կենցաղային

ուզում եմ ասել, այս քաղաքականը, որ ձեզ այստեղ ու այստեղ բացատրում են, որ, դուք, այո, քաղաքականցնում էք ու լաւ էք անում, քանի որ պէտք է չգիտեմ ինչպէս այլասերուել որ քաղաքական չստացուի, թւում է երբեմն վեհ, հեքիաթային, երբեմն էլ կեղտոտ, բայց իրականում ոչ մէկն է ոչ միւսը։ պարզապէս կենցաղային է, առօրեայ գործընթաց է։

այս ցոյցերն ինձ համար «տօն, որը միշտ քեզ հետ է» հեգնական պիտակով են։ մարդիկ, ով առաջին անգամ են ինչ֊որ բան անում՝ շատ ոգեւորւում են։ ասենք՝ առաջին անգամ գնացել է քաղաքից դուրս, կամ հակառակը՝ քաղաք։ ամէն ինչ նոր է, էնդորֆիններ, ու էլ ինչ ասես չի արտադրւում։

բայց իրականում, քաղաքական պայքարը, եւ քաղաքականութիւնը ինքնին, ահաւոր կենցաղային եւ առօրեայ գործընթաց է։ աւելին, ասեմ, որ այն պարտաւորութիւն է, եւ պատասխանատւութիւն։

լտպ֊ն որ ասում էր «ախոռներ մաքրելու» մասին, շատ մօտ էր ձեւակերպել, երեւի գիտէր ինչ էր ասում։

իրականում, ցոյցի գնալը՝ տուն հաւաքելու պէս մի բան է։ ինչի, ո՞վ է սիրում տուն հաւաքել։ ես դրա տեղը, այսօր ուզում եմ գնալ գրադարան, կամ ասենք, կարդալ մի բան, պտտուել համացանցով, կամ պարզապէս զբօսնել։

բայց չէ՝ պէտք է հաւաքել։ հիմա կամ պիտի թողնեմ, կամ էլ աւելի է վատանալու։

նոյնն էլ, եթէ ասենք քեզ իզուր տեղը տուգանել են, ու պիտի գնաս, իրաւունքներդ պաշտպանես դատարանում։ ո՞վ հաւէս ունի։ կենցաղային, զզուելի գործ է։ սա էլ ձեզ արտաքին քաղաքական գործընթացի զուգահեռ։

քաղաքականութեանը որտեղից էլ չմասնակցես՝ կենցաղ է։ կենցաղի մէջ էլ, իհարկէ, կարելի է հաւէս բան գտնել, դա այլ հարց է։

այդ քաղաքական գործընթացներն էլ նոյն բանն են՝ պիտի գնաս այդ ցոյցին ցցուես, քանի որ չանես — աւելի վատ է լինելու։ ու իմանաս որ այո, գուցէ քո փայ բռնութիւնն էլ ստանաս։

պարտաւորութիւն է՝ քանի որ դու չանես, ո՞վ անի։ քանի որ կարող է հաւէս չունես դրա։ դա հիմա, առաջին անգամ է ձեզ համար, հաւէս է թւում։ իսկ իրականում՝ էէէէ, էլի պիտի գնա՞մ, գրողը տանի, ինչի՞, բան ու գործ չունե՞մ։ բայց դէ այո, պիտի գնաս, գրողը տանի։ այո։ ու ասենք աշխատանքից յետոյ գնում ես այլ աշխատանքի, որն արդեն բնական է չի վճարւում՝ պարտաւորութիւն է։

(ի դէպ, վճարուելու մասին․ վիքի֊ում կանոն կայ, որ յօդուած գրելու համար պէտք է փող չստանաս։ որովհետեւ, եթէ մէկը ստանայ, ապա միւսը չի ուզի գրել, կասի՝ ես ինչի՞ պիտի ձրի անեմ այն, ինչ ուրիշը փողով է անում։ նոյնն էլ այստեղ է, իրականում ցոյցին «փողով բերուած մարդկանց» մասին խօսքերը սովորաբար իշխանական հեքիաթ են լինում, քանի որ ոչ մի իրական քաղաքական ուժի ձեռք չի տալիս այսպէս բարոյազրկել իր շարժման իրական աջակիցներին։ փողով բերում են ընտրութիւնների, ու սովորաբար իշխանութիւնները, կամ նման բարոյազուրկ, յուսահատ ուժերը։)

պատասխանատւութիւն է՝ քանի որ ամէն քայլդ կարող է սխալ մեկնաբանուել, կամ ստուեր գցել ամբողջ շարժման վրայ, կամ առհասարակ յիմարութիւն լինել։ լինի դա հարցազրոյց, որ դու տուել ես, գրուածք, որ դու թողել ես, մի շիշ գարեջուր, որ ձեռքիդ բռնել ես, կամ բառ, որ դու ասել ես՝ ոստիկանին, կամ մէկ ուրիշին։

այսօր տօն է ձեզ համար ամենօրեայ, բայց դա երկար չի տեւի։ կարեւորն այն է, երբ յոգնէք դրանից, ի՞նչ էք անելու, թողնելո՞ւ էք, թէ՞ հասկանալու էք, որ պարտականութիւն է, ու թէկուզ այնքան էլ հաճելի չէ, պէտք է անել, եւ լինել զգօն ու պատասխանատու ընթացքում։

կներէք, եթէ ձեզ հաճելի բան չասացի։