օդանաւային

2011 թուին ՄԱԿ֊ը ճանաչել է համացանցին կպնելը որպէս մարդու իրաւունք։

Մասնաւորապէս նշուել է, որ պետութիւնները պէտք է հետեւեն որ ինտերնետը հասանելի լինի միշտ, նոյնիսկ քաղաքական խռովութիւնների ժամանակ, եւ որ պետութիւնները պէտք է հարգեն մարդկանց անոնիմ մնալու ցանկութիւնը։

Ուզում եմ աւելացնել, որ դուք նաեւ ունէք իրաւունք ինտերնետին չկպնելու։ Իսկ քանի որ ինտերնետը ձեզ համար դիմագիրքն է, ուր մարդու առցանց անոնիմութիւնը չի հարգւում, ասեմ, որ կարող էք այնտեղ հանգիստ չմտնել։

Ոչ ոք ձեզ այդ համար չի պատժի, չի տուգանի, եւ չի հետապնդի։ Ձեզ չեն ենթարկելու վարչական կամ քրէական կամ զանազան այլ պատասխանատւութիւնների։

Գուցէ ոմանք նեղանան, բայց ամենայն հաւանականութեամբ չեն էլ նկատի ձեր բացակայութիւնը։

____________

FAA Ամերիկեան կառավարական գործակալութիւնը, որը սահմանում է օդային երթեւեկութեան կանոնները, 2013 թուի նոյեմբերին վերանայել է օդում էլեկտրոնային սարքերի օգտագործման սահմանափակումները։ ԱՄՆ֊ում ուղեւորները այլեւս պարտաւոր չեն անջատել սարքերը վերելքի եւ վայրէջքի ժամանակ։

Ուզում եմ աւելացնել, որ դուք ունէք իրաւունք մնալու անցանց, միացնել ձեր սարքի օդանաւի ռեժիմը, եւ ոչ մի դժբախտ պատահարի պատճառ չէք դառնայ՝ օդանաւերը չեն ընկնի, գնացքները չեն դուրս գայ ուղիներից, նաւերը չեն խորտակուի, իսկ արբանեակները չեն հանձնուի այլմոլորակայիններին։

իմացէք ձեր ազատութիւնները։

մարդն ունի իրաւունք լինել անցանց, եւ լինել էյրփլեյն մոդում։

ու տենց

պիտակներ՝ ազատութիւն  իրաւակարգութիւն  խօսքի ազատութիւն  համացանց  մարդու իրաւունքներ  ֆեյսբուք