ասք ծաղիկ դնելու հնարավորության մասին

Ռաֆայել Ղազարյան… Հաշվետու եմ… (հատված)…

66-ի ապրիլի 24-ին որոշեցինք ծաղիկ դնել Կոմիտասի շիրիմին: Քաղաքը խստիվ հսկվում էր. երեքից ավելի խումբը վտանգավոր էր դիտվում: Նորից Սարգսի (Սարգիս Մուրադյան. նկարիչ – ԳՂ) մեքենան. մեզ միացավ նկարիչ Հենրիկ Սիրավյանը և մի կին գրող, ցավոք, չեմ հիշում՝ ով: Այգում սպաներ էին շրջում: Ըստ երևույթին մեր անցաթուղթը Պարույրն էր (Պարույր Սևակ -ԳՂ). Կոմիտասի շիրիմի կողմից մի ավագ լեյտենանտ քարշ էր տալիս երիտասարդ մի զույգի, հավանաբար՝ ուսանողների. պարզվեց՝ համարձակվել էին ծաղիկ դնել շիրիմին. տղային քոթակել էին: Արյունը խփեց գլուխս.

– Վերջին անգամ նման տեսարան տեսել եմ 42-ին,- հանդարտ կատաղությամբ դիմեցի ավագ լեյտենանտին, նա ընդհարումից կրակ կտրած հայացքը լարեց վրաս,- օկուպացված Կրասնոդարում էր,- խաբուսիկ մեղմությամբ շարունակեցի, -ֆաշիստներն էին նույնը անում մեզ հետ:

– Ուզում ես ասել՝ ֆաշի՞ստ եմ,- չռեց աչքերը:

– Իհարկե ոչ,- շտապեցի հերքել,- դու ավելի վատն ես: Նա օտարին էր ծեծում, դու՝ յուրայինին:

Չհասցրեց հարձակվել՝ հանկարծ հայտնված մայորն ու փոխգնդապետը ոլորեցին ձեռքերս ու քաշեցին դեպի իրենց մեքենան, ընդ որում փոխգնդապետը ռուսերեն սպառնալիքներ էր թափում գլխիս: «Գոնե այսօր հայերեն խոսեք»,- նետեցի ես: ”Я тебе покажу хаерен” ,- խոստացավ հայ փոխգնդապետը: Նա ետ մնաց, մայորը, ձեռքս ոլորած, շարունակեց ճամփան: Վիճակը նվաստացուցիչ էր. «Եթե անմիջապես չթողնեք ձեռքս, կկրծեմ ձեր քիթը, լակոտ չեմ, չեմ փախչի»… Նա շփոթված նայեց աչքերիս ու թողեց ձեռքս: Մեքենա նստելու պահին կողքը կանգնած մի քանի «դրուժինիկ» չարախինդ նայում էին մեզ:

«Ու՞ր էր, Պարույրն էլ մի բան աներ՝ ծեծեինք»,- ծոր տվեց մեկը: Դա շանթեց այն աստիճան, որ չհասցրի շշպռել՝ մտցրին մեքենա: Լա՜վ, ինձ՝ շարքային թեկնածուիս, չեն ճանաչում, բայց Պարույր Սևակին ծեծել երազող հա՞յ… Բերեցին «Հայրենիք» կինոթատրոնի միլիցիայի բաժին ու փակեցին մի փոքր սենյակում: Վիճակս բարդանում էր մի հանգամանքի առկայությամբ. շալվարիս գրպանը տռզել էր թռուցիկներով, որոնք մի քանի գիշեր տպում էի գրամեքենայի վրա: Բովանդակությունը չէր փայլում օրիգինալությամբ. նորից Ղարաբաղ, նորից Նախիջևան: Նախորդ գիշերները մի քանիսը կպցրել էի պատերին, մեծ մասը մնացել էր: Այդ մասին գիտեր միայն Սարգիսը: Քառորդ ժամ անց սենյակ մտան կրակոտ ավագ լեյտենանտը և Սարգիսը: Երկար միջանցքով քայլելիս՝ գրգռված սպան չնկատեց, որ մենք կես քայլ հետ ընկանք. դա բավական էր, որ Սարգիսը ձեռքը խոթի գրպանս ու հանի թռուցիկների խուրձը: Ներս մտանք ընդարձակ աշխատասենյակ. սեղանի շուրջը՝ ընկերներս, սեղանի գլխին՝ պետը՝ նոր սերնդի երիտասարդ, գուցե և մի փոքր ճեզվիտ… Համենայն դեպս կտրուկ և դրականապես տարբերվում էր ինչպես նախկին, այնպես էլ օրինապահության այսօրվա «ասպետներից», որոնք մասնագիտական և մտածողական ունակությունները խիզախաբար լրացնում են բռունցներով, քանզի հարցաքննվողը նմանատիպ պատասխանի հնարավորություն չունի: Ավելի ուշ իմացա, որ տղաները նախապես հայտարարել էին՝ կա՛մ դուրս են գալիս ինձ հետ, կա՛մ բոլորն են մնում: Դիվանագետ պետը հասկացել էր, որ ամենաճիշտը հաշտության եզրերի հանգելն է, ուստի սկսեց խրատական իր զրույցը ինձ հետ, ակնարկելով դատը և ազատազրկումը: Թռուցիկների խուրձից ազատվելով՝ հանգստացել ու աքլորացել էի. պատասխանեցի, որ երազում եմ բաց դատ, ուր վերջապես կասեմ այն ամենը…«Ձենդ կտրի, վեր ընկի տեղդ»,- խոսքս կտրեց Պարույրը. հազիվ էին խաղաղեցրել մթնոլորտը, կարող էի փչացնել: Հետագա զրույցն ընթացավ խաղաղ հունով ու տևեց 2 ժամից ավելի: Երբ վերջապես հրաժեշտ տվեցինք ու դուրս էինք գալիս սենյակից, կողքս հայտնվեց «կրակոտ» ավագ լեյտենանտը. «Շնորհակալ եմ, եղբայրս,- շշնջաց,- շատ բան հասկացա»: Եթե անհարմար չլիներ, կհամբուրեի:

_ու տենց _

պիտակներ՝ 1915  մէջբերում  ցեղասպանութիւն