2017-04-06-17621

էլի խորհուրդների մասին․

հիմա մոդա է խորհուրդ տալը, ինչպիսի նկարներ չնկարել, քանի որ դրանք «կլիշէ» են։ ասենք թէ, ասում են՝ «մի նկարէք ուտելիք», կամ «մի՛ արէք սելֆիներ»։

ինձ այսօր թւում է որ սրանք շատ վատ խորհուրդներ են։

մարդիկ միշտ արել են ուտելիքի, ժամանցի եւ իրենք իրենց նկարներ։ պարզապէս առաջ դա կոչւում էր՝ նատիւրմորտ ու ինքնանկար։

ո՞րն է լուսանկարչութեան իմաստը։ լինել պրոֆեսիոնա՞լ։ դրանով փո՞ղ աշխատել։ տպուել նեյշնըլ ջեոգրաֆիքո՞ւմ։ նկարել հարսանի՞ք։ գովա՞զդ։

ես հիմա հակուած եմ մտածել որ հաւէսն է իմաստը։ նկարելը պարզապէս հաւէս է։

ու մեզ պէտք են նկարներ, որ նշանակութիւն ունեն։

ու եթէ դու նկարում ես տատիկիդ, չի նշանակում որ նկարդ աւելի վատն է քան կարշի չերչիլի նկարը։

եթէ լաւ ես նկարում։

ես կարող եմ համաձայնել, որ «մայր հայաստանը» նկարելու իմաստ գուցէ եւ այդքան էլ չկայ։ բայց քաղաքում նկարելու իմաստ միշտ էլ կայ՝ այսօր այն այլ է։ նոյնիսկ մի մարդ այսօր այլ է։ այլ միջավայրում, այլ տրամադրութեամբ, այլ մտքերով։ ու եթէ դու իրեն տեսնում ես, չես կարող ասել, որ թէ ես քեզ երեկ նկարել եմ, էլ ինչի՞ նկարեմ։ մարդը «մայր հայաստանը» չէ, ով նոյնիսկ կոնտեքստից է կտրուած, եթէ եղանակը քիչ թէ շատ անփոփոխ է։

մուրակամիի մօտ մի հատուած կայ, երբ մարդը մոմ է պահում, ու մութ սենեակում է։ ու նա մի մասը լուսաւորում է, յետոյ միւս, յետոյ էլի էն առաջինը, ու տեսնում է որ ամէն ինչ արդէն փոխուել է։

դա մեր մասին է։ կեանքի մասին է։ մարդկանց մասին է։

մարդիկ, կենդանիները, միջավայրը միշտ փոխւում են, ու չի լինի նոյն տեղի ու նոյն մարդու երկու նման նկար անել։ այլապէս մենք չէինք կարողանայ մարդկանց հետ ընկերութիւն անել։ կասէինք՝ դէ երեկ իր հետ խօսել եմ, էլ այսօր ի՞նչ խօսեմ։

եւ քաղաքն է կենդանի։ քաղաքն օրգանիզմ է, ու փոխւում է։

չես կարող ասել՝ ես այս փողոցն արդէն նկարել եմ։ այն արդէն այլ է։ արեւն այլ է։ լոյսն այլ է։ մարդիկ այլ են։ ամէնն այլ է։

ու թէկուզ դու ընկերների հետ զբօսնելիս նկարներ ես արել, այդ նկարները կարեւոր են, նշանակութիւն ունեն, ու կարեւոր են ոչ միայն իրենց՝ ըկներներիդ համար։ մեզ բոլորիս համար են կարեւոր։ ինչի, պարտադի՞ր է անծանօթ անցորդ լինի որ նկարես։ նկարն աւելի վե՞հ է եթէ անծանօթների ես նկարում։

այո, այսօր աշխարհում լիքը լաւ լուսանկարիչ կայ։ դաշտը գերհագեցած է։ շատերն են լաւ նկարներ անում։ բայց դա վատ չէ։ շատ էլ լաւ է։ այսօր մշակութային պայթիւնի ժամանակ է։ հիանալի է։

կարելի է գնահատել այս ժամանակը, եւ չտխրել, որ ասենք վաթսունականներին չես ապրել։ ինչո՞վ է հիմա աւելի վատ։ ժամանակն ու տարածութիւնը միշտ էլ լաւն են։ ամէն տեղ եւ ամէն ժամանակ նկարելու արժանի բաներ լինում են։ նայած ում համար։ ու նայած ոնց ես տեսնում։

այնպէս որ սոյն մանիֆեստի ուղերձն է՝ նկարիր սելֆի, նկարիր ուտելիք, նկարիր ի՛նչ ուզում ես։ եւ ոնց ուզում ես։ սա ահագին ինտուիտիւ գործընթաց է։ ու ինչպէս չի լինի սովորել ծրագրաւորել առանց ծրագրաւորելու, եւ ուրիշների կոդը կարդալու, չի լինի սովորել լուսանկարել առանց լուսանկարելու ու ուրիշների նկարները նայելու։ ու, իրականում, այլ, քեզ դուր եկող լուսանկարիչների հետ շփուելն է կարեւոր։ դա բարդ է, ու մի քիչ հեշտանում է, եթէ նա բլոգ ունի, ու լինում է առցանց շփուել ու մի քիչ իր մտածողութեան մասին պատկերացում կազմել։ այդ պատճառով էլ, ի դէպ, փորձում եմ իմ նկարները մի քիչ աւելի «օփեն սորսոտ» դարձնել, որ գործընթացի մասին որոշ պատկերացում լինի՝ ոսպնեակ, ժապաւէն։

ու տենց։

պիտակներ՝ լուսանկարչութիւն