ուղերձային

այստեղ Փոլն ասում է, ինչ ուղերձներ են գեներացնում մեծ քաղաքները։ երեւանը երեւի թէ իր նշած մեծ քաղաքներից չէ, սակայն փորձեցի գրի առնել ինչ ուղերձներ ունի։ կարող էք աւելացնել մեկնաբանութիւններում։

  • կարգին լինելու ուղերձ ունի, ընդ որում երեւի քեարթու «ակտիւ փոքրամասնութեան» հաշուին։

  • ուրախացող լինելու ուղերձ ունի, քանի որ մէկ է այստեղ բանի չես հասնի, գոնէ ուրախանաս։

առհասարակ, ինձ թւում է, որ ինչպէս «ուրախացող», ամէն օր արբեցող Ցիւրիխցի պանկերն էին վհատուած, այնպէս էլ իրականում մեր ամէնօրեայ փաբեցիներն են վհատուած, յոյս կորցրած։ ուրախանալը կապուած է desparate լինելու հետ։

  • աշխատելու ուղերձ ունի՝ ընտանիք պահելու համար, որովհետեւ ընտանիքի ուղերձ ունի։ ընդ որում աշխատել ոչ ընտանիքի օգտին ուղերձ չունի, այդպիսի աշխատանքը արժէք չունի։ «բարեգործութիւն» են դրան ասում, ու երկրորդ մատը տնկում։

  • կարգինի ուղերձի մասնաւոր արդիւնքներից է «լաւ տղայի»/«տան աղջկայ» ուղերձը։ ընդ որում ուղերձն այնքան ուժեղ է, որ նրանք ով տան աղջիկ չեն ուզում են լաւ տղայ, իսկ նրանք ով լաւ տղայ չեն, ուզում են տան աղջիկ։

  • լուզերական ուղերձ ունի՝ «մէկ է ոչ մի բան չես կարող, քանի որ ես չեմ կարողացել, ու ես չեմ ուզում որ դու կարողանաս, ու մենք բոլորս էլ չենք կարող, աւելի լաւ է գնա գործերդ/կեանքդ դասաւորիր, որ գնով ուզում է լինի, ընտանիք պահիր, ու կարեւոր չէ թէ հանրապետական պէտք է լինես այդ համար, կամ արտագաղթել, թուլացիր եւ հաճոյք ստացիր»։

  • վերահսկողական֊դատապարտող ուղերձ ունի՝ այսպիսինը պէտք է լինես, գոնէ արտաքնապէս, այս ժամին տանը, քանի որ կարգինը դա է, սա էլ առաջինի հետեւանքն է կամ մասնաւոր դէպքը։

  • երեխայ մնալու, ինֆանտիլ մնալու ուղերձ ունի, անկախ չլինելու ուղերձ ունի։ ի տարբերութիւն արեւմուտքի, ուր մարդուն դուրս կհանեն, ոչ թէ որովհետեւ չեն սիրում, այլ որ սթափուի, զգայ պատասխանատւութիւնն իր համար, ու ինքնուրոյն սովորի լինել, մեզ մօտ պահում են մինչեւ չամուսնանայ, ու խրախուսում են անկախ չլինի յանկարծ, աշխատի/դիպլոմ ունենայ, բայց ոչ այնչափ որ անկախ լինի, գծի իր ֆիզիկական եւ հոգեւոր սահմանները (իր տունը եւ իր որոշումների անկախութիւնը), երբ ամուսնանայ, մէկ է թելադրելու են, ինչ անի, երբ երեխայ ունենայ, չբաժանուի, եւ այլն, վերահսկողութեան տակ երեխաներին աւելի հեշտ է պահել, քան հասուններին։ մնացէք չհասուն, եւ ճնշէք յաջորդ սերունդին որ իրենք էլ մնան չհասուն։

սրա կողմնակի էֆեկտներից է քաղաքականութիւնը, քանի որ երեխաներին աւելի հեշտ է մանիպուլացնել, խաբել, ստիպել, համոզել։

ու ոչ մի լաւ ուղերձ չեմ գտնում։

լաւ, մի լաւ ուղերձ ասեմ՝

  • ուսում — ոչինչ բալիկ ջան, կը գնաս, կը սովորես, լաւ կը լինի, չէ, կը գնաս համակարգչային կուրսերի, որ իմանաս մկնիկն ինչպէս շարժել, կը գնաս էսսէ գրելու կուրսերի, սիւի կը սովորես գրել, գործ կը գտնես, ոչինչ որ դուրդ չի գալու, կարեւորն է որ ամուսնանաս ընտանիք կարողանաս պահել, որ մեր գեները շարունակուեն։

չէ, չկարողացայ պոզիտիւ բան գրել։ :/

վայր՝ երեւան