ասք տոնակատարությունների մասին

Այ, տարին են ամփոփում մարդիկ, ու դա բնական է․

մենք սիրում ենք չափել այն ամենը, ինչ ձեռքի տակ ընկնում է, լինի դա ծախսված ժամանակը, մթնոլորտային ճնշումը, թե պուպուլի աշտարակի երկարությունը։ Դա, կարելի է ասել, գիտական մոտեցում է։

Նույնիսկ ֆլեշմոբ եղավ, ի՞նչ եմ արել, ինչի՞ն եմ հասել այս տարվա մեջ։ Ես ել մտածեցի, ի՞նչ եղավ։ Այո, ձեռքբերումներ կան։ Բայց կորուստներ ել կան։ Ու ի՞նչն է իմ համար ավելի կարեւոր, այս ձեռք բերումը, թե այս կորուստը։

Օրինակ, եղա նահանգներում։

օկեյ, ձեռք բերում է, հետաքրքիր էր։

Ուզու՞մ էի ես այնտեղ գնալ։ Չէ, պարզապես գլխիս ընկավ։ Լավ է, իհարկե։ Բայց այդ մասին չեի երազել։

Իսկ այն ինչ ուզում էի անել, արե՞լ եմ։ Երեւի չնչին մասը։

Իսկ ո՞րն էր իմ համար ավելի կարեւոր, կորուստը, թե ձեռք բերվածը։

Ու գուցե այն, որ տարի տարի հատվածներ ենք նկարում մեզ համար չգիտես երբ վերջացող գծի վրա, պիտի հիշեցնի, որ գիծը վերջավոր է, իսկ այն կարեւոր բաները որ ուզում ես իրականացնել, կարող են այսպես ել չիրագործված մնալ։

Ու գիտեմ, որ այս տաս օր արձակուրդի ընթացքում չեմ հասցնի ոչ մի բան անել։ Երեկ հասցրել եմ ՆՅ-ի նկարները մշակել, գուցե այս գիշեր լցնեմ, ցույց տամ։

Հա, մեկ ել «նոր տարի»ն ակներեւ ցուցադրում է, ինչպես մենք չենք սովորել չսպառել։ Ու այո, ես ագահ եմ, ու ափսոսում եմ իմ փողերը, որոնք գնացին տոնական զարդարանքներին, կամ տոնական հեռուստահաղորդումներ պատրաստելուն։ Ես ափսոսում եմ հանրապետության հրապարակի տոնածառի վրա ծախսված եղեւնիները։ Եթե այդ մեծ եղեւնին լիներ ոչ բնական եղեւնիներից, ոչ ոք չեր նեղանա։ Միեւնույն է, ամբողջ տոնը կեղծ է, եթե «ձմեռ պապերը» կեղծ են, ինչու՞ «եղեւնին» պիտի իսկական եղեւնիներից լինի։ Դրանք ինչու՞մ են մեղավոր։ Իսկ ես կնախնտրեի, որ այդ տոնակատարության համար հատկացված գումարները ծախսվեն մի քիչ ավելի հավասարաչափ տարվա ընթացքում, ու օրինակ, փողոցը, ավելի խնամված տեսք ունենար տարվա բոլոր ամիսներին։ Այո, աղքատ ենք, չենք կարող մեզ թույլ տալ քեֆ ուրախություն, պետք ել չէ։ Գոնե արժենավայել կապրենք, ոչ թե տարին մի երկու օր մեզ կհամոզենք որ ամեն ինչ լավ է, կամ չգիտեմ ում աչքերի մեջ փոշի կլցնենք։ Բայց ես չեմ կարող այդ կապակցությամբ առանձնապես դժգոհել, որովհետեւ դա այն է, ինչ ուզում է ժողովուրդը։ Ժողովուրդը ուզում է տոնակատարություն, ու իր իսկ անձնական փողերն է ծախսում ոչ ռացիոնալ․ ծնունդներին, նոր տարիներին, հարսանիքներին՝ ուրիշների աչքերի մեջ թոզ փչելով։ Օհ ժամանակներ, օհ բարիքներ, դա կարելի է միշտ ասել ։Ճ

Անկեղծությունը երբեք ել հասարակության լայն շրջաններում չի գնահատվել։

Պատմեմ մի երկու «նոր տարիների» մասին։

Մի անգամ, եվրոպայի սրտում, նոր տարի։ Ես ուզում էի ինչպես միշտ հանգիստ տանը նստել, ինետվել, կարդալ, չաթվել։ Դե վերջինը այս գիշեր լավ չի ստացվում, բայց ոչինչ, մեծ կորուստ չէ։ Ուրեմն, մի հատ մեքսիկացի կար, ասեց, արի էլի, իմ հետ, լավ ռեստորանչիկ եմ գտել, գնանք հաց ուտենք, խմենք։ Ու քանզի ես երիտասարդ էի եւ անփորձ, մտածեցի լավ, ի՞նչ է ինձանից պակասելու, գնամ, թող իրան մենակ չզգա։ Բայց հիմա ես գիտեմ, որ պետք էր իմ իսկ ցանկությունները ավելի շատ հարգել, ու գնահատել։ Դժվարությամբ դուրս եկա, հեծնեցի հեծանիվս, իջա փողոց։ Քթիս խփեց ալկոհոլը։ Ամբողջ քաղաքում ուգառի հոտ էր կանգնած։ Հետո տեսա, ինչպես է ժողովուրդը նետվում ու բթվում տրամվայների մեջ։ Մոտավորապես այնպես, ինչպես մեր մոտ ամառը Սեւանից Երեւվան էլեկտրագնացքի մեջ են նետվում։ Չեն նետվում, գրոհում են։ Ամենուր ջարդված շշերի բեկորներ էին, դրանք զգուշորեն շրջանցելով իջա քաղաք։ Ամենուր խմածներ, բոլորը կարծես խելագարվել են։ Հետո՝ հրավառություն, այո, թանկ, որակյալ հրավառություն։ Ռեստորանչիկն ել չկպավ․ մեքսիկացու հետ ամբոխը բաժանեց, իսկ հեռախոսային գծերի ծանրաբեռնվածությունը թույլ չտվեց զանգվել։ Արդյունքում հավես խաղաղ երեկո անցկացնելու տեղը մրսեցի, ու լիքը խելագարված մարդ ու շշերի բեկոր շրջանցելով ճամփա քշեցի։ Լավ դաս ստացա այդ օրը, պետք է իմանալ ինքդ քեզ, ու հարգել քո իսկ ցանկությունները։

Այլ տարի, Երեւան։ Ձյուն էր գալիս, փողոցները դատարկ էին, գեղեցիկ էր քաղաքը, ու ոչ սովորական տեսք ուներ, ու ես լուսանկարում էի։ Նկատեցի, որ տասներկուսից մեկը՝ հրապարակի վրա համերգ էր։ Իսկ շուրջը դատարկություն, բոլորը ընտանիքների հետ են, ինչպես ընդունված է։ Համերգին միայն մի քանի հնդիկ ու սեւամորթ կային։ Իսկ երբ մարդիկ սկսեցին դուրս գալ բնակարաններից զբոսնելու, մեկի կողմերը, համերգը ավարտվեց։ Այդ ժամանակ ես նկատեցի որ մեր մոտ ամենահանդուրժող ղեկավարությունն է, որը հատուկ օտարերկրացի հյուրերի համար համերգներ եւ տոնակատարություններ է կազմակերպում։

Մեկ ել, ժողովուրդ, խմած մարդիկ մեքենա են քշում, ու ամեն նոր տարվա գիշեր կամ իրար, կամ անմեղ մարդկանց խփում են, այնպես որ, զգոն եղեք։

ու տենց

պիտակներ՝ նոր տարի  տօնակատարութիւններ