Կորնելին հոդված է գրել այն մասին ինչպես սիրեց ռաբիսը եւ որտեղ մասնավորապես ասվում է՝
Ես էլ, ինչ մեղքս թաքցնեմ, նույն վերաբերմունքը ունեի ռաբիզի նկատմամբ: Մինչեւ որ Հայաստանը չհեղեղեց ռուսական շանսոնը (թե ասա, ով է էդպես անվանել “բլատնյակը” եւ հիմա մեկ “շանսոն“ բառով նկարագրում է Ազնավուրին, Պիաֆին եւ Беломорканал քրեածին խումբը): Եվ եւս մի երաժշտական ուղղություն, որի անվանումը նույնիսկ չգիտեմ, բայց հեշտ նկարագրելի է եւ ծանոթ. սարսափելի կովկասյան ակցենտով ռուսերեն երգում են “Кайфуем” եւ այլ նմանատիպ բաներ: Անվանենք սա էլ կովկասյան շանսոն:
Այս շանսոնները վերապրելուց հետո, երբ որ անցավ հոգեբանական տրավման, ես հասկացա, որ ռաբիզը իրականում շատ հումանիստական շարժում է, առավել եւս՝ համեմատած երկու տիպի շանսոնների հետ:
Տեսեք, ռուսական շանսոնը գովերգում է եւ հերոսացնում
● բանտախցերում տեղի ունեցող անցուդարձը,
● գողական բարոյատրամաբանությունը
● օրինախախտումները,
● եւ այլ հանցանքները:
Կովկասյան շանսոնը փառաբանում է
● ուտուշ-խմուշը,
● չալաղաջը,
● թեթեւ թմրադեղերը,
● թեթեւաբարո կանանց,
● եւ այլ էպիկուրական խրախճանքները:
Իսկ մեր, հարազատ ռաբիզը երգում է
● եղբայրության,
● ընտանեկան արժեքների,
● ընկերների,
● բարության,
● եւ այլ վեհ եւ բարոյական հանգամանքների մասին:
Բա սրանից հետո ո՞նց չուզենաս, որ ռաբիզի բարոյական պաթոսը հաղթի շանսոնին:
Ես կարծում եմ, որ կայացած արժեքներից հասարակությունը հրաժարվում է միմիայն էվոլյուցիոն ձեւով, երբ նոր արժեքները համայնքի գոյատեւման համար էֆեկտիվ են լինում։ Ռուսական եւ կովկասյան «շանսոնը» չի կարող փոխարինել հայ հասարակության արժեքները, ինչպես եւ չեն կարող դա անել արեւմտյան ֆիլմերը։ Ավելին, մենք խնդիր չունենք արժեքներ փոխելու, մեր արժեքները բավականին լավն են, պարզապես այդ արժեքների ռեալիզացիան է պետք դարձնել ավելի ցիվիլ, եւ ականջը ոգոնների պոեզիայի պես չտանջող։
Իսկ ռաբիսի վտանգը իմ համեստ կարծիքով հենց այն է, որ ռաբիսից շանսոն ավելի հեշտ է անցնել, քան ռաբիսից լավ հայկական երաժշտություն։ Լավ հայկական երաժշտությունը օրդինար հայի ականջին օտար է հնչում, դա է խնդիրը։
Ու ինչպես եւ բրենդերը, ամեն ազգը ունի differentiation, եւ ունակ չէ գոյատեւել առանց դրա։ Եթե մենք բոլորս խոսենք եւ երգենք թուրքերեն/ռուսերեն/անգելերեն/ներմուծել ձերը, ապա ինչների՞ս է պետք առանձին պետություն, եթե չկան սեփական արժեքներ որ արժանի են պահպանելու։
Այդպիսի differentiation որոշ ժամանակ ապահովվել է եկեղեցին, ու բարեհաջող, քանի որ կրոնը ամբողջ աշխարհում էթնոսի ձեւավորման բաղադրիչ պայմաններից էր (տես Գումիլյովի էթնոգենեզի տեսությունը)։
Սեփական արժեքների չարտահայտված լինելն է որ ես համարում եմ արտագաղթի ամենամեծ պատճառներից մեկը։
Այդ պատճառով է որ զարգացած մարդկիկ լքում են Հայաստանը, նրանք զգում են իրենց բարբարոսների երկրում։ Ի՞նչ կարող է առաջարկել հայկական ժամանակակից մշակույթը այդ մարդկանց, եթե պոպ երաժշտության լավագույն ներկայացուցիչները համարվում են Թաթան ու Նունեն։
Իսկ ռաբիսի հետ «պայքարելն» անիմաստ է, դրան պետք է լինի լավ այլընտրանք, ու այդ այլընտրանքը պետք է ստեղծել։ Ինչու չի ստեղծվում հիմա՝ այլ հարց է ու ես կարծում եմ որ դա չկազմակերպվող կապիտալի խնդիր է, երբ ՀՀ-ի սահմաններից ներս անհնար է փող աշխատել, իսկ Կալիֆորնիայի շուկայում, որտեղ հայերը եւ թուրքերը իրար չէին տարբերի եթե ոչ կրոնը(եւս մի differentiation), վաճառվում է հենց ռաբիսը։
Ու այդ պատճառով է որ պարսիկները մաքրում են իրենց լեզուն արաբերեն բառերից, ու այդ պատճառով է որ Կոմիտասը զտել է հայկականը երաժշտության մեջ։ Որոշակի աշխատանք կատարվում էր խորհրդային Հայաստանում հայկականը վերգտնելու (որովհետեւ կորցրած եւ մորացված էր) ու զարգացնելու։
Այդ պատճառով է որ ՀՀ ամենակարեւոր խնդիրներից է հայ մշակույթը զարգացնել, օտարալեզու դպրոցներ բացելու տեղը։
Իսկ differentiaion-ը վատ բան չէ։ Այն աշխարհը դարձնում է զանազան ի տարբերություն գլոբալիզմի։
ու տենց