ասք գլոբալացման մասին

քանի որ այս խոսակցությունը դեռ շարունակվում է, մի հատ էլ ավելացնեմ։

Կարծում եմ, որ գլոբալացումը անհնար է։ Դատապարտված է։

Նույնիսկ եթե լինի մեկ լեզու, ապա միեւնույն է կլինեն տարբեր դիալեկտներ։

Միեւնույն է տարբեր տեղանքներում ապրող մարդիկ տարբեր են լինելու իրենց մշակութային շերտով․ ծովի մոտ ապրողները սարերում ապրողների պես չեն լինի, հյուսիսում ապրողները հարավում ապրողներից կտարբերվեն։

Ինտերնետը թույլ կտա տարբեր մարդկանց ազատ շփվել ու զարգացնել ընդհանուր գիտելիքները, գիտությունը, իմանալով ու ընդունելով այդ տարբերությունները։

Նույնիսկ CS ոլորտում, մարդիկ տարբեր են, տարբեր են մտածում, ու տարբեր գաղափարներով լեզուներ ու տեքնոլոգիաներ ստեղծում։

Ու ֆունկցիոնալշիկները իմպերատիվշիկներին չեն հասկանում, ու հակառակը։ Բայց երկուսն էլ իրար տվել են հետաքրքիր քոնսեփթներ, ռեկուրսիա, իմմութաբիլիթի, աղբի հավաքում մի կողմից, ակտիվ օբյեկտներ, մոդուլներ, պայմաններ, ցիկլեր, սթեյթմենթս՝ մյուս։

Ու այդ տարբերությունները լավ են, պարզ օրինակ՝ սեւերը չլինեին, ջազ չէր լինի։ Տարբերություններն են հետաքրքիր, ոչ թե մի տեսակ լինելը։

Ու նույնիսկ անձնական հարաբերություններում։ Մի անգամ ինձ ասել է մի տղա՝ «ինձ բարդ է իր հետ, նա լրիվ տարբեր է» ու ես զարմացա, ասացի՝ «բայց դա հիանալի է, լիքը նոր բան ես իմանում, սովորում, հետաքրքիր է»։ Ու այդ հարաբերությունները իհարկե անհնար են խիստ տարբեր արժեքների դեպքում, բայց մարդկությունը ձեւավորել է եւ բոլորի համար ընդունելի արժեքների բազմություն, եւ բազմություններ, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր են։ Առաջինների շնորհիվ մենք կարող ենք իրար հետ նորմալ գոյատեւել մեկ մոլորակի վրա, երկրորդների շնորհիվ՝ պաշտպանել, պահպանել ու զարգացնել ինքնությունը ու ուրույն մշակույթը, ու տարբերվելով հարստացնել ընդհանուրը։

Մեկ էլ մեջբերեմ Հրանտ Մաթեւոսյանին՝

– Բայց ժողովուրդների ինքնուրույնության մշտական ձգտումը և աշխարհի գլոբալացման այսօրվա ձգտումը հակասում են միմյանց: Սպասվո՞ւմ է բախում:

– Անիմաստ ու կործանարար բախում: Գլոբալացումը դատապարտված է պարտության, ինչպես քրիստոնեությունը կամ մուսուլմանականությունը: Իշխում էին ամբողջ աշխարհում, տանում էին դեպի միասնական Աստված ու միասնական գաղափար, բայց ամեն ազգ ստեղծեց իր կրոնը ու իր Քրիստոսին: Միշտ էլ եղել են գլոբալացման այս ու այն տեսակները, և միշտ էլ ժողովուրդները կարողացել են համաշխարհային գաղափարները վերածել սեփականի:

– Քրիստոնեական գլոբալացումը տվեց ոչ ավել, ոչ պակաս Քրիստոս՝ ինչ-որ ազգային հատկանիշներ խլելով: Իսկ այսօրվա գլոբալացումը պարզապես խլում է ազգայինը և ի՞նչ է տալիս փոխարենը: Քաղաքակրթությո՞ւն:

– Այսինքն տվեց Քրիստոս ու խլեց Աստղիկին ու մյուս հին աստվածներին: Հիմա, միավորելով քաղաքական ու տնտեսական գործընթացները, ունեն մեծ ու լուսավոր ձգտում՝ բացառել պատե-րազմները, ազգամիջյան բախումները, սահմանները: Մյուս կողմից՝ պահպանվում են մեկ միասնական գմբեթի տակ ինքնարտահայտվելու ժողովուրդների հավիտենական ձգտումները, սեփական մշակույթ, սեփական լեզու ունենալու ձգտումները: Այնպես որ՝ կարողացանք, փառք Աստծո: Չկարողացանք՝ չկարողացանք: Բայց մենք պիտի կասկածենք, որ գլոբալացումն ամեն ինչ է ու հայի, չուկչիի, էլի ինչ-որ մեկի հարցերին կարող է պատասխաններ տալ: …Պարզվում է, օրինակ, Իսպանիայում հինգ լեզվով գրականություն է ստեղծվում՝ մենք գիտեինք մեկ-միասնական Իսպանիա, իսկ այնտեղ հինգ լեզուներ կան: Նրանք չեն կորցրել իրենց ինքնատիպությունը:

այստեղից

ու տենց

պիտակներ՝ գլոբալացում  հետազօտութիւն  մտքեր