ժամանակ առ ժամանակ ինձ մեղադրում են, որ ես ապակենտրոնացման կողմնակից լինելով, խորհուրդ եմ տալիս սրճարաններ, գրասենեակներ երեւանի կենտրոնից դուրս չբացել։
նախ ասեմ, որ համացանցը այլ դէպք ա, իսկ յետոյ անդրադառնամ իրական ֆիզիկական տարածքներին, եւ որն ա իմ հասկանալով քաղաքի ապակենտրոնացումը։
համացանցը այլ դէպք ա՝ կարեւոր չի, որտեղ ես գտնւում՝ կարող ես կապի մէջ լինել այլ մարդկանց հետ։ եւ այն ըստ նախագծի տափակ ա, ու բոլորը երեւալու կամ ընկալելու նոյն հնարաւորութիւնն ունեն։
դա հանրային տարածքի ֆունկցիան ա՝ քեզ ցոյց տալ, եւ ուրիշներին նայել՝ կապի մէջ լինելը, եւ ըստ էութեան, համացանցն այդ հանրային տարածքն ա՝ ամբողջութեամբ։
ի տարբերութիւն՝ եթէ ֆբ֊ում ես՝ կարեւոր ա որտեղ ես գտնւում՝ այնտեղից դուրս կապ չկայ, չկան պատուհաններ, ինչպէս կազինօներում։ դու մեկուսացուած ես, եւ կապի մէջ ես նրանց հետ, ով քեզ հետ գտնւում ա այդ պատերի ներսում։
եթէ այդ վիճակը չլինէր՝ համացանցի ապակենտրոնացման մասին խօսել էլ պէտք չէր լինի՝ այն արդէն ապակենտրոն ա։
խնդիրն իրականում այն ա, որ հանրային տարածքում (ապակենտրոն) մարդ չկայ՝ մարդիկ հիմնականում հաւաքուել են կոնկրետ շէնքի պատերի մէջ, եւ վախենում են այնտեղից դուրս գալ, զի բոլորն այնտեղ են։ նրանք, որ հանրային տարածքում են՝ մեկուսացուած են մնացածից, որովհետեւ հանրային տարածքում մարդաշատ չի։
յաճախ բերել եմ օրինակ, որ երբ հայերէն ինչ֊որ բան ես փնտրում, արդիւնքներում լինում են ակումբ․ամ֊ի հին գրառումներ, ուորփրեսի բլոգ փոստեր, բայց ոչ՝ ֆբ֊ի քննարկումներ։ դրանք հանրային տարածքում չեն։ աւելին՝ եթէ մի բան ասուել ա ֆբ֊ում, դու պէտք ա լինես ֆբ֊ում, որ կարդաս։ դու չունես հնարաւորութիւն ապակենտրոնացուած տեքնոլոգիաներով՝ դիցուք ռսս֊ով, հետեւել որեւէ հեղինակի։
այդ պատճառով, ի դէպ, ես չեմ կարծում որ ֆբ֊ում գրողին կարելի ա կոչել բլոգեր, որովհետեւ բլոգի սկզբնական սահմանումը հէնց թարմացուող հոսքի մասին ա, որի թարմացումներին կարելի ա հետեւել, եւ հետեւել այլ տեղերից, որը բնական էր՝ ինտերնետի դարաշրջանում։ դէ ո՞նց ա կարելի պարտադրել որ նոյն տեղից հետեւես՝ ակնյայտ ա որ մարդը չպէտք ա գրանցուած լինի բլոգսփոթում որ հետեւի բլոգսփոթում գրող մարդուն՝ եւ այդ մարդն էլ չպիտի գրի հէնց բլոգսփոթում՝ ընդհակառակը, երբ բլոգը դառնում ա յայտնի, մարդիկ առնում են իրենց սեփական տիրոյթ եւ պահում անձնական սպասարկիչ, իրենց գործառոյթներն աւելի վերահսկելի, կառավարելի դարձնելու, իսկ կեանքը՝ աւելի յարմարաւէտ։
ի տարբերութիւն՝ ֆբ֊ում ըստ սահմանման չկայ ճկունութիւն, կամ քո գործառոյթներն աւելի կառավարելի դարձնելու հնարաւորութիւն։ ֆբ֊ին անհրաժեշտ ա ստեղծել պատրանք, որ ինտերնետն ու ֆբ֊ն համարժէք են, որ ֆբ֊ն ինտերնետն ա ինքն իրենով, եւ դրանից դուրս ոչ մի բան գոյութիւն չունի։ եւ զգալի չափով ֆբ֊ին յաջողել ա այդ պատրանքը ստեղծել։
այդ պատճառով ա ֆբ֊ի պայմանագիրը՝ սատանայոտ՝ լինելով ֆբ֊ում դու զրկում ես այլ տեղերում գտնուած մարդկանց քեզ հետեւելու հնարաւորութիւնից, եւ փաստացի պարտադրում՝ եթէ կապ ես ուզում՝ ապա պիտի լինես ֆբ֊ի մասնակից՝ սա ա գործարքը։
միայն ու միայն այլընտրանքի բացակայութեան պարագայում, երբ ֆբ֊ից դուրս գոյութիւն չունի ոչ մի բան՝ կամ գոնէ էնպիսի տպաւորութիւն կայ՝ ֆբ֊ն դառնում ա ձեռնատու գործարք, այդ պատճառով էլ ֆբ֊ին պէտք ա անել ամէնը, որ մարդիկ առանձնապէս ֆբ֊ից դուրս չնայեն։ ի՞նչ ա պէտք՝ բիզնէսի էջ՝ խնդրեմ, այն ֆբ֊ում ա։ ուզում ես չեքի՞ն լինել՝ եղիր մեզ մօտ։ նկա՞ր լցնել՝ մեզ մօտ։ միայն դուրս չգաս։ ո՞ւր պիտի դուրս գաս՝ ինստագրա՞մ՝ մերն ա արդէն։ մենք ենք, ուրիշ մարդ չկայ։
եթէ մենք համեմատենք սովորական հանրային տարածքների հետ՝ ապա այս պարագայում, երբ բոլորը ֆբ֊ում են՝ հրապարակում մարդ չկայ, փողոցներում մարդ չկայ։ իրենք բոլորը մտել են մոլլ, կամ կազինո՝ առանց պատուհանների տեղ, իրենց տեսնելու համար դու էլ պիտի մտնես մոլլ, եւ ընդունես մոլլի պայմանագիրը։ հանրային տարածքն էլ ունի պայմանագիր՝ հանրութիւնը ունի պայմանագիր, բայց դա հանրութեան համաձայնութիւնն ա, ոչ թէ կոնկրետ բիզնէսի հետ քո կնքած պայմանագիրը։
հիմա բալետի երկրորդ մասը՝ տեղանքը քաղաքում։ անգլերէն ասացուածք կայ, որ բիզնէսի համար կայ երեք ամենակարեւոր նախապայման՝ լոքէյշն, լոքէյշն, լոքէյշն։ այո, երեւանում եւ սրճարանի համար դա կենտրոնն ա։ իսկ եթէ դուք գիւղում էք, ապա խորհուրդ չեմ տայ ձեր խանութը (սրճարանի համար բաւական մարդ չի լինի) բացել «գիւղամիջից» այն կողմ։ իսկ երեւանում՝ կենտրոն։
այլ քաղաքում, որն արդէն աւելի ապակենտրոն ա՝ այդ կենտրոններից իւրաքանչիւր մէկում։
մեր խնդիրն այն ա, որ երեւանն արդէն ապակենտրոն քաղաք չի՝ կենտրոնացուած ա։ եւ ոչ մէկ առանձին֊առանձին չի կարող այն դարձնել ապակենտրոն։
օկ, իսկ ինչո՞վ ա մի լոքէյշնը աւելի շահաւէտ միւսից։
ընդհանուր առմամբ՝ արդե՞օք դա էն տեղն ա, ուր հանրութեանը հարմար ա, հաճելի ա գտնուել, քայլել։ ժամանակակից urban design֊ը ունի որոշակի լուծումներ այն մասին, թէ որն ա մարդ կենդանու համար՝ իր ֆիզիկական եւ հոգեբանական յատկութիւններով՝ լաւ քաղաքային միջավայրը։ օրինակ, դեռ վաղուց նկատել են, որն ա մարդուն հարմար, ընկալելի, մարսելի հրապարակի չափսը։ իսկ այսօր արդէն՝ զանազան փորձեր արուել են, սխալներ գործուել են, դասեր քաղուել են։ սա իհարկէ ճանապարհի վերջը չի, բայց սկիզբն էլ չի՝ հարցը բաւական հետազօտուած ա։
այսօր մենք գիտենք, որ (երեւանի) բանգլադէշի պէս տեղերը՝ լաւ քաղաքային միջավայրի մասին չեն։ իսկ երեւանում, աւաղ, ընդհանուր առմամբ, կենտրոնից բացի մենք ժամանակակից քաղաքային միջավայր առանձնապէս չունենք, իսկ կենտրոնում այն մեղմ ասած՝ անթերի չի։
անիմաստ ա վատնել փող, եւ ներդրում անել մի տեղում, ուր կորուստներ էք կրելու, եւ մի օր չէք դիմանալու եւ փակուելու էք։ աւաղ, դուք ինքնուրոյն չէք կարող դարձնել քաղաքի որեւէ մի մաս՝ քաղաքային, հարմարաւէտ։
ես կողմ եմ ապակենտրոն քաղաքներին, ուր դուք կարող էք բացուել շատ տարածքներում։ ըստ որում այդ կենտրոնների մէջ չկայ յստակ սահման, դրանք միացուած չեն իրար լայն փողոցներով, անցումը մի մասից միւսն աննկատ ա, եւ տեղափոխումը հեշտ՝ եւ հետիոտնի եւ հեծանուորդի համար։ աւաղ այդ ապակենտրոնացումը այսօր մեզ մօտ իրատեսական չի, զի արդէն շատ բան ա այլ կերպ արուած, կառուցուած, ասֆալտած։
ինչ ա այսօր հնարաւոր՝ ձեւաւորել կենտրոնից դուրս լաւ քաղաքային միջավայր ունենալու հանրային պահանջ։
լաւ քաղաքային միջավայր ստանալն իմ հասկանալով, աւելի հեշտ ա, քան դրա հանրային պահանջ ստեղծելը։
օրինակ, դա չի լինի շատ աւելի թանկ, քան մամիկոնեանցի կամ այլ բարձրայարկ թաղամասերը կառուցելը։ դրանց փոխարէն կարելի էր ստեղծել քաղաքում հաւէս տեղ, սակայն նախ պէտք ա հանրային պահանջ՝ կամ էդ շէնքերում բնակարաններ ցանկացողների սակաւութիւն։
էսօրուայ սխալներն ուղղել շատ բարդ ա, ինչպէս եւ այսօր շատ բարդ ա ուղղել նախկինում արուած սխալները։ եւ բնաւ էլ, ինչպէս, երեւի մեսչեանը համոզուեց՝ ընդամէնը բուլդոզերի գործ չի։
հետաքրքիր ա, տեսէք,որտեղ եմ գտել յօդուածը՝ ոչ բնօրինակն ա, ոչ այդ յղման տեքստում հպարտօրէն յայտարարուած ֆբ֊ի խումբը։ բլոգային գրառման մէջ ա գտնուել, զի դա ա համացանցի մաս, հանրային տարածքի վայր։
#ապակենտրոնացում #համացանց #քաղաք #միջավայր #նախագծում #հանրութիւն