպէս պարզուեց, տանում էր ովկիանոս, եւ այդպէս թանաքին յաջողուեց դուրս պրծնել։

— դէ լաւ, թանաք, ստեր մի փչի, — ասաց անժէլը եւ ինքնագոհ ծիծաղեց իր կատակի վրայ։ — ես գնացի։

անժէլը լողալով բարձրանում էր, թողնելով ներքեւում թանաքոտ ամպիկները եւ սփռուած մալուխները։

— չէ մի չէ՝ փախել ա, — մտածում էր անժէլը, — վռնդել են։ ընդամէնը անպիտան ութոտնուկ ա։ շնաձուկ չի՝ աշխարհի ամենահին կենդանիներից մէկը, որ փայփայեն։ հաստատ վռնդած կը լինեն։

#պատմուածք #շնաձուկ #ութոտնուկ #փախուստ #պատմութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պատմուածք  շնաձուկ  ութոտնուկ  փախուստ  պատմութիւն