այստեղ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/@antranigv}ը գրել ա իր մտքերի մասին՝ ո՞րտեղ ներդրում անել։
ես վաղուց, վաղուց ուզում էի այդ մասին գրել, այնպէս որ առանձին գրառում անեմ։
հա, դու կարող ես քեզ լաւ զգալ որ կարեւոր նշանակութիւն ունեցար, ներդրում անելով ֆրիբսդ համայնքում։ ու շոյուած լինել՝ աշխարհի, մարդկութեան մակարդակով ներդրում ես արել, եւ համայնքն ա լաւը՝ շոյում ա, յարգանք ունես, եւ տեղացիները կը յարգեն։
ես բնաւ չեմ ասում չանել։ հաստատ լաւ բան ա անելը։
ու հա, էստեղ գնալու ես բոլորին համոզես ֆեդի օգտագործեն՝ չեն հասկանայ, չեն ուզի, կասկածանքով կը վերաբերուեն։
ի՞նչ ազատութիւն, ինչի՞ ա էս մարդը գալիս մեզ ազատութեան մասին ասում, ինչի վա՞տ ենք ապրում, ի՞նչ թաքուն մտքեր ունի։
բայց էդ չի նշանակում որ հհ֊ում մարդիկ կարիք չունեն տեք․ ազատութեանը վերաբերող համայնքների։
ես էսպիսի համեմատութիւն կանեմ, որ գուցէ շատերին տհաճ լինի։
աղքատ եւ անկիրթ մարդկանց զգալի մասը լաւ չի սնւում՝ նաեւ այն պատճառով որ սնուելու կուլտուրա չունի։
մենք տեսնում ենք շատ չաղ աղքատներ, ու մենք տեսնում ենք նիհար եթէ ոչ հարուստ, ապա կիրթ եւ ապահով մարդկանց։
մենք տեսնում ենք որ կիրթ մարդկանց շերտում ընդունուած ա շատ կանաչ բան ուտելը՝ ու դա պարտադիր չի թանկ նստի՝ կարելի ա շատ առողջ եւ որակով սնուել բաւական էժան։
բայց մենք տեսնում ենք որ մի այլ շերտի չես կարող համոզել որ ծաղկակաղամբով փոխարինել իւղոտ ինչ֊որ մի մսային ուտեսն ու ալկոհոլը։
ու երբ որոշակի սպեցիֆիկ շերտի մարդիկ փող են ձեռք բերում՝ օրինակ յաջողակ գործարար են կարողանում դառնալ, կամ դիցուք ծրագրաւորող, ու կարողանում են դուրս գալ էն անելանելի վիճակից, որում նախկինում ապրում էին իր ընտանիքի սերունդներ, էս մարդիկ ձգտում են զգալու իրենց այն, ինչ դարերով, չեն եղել՝ թագաւոր, կոմս, արիստոկրատ։
այդ պատճառով ա որ մենք ունենք նման ապրանքանիշներ՝ «թագաւորական եսիմինչ», «կրեմլեան եսիմինչ», «կայսերական եսիմինչ», եւ «մոնարխ» անունն ա օգտագործւում ուր ասես։
նաեւ մեծ տառերով, աչքի ընկնող, փայլող ապրանքանիշներն են գերում նման մարդկանց։
ի տարբերութիւն, էսօր արեւմուտքում, որն արդէն վաղուց պրծել ա աղքատութիւնից, ընդունուած չի ինքնացուցադրուել բրենդով ու ապրանքանիշով։ հակառակը՝ լաւ հագուստի վրայ չի երեւում ապրանքանիշը՝ պէտք ա յատուկ ուշադրութիւն դարձնել, որ այս գրպանի ծայրին օրինակ, հազիւ երեւում ա «w» տառը՝ զի «wrangler», օրինակ։ նոկիա սմարտֆոնների վրայ «նոկիա» անունը յաճախ պարզապէս խորագրուած էր այնպէս, որ միշտ չի որ կը նկատես։
վերջերս ընկերոջս ասում էի, որ փիթերսոնն ասում ա՝ ինքդ քեզ օգնելու լաւ ձեւ ա՝ ուրիշներին օգնելը։ գնա եւ օգնիր, տես ի՞նչ կարող ես անել։
ու ես նրան ասացի, որ ուրիշներին օգնելով պիտի պատրաստ լինի մունաթ, թուք, մուր եւ նման բաներ ուտելու։ եւ չսպասի որ մարդիկ կը գնահատեն։
ասել էի՝ երբ ես էի վատ՝ ինքս էլ բնազդաբար զգում էի առաւել արտայայտուած կարիք՝ օգտակար լինելու՝ օգտակար լինելով ինձ զգացնել էի տալիս որ գոնէ մի կերպ պիտանի եմ։
ու սովորել էի որ յարգանք եւ երախտագիտութիւն որպէս կանոն չի լինելու։ որոշ մարդկանց հետ կը լինի շատ վատ՝ բացարձակ անարգանք, բայց որպէս կանոն տէնց տանելի մի կերպ հանդուրժուած կը լինես։
վերադառնամ՝ ես կարող եմ ինձ թոյլ տալ windows֊ի արտօնագիր, եւ ms office֊ի արտօնագիր։ եւ ադոբի ծրագրերի արտօնագրեր։
եւ կարող եմ ինձ թոյլ տալ m1 մակ։ էնպէս չի որ չեմ կարող։
բայց այնպէս, ինչպէս ոմանք քիչ են ուտում, եւ ուտում են առողջ աղցաններ, եւ մարզւում են, կամ շարժւում, եւ չունեն փոր, ես ունեմ թեթեւ windowmaker, ես ունեմ ազատ ծրագրային ապահովում, իսկ նրանք, որ այդ փողերը վճարել են՝ ունեն իրենց վերայսկող ծրագրեր։
ինչպէս սթոլմանն ասում էր՝ կայ ընդամէնը երկու ձեւ՝ կամ ծրագիրը քեզ ա ենթարկւում, կամ դու՝ իրան։ դու կարող ես հազար անգամ ասել, որ քեզ դուր ա գալիս ծրագրին, դրա ետեւում կանգնած ընկերութեանը ենթարկուելը՝ ստոկհոլմեան սինդրոմը ոչ մէկ չի չեղարկել։
բայց ես ուզում եմ ասել, որ էդ չի նշանակում, որ աղքատ թաղամասի քաղաքացիները, որ առողջ չեն սնւում՝ իրենց պէտք չի առողջութիւն։
ու չի նշանակում որ մեզ չպէտք ա անհանգստացնի իրենց առողջութիւնը։ մենք նոյն թաղամասում չենք գուցէ, բայց նոյն քաղաքում ենք, ու նոյն երկրում, ու նոյն մոլորակում։
ու երբ մարդիկ ասում են՝ ինչի՞ չարտագաղթել, պատասխանս կրկին նոյնն ա՝ որ ամբողջ մոլորակում աւելի քիչ տարբերութիւն լինի։ որ չլինի այնպէս, որ էս տեղում յոյս չկայ՝ զի մարդկանցից յոյս չկայ, իսկ էն տեղում ամենաքուլ, ամենավեհ մարդիկ են հաւաքուել։
ու մի բան էլ, որ երեւի մի քանի անգամ արտայայտել եմ։ եթէ ես լինէի զարգացած արեւմտեան երկրից մէկը՝ ես չէի մնալու այդ երկրում։ ես կարտագաղթէի ու ոչ հարուստ տեղ։ ես կը գայի հայաստան, շատ հաւանական ա։ այնպիսի տեղ, ուր իմ օգնութեան համար մունաթ եմ ուտելու, բայց գիտեմ, որ այն պէտք ա։
ու լինելն արդէն օգնութիւն ա։ հայաստանում լինելն արդէն կարեւոր ա։
ես չունեմ պատրանքներ որ ամբո՛ղջ հայաստանում կօգտագործեն ֆեդի։ կօգտագործեն էն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում կօգտագործեն, ու այն կը դառնայի մէյնսթրիմ։
բայց էստեղ կան մարդիկ, ում պէտք են այլ մարդիկ։ էստեղ կան մարդիկ, ում պէտք ա ֆեդի սպասարկիչ։ ու էստեղ կան մարդիկ, ով չգիտեն որ իրենց պէտք ա, բայց կարող ա իմանան։ ու կան մարդիկ, ով չգիտեն ֆեդին ինչ ա, բայց կը յայտնուեն թթում, ու յետոյ կիմանան, որ դա ընդամէնը «հայկական թուիթեր» չի, այլ ազատութեան գաղափարախօսութեան, դրան մարդկանց հաւատքի ու աշխատանքի արդիւնք ա։
այն օրը սիրահարների այգում ծանօթացանք մի ծրագրաւորողի հետ։ խօսեցինք, ես չէի ուզում շատ բան ասել, բայց ընկերս ասաց։ ու այո, մի թեթեւ պատմեցի ֆեդիից։ նա ասաց՝ բա փող ո՞նց ա բերում։ ասացի՝ ի՞նչ փող։ ասաց՝ հաաա, նկատի ունես, հիմա զարգացնում ես որ յետոյ ուշ շա՞տ փող բերի։ ասացի՝ ի՞նչ ա ասում։ կրկին խօսեցինք։ բացատրեցի, որ շահը միայն փողը չի։ շահն այն ա, երբ բոլորս կարողանում ենք ազատ լինել։
եթէ ես մենակ եմ ազատ՝ ես մենակ եմ։
եթէ մենք ազատ համայնք ունենք՝ ես մենակ չեմ։
եթէ ինձ չի հետաքրքրում փրայւասին՝ բայց էն լրագրողին հետաքրքրում ա։ իսկ ինձ պէտք ա էն լրագրողը, որ չգիտի, ինչ կերպ ա կարելի ունենալ փրայւասի՝ իմանայ, զի էդ լրագրողն աւելի անկախ կը լինի, ու դա քաղաքական իրավիճակին կը նպաստի։
ու ի վերջոյ, այո, ամէնը քաղաքական ա։ զի վերաբերում ա շատ մարդու։ ու կարեւորը դա ա։
ու մարգինալիզացուած համայնքներն ունեն օգնութեան կարիք։ դժուար ա միւնհաուզէնի պէս ինքդ քեզ մազերից քաշելը հանելը՝ օգնութիւն ա պէտք։ տեղեկացուած լինել ա պէտք։
ու պէտք ա ֆեդի շարժումը զարգանայ ամբողջ աշխարհում՝ բնական ա, որ տարբեր տեմպերով ա զարգանալու, բայց պէտք ա։
ազատութիւնն ունիւերսալ գաղափար ա, ինչպէս եւ սնունդը։
եթէ մարդիկ չգիտեն, որ իրենց լաւ ա առողջ սնունդ, կամ ազատութիւն՝ չի նշանակում որ իրենց լաւ չի։
ու չի նշանակում որ պէտք չի ջանք դնել՝ զի շոյուած չես լինի։ շոյուած չես լինի՝ բայց ջանք դնելը պէտք ա։
եթէ դու չես ուզում, որ հիւանդանոցը ծանրաբեռնուած լինի, եթէ դու չես ուզում որ երբ քո բարեկամին շտապ տանես զի կաթուած ա ունեցել, իսկ էնտեղ չկարողանան սպասարկել, զի երկրում համաճարակ ա, կամ բուժ․ հաստատութիւնը ծանրաբեռնուած ա այլ խնդիրներով, ու էդքան մարդ չկայ որ քեզ նայի՝ դու զգում ես որ դու մենակ չես։
նոյնը մոլորակի մակարդակով էլ ա։
հարցեր կան որ ընդհանուր են ու ամէն տեղ պէտք ա լուծուեն։
ու տէնց։
#ազատութիւն #քաղաքականութիւն #համացանց #տեքնոլոգիաներ #դաշնեզերք #համայնք #համայնքներ